Գլխավոր տեղեկություն
Համար
N 12-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.03.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.17/6(485) Հոդ.94
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
31.01.2014
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 փետրվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

31 հունվարի 2014 թ.

ք. Երևան

N 12-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա) ենթակետը, 2-րդ կետի ե), իը) ենթակետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 17-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոնները հաստատելու մասին» N 251-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ և 15-րդ ենթակետերով.

«14) Աշխատանքային օր` երկուշաբթիից ուրբաթ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոչ աշխատանքային և տոնական օրերի.

15) Աշխատանքային ժամ` աշխատանքային օրվա 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատված:».

2) Կանոնների 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«20. Օպերատորների միջև անմիջական փոխգործակցության անհրաժեշտությունը ծագում է միայն այն դեպքում, երբ առկա տեխնիկական կամ գործառնական խնդիրը չի կարող լուծվել ստանդարտացված հաղորդագրությունների փոխանակման միջոցով, որի դեպքում Օպերատորի կողմից նախապես նշանակված կոնտակտային անձը հնարավորինս սեղմ ժամկետում կապ է հաստատում խնդրին առնչվող Օպերատորի կոնտակտային անձի հետ՝ Բաժանորդի շահերից բխող և սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում լուծում գտնելու համար: Կոնտակտային անձինք պետք է ունենան հեռախոսահամարներ (ֆիքսված և բջջային) ու էլեկտրոնային փոստի հասցեներ և պետք է հասանելի լինեն աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-ից մինչև 18:00-ն: Ընդ որում, խնդրի վերացման հայտը մինչև ժամը 12:00-ն ստանալու դեպքում Օպերատորի կոնտակտային անձը պետք է նշված հայտին պատասխանի մինչև նույն օրվա ժամը 18:00-ն, իսկ խնդրի վերացման հայտը ժամը 12:00-ից հետո ստանալու դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Որոշակի տեխնիկական կամ գործառնական խնդրի կրկնման դեպքում Օպերատորները միջոցներ են ձեռնարկում տեխնիկական սպեցիֆիկացիաների ընդլայնման համար:».

3) Կանոնների 26-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում՝ Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,».

4) Կանոնների 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) Համարի տեղափոխման գործընթացի շրջանակում Բաժանորդի անհատական տվյալները Կենտրոնացված տվյալների բազային և Դոնոր օպերատորին տրամադրելու վերաբերյալ Բաժանորդի համաձայնություն:».

5) Կանոնների 27-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում՝ Բաժանորդի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամսաթիվը, տարեթիվը և անձը հաստատող փաստաթղթի տվյալները, իսկ ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում` անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարի տվյալները,».

6) Կանոնների 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«30. Դոնոր օպերատորը Համարի տեղափոխման պահանջն ստանալուց հետո ստուգում է իր մոտ առկա տվյալների համապատասխանությունը Ընդունող օպերատորի ուղարկած տվյալների հետ՝ հետևյալ սկզբունքով.

1) ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`

ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի համապատասխանությունը,

գ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվան, ազգանվան և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

դ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի ծննդյան օրվա, ամսաթվի, տարեթվի և անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը,

ե. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անձը հաստատող փաստաթղթի տվյալների համապատասխանությունը.

2) ոչ ֆիզիկական անձ Բաժանորդի դեպքում`

ա. Տեղափոխվող համարի և Բաժանորդի անվանման և հարկ վճարողի հաշվառման համարի համապատասխանությունը կամ՝

բ. Տեղափոխվող համարի և Բաժանորդի հարկ վճարողի հաշվառման համարի տվյալների համապատասխանությունը:».

7) Կանոնների 32-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«32. Դոնոր օպերատորի կողմից դրական պատասխան ուղարկվում է ֆիզիկական կամ ոչ ֆիզիկական անձ հանդիսացող յուրաքանչյուր Բաժանորդի համար սույն կանոնների 30-րդ կետով սահմանված դեպքերից առնվազն մեկի համընկնման դեպքում:».

8) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1 կետով.

«32.1 Սույն կանոնների 32-րդ կետի համաձայն դրական պատասխան ներկայացնելու հիմքերի բացակայության դեպքում Դոնոր օպերատորը ուղարկում է բացասական պատասխան` նշելով մերժման հիմքերը: Ընդունող օպերատորի պահանջով Դոնոր օպերատորը սույն կանոնների 5-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնում է համապատասխան տեղեկություններ և հիմնավորումներ Համարի տեղափոխման պահանջի մերժման հիմքերի վերաբերյալ: Համարի տեղափոխման պահանջում առկա թերությունները և վրիպակները շտկելուց հետո կարող է ներկայացվել Համարի տեղափոխման նոր պահանջ:».

9) Կանոնների 35-րդ կետում «գիշերվա ժամանակահատվածում» բառերը փոխարինել «աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

10) Կանոնների 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«49. Տեղափոխված Համարին Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորը Բաժանորդին տեղեկացնում է Համարի տեղափոխված լինելու մասին ՍSSD հրահանգի միջոցով, իսկ զանգերի դեպքում՝ նաև մինչև մեկ վայրկյան տևողությամբ միատեսակ ազդանշանային համակարգով, ինչը Բաժանորդի կողմից կարող է ապաակտիվացվել: Համարի տեղափոխման տեղեկացման համակարգը կիրառվում է միայն Կանչի սկզբնավորում իրականացնող Օպերատորի ցանցից տեղափոխված Համարի դեպքում, բացառությամբ Համարը կրկին տվյալ Օպերատորի ցանց տեղափոխելու դեպքի».

11) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ գլխով.

 

«ԳԼՈՒԽ 5. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

54. Մինչև 2014 թվականի մայիսի 1-ը սույն կանոնների 30-րդ և 32-րդ կետերի համաձայն համարի տեղափոխման պատասխանը Դոնոր օպերատորի կողմից կարող է ուղարկվել ինչպես ավտոմատացված, այնպես էլ ոչ ավտոմատացված եղանակով, իսկ 2014 թվականի մայիսի 1-ից՝ միայն ավտոմատացված եղանակով։ Մինչև սույն կետում նշված ժամկետը Օպերատորի կողմից ամբողջությամբ ավտոմատացված համակարգ կիրառելու դեպքում, Օպերատորն այդ մասին տեղեկացնում է Հանձնաժողովին և Օպերատորներին: Սույն կետով ամրագրված անցումային ժամկետը Օպերատորներին չի ազատում սույն կանոնների 34-րդ կետով սահմանված ժամկետների պահպանման պարտավորությունից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները 

կարգավորող հանձնաժողովի

նախագահ

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան