«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հուլիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
30 հունիսի 2010 թ. |
N 330-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 4 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 4 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կարգի 2.1 կետի 7-րդ ենթակետում «ջերմամատակարարման» բառը փոխարինել «ջերմային» բառով.
2) Կարգի 3.5 կետից հանել «, մինչև շինարարական աշխատանքների սկիզբը,» բառերը.
3) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.5.1 կետով.
«3.5.1 Սույն կարգի 2.1 կետի 2-րդ ենթակետում նշված գործունեության համար Հայտը Հանձնաժողով կարող է ներկայացվել նաև փոքր հիդրոէլեկտրակայանների և վերականգնվող էներգետիկ այլ ռեսուրսների օգտագործան նպատակով կառուցված կայանների` նախագծով նախատեսված դրվածքային հզորությունը մասնակի գործարկելու հնարավորության դեպքում, մնացած հզորությունը գործարկելով մինչև կառուցման Լիցենզիայով նախատեսված ժամկետի ավարտը: Այս դեպքում Լիցենզավորված անձն ազատվում է գործարկված հզորությանը համապատասխան երաշխիքային պարտավորությունից:»:
4) Կարգի 3.18 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«3.18 Էլեկտրական կամ ջերմային (ներառյալ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) կայանների կառուցման Լիցենզիա ունեցող Անձը մինչև Լիցենզիայի գործողության ժամկետի ավարտը պարտավոր է կատարել կարգաբերման-գործարկման աշխատանքներ։ Անձը պարտավոր է այդ աշխատանքներն սկսելուց առաջ տեղյակ պահել Հանձնաժողովին` ներկայացնելով շինարարության շահագործման փաստագրման ակտը և էներգատեղակայանքի գործարկման եզրակացությունը։ Կարգաբերման-գործարկման աշխատանքների արդյունքում բաշխման ցանց առաքված էլեկտրաէներգիայի հաշվառման և վճարման հետ կապված հարցերը կանոնակարգվում են համապատասխան պայմանագրով, որի օրինակելի ձևը կամ պարտադիր պայմանները սահմանում է Հանձնաժողովը, և որը ենթակա է գրանցման Հանձնաժողովում։»:
5) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.21 կետով.
«3.21 Սույն կարգի 3.18 կետով պահանջվող էներգատեղակայանքի գործարկման եզրակացությունը ներկայացվում է 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5,8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման դեպքում:»:
6) Կարգի 5.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5.2 Հայտն իր մեջ պետք է պարունակի`
1) Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Լիցենզավորված անձի հիմնավորումները, որտեղ պետք է նշված լինի հայցվող ժամկետը,
2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը,
3) Լիցենզավորված անձը գրանցող պետական լիազորված մարմնի տեղեկանքը՝ Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարված փոփոխությունների մասին: Եթե Լիցենզավորված անձի կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ, ապա ներկայացվում են նաև այդ փոփոխությունները,
4) սույն կարգի 2.1 կետի 1-ին, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ ենթակետերում նշված գործունեության տեսակների իրականացման դեպքում` իրականացված աշխատանքների մասին տեղեկանք, որտեղ պետք է նշվեն նաև աշխատանքների չիրականացման պատճառները և դրանց իրականացման համար անհրաժեշտ ժամկետը։
7) Ուժը կորցրած ճանաչել Կարգի N 2 հավելվածի աղյուսակի 6-րդ և 9-րդ կետերը, N 3 հավելվածի աղյուսակի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերը, N 8 և N 9 հավելվածները և N 10.1 հավելվածի 3.3 կետը։
8) Կարգի N 2 հավելվածի աղյուսակի 7-րդ կետում «Հատուկ ջրօգտագործման թույլտվություն» բառերը փոխարինել «Ջրօգտագործման թույլտվություն» բառերով։
9) Կարգի N 10.1 հավելվածի 1.4 կետի ա) ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «ա) երաշխավորագրի գործողության ժամկետը, որը պետք է առնվազն մեկ ամսով ավելի լինի հայտով նախատեսված Լիցենզիայի գործողության ժամկետից,»։
10) Կարգի N 10.1 հավելվածի 2.2 կետի «տեղակայվելիք» բառը փոխարինել «հաշվարկային» բառով, 3.4 կետի «3.1, 3.2 և 3.3 կետերի» բառերը փոխարինել «3.1 և 3.2 կետերի» բառերով, իսկ 3.5 կետի «3.2 և 3.3 կետերում սահմանված դեպքերում» բառերը փոխարինել «3.2 կետում սահմանված դեպքերում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |