ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 օգոստոսի 2018 թվականի N 899-Ն
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԿՐՃԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՒ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Կրճատել Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված օրը Երևանի համայնքում նշանակել և անցկացնել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ:
3. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից ինն ամսում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 87,660.7 հազ. դրամ, որից՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածով` 3330.5 հազ. դրամ, իսկ «Կապի ծառայություններ» հոդվածով` 84,330.2 հազ. դրամ:
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ծանուցման ծախսերի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 1 հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 2 և 3 հավելվածների:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. օգոստոսի 16 Երևան |
|