Գլխավոր տեղեկություն
Համար
N 1450-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.28/58(932) Հոդ.1252
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2012 թվականի N 1450-Ն

 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԳԱՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ազատազրկման վայրում գտնող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու պայմանները, ինչպես նաև օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման պայմանները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 21

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

նոյեմբերի 15-ի N 1450-Ն որոշման

 

ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՑ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕՐԳԱՆԸ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔԸ ՎԵՐՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՆԱՄՔԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն պայմաններով կարգավորվում են ազատազրկման վայրում պատիժը կրող անձից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, ինչպես նաև օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո ազատազրկման վայրում գտնվող անձի բժշկական օգնության և խնամքի մատուցման հետ կապված հարաբերությունները:

2. Ազատազրկման վայրում պատիժը կրող անձից (այսուհետ` դոնոր) փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա իրազեկված, կամովին և գիտակցաբար տրված գրավոր, նոտարական կարգով վավերացված համաձայնության դեպքում:

3. Դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ կարող են վերցվել միայն նրա մերձավոր ազգականի (ծնող, զավակ, ամուսին, քույր, եղբայր) համար փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացության հիման վրա, որը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 131-Ն որոշմամբ սահմանված կարգով:

4. Դոնորից փոխպատվաստման նպատակով օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու սույն պայմաններով տրված համաձայնության և փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացության առկայության դեպքում դոնորը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 25-ի N 825-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ գլխով սահմանված կարգով տեղափոխվում է քաղաքացիական բժշկական հաստատություն բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտություն անցնելու համար: Բազմակողմանի բժշկական հետազոտություն անցնելուց հետո դոնորը տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ:

5. Բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի փետրվարի 7-ի N 132-Ն որոշմամբ սահմանված կարգով տրված կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին դրական եզրակացության դեպքում դոնորն օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնող քաղաքացիական բժշկական հաստատության պատասխանատու բժշկի նշանակած օրը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 25-ի N 825-Ն որոշման N 1 հավելվածի 18-րդ գլխով սահմանված կարգով տեղափոխվում է քաղաքացիական բժշկական հաստատություն:

6. Դոնորից քաղաքացիական բժշկական հաստատությունում օրգաններ և (կամ) հյուսվածքները վերցվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1260-Ն որոշմամբ սահմանված կարգի:

7. Օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո հակացուցումների բացակայության դեպքում դոնորը բժշկական հաստատությունից տեղափոխվում է քրեակատարողական հիմնարկ բուժող բժշկի` դոնորին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու նպատակահարմարության վերաբերյալ բժշկական եզրակացության հիման վրա: Հակացուցումների դեպքում դոնորի` բժշկական հաստատությունում գտնվելու ժամկետը կարող է երկարացվել բուժողի բժշկի եզրակացության հիման վրա:

8. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում դոնորի համար քրեակատարողական հիմնարկի կողմից ապահովվում է`

1) դոնորի կողմից հեղուկների ընդունումը` օրվա ընթացքում 2.5-3 լիտր, հետագայում ազատազրկման ամբողջ ընթացքում ևս.

2) դոնորի զարկերակային ճնշման ստուգումը` օրվա ընթացքում առնվազն 1 անգամ.

3) դոնորի մարմնի ջերմության չափումը` օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ.

4) կենդանական սպիտակուցներով հարուստ սննդի տրամադրում` համաձայն բուժող բժշկի կողմից նշանակված սննդակարգի` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 413-Ն որոշումը:

9. Օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց հետո երկու, վեց և տասներկու ամիս անց, այնուհետ յուրաքանչյուր տարին մեկ անգամ քրեակատարողական հիմնարկի բժշկական բաժնի կամ բաժանմունքի, իսկ այդ ստորաբաժանումներում կատարելու անհնարինության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում են հետևյալ լաբորատոր հետազոտությունները`

1) արյան բիոքիմիական քննություն.

2) արյան ընդհանուր քննություն.

3) մեզի ընդհանուր քննություն:

10. Ուլտրաձայնային հետազոտությունն իրականացվում է օրգանը և (կամ) հյուսվածքը վերցնելուց 2 ամիս անց, այնուհետ` յուրաքանչյուր տարին մեկ անգամ։

11. Կրծքավանդակի ռենտգեն հետազոտությունն իրականացվում է դոնորին քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ (քաղաքացիական բժշկական հաստատությունից դուրս գրելիս), այնուհետ` ըստ բժշկական ցուցման:

12. Քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո դոնորի մոտ սուր գաստրոէնտերիտի դեպքում քրեակատարողական հիմնարկի կողմից անհապաղ ապահովվում է դոնորի կողմից պարենտերալ հեղուկների ընդունումը:

13. Քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու ամբողջ ընթացքում բժշկական բաժնի կամ բաժանմունքի բուժաշխատողների կողմից դոնորին տրամադրվում է խորհրդատվություն դոնոր հանդիսացած անձանց առողջ ապրելակերպի վերաբերյալ (ոչ ստերոիդային հակաբորբոքիչների ընդունումից զերծ մնալու, նիկոտինից հրաժարվելու, մարմնի քաշի ավելացումից խուսափելու և այլ միջոցառումների մասին):

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան