ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի ՈՐՈՇՈՒՄ |
ԵԿԴ/0045/11/10 |
Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան |
նախագահությամբ |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ | |
Ե. Դանիելյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
|
2010 թվականի օգոստոսի 27-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ դիմող Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը
1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Սաքունցը 2010 թվականի հունվարի 13-ին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` 2010 թվականի հունվարի 10-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/14 և 10/15 ընտրատեղամասերում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ:
Ա.Սաքունցը 2010 թվականի փետրվարի 22-ին և 2010 թվականի փետրվարի 27-ին դիմումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն` խնդրելով տրամադրել կազմակերպության ներկայացրած հաղորդումների հիման վրա կայացված որոշումների պատճենները:
ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Ա.Գրիգորյանի 2010 թվականի մարտի 3-ի և 2010 թվականի մարտի 10-ի գրություններով կայացված որոշումների պատճենների տրամադրումը մերժվել է:
2. 2010 թվականի ապրիլի 13-ին Ա.Սաքունցը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան), որը դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ մերժվել է:
3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Ա.Սաքունցը, որը Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 17-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:
4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 17-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ա.Սաքունցը:
Վճռաբեկ դատարանը 2010 թվականի հուլիսի 15-ի որոշմամբ Ա.Սաքունցի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը
5. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Սաքունցն Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել փոստի միջոցով: Վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա է փոստային ծառայության դրոշմակնիքը, որի համաձայն` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2010 թվականի մայիսի 10-ին:
6. Վերաքննիչ դատարանը Ա.Սաքունցի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին իր որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(…) Դիմող «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Սաքունցի կողմից 10.05.2010թ. վերաքննիչ բողոք է բերվել ընդհանուր իրավասության դատարանի կողմից 28.04.2010թ. կայացված` գործն ըստ էության չլուծող դատական ակտի դեմ, հետևաբար ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է, քանի որ բողոք բերած անձի կողմից չի պահպանվել գործն ըստ էության չլուծող դատական ակտը Վերաքննիչ դատարան բողոքարկելու համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածով ամրագրված տասնօրյա ժամկետը, ինչը հիմք է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու համար (…)» (տե´ս նյութեր, էջ 101):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
7. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 82-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածների պահանջները:
Ի հիմնավորումն վերոշարադրյալ փաստարկի՝ բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ծրարի վրա առկա կնիքը, գտել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 2010 թվականի մայիսի 10-ին, և բողոքը համարել է ժամկետանց, մինչդեռ բողոքն իր կողմից կապի կազմակերպությանն է հանձնվել 2010 թվականի մայիսի 8-ին, ինչը հաստատվում է վճարման անդորրագրի վրա առկա կնիքով, որի պատճենը ներկայացրել է վճռաբեկ բողոքին կից:
8. Բողոքի հեղինակը փաստարկել է նաև, որ նույնիսկ այն դեպքում, եթե Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի ներկայացման օր է դիտել 2010 թվականի մայիսի 10-ը, ապա պետք է համարեր այն ժամկետի մեջ տրված, քանի որ 2010 թվականի մայիսի 8-ը եղել է շաբաթ օր, որը Հայաստանի Հանրապետությունում համարվում է ոչ աշխատանքային, հետևաբար Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման վերջնաժամկետը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի ուժով եղել է հաջորդ աշխատանքային օրը` 2010 թվականի մայիսի 10-ը:
9. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2010 թվականի մայիսի 17-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
10. Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հետևյալն է. սույն գործով վերաքննիչ բողոքը բերվե՞լ է արդյոք գործն ըստ էության չլուծող դատական ակտերը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու համար սահմանված ժամկետի պահպանմամբ:
11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոք բերվում են` առաջին ատյանի դատարանի` կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները` հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը` հրապարակվելու պահից տանսօրյա ժամկետում»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն`
«1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:
2. Ժամկետները հաշվելիս նկատի չեն առնվում այն ժամն ու օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:
3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը քսանչորսին (…): Եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող աշխատանքային օրը (…):
4. Ժամկետը բաց թողնված չի համարվում, եթե բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին է հանձնված ժամկետը լրանալուց առաջ, (…) Բողոքը կամ այլ փաստաթուղթը փոստին հանձնելու ժամանակը որոշվում է փոստային դրոշմով (…)»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Աշխատողների համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ` երկու հանգստյան օրով (…)»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ընդհանուր հանգստյան օրը կիրակին է, իսկ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` շաբաթը և կիրակին (…)»:
12. Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը 2010 թվականի ապրիլի 28-ին կայացրել է գործն ըստ էության չլուծող դատական ակտ, որի` վերաքննության կարգով բողոքարկման ժամկետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կազմել է հրապարակվելու պահից տասը օր:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկ կատարելու արդյունքում ստացվում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ի որոշման բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել 2010 թվականի մայիսի 8-ը ներառյալ: Մինչդեռ 2010 թվականի մայիսի 8-ը եղել է շաբաթ, այսինքն` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` հանգստյան օր, հետևաբար հիշատակված դատական ակտի բողոքարկման վերջնաժամկետ է հանդիսացել հաջորդ աշխատանքային օրը` 2010 թվականի մայիսի 10-ը` մինչև ժամը քսանչորսը:
Համաձայն դիմող Ա.Սաքունցի վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային ծառայության դրոշմակնիքի` ծրարը փոստային ծառայությունում մուտք է եղել 2010 թվականի մայիսի 10-ին (տե´ս սույն որոշման 5-րդ կետը):
13. Հիմք ընդունելով սույն որոշման 11-րդ կետում առկա օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև 12-րդ կետում շարադրված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի 2010 թվականի ապրիլի 28-ի որոշման դեմ Ա.Սաքունցի կողմից վերաքննիչ բողոք է բերվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված տասնօրյա ժամկետի պահպանմամբ, իսկ ներկայացված բողոքի ժամկետանց լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները (տե´ս սույն որոշման 6-րդ կետը) անհիմն են:
14. Նկատի ունենալով, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Ա. Սաքունցի կողմից վերաքննիչ բողոք ցանկացած դեպքում բերվել է քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետի պահպանմամբ՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ չի համարում անդրադառնալ բողոքաբերի այն պնդմանը, թե իր կողմից վերաքննիչ բողոքը կապի կազմակերպությանն է հանձնվել 2010 թվականի մայիսի 8-ին (տե´ս սույն որոշման 7-րդ կետը):
15. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտում: Այդ խախտումն իր բնույթով էական է, քանի որ դրա արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, խախտվել են գործի արդարացի քննության և արդարադատության մատչելիության իրավունքները, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն՝ դրանք հիմք են կայացված դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Ա.Սաքունցի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի մայիսի 17-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Դ. ԱՎԵՏԻՍՅԱՆ | |
Դատավորներ` |
Հ. ԱՍԱՏՐՅԱՆ | |
Ե. Դանիելյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |