ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0554/02/11 2013 թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0554/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան |
|
Դատավորներ` Կ. Հակոբյան |
|
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի հուլիսի 4-ին
դռնբաց դատական նիստում քննելով Ռիմա Պողոսյանի և Վլադիմիր Խաչատրյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Օֆելյա Խաչատրյանի ընդդեմ ՀՀ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Սերոբ և Հրանտ Խաչատրյանների, Ռիմա Պողոսյանի և երրորդ անձ Վլադիմիր Խաչատրյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, նվիրատվության պայմանագրերը և դրանց հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու ու ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Օֆելյա Խաչատրյանը պահանջել է անվավեր ճանաչել 12.11.2003 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 03.11.2009 թվականին Վարդան և Վլադիմիր Խաչատրյանների միջև Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 մասի վերաբերյալ կնքված անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 19.11.2010 թվականի անշարժ գույքի բաժնի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, 06.06.2011 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, իրեն ճանաչել Երևանի Ա. Տիգրանյանի փողոցի թիվ 27 տան և հողի` իրեն հասանելիք 1/3 բաժնի նկատմամբ իր հոր` Սերոբ Խաչատրյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Արամյան) (այսուհետ՝ Դատարան) 02.08.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.12.2012 թվականի որոշմամբ Օֆելյա Խաչատրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 02.08.2012 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Ռիմա Պողոսյանը և Վլադիմիր Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2.1. Ռիմա Պողոսյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, նախկին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին կետը և 220-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն ու անտեսել է, որ Օֆելյա Խաչատրյանը որևէ կերպ չի հիմնավորել այն փաստերը, որ իր կողմից հիշատակված գույքը պատկանել է Սերոբ Խաչատրյանին, և որ այդ գույքը նա ստացել է Սերոբ Խաչատրյանի մահվանից հետո: Դեռ ավելին, գործով որպես վկա հարցաքննված Գագիկ Գևորգյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Օֆելյա Խաչատրյանը հորից գույքը ստացել է նրա կենդանության օրոք:
Վերաքննիչ դատարանը, չիրականացնելով գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, անհիմն եզրակացություն է արել այն մասին, որ Դատարանը պատշաճ չի գնահատել գործով հետազոտված ապացույցները:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ ժառանգությունները բացվել են մինչև 01.01.1999 թվականը, ժառանգներն այն ընդունել են, չի կիրառել «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը, որի արդյունքում անտեսել է նաև, որ մինչև 01.01.1999 թվականը գործող քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված չի եղել, որ ժառանգության մի մասի ընդունմամբ ժառանգը ճանաչվում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Վերաքննիչ դատարանը, նշելով, որ Օֆելյա Խաչատրյանը հանդիսանում է ժառանգությունն ընդունած ժառանգ, չի նշել այն ապացույցը` ցուցմունքը, որը կարող էր նման հետևություն անելու հիմք հանդիսանալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2012 թվականի վճռին:
2.2. Վլադիմիր Խաչատրյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել իր իսկ կողմից կայացված որոշումը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հենց վկաների ցուցմունքներով հերքվել է Օֆելյա Խաչատրյանի վկայակոչած այն փաստը, որ հոր մահվանից հետո ընդունել է ժառանգական գույքի մի մասը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.08.2012 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 բաժինը պատկանել է Սերոբ Խաչատրյանին, իսկ մյուս 1/2 բաժինը` նրա եղբորը` Ասատուր Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 7, 58-60):
2) 03.06.1967 թվականին մահացել է Ասատուր Խաչատրյանը, իսկ 22.11.1979 թվականին` Սերոբ Խաչատրյանը (հատոր 1-ին, գ.թ. 7, 58-60):
3) Սերոբ Խաչատրյանի մահվանից հետո` 12.11.2003 թվականին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 բաժնի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել նրա կնոջը` Ռաիսա Խաչատրյանին և որդիներին` Սուրեն ու Վարդան Խաչատրյաններին (հատոր 1-ին, գ.թ. 7):
4) 24.03.2008 թվականին մահացել է Սուրեն Խաչատրյանը, իսկ 05.04.2008 թվականին` Ռաիսա Խաչատրյանը: Սուրեն Խաչատրյանի և Ռաիսա Խաչատրյանի մահվանից հետո` 14.10.2008 թվականին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/6-ական բաժինների նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր են տրվել Վարդան Խաչատրյանին (հատոր 1-ին, գ.թ. 56, 57):
5) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 20.11.2008 թվականի վճռով բավարարվել է Վարդան Խաչատրյանի դիմումը` հաստատվել են իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստերը, որ Վարդան Խաչատրյանը հանդիսանում է 03.06.1967 թվականին մահացած Ասատուր Խաչատրյանի հարազատ եղբոր որդին, և որ Վարդան Խաչատրյանն ընդունել է Ասատուր Խաչատրյանի ժառանգությունը (հատոր 1-ին, գ.թ. 58-60):
6) Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան նկատմամբ գրանցվել է Վարդան Խաչատրյանի սեփականության իրավունքը, և 24.12.2008 թվականին նրան տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 8,9):
7) 03.11.2009 թվականին Վարդան և Վլադիմիր Խաչատրյանների միջև կնքվել է անշարժ գույքի մասի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` Վարդան Խաչատրյանը Վլադիմիր Խաչատրյանին է նվիրել Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 բաժինը (հատոր 1-ին, գ.թ. 10):
8) 19.11.2010 թվականին Վարդան Խաչատրյանի (մի կողմից) և Սերոբ ու Հրանտ Խաչատրյանների (մյուս կողմից) միջև կնքվել է անշարժ գույքի բաժնի նվիրատվության պայմանագիր, որի համաձայն` Վարդան Խաչատրյանն իր որդիներին` Սերոբ և Հրանտ Խաչատրյաններին է նվիրել Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 բաժինը: Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 բաժնի նկատմամբ գրացվել է Վլադիմիր Խաչատրյանի սեփականության իրավունքը, իսկ նույն տան 1/4-ական բաժինների նկատմամբ` Սերոբ և Հրանտ Խաչատրյանների սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 61):
9) 06.06.2011 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիմքով Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան նկատմամբ գրանցվել է Ռիմա Պողոսյանի սեփականության իրավունքը, և 17.06.2011 թվականին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր 1-ին, գ.թ. 102-105):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով այն, որ Ռիմա Պողոսյանի և Վլադիմիր Խաչատրյանի վճռաբեկ բողոքները նույնաբովանդակ են, չի անդրադառնում դրանցից յուրաքանչյուրին առանձին և արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումները հավասարապես վերաբերում են երկու բողոքների հիմքերին և հիմնավորումներին:
Սույն բողոքներով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված են հետևյալ իրավական խնդիրները.
ա) մինչև 1999 թվականի հունվարի մեկը բացված ժառանագության դեպքում նշված հարաբերությունների նկատմամբ կիրառելի օրենսդրությունը,
բ) ժառանգական զանգվածում ներառված գույքի մի մասի փաստացի տիրապետման դեպքում ժառանգության ընդունումը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախ և առաջ անհրաժեշտ է պատասխանել բարձրացված առաջին հարցին, քանի որ ժառանգության ընդունման հարցերը տարբեր կերպ են կարգավորված գործող և նախկին քաղաքացիական օրենսգրքերով:
ա) «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի համաձայն` օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:
ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժինը վերաբերում է ժառանգման իրավունքին և կարգավորում է ժառանգման հետ կապված հարաբերությունները, ներառյալ` ժառանգության ընդունումը:
Որպեսզի կիրառելի լինեն ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժնի նորմերը սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ, Օրենքը նախատեսում է մի քանի պայման: Նախ` ժառանգությունը պետք է բացված լինի մինչև ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դնելը: Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ է դրվել 1999 թվականի հունվարի 1-ից:
Երկրորդ` ժառանգությունը չպետք է ընդունված լինի որևէ մեկի կողմից: Այսինքն պետք է բացակայի ժառանգական զանգվածում ներառված գույքի` իրավահաջորդության կարգով անցումը այլ անձանց` ժառանգներին:
Երրորդ` ժառանգությունը որևէ մեկի կողմից ընդունված չլինելու դեպքում այն չպետք է դարձած լինի պետության կամ համայնքի սեփականությունը:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ երկրորդ և երրորդ պայմանները չպետք է տարանջատել, քանի որ դրանք գործում են միաժամանակ` հաշվի առնելով այն, որ ժառանգությունը չընդունվելու դեպքում այն դառնում է պետության կամ համայնքի սեփականությունը: Ընդ որում, այդ պայմանները պետք է առկա լինեն մինչև 1999 թվականի հունվարի մեկը:
Նշված իրավակարգավորումից հետևում է, որ նախկին` ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգիրքը ժառանգման հարաբերությունների նկատմամբ կարող է կիրառվել, եթե ժառանգությունը բացվել է մինչև 1999 թվականի հունվարի 1-ը, և բացակայում են վերոնշյալ պայմանները:
Սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվող օրենսդրության հարցը որոշելիս Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ստուգել վերոգրյալ պայմանների` սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելիությունը:
Նշված հարցի քննարկման տեսանկյունից կարևորվում են հետևյալ փաստերը. Սերոբ Խաչատրյանը մահացել է 22.11.1979 թվականին: Սերոբ Խաչատրյանի մահվանից հետո` 12.11.2003 թվականին, Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան 1/2 բաժնի նկատմամբ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր է տրվել նրա կնոջը` Ռաիսա Խաչատրյանին և որդիներին` Սուրեն ու Վարդան Խաչատրյաններին:
Օֆելյա Խաչատրյանի պնդմամբ իր հոր` Սերոբ Խաչատրյանի մահից հետո իր կողմից ժառանգությունն ընդունվել է փաստացի տիրապետմամբ` գրադարանը և վզնոցը ժառանգատուի մահվանից հետո տիրապետելով:
Վերոնշյալից հետևում է, որ Օֆելյա Խաչատրյանի կողմից ժառանգության հավանական ընդունումը տեղի է ունեցել ժառանգատուի` Սերոբ Խաչատրյանի մահից հետո` մինչև ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի գործողության մեջ դրվելը: Նշված եզրահանգումը կատարելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն, որ ինչպես 1964 թվականի, այնպես էլ 1998 թվականի քաղաքացիական օրենսգրքերը նախատեսում են ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետ ժառանգության բացման պահից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշվածը բավարար է հանգելու հետևության, որ Օֆելյա Խաչատրյանի կողմից ժառանգությունը փաստացի տիրապետմամբ ընդունելու հարցը լուծելիս կիրառելի է ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգիրքը, քանի որ բացակայում են Օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված պայմանները:
Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը կիրառել են ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի դրույթները` այդպիսով թույլ տալով նյութական իրավունքի նորմի խախտում: Հետևաբար Վճռաբեկ դատարանին մնում է պարզել, թե արդյոք նման խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:
բ) Օֆելյա Խաչատրյանի պնդմամբ ինքը հոր` Սերոբ Խաչատրյանի մահից հետո տիրապետել է վերջինիս գրադարանը և վզնոցը, հետևաբար որպես ժառանգության մի մասի փաստացի տիրապետմամբ ընդունում, համարվում է իրեն հասանելիք ժառանգությունն ընդունած ժառանգ:
ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:
Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:
Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով պրակտիկայում նշված հոդվածի կիրառման և մեկնաբանման միասնականությունն ապահովելու անհրաժեշտությունը, արձանագրում է, որ դատարանները ժառանգման հարաբերությունների հետ կապված այնպիսի վեճեր լուծելիս, որոնց դեպքում կիրառման է ենթակա հիշատակված հոդվածը, պետք է հաշվի առնեն այն, որ ժառանգման հարաբերությունները կանոնակարգող դրույթները նպատակ են հետապնդում պահպանել անձանց սեփականության իրավունքը, որոնց օրենքով սահմանված դեպքերում և կարգով փոխանցվում է մահացած անձի գույքը (ժառանգությունը): Այս առումով ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածը ուղղակիորեն չի նախատեսում դրույթ, որն ամրագրված է ՀՀ 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ կետում, այն է` ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Այդուհանդերձ ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի հիշատակված դրույթը ուղղակիորեն ամրագրում է «ժառանգության ընդունում», «ժառանգական գույք» եզրույթները, առանց տարանջատելու ամբողջ ժառանգության կամ դրա մասի ընդունումը: Հետևաբար, նույնիսկ այն դեպքում, երբ ժառանգի կողմից ընդունված գույքը կազմել է ժառանգական զանգվածի միայն մի մասը, այն չի դադարում ժառանգական գույք լինելուց, ժառանգը պետք է համարվի ժառանգությունն ընդունած:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության ընդունման ընդհանուր ժամկետների վերաբերյալ նախկին և գործող օրենսդրական կարգավորումները նույնն են` ժառանգությունն ընդունվում է ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Վճռաբեկ դատարանը Հարություն Հաբեշյանն ընդդեմ Ռաիսա Հաբեշյանի և մյուսների գործով անդրադարձել է ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածով նախատեսված ժառանգության ընդունման ժամկետի հաշվարկի և այդ ժամկետը բաց թողնելու իրավական հետևանքների հարցին: Մասնավորապես, նախկինում գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնակարգմամբ ժառանգության բացման ժամանակ էր համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված էր համարվում այն դեպքում, երբ նա փաստորեն սկսում էր տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, որպիսի գործողությունները պետք է կատարվեին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Այսինքն` վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով անձը կորցնում էր ժառանգությունն ընդունելու հնարավորությունը և չէր կարող համարվել այն ընդունած (տե՛ս Հարություն Հաբեշյանն ընդդեմ Ռաիսա Հաբեշյանի և մյուսների թիվ ԵՄԴ/0235/02/09 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
Կիրառելով վերոնշյալ մեկնաբանությունները սույն գործի փաստերի նկատմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի կիրառմամբ Օֆելյա Խաչատրյանին Սերոբ Խաչատրյանի ժառանգությունն ընդունած ժառանգ դիտելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ Սերոբ Խաչատրյանի մահից հետո վեց ամսվա ընթացքում Օֆելյա Խաչատրյանը տիրապետել է վերջինիս գրադարանը և վզնոցը:
Դատարանը, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, այդ թվում նաև վկաների ցուցմունքները, մերժել է Երևանի Ա. Տիգրանյան փողոցի թիվ 27 տան և հողի` իրեն հասանելիք 1/3 բաժնի նկատմամբ Սերոբ Խաչատրյանի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու մասին Օֆելյա Խաչատրյանի պահանջը` պատճառաբանելով, որ դատաքննությամբ որևէ կերպ չհիմնավորվեց այն փաստը, որ նշված գրքերը կամ վզնոցը Օֆելյա Խաչատրյանը ստացել է ժառանգատուի մահվանից հետո և օրենքով նախատեսված վեցամսյա ժամկետում փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը: Դատարանը նշել է նաև, որ ըստ վկա Գագիկ Գևորգյանի ցուցմունքի` Օֆելյա Խաչատրյանը գրադարանը և ոսկին ստացել է հորից նրա կենդանության ժամանակ, հակասական է նաև Օֆելյա Խաչատրյանի և վկաների կողմից նշված վզնոցի տեսակը. Օֆելյա Խաչատրյանը նշել է, որ ստացել է «Յանտար» բնական քարից վզնոց, իսկ վկաներ Հարություն և Գագիկ Գևորգյանները նշել են «ոսկյա շղթա», ինչպես նաև չի ներկայացվել Օֆելյա Խաչատրյանի կողմից ստացված որևէ գիրք` իր տարբերակիչ նշանով, շտամպ, գրառում, ստորագրություն և այլն, որ դա պատկանել է Սերոբ Խաչատրյանին:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը բավարարելու հիմքում դնելով այն հիմնավորումները, որ հոր ժառանգությունն ընդունելու փաստը Օֆելյա Խաչատրյանը հիմնավորել է վկաների ցուցմունքներով, որոնք Դատարանը պատշաճ չի գնահատել, գրադարանը և վզնոցը ժառանգատուի մահվանից հետո ստացված լինելու փաստը ևս կարող է հիմնավորված համարվել վկաների ցուցմունքներով, ինչը Դատարանը պատշաճ չի կատարել, եզրահանգել է, որ թույլատրելի ապացույցով հիմնավորվել է, որ իր հոր ժառանգությունից Օֆելյա Խաչատրյանը որոշակի իրեր ստացել և տիրապետում է որպես սեփական:
ՀՀ 1964 թվականի հունիսի 4-ի քաղաքացիական օրենսգրքի 549-րդ հոդվածի վերաբերյալ վերոնշյալ հիմնավորումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործով որևէ կերպ չի հաստատվել այն փաստը, որ Օֆելյա Խաչատրյանը գրադարանը և վզնոցը սկսել է տիրապետել ժառանգատուի մահից հետո վեց ամսվա ընթացքում: Հետևաբար վեցամսյա ժամկետը բաց թողնելու հետևանքով Օֆելյա Խաչատրյանը կորցրել է ժառանգությունն ընդունելու հնարավորությունը և չէր կարող համարվել այն փաստացի տիրապետմամբ ընդունած:
Հիմք ընդունելով վերոգրյալ հիմնավորումը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները ազդել են գործի ելքի վրա: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Դատարանը կիրառել է նյութական իրավունքի սխալ նորմ, այդուհանդերձ նշված խախտումը չի հանգեցրել գործի սխալ լուծման:
Անդրադառնալով բողոքաբեր Ռիմա Պողոսյանի կողմից բարձրացված իրավաբանական ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի հիման վրա վերաքննիչ և վճռաբեկ բողոքարկման համար կատարված ծախսերի հատուցման հարցին` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրահանգման: Այսպես` 05.12.2011 թվականին «Գրանդ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ-ի և Ռիմա Պողոսյանի միջև կնքված պայմանագրով նախատեսված է եղել մատուցել իրավաբանական խորհրդատվական ծառայություններ` կապված դատական ներկայացուցչության հետ Դատարանում և Վերաքննիչ դատարանում: Մատուցվող ծառայության գինը պայմանագրով նախատեսվել է 200.000 ՀՀ դրամ: Երկրորդ պայմանագրով` կնքված 14.01.2013 թվականին «Գրանդ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ-ի և Ռիմա Պողոսյանի միջև, նախատեսված է եղել մատուցել իրավաբանական խորհրդատվական ծառայություններ` կապված վճռաբեկ բողոքի պատրաստման հետ, որի գինը պայմանագրով սահմանվել է 200.000 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանը փաստաբանի խելամիտ վարձատրության հարցը լուծելիս անհրաժեշտ է համարում վերահաստատել Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի գործով արտահայտած դիրքորոշումն առ այն, որ փաստաբանի վարձատրության խելամտության հարցը որոշելիս անհրաժեշտ է ամբողջության մեջ հաշվի առնել գործով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը (ապացույցներ հավաքելու և ներկայացնելու անհրաժեշտությունն ու այդ գործողությունները փաստացի կատարելու հանգամանքը, գործի քննությանը մասնակցության աստիճանը), գործի բարդությունը (վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի քննության տևողությունը), նմանատիպ գործերով պրակտիկայում ընդունված փաստաբանական ծառայության մատուցման դիմաց վճարվող գումարի չափը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձվող գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափի հարաբերակցությունը (տե՛ս Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 29.06.2012 թվականի որոշումը):
Հաշվի առնելով վերը նշված չափանիշները և նկատի ունենալով, որ փաստաբանը սույն գործով ի շահ հայցվորի կատարել է 05.12.2011 և 14.01.2013 թվականներին կնքված ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերով սահմանված դատավարական գործողությունները, ինչպես նաև հաշվի առնելով վերաքննիչ դատարանում գործի քննության տևողությունը (շուրջ չորս ամիս), նիստերի քանակը (երեք դատական նիստ), ինչպես նաև Վճռաբեկ դատարանում իրականացված դատավարական գործողությունների ծավալը` Վճռաբեկ դատարանը սույն գործով փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց վճարման ենթակա գումարի ողջամիտ չափ է համարում 200.000 ՀՀ դրամը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքների հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով Դատարանի վճռում առկա թերի պատճառաբանությունները, հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2012 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2012 թվականի վճռին սույն որոշման պատճառաբանություններով:
2. Օֆելյա Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 50.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.09.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք, 100.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 06.03.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրք` Վլադիմիր Խաչատրյանի վճռաբեկ բողոքի մասով:
3. Օֆելյա Խաչատրյանից հօգուտ Ռիմա Պողոսյանի բռնագանձել 100.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
4. Օֆելյա Խաչատրյանից հօգուտ Ռիմա Պողոսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Մ. Դրմեյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |