Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.13/61(1001) Հոդ.1095
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.10.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0524/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0524/02/12
2013 թ.

Նախագահող դատավոր՝  Ս. Միքայելյան

Դատավորներ՝   

Ն. Տավարացյան  
 

Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. ԱԲԵԼՅԱՆԻ

 

 

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

2013 թվականի հոկտեմբերի 04-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սոնա Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կարեն և Տատյանա Տոնոյանների ընդդեմ Սոնա Ավագյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և վիրավորանքի համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կարեն և Տատյանա Տոնոյանները պահանջել են պարտավորեցնել Սոնա Ավագյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել, Սոնա Ավագյանից բռնագանձել յուրաքանչյուրի օգտին 1.000.000-ական ՀՀ դրամ` որպես վիրավորանքի համար փոխհատուցում, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն.Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 20.12.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «Սոնա Ավագյանին պարտավորեցնել Երևանի Մարգարյան նրբանցքի 3-րդ շենքի բակում հրապարակայնորեն ներողություն խնդրել Կարեն Տոնոյանից և Տատյանա Տոնոյանից: Սոնա Ավագյանից հօգուտ Կարեն Տոնոյանի և Տատյանա Տոնոյանի բռնագանձել 350.000 ՀՀ դրամ, որից 200.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի փոխհատուցման գումար, որից յուրաքանչյուր հայցվորին` 100.000-ական ՀՀ դրամ և 150.000 ՀՀ դրամ` փաստաբանի վարձատրության գումար: Մնացած մասով` հայցապահանջը մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.03.2013 թվականի որոշմամբ Սոնա Ավագյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 20.12.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոնա Ավագյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ, 1087.1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցների համակցության և վերաբերելիության մեջ, որոնցով հիմնավորվում է, որ Սոնա Ավագյանը Կարեն Տոնոյանին և Տատյանա Տոնոյանին չի վիրավորել, այլ ընդհակառակը` վերջիններս են սեռական բնույթի հայհոյանքներ արտահայտել Սոնա Ավագյանի նկատմամբ:

Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ վկա Սուսաննա Հարությունյանը չի հարցաքննվել, ավելին, Դատարանը հնարավորություն չի ընձեռել վկա Սուսաննա Հարությունյանին ցուցմունք տալ գործի կապակցությամբ, իսկ քրեական գործով հարցաքննված վկաները չեն հրավիրվել դատարան վկայություն տալու համար:

Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ վկա Ինգա Բաղդասարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Կարեն Տոնոյանը դեպքի պահին բակում չի եղել, իսկ Սոնա Ավագյանը բակում Տատյանա Տոնոյանին «վատ» բառեր է արտահայտել, սակայն ինչպիսի բառեր` վկան չի հիշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.03.2013 թվականի որոշումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

1) ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ որոշվել է նյութերով Սոնա Ավագյանի կողմից Կարեն և Տատյանա Տոնոյանների հասցեին հայհոյանքներ արտահայտելու դեպքով քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (գ.թ. 68-70):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը որպես վիրավորանք գնահատելու չափանիշներին` հաշվի առնելով այս հարցի կապակցությամբ նախկինում ձևավորած դիրքորոշումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ, իսկ 2-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:

Նշված իրավադրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ իր դիրքորոշումն է արտահայտել Վճռաբեկ դատարանը` արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով: Վերոնշյալ դրույթների վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլյացիաներ, սիմվոլներ): Օրենսդիրն իրավացիորեն չի սահմանափակել միջոցների շարքը, որոնք կարող են կիրառվել վիրավորանքն արտահայտելիս` հնարավորություն տալով իրավակիրառողին, կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով, որոշել` արդյոք տվյալ միջոցի օգտագործմամբ կատարված արտահայտությունը կարող է որակվել որպես վիրավորանք: Հետևաբար վիրավորանքը կարող է արտահայտվել ցանկացած այլ միջոցի օգտագործմամբ, որը ներառված չէ վերոնշյալ թվարկման մեջ:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով կոնկրետ արտահայտության` վիրավորանք գնահատելու չափանիշներին, արձանագրել է, որ`

1. Արված արտահայտությունն իրականում պետք է արատավորի անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը:

2. Արտահայտություն կատարողն ի սկզբանե պետք է հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:

3. Արտահայտությունը պետք է կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն մեկ երրորդ անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը: Վերջիններս երրորդ անձի ներկայությամբ կատարված են համարվում նաև այն դեպքում, երբ երրորդ անձը ևս կատարում է արտահայտություններ և ներկայացնում փաստեր, որոնք բովանդակային առումով կապված են վիրավորողի արած արտահայտությունների կամ ներկայացրած փաստերի հետ (օրինակ` երկու և ավելի անձանց կողմից վիրավորելը): Նման դեպքերում առկա է վնասի համատեղ պատճառում:

Վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ` թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:

Մեկնաբանվող հոդվածի կարգավորումից դուրս են այն դեպքերը, երբ հայտարարությունը կատարվել է ոչ հրապարակային (անձը վիրավորել է տուժողին առանց երրորդ անձանց ներկայության):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին` պարզելու նպատակով` արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որևէ մեկին, թե օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները` միաժամանակ դրսևորելով բարեխիղճ մոտեցում:

Հետևաբար, հարկ է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միանշանակ պահանջն է, որպեսզի վիրավորանքի և զրպարտության գործերով հստակ տարանջատում կատարվի գնահատողական դատողության և փաստերի միջև` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտումներ թույլ տալը բացառելու նպատակով (տես` Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի ապրիլի 27-ի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանականություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` այդ տեղեկությունները հաստատվում են` գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով: Այն ապացույցները, որոնք անհրաժեշտ չեն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար, վերաբերելի չեն, և դատարանը հանում է ապացույցների կազմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավոր ապացույց են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների մասին տեղեկություններ պարունակող ակտերը, պայմանագրերը, տեղեկանքները, գործարար թղթակցությունը, այլ փաստաթղթերը և նյութերը, այդ թվում` էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով կամ փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորություն ընձեռող այլ եղանակով ստացված ապացույցները:

Վերոգրյալ դատավարական նորմերից հետևում է, որ գործով ապացույցներ են օրենքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնք հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, փորձագետների եզրակացություններով, վկաների ցուցմունքներով, գործին մասնակցող անձանց ցուցմունքներով: Ավելին, դատարանը, ելնելով գործի առանձնահատկություններից, ինչպես նաև գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից, առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, դրանց շրջանակը: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Հետևաբար, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:

Հատկանշական է, որ դատարանի կողմից վերը նշված դատավարական նորմերով իրականացվող գործողությունները պետք է ուղղված լինեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը:

Սույն գործով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ որոշվել է նյութերով Սոնա Ավագյանի կողմից Կարեն և Տատյանա Տոնոյանների հասցեին հայհոյանքներ արտահայտելու դեպքով քրեական հետապնդում չիրականացնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերաքննիչ դատարանը, որոշում կայացնելիս վկայակոչելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 7-րդ, 11-րդ կետերը, պատճառաբանել է, որ Սոնա Ավագյանը երրորդ անձանց ներկայությամբ հայհոյանքներ է արտահայտել Կարեն և Տատյանա Տոնոյանների հասցեին: Հայհոյանքներ արտահայտելիս դիտավորություն է ունեցել նվաստացնել հայցվորներին: Վերաքննիչ դատարանը նշված եզրահանգման համար հիմք է ընդունել նաև հանգամանքներն այն մասին, որ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը կայացվել է Սոնա Ավագյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Այդ հաղորդմամբ Սոնա Ավագյանը հայցվորներին վերագրել է հանցավոր արարքներ, սակայն վարույթն իրականացնող մարմնի 04.06.2012 թվականի քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշմամբ հաստատվել է հայցվորներին վերագրվող արարքների բացակայությունը: Միաժամանակ, նյութերի նախապատրաստման ընթացքում հաստատվել է, որ Սոնա Ավագյանը հայհոյանքներ է արտահայտել հայցվորների հասցեին, որպիսի փաստը հիմք է հանդիսացել Սոնա Ավագյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հարցի որոշման համար: Այսինքն` հայցվորներին վերագրելով հանրորեն վտանգավոր արարք` Սոնա Ավագյանը շարունակել է փորձել նվաստացնել նրանց: Նշված փաստերը հաստատվում են գործում առկա` Սոնա Ավագյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով: Շարադրվածը համադրելով վերը հիշատակված իրավանորմերի հետ` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Սոնա Ավագյանը վիրավորանք է հասցրել հայցվորներին, ինչի արդյունքում արատավորվել է վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ Սոնա Ավագյանի կողմից Կարեն և Տատյանա Տոնոյանների հասցեին հայհոյանքներ արտահայտելու հանգամանքը հաստատված համարելու և այն որպես վիրավորանք պարունակող արտահայտություններ որակելու վերաբերյալ պատճառաբանությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ և Դատարանը, և Վերաքննիչ դատարանը սույն գործով չեն իրականացրել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի 01.06.2012 թվականի «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումը չեն գնահատել վկաների ցուցմունքների և գործին մասնակցող անձանց ցուցմունքների համակցության մեջ` անտեսելով և չպարզելով, թե Սոնա Ավագյանը կոնկրետ ինչպիսի արտահայտություններ է կատարել, և արդյոք արտահայտված հայհոյանքների հասցեատերերը Կարեն և Տատյանա Տոնոյաններն են:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը խախտել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված անձի պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը վիրավորանք համարելու վերաբերյալ առանձնահատկությունները պարզելու, ինչպես նաև գործում առկա ապացույցները վերաբերելիության և թույլատրելիության համակցության մեջ գնահատելու ընթացակարգը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.03.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին, այդ թվում՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.06.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. ԱԲԵԼՅԱՆ

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան