ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2010 թվականի N 1658-Ն
ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱԼՈԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծային լուծումների կատալոգին (այսուհետ` կատալոգ):
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` կազմակերպել կատալոգի գեղարվեստական ձևավորման և տպագրման (500 օրինակից) գործընթացը:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում իրականացվող կառուցապատումը կանոնակարգելու և քաղաքաշինական միասնական լուծումներով միջավայր ձևավորելու նպատակով, հասարակական նշանակության կառուցապատումներ իրականացնելիս, առաջնորդվել կատալոգում ներառված նախագծային լուծումներով, որի դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտություն չի առաջանա:
4. Սահմանել, որ`
1) կառուցապատողն առևտրի և սպասարկման օբյեկտի նախագծով հաստատված հատակագծային լուծումներում կարող է կատարել մասնակի փոփոխություններ` օբյեկտի կոնստրուկտիվ համակարգը չխաթարելու պարտադիր պայմանով.
2) կատալոգում չներառված նախագծային լուծումների կիրառմամբ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին հարող տարածքներում քաղաքաշինական գործընթացներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշմամբ սահմանված կարգով:
5. Համայնքի ղեկավարն առևտրի և սպասարկման օբյեկտների նախագծերը տարածքի հետ տեղակապման ժամանակ կարող է առաջադրել ճակատային լուծումների հարդարման նյութերի փոփոխություններ` տեղական շինանյութերի օգտագործմամբ, ելնելով բնակավայրի քաղաքաշինական իրադրությունից և ճարտարապետական միջավայրի առանձնահատկություններից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|