ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
4 փետրվարի 2011 թ. |
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 309.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ`
դիմող կողմի ներկայացուցիչ` ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վ. Շահինյանի,
պատասխանող կողմի ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի նախագահի խորհրդական Դ. Մելքոնյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը ՀՀ գլխավոր դատախազի` 27.09.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, վիճարկվող նորմը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ից:
Օրենսգրքի` «Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու սահմանները» վերտառությամբ 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է.
«3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև՝ խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է»:
Սույն գործով վիճարկվող նորմը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում ներառվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՕ-270-Ն օրենքով:
2. Գործի փաստական հանգամանքները հանգում են հետևյալին.
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 01.10.2009թ. դատավճռով իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար Սամվել Սերյոժայի Կավեյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով ու դատապարտել է ազատազրկման 1 տարի ժամկետով: Նրա նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել:
Երևան քաղաքի դատախազի կողմից նշված դատավճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք` Սամվել Կավեյանին մեղսագրվող արարքի նկարագրության և դրա իրավաբանական որակման անհամապատասխանության մասով: Նշված բողոքը բավարարվել է, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 05.11.2009թ. որոշմամբ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.10.2009թ. դատավճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության նոր քննության:
05.02. 2010թ. քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ և նշանակվել դատական քննության: 10.03.2010թ. դատարանը, քննարկելով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նպատակով քրեական գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով սահմանված կարգով հետաձգելու մասին մեղադրողի միջնորդությունը, որոշում է կայացրել այն բավարարելու մասին: 15.03.2010թ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությանը հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով սահմանված կարգով կատարել մի շարք քննչական և դատավարական գործողություններ:
10.05.2010թ. մեղադրողի կողմից որոշում է կայացվել Սամվել Կավեյանին նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով առաջադրված մեղադրանքը փոփոխելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով նոր մեղադրանք առաջադրելու մասին: Նույն օրը կայացած դատական նիստի ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նշված որոշումը` ձեռք բերված նյութերի հետ ներկայացվել է դատարանին, որից հետո դատարանի որոշմամբ ամբաստանյալին և նրա պաշտպանին նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրվել և գործի դատական քննությունը հետաձգվել է:
23.06.2010թ. կայացած դատական նիստի ընթացքում մեղադրողի կողմից հրապարակվել է Սամվել Կավեյանին առաջադրված նոր մեղադրանքը, այնուհետև նոր մեղադրանքի կապակցությամբ կողմերի դիրքորոշումը ճշտելուց հետո, նախագահողը հայտարարել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2009թ. որոշման համաձայն` դատարանում մեղադրանքը փոփոխելիս մեղադրողի կողմից պետք է կայացվի ինչպես մեղադրանքը փոփոխելու մասին որոշում, այնպես էլ կազմվի նոր մեղադրական եզրակացություն: Հիմնվելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նշված որոշման մեջ արտահայտված դիրքորոշման վրա` ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գործի դատական քննությունը հետաձգելու մասին` մեղադրողին ժամանակ տրամադրելով «նոր մեղադրական եզրակացություն» կազմելու համար: Մեղադրողը, համարելով, որ նոր մեղադրական եզրակացության կազմումն իր իրավասության մեջ չի մտնում, բավարարվել է միայն մեղադրանքը փոխելու մասին որոշման ընդունմամբ:
3. Դիմող կողմը վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացրել է հետևյալ հիմնավորումները.
ըստ դիմող կողմի` ստեղծված իրավիճակում առաջ եկած խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ ստորադաս դատարանները, հիմք ընդունելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը, դատարանում մեղադրանքը փոփոխելիս մեղադրողներից պահանջում են կազմել նոր մեղադրական եզրակացություն, իսկ եթե մեղադրողը բավարարվում է միայն մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ որոշում կայացնելով և չի կազմում նոր մեղադրական եզրակացություն, ապա այս դեպքում դատարանները գտնում են, որ մեղադրողը խախտել է մեղադրանքը փոփոխելու դատավարական կարգը և փոփոխված մեղադրանքը դիտում են որպես առոչինչ:
Դիմող կողմը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2009թ. որոշմամբ արտահայտված մեկնաբանությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կիրառումը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին և սահմանադրական արդարադատության հարցերով բարձրագույն դատական ատյանի` ՀՀ սահմանադրական դատարանի 02.04.2010թ. ՍԴՈ-872 որոշմանը:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում քրեական գործերով վարույթի կարգը սահմանվում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և դրանց համապատասխան ընդունված այլ օրենքներով, իսկ այլ օրենքներում պարունակվող քրեադատավարական իրավունքի նորմերը պետք է համապատասխանեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին:
Դատարանում մեղադրանքի փոփոխման կարգը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով, որի 2-րդ մասի համաձայն առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ մեղադրողի միջնորդությամբ դատարանը հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նույն մասի 2-րդ պարբերության համաձայն` առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ մեկտեղ ներկայացնում է դատարան:
Դիմող կողմի փաստարկների համաձայն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ որևէ իրավական նորմ, որը դատարանում մեղադրանքի պաշտպանություն իրականացնող դատախազին լիազորի գործով կազմել նոր մեղադրական եզրակացություն, ավելին` օրենսգրքի որևէ հոդվածում նախատեսված չէ «նոր մեղադրական եզրակացություն» հասկացությունը, սահմանված չեն այդ փաստաթղթի կառուցվածքն ու բովանդակությունը, այն կազմող և հաստատող պաշտոնատար անձանց, փաստաթուղթը կազմելուն նախորդող և հաջորդող դատավարական գործողությունների շրջանակը և այլն: Ինչ վերաբերում է գործող քրեադատավարական օրենսդրությանը հայտնի միակ մեղադրական եզրակացությանը, ապա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այն նախաքննության` որպես քրեական դատավարության ինքնուրույն փուլի ավարտման ձևերից մեկն է և, որպես մինչդատական վարույթին բնորոշ դատավարական փաստաթուղթ, չի կարող կիրառվել արդեն դատաքննության փուլում: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 29-րդ կետի և 270-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մեղադրական եզրակացության կազմումը քննիչի, այլ ոչ թե դատախազի լիազորությունն է: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 52-54-րդ հոդվածների համաձայն դատախազը լիազորված չէ կազմել մեղադրական եզրակացություն:
Ըստ դիմող կողմի` գործող օրենսդրության պայմաններում մեղադրանքի փոփոխման դեպքում «նոր մեղադրական եզրակացություն» կազմելու պարտականություն սահմանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածով սահմանված կարգով կատարվող քննչական և դատավարական այլ գործողությունների կատարումը, ըստ էության, նույնացվում է նախաքննության հետ, ինչը հակասում է ոչ միայն գործող քրեադատավարական օրենսդրությանը, այլև ՀՀ սահմանադրական դատարանի 02.04.2010թ. որոշմանը, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները ճանաչվել են ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, և որում խոսք չի եղել լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտության մասին:
ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով: ՀՀ վճռաբեկ դատարանի 18.12.2009թ. որոշմամբ սահմանվել է պարտադիր կատարման ենթակա կանոն, որով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի կիրառման հակասահմանադրական պրակտիկա է ձևավորվել: Դատարանների համար պարտադիր կատարման ենթակա այդպիսի պահանջը հակասում է ՀՀ Սահմանադրության 5-րդ և 103-րդ հոդվածների պահանջներին:
Ընդհանրացնելով, դիմող կողմը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը, մեղադրանքի պաշտպանություն իրականացնող դատախազի համար սահմանելով ՀՀ քրեական դատավարական օրենսդրությամբ չնախատեսված պարտականություն, դուրս է եկել օրենքների միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրական լիազորության շրջանակներից, խախտել է ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 6-րդ մասը, որի համաձայն քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը և պայմանները սահմանվում են բացառապես օրենքներով, միաժամանակ խախտել է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սահմանադրաիրավական սկզբունքը և իրականացրել է ՀՀ պետական իշխանության օրենսդիր միակ մարմնի` Ազգային ժողովի հիմնական գործառույթը:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի հիմքով գործով վարույթը ենթակա է կարճման, քանի որ «գործը, որի շրջանակներում դիմումատուն դիմել է սահմանադրական դատարան, գտնվում է ոչ թե դատախազի, այլ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում», այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազը սահմանադրական դատարան կարող է դիմել բացառապես իր վարույթում գտնվող քրեական գործով:
5. ՀՀ սահմանադրական դատարանը, հաշվի առնելով սահմանադրական արդարադատության միջազգային պրակտիկան, գտնում է, որ ստեղծված իրավիճակը դասական առումով պետական իշխանության մարմինների միջև սահմանադրական լիազորությունների շուրջ ծագած վեճ է, որը, որպես կանոն, պետք է լուծվի բացառապես սահմանադրական դատարանների կողմից` վերջիններիս Սահմանադրությամբ նախատեսված համարժեք լիազորության առկայության պարագայում: ՀՀ սահմանադրական դատարանը նման լիազորությամբ օժտված չէ, ինչը նաև խոչընդոտում է Սահմանադրության գերակայության լիարժեք երաշխավորումը: ՀՀ սահմանադրական դատարանն այս հիմնախնդրին անդրադարձել է նաև իր տարեկան հաղորդումներում:
Ելնելով հիմնախնդրի կարևորությունից ու արդարադատության արդյունավետության երաշխավորման անհրաժեշտությունից, նկատի ունենալով, որ վեճի առարկայի շրջանակներում հակադիր մոտեցումները հիմնավորելիս վկայակոչվում են ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև հաշվի առնելով հիշյալ գործի քննության կոնկրետ առանձնահատկությունները և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները` ՀՀ սահմանադրական դատարանը կարևոր է համարում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում անդրադառնալ սույն վեճի առարկային` թե´ ըստ ձևի և թե´ ըստ բովանդակության վերահսկողության շրջանակներում:
6. ՀՀ սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում ամրագրված` «գլխավոր դատախազի վարույթում գտնվող կոնկրետ գործ» արտահայտության սահմանադրաիրավական բովանդակության բացահայտմանը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քրեադատավարական առումով ՀՀ օրենսդրությունը չի հստակեցրել «ՀՀ գլխավոր դատախազի վարույթում գտնվող կոնկրետ գործ» հասկացությունը: Վերջին երեք տարվա օրենսդրական փոփոխություններն այս հարցում վիճակն ավելի են խճճել: Գործնականում, թե´ հետաքննության փուլում, թե´ նախաքննության փուլում գործի վարույթն իրականացնում են հետաքննության ու նախաքննության մարմինները, դատական փուլում` դատարանը: Ուստի «գլխավոր դատախազի վարույթում գտնվող կոնկրետ գործ» սահմանադրական դրույթը չի կարող մեկնաբանվել ճյուղային-իրավական մեթոդաբանության կիրառման հիման վրա: Անհրաժեշտ է այն մեկնաբանել դրա սահմանադրական նշանակությանը համապատասխան` ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակներում:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ կոնկրետ դատական սահմանադրական վերահսկողության ձևի կիրառման շրջանակներում ՀՀ Սահմանադրությունը ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ ճանաչելով ՀՀ գլխավոր դատախազին` առաջին հերթին հաշվի է առել Սահմանադրության 103-րդ հոդվածի 1-ին մասի այն դրույթը, համաձայն որի` «Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը»: Ուստի սահմանադրաիրավական առումով «գլխավոր դատախազի վարույթ» հասկացությունը համարժեք է «ՀՀ դատախազության վարույթ» հասկացությանը:
Պարզաբանման անհրաժեշտություն ունի նաև «իր վարույթ» հասկացությունը: Գործող օրենսդրության համաձայն մինչդատական վարույթն իրականացնում են հետաքննության և նախաքննության մարմինները, իսկ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ: Դատական քննության փուլում վարույթն իրականացնում է դատարանը, իսկ դատախազությունը դատարանում պաշտպանում է մեղադրանքը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-270-Ն օրենքի հիման վրա դատախազն այլևս նախաքննություն իրականացնելու իրավասություն չունի, ուստի այս իմաստով չի կարող որևէ գործ իր վարույթ ընդունել կամ իրականացնել: Եթե ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում օգտագործվող «իր վարույթում գտնվող կոնկրետ գործով» հասկացությունն ընկալվի զուտ դրա քրեադատավարական իմաստով, ապա կստացվի, որ ՀՀ գլխավոր դատախազի այս լիազորության իրականացումը դառնում է անհնարին, քանի որ այդ լիազորության իրականացման համար ՀՀ գլխավոր դատախազը տվյալ գործը պետք է ընդունի իր վարույթ և հանդես գա որպես վարույթն իրականացնող մարմին, որի իրավասությունը չունի: Համանման իրավակարգավորում է պահպանվել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածում (2006թ. հունիսի 1-ի խմբագրությամբ):
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում օգտագործվող «իր վարույթում գտնվող կոնկրետ գործով» հասկացությունը մեկնաբանելիս պետք է հիմք ընդունել այդ հասկացության սահմանադրաիրավական նշանակությունը` ելնելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածում նախատեսված ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների բովանդակությունից: «Իր վարույթ» հասկացության առավել լայն մեկնաբանությունը ենթադրում է, որ վերջինս վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ տվյալ փուլում այդ գործով վերջնական իրավական ակտ ընդունելու իրավասությամբ օժտված է հենց այդ մարմինը: ՀՀ Սահմանադրությունը ՀՀ գլխավոր դատախազին ճանաչելով որպես կոնկրետ վերահսկողության շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ` սահմանադրաիրավական իմաստով «կոնկրետ գործը» դիտարկում է դատախազության լիազորությունների իրականացում բոլոր այն դեպքերում, երբ այդ մարմինն իր սահմանադրական գործառույթների շրջանակներում իրավասու է կայացնելու վերջնական որոշում:
Վերահաստատելով ՍԴՈ-844 որոշմամբ ՀՀ դատախազության սահմանադրաիրավական կարգավիճակի ու լիազորությունների վերաբերյալ արտահայտած իր իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի իմաստով «գլխավոր դատախազի վարույթ» հասկացությունը վերաբերում է ՀՀ դատախազության` ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառույթների իրականացմանը: Այդ գործառույթներից յուրաքանչյուրն իրականացնելիս, եթե ի հայտ է եկել դատախազության պաշտոնատար անձի կողմից կոնկրետ գործով իր իրավասության շրջանակներում կայացվելիք որոշման հիմքում դրվող նորմատիվ ակտի դրույթի սահմանադրականության գնահատման հարց և այդ հարցի բարձրացումը չի խոչընդոտում պետական իշխանության այլ մարմնի լիազորությունների բնականոն իրացմանը, ապա այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազն իրավասու է դիմել ՀՀ սահմանադրական դատարան: Այլապես, ՀՀ գլխավոր դատախազը կզրկվի սահմանադրական դատարան դիմելու իր սահմանադրական լիազորությունն իրականացնելու հնարավորությունից:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը` ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի ընդհանուր տրամաբանության շրջանակներում, առաջին հերթին վերաբերում է մինչդատական վարույթի փուլին, քանի որ այս փուլում իրականացվող գործողությունների օրինականության ապահովումն ամբողջությամբ ՀՀ դատախազության սահմանադրական պարտականությունն է:
Դատական քննության փուլում մեղադրանքը պաշտպանելու` դատախազության սահմանադրական գործառույթն իրականացվում է արդարադատության ընդհանուր սկզբունքների, մասնավորապես` մրցակցության սկզբունքի շրջանակներում, և վերջնական որոշում կայացնելու իրավասությամբ օժտված է դատարանը: Ուստի այս փուլում կոնկրետ գործը գտնվում է դատարանի վարույթում, և վերջինս է ՀՀ Սահմանադրությամբ ճանաչվում ՀՀ սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ: Այս ընդհանուր կանոնից կարող են առանձնացվել միայն այն դեպքերը, երբ դատախազը գործի դատական քննության փուլում ինքնուրույն որոշում կայացնելու իրավասությամբ է օժտված: Դա կարող է լինել, օրինակ, մեղադրանքից հրաժարվելիս կամ մեղադրանքը փոխելիս: Օրենսդրորեն այս հանգամանքը հաշվի առնելը հնարավորություն կտա առավել արդյունավետ ու ամբողջական իրականացնել ՀՀ գլխավոր դատախազի` ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածում սահմանադրական արդարադատության բնագավառում ՀՀ գլխավոր դատախազի իրավասուբյեկտության խնդրին հետևողական և համակարգային լուծում չի տրված: Հիմնախնդիրն օրենսդրական լրացուցիչ կանոնակարգման անհրաժեշտություն ունի: Համապատասխան օրենսդրական կարգավորումները պետք է հաշվի առնեն, որ ընդհանուր իրավասության դատարանում գտնվող կոնկրետ գործով ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` ՀՀ գլխավոր դատախազի լիազորությունը կանոնակարգելով հանդերձ, այն պետք է սահմանափակվի երկու պայմանով. 1) դատարանի վարույթում գտնվող գործով ՀՀ գլխավոր դատախազը կարող է դիմել ՀՀ սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ վիճարկվող նորմն ուղղակիորեն առնչվում է դատախազի` մեղադրանքի պաշտպանության շրջանակներում իր իսկ սահմանադրական գործառույթի իրականացմամբ պայմանավորված ինքնուրույն որոշման կայացմանը, 2) եթե այդ նորմի վիճարկումն անխուսափելիորեն չի պահանջում կոնկրետ գործով վարույթի կասեցում:
Ներկա իրավակարգավորման շրջանակներում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ սահմանված է, որ «Դատարանները կարող են դիմել սահմանադրական դատարան համապատասխան գործով վարույթը սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը, իսկ գլխավոր դատախազը` տվյալ գործն իր վարույթ ընդունելուց հետո` մինչև այն օրենքով սահմանված կարգով իրավասու դատարան ուղարկելը»:
Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի պահանջն առ այն, որ համապատասխան սուբյեկտները կարող են ՀՀ սահմանադրական դատարան դիմել «Սահմանադրությամբ և սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով», ինչպես նաև 100-րդ հոդվածի պահանջը, համաձայն որի` սահմանադրական դատարանն իրավական ակտերի դրույթների սահմանադրականությունը որոշում է «օրենքով սահմանված կարգով», ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ներկա իրավակարգավորման շրջանակներում, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի և 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն տվյալ գործի վարույթը ենթակա է կարճման` նույն օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:
7. Հաշվի առնելով, որ առկա իրավական վեճն առնչվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի` 02.04.2010թ. ՍԴՈ-872 որոշման շրջանակներում արտահայտած իրավական դիրքորոշումներին և, մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակության մեկնաբանմանը, ինչպես նաև նկատի ունենալով, որ տվյալ հիմնախնդիրը կարևոր նշանակություն ունի քրեական դատավարության հայեցակարգային զարգացումների հստակեցման առումով, ՀՀ սահմանադրական դատարանը, հիմք ընդունելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի պահանջները, անհրաժեշտ է համարում արձանագրել.
Առաջին, քրեական գործերով վարույթի կարևորագույն խնդիրը հանցագործության լրիվ և ժամանակին բացահայտումն է, այն նպատակով, որպեսզի քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված քրեադատավարական կարգով պատասխանատվության ենթարկվի, ոչ մի անմեղ անձ հանցանքի կատարման մեջ չկասկածվի, չմեղադրվի և չդատապարտվի, ինչպես նաև՝ ոչ ոք անօրինական կամ առանց անհրաժեշտության չենթարկվի դատավարական հարկադրանքի միջոցների, պատժի, իրավունքների և ազատությունների այլ սահմանափակման: ՀՀ Սահմանադրության 16-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածներում նախատեսված են սահմանադրաիրավական կոնկրետ երաշխիքներ՝ իրեն ներկայացված մեղադրանքից անձի պաշտպանության համար: Միաժամանակ, պետության խնդիրն է ամեն տեսակի ոտնձգություններից անձանց (այդ թվում՝ իրավաբանական) իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Քրեական վարույթում այդպիսի գործառույթի իրականացման կարևոր միջոց է մեղադրանքի ինստիտուտը, որի կիրառմամբ իրավասու պաշտոնատար անձը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ներկայացնում է հիմնավորում՝ որոշակի անձի կողմից քրեական օրենսգրքով չթույլատրված կոնկրետ արարքի (հանցագործության) կատարման մասին (Քր. դատ. օր.-ի 6-րդ հոդվածի 20-րդ կետ): Մյուս կողմից, մեղադրանքի ինստիտուտը` իր սահմանադրաիրավական բովանդակությամբ, կոչված է օրենքով նախանշված կարգով երաշխավորել քրեական օրենսգրքով չթույլատրված և անձին մեղսագրվող արարքի կատարման վերաբերյալ նրան ներկայացված այդպիսի հիմնավորումից (մեղադրանքից) պաշտպանվելու իրավական (այդ թվում՝ արդարադատական) հնարավորություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում մեղադրանքի ինստիտուտը կարգավորող նորմերի համալիր ուսումնասիրությունը վկայում է, որ անձի կողմից հանցավոր արարքի կատարման հիմնավորումը մինչդատական, իսկ որոշ դեպքերում էլ՝ դատական վարույթներում ներկայացվում է պաշտոնական փաստաթղթերի՝ որոշման (մեղադրանք առաջադրելու, այն փոփոխելու, լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին) և մեղադրական եզրակացության ձևով: Ընդ որում, եթե մեղադրանք առաջադրելու (փոփոխելու, լրացնելու, նոր մեղադրանք առաջադրելու) վերաբերյալ որոշումը (իրենց լիազորությունների շրջանակներում՝ քննիչի, դատախազի կողմից) կարող է կայացվել մինչդատական, դատական վարույթներում, ապա մեղադրական եզրակացությունը` որպես քրեական գործով նախաքննության արդյունքներն ամփոփող, ձեռք բերված ապացույցների շրջանակներում անձի (կամ անձանց) մեղավորությունը հիմնավորող պաշտոնական փաստաթուղթ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 38-րդ գլխի նորմերին համապատասխան, առանց բացառության, կազմվում է քննիչի և հաստատվում՝ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից՝ մինչդատական վարույթում, որի հիման վրա էլ դատախազը դատարանում պաշտպանում է մեղադրանքը: Վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածում նախատեսված հիմքերով և կարգով կարող է լրացվել կամ փոփոխվել` նոր մեղադրանք առաջադրելու վերաբերյալ դատախազի պատճառաբանված որոշմամբ, որը ձեռք բերված նյութերի (ապացույցների) հետ ներկայացվում է դատարան (նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասեր):
Այսպիսով, մեղադրանքի ինստիտուտի գործող իրավակարգավորման, այդ թվում և՝ սույն գործով վիճարկվող նորմերի բովանդակությունից հետևում է, որ.
ա) նախաքննության արդյունքներն ամփոփվում են մեղադրական եզրակացությամբ, որը կազմվում է բացառապես քննիչի և հաստատվում՝ դատախազի կողմից (ՀՀ քր. դատ. օր-ի 270-րդ, 272-րդ և 274-րդ հոդվածներ),
բ) դատախազին մեղադրական եզրակացություն կազմելու (կամ նոր մեղադրական եզրակացություն կազմելու) լիազորություն վերապահված չէ, այն նախաքննական մարմնի` օրենքով ամրագրված լիազորությունն է,
գ) դատախազն օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պարտավոր է հաստատել մեղադրական եզրակացությունը, կամ՝ իր որոշմամբ մեղադրանքի ձևակերպումից հանել առանձին կետեր, վերաորակել հանցագործությունը և հաստատել մեղադրական եզրակացությունը, կամ՝ գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու, լրացուցիչ մեղադրանք առաջադրելու, մեղադրանքը փոխելու կամ մեղադրական եզրակացությունը վերակազմելու համար,
դ) հաստատելով քննիչի կողմից կազմված մեղադրական եզրակացությունը` դատախազն իր սահմանադրաիրավական կարգավիճակին և օրենքով նախատեսված լիազորություններին համապատասխան հանդես է գալիս որպես հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող, ինչպես նաև մեղադրական եզրակացությամբ հիմնավորված մեղադրանքը դատարանում պաշտպանող իրավասու սուբյեկտ:
Վերահաստատելով ՍԴՈ-872 որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումները, սույն գործի առարկայի շրջանակներում սահմանադրական դատարանը գտնում է, որ դատարան ուղարկված գործով «նոր մեղադրական եզրակացություն» կազմվել չի կարող և ինչպես վիճարկվող, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքի այլ նորմերով այդպիսի իրավակարգավորում նախատեսված չէ, հետևաբար` քրեադատավարական նորմերն այլ կերպ մեկնաբանվել չեն կարող: Նոր մեղադրական եզրակացություն կամ մեղադրական եզրակացության վերակազմում կարող է տեղի ունենալ միայն մինչդատական վարույթում՝ նշված օրենսգրքի 274-րդ հոդվածում ամրագրված կանոններին համապատասխան՝ լրացուցիչ քննության շրջանակներում:
Երկրորդ` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ քրեական գործով վարույթի շրջանակներում մեղադրանքի առաջադրման (փոփոխման, լրացման), ինչպես նաև մեղադրական եզրակացության կազմման (փոփոխման, լրացման) և հաստատման դատավարական ընթացակարգերում, մի կողմից, քննիչի, մյուս կողմից՝ դատախազի լիազորությունների (իրավունքների ու պարտականությունների) օրենսդրական վերոհիշյալ տարանջատումը բխում է ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, այնպես էլ՝ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի իրավակարգավորման ընդհանուր խնդիրներից ու նպատակներից, հիմք ընդունելով պետական իշխանության իրականացման օրինականության վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ամրագրված սկզբունքը, համաձայն որի` պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու չեն կատարելու այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չեն Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետևաբար, դատախազն իրավասու է կատարել միայն այնպիսի գործողություններ, որպիսիք նախատեսված են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով: Մյուս կողմից, դատաքննության փուլում դատախազի կողմից մեղադրանքի փոփոխման, լրացման, ամբաստանյալին նոր մեղադրանք առաջադրելու դեպքերում, դատարանի գործառույթը պետք է հիմնվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված մրցակցային արդարադատության այն սկզբունքի վրա, համաձայն որի. «դատարանը հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը»:
Երրորդ` ՀՀ Սահմանադրության 19-րդ, 20-րդ, 21-րդ, 22-րդ հոդվածներում ամրագրված են հանցավոր արարքի կատարման մեջ մեղադրվող անձի իրավունքների պաշտպանության երաշխիքներ: Միաժամանակ, Սահմանադրության 3-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան պետության պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունն ու անձեռնմխելիությունը: Քրեական գործի վարույթում մեղադրական եզրակացությունը ոչ միայն դատավարական փաստաթուղթ է, որով ամփոփվում են նախաքննության արդյունքները, ներկայացվում են անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը և այն հիմնավորող ապացույցները, այլև հնարավորություն է ընձեռվում ամբաստանյալին (նրա օրինական ներկայացուցչին) կազմակերպելու և իրականացնելու առաջադրված մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը՝ կոնկրետ մեղադրանքի և այն հիմնավորող ապացույցների շրջանակում: Մեղադրական եզրակացությունն իրավական հնարավորություն է ստեղծում նաև գործով շահագրգիռ այլ անձանց՝ ապահովելու իրենց խախտված իրավունքների պաշտպանությունը:
Քրեական գործով վարույթում անձանց (նրանց օրինական ներկայացուցիչների) իրավունքները (այդ թվում՝ առաջադրված մեղադրանքին ծանոթանալը, նախաքննության ավարտման պահից գործի բոլոր նյութերին ծանոթանալը, դրանցից պատճեններ հանելը, մեղադրական եզրակացության պատճենը ստանալը և այլն) նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածներով (59, 61, 65, 66, 75, 77, 79, 265, 266, 267, 309.1 և այլն): Այսինքն` նախատեսված այդ իրավունքների շրջանակը և դրանց իրացման կոնկրետ ընթացակարգերը վկայում են, որ քրեական գործով առաջադրված մեղադրանքը, դրա ծավալը, անձին մեղսագրվող արարքի որակումը, գործում առկա ապացույցները և իրավաբանական նշանակության այլ տեղեկությունները միանգամայն հասանելի են գործով շահագրգռված անձանց և նրանց օրինական ներկայացուցիչներին: Ավելին, վերոհիշյալ օրենսգրքով նախատեսված են ընթացակարգեր հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի գործողությունների և որոշումների բողոքարկման համար: Հետևաբար, դատաքննության փուլում, երբ մեղադրողը գտնում է, որ անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի նորմերի կիրառմամբ մինչդատական վարույթում առաջադրված մեղադրանքը լրացնել կամ փոփոխել, ապա խնդիրներ են առաջանում այդպիսի լրացման և փոփոխման բովանդակության (ծավալի) պատշաճ ձևակերպման, շահագրգիռ անձանց ներկայացնելու և վերջիններիս կողմից իրենց իրավունքների պաշտպանությունը կազմակերպելու համար: Այդ խնդիրների լուծման ընթացակարգերը նախատեսված են վիճարկվող հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում, համաձայն որոնց.
ա) մեղադրանքի լրացման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում մեղադրողը դատական քննությունը հետաձգելու միջնորդություն է ներկայացնում (նույն հոդվածի 1-ին մաս),
բ) անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում դատարանը հետաձգում է նիստը՝ ոչ ավելի, քան մեկ ամսով (2-րդ մաս),
գ) առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի (ապացույցների) հետ ներկայացնում է դատարան (2-րդ մաս),
դ) գործով շահագրգիռ անձանց (տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին) դատարանը նոր մեղադրանքին ծանոթանալու համար ժամանակ է տրամադրում՝ նրանց միջնորդության դեպքում, իսկ ամբաստանյալին և նրա պաշտպանին՝ անկախ միջնորդությունից (4-րդ մաս):
Վերոհիշյալ նորմատիվ դրույթների առկայության պայմաններում սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը նախատեսել է դատական վարույթի փուլում մեղադրանքը լրացնելու, փոփոխելու, այն դատավարական կարգով ձևակերպելու և անձանց ներկայացնելու հստակ ընթացակարգեր, որպիսի պայմաններում չի խոչընդոտվում նաև անձի պաշտպանության իրավունքի իրացման այն ծավալը, որը նախատեսված է ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքով, նաև բացառվում է դատական քննության շրջանակներից դուրս մեղադրանք փոփոխելու հնարավորությունը: Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական քննության ընթացքում մեղադրանքը նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշմամբ կարող է փոփոխվել բացառապես այն սուբյեկտի, տվյալ դեպքում՝ դատախազի կողմից, որն այդ մեղադրանքը պաշտոնապես ներկայացրել է դատարանին:
Չորրորդ` սահմանադրական դատարանը կարևոր է համարում նաև արձանագրել, որ թեև մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները և կայացված որոշումները դատարանի համար ունեն նախնական և օժանդակ նշանակություն, այդուհանդերձ, մինչդատական վարույթի արդյունքները կանխորոշում են դատական քննության սահմանները, այսինքն` գործի քննությունը դատարանում կատարվում է միայն ամբաստանյալի նկատմամբ և միայն այն մեղադրանքի սահմաններում, որը նրան առաջադրվել է մինչդատական վարույթում:
Դրա հետ մեկտեղ, չեն բացառվում այն իրավիճակները, երբ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում պարզվում են այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և որոնք գործում առկա այլ փաստական հանգամանքների հետ օբյեկտիվորեն պահանջում են մեղադրանքի փոփոխում (խստացման կամ մեղմացման առումով) կամ լրացում:
Հինգերորդ` վերահաստատելով ՍԴՈ-872 որոշմամբ արտահայտած իր իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մեղադրողի կողմից դատարանում մեղադրանքի փոփոխումը ոչ թե պետք է հիմք կամ պատճառ հանդիսանա լրացուցիչ նախաքննության (ինչը կհակասի ՍԴՈ-710 որոշմանը), այլ պետք է դատարանում հետազոտված և գործում առկա այլ ապացույցների համալիր վերլուծության արդյունք (հետևանք) լինի: Սակայն, եթե որոշակի բացառիկ դեպքերում մեղադրանքի փոփոխությունը (լրացումը) պահանջի նոր ապացույցների ձեռքբերում, ապա դրա համար մեղադրողի միջնորդությամբ և դատարանի որոշմամբ (դատավարության բոլոր մասնակիցների կարծիքները լսելուց հետո) կարող են օգտագործվել բացառապես գործի դատական քննության ընթացքում հասանելի դատավարական միջոցներ (նոր վկաների կանչ, փորձաքննությունների նշանակում, ապացույցների հետազոտում կամ փաստաթղթերի և այլ նյութերի պահանջում և այլն): Այսինքն` մեղադրանքի փոփոխությանը նախորդող գործընթացը պետք է լինի հրապարակային դատաքննության շրջանակներում և դուրս չգա դատական վերահսկողությունից: Հակառակ դեպքում կնսեմացվի անկախ, անկողմնակալ և մրցակցային դատարանի սահմանադրաիրավական դերը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունն անհրաժեշտ է մեկնաբանել և իրացնել ներկայացված իրավական դիրքորոշումների շրջանակներում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 և 101-րդ հոդվածների, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60 (առաջին կետ), 63, 64 և 71-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի վարույթը կարճել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
4 փետրվարի 2011 թ. |