Գլխավոր տեղեկություն
Номер
N 395-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2017-12.06.2020)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.04.2017
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2017
Дата вступления в силу
27.04.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2017 թվականի N 395-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով և Հայաստանի Հանրապետությունում թվային զարգացման ռազմավարությունը մշակելու, ինչպես նաև թվային զարգացման համաշխարհային գործընթացին Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցությունն ապահովելու և դրա շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգելու նպատակով`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության թվային զարգացմանն աջակցող խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության թվային զարգացմանն աջակցող խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. ապրիլի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2017 թ.

ապրիլի 26-ի N 395-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2017 թ.

ապրիլի 26-ի N 395-Ա

որոշման

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԹՎԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով կանոնակարգվում են թվային զարգացմանն աջակցող խորհրդի (այսուհետ` խորհուրդ) աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

3. Խորհրդի նպատակներն են՝

1) Հայաստանի Հանրապետությունում թվային զարգացման ռազմավարության մշակման և իրականացման աշխատանքների համակարգումը.

2) Հայաստանի Հանրապետությունում թվային հասարակության ձևավորման աջակցման աշխատանքների համակարգումը.

3) Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության և Համաշխարհային թվային գործընթացների իրագործման և իրականացման աշխատանքների համակարգումը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Խորհրդին վերապահվում են հետևյալ գործառույթները՝

1) Հայաստանի Հանրապետությունում թվային ռազմավարության մշակում՝ պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով.

2) Հայաստանի Հանրապետությունում զարգացած թվային հասարակության ձևավորման ապահովում.

3) Եվրասիական տնտեսական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում.

4) Եվրոպական միության շրջանակում թվային գործընթացների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների իրականացման համակարգում և ապահովում.

5) համաշխարհային թվային գործընթացում Հայաստանի Հանրապետության մասնակցության ապահովմանն ուղղված թիրախների նախանշում և միջոցառումների մշակում:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

6. Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 10-րդ կետին համապատասխան։

7. Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը։

8. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

9. Խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ խորհրդի նախագահի զեկուցմամբ:

10. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։

11. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն երկու երրորդը։

12. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

13. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանալու վերջնական կարծիքի համար:

14. Խորհրդի անդամները խորհրդի նիստի անցկացման վայրի, օրվա, ժամի և նիստի օրակարգի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ:

15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

16. Խորհրդի նախագահի հանձնարարությամբ, խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով նախնական քննարկումներ կազմակերպելու համար կարող են հրավիրվել խորհրդակցություններ՝ խորհրդի անդամների առնվազն մեկ երկրորդի մասնակցությամբ:

 

IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

17. Խորհրդի նախագահը ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության վարչապետն է:

18. Խորհրդի նախագահը՝

1) համակարգում է խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է խորհրդի նիստերը.

3) ներկայացնում է խորհուրդն այլ մարմինների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների և անձանց հետ հարաբերություններում.

4) համակարգում է խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

5) ստորագրում է խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, խորհրդի գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները.

6) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստը.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.

8) իրականացնում է սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) խորհրդի նիստից առնվազն 5 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնելու խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալու խորհրդի նիստերի արձանագրություններին:

20. Խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:

21. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է անդամակցությունը խորհրդին։ Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնն ստանձնած անձը:

22. Խորհրդի անդամի նիստին մասնակցության անհնարինության դեպքում տվյալ անդամը դրա մասին նախօրոք պետք է գրավոր տեղեկացնի խորհրդի նախագահին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը):

 

V. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

23. Խորհրդի քարտուղարության իրավասությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին:

24. Խորհրդի քարտուղարությունը խորհրդի բնականոն գործունեության ապահովմանն աջակցելու նպատակով՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում խորհրդի անդամներին.

2) կազմում է խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.

4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։

7) խորհրդի նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով հրավիրում է խորհրդակցություններ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2020, N 684-Ա 12.06.2020, N 395-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան