«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 օգոստոսի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60016278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
3 օգոստոսի 2016 թ. ք. Երևան |
N 230-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 358-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 358-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնների 3-րդ կետի 16-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«էլեկտրական ցանցին պարզեցված միացում` նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն էլեկտրական ցանցին 0.22 կՎ և 0.4 կՎ լարմամբ, մինչև 30 կՎԱ հզորությամբ միացում, երբ միացման համար նախատեսված է Հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 21-ի N 659-Ն որոշմամբ հաստատված ստանդարտ միացման վճար և չի պահանջվում հողային աշխատանքների իրականացում.».
2) Կանոնների 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Նոր սպառողի կամ սպառողի վերակառուցվող սպառման համակարգն (այսուհետ` նոր սպառման համակարգ) էլեկտրական ցանցին միացման ծախսերը (ներառյալ` նախագծային և նախահաշվային, էլեկտրատեղակայանքների, առևտրային հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղակայման, այդ թվում` այլ անձանց էլեկտրատեղակայանքներում բջիջների տեղակայման, շինարարական, կարգաբերման և թողարկման, ինչպես նաև նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ծախսերը), բացառությամբ սույն կանոնների 14.3 կետում սահմանված դեպքերի, իրականացնում է մատակարարը`
1) 0.22 և 0.4 կՎ լարումներով սնման հայտ ներկայացրած առանձնատների և առանձին շինությունում գտնվող սպառողների դեպքում` մինչև առանձնատան մուտքային կանգնակը` օդային գծով մուտքի դեպքում, կամ շինության արտաքին պատին սպառողի կողմից տեղակայվող մուտքային վահանակը` մալուխային գծով մուտքի դեպքում.
2) 6(10) կՎ լարումով սնման հայտ ներկայացրած սպառողների դեպքում` մինչև սպառողին սնող ենթակայանի մուտքային կոմուտացիոն սարքի սեղմակները` մալուխային գծի դեպքում, և սպառողի կողմից տեղակայվող վերջին հենասյան մեկուսիչները` օդային գծով սնման դեպքում.
3) բազմաբնակարան շենքերի դեպքում.
ա. բազմաբնակարան շենքի բնակարանների դեպքում` մինչև բնակարանների սնման գծերի միաֆազ և եռաֆազ հաշվառքի սարքերի ելքերը.
բ. բազմաբնակարան շենքում տեղակայված առևտրային սպառողների դեպքում` մինչև շենքի սպասարկման, շենքում տեղակայված օբյեկտների և շենքի անվտանգության համար նախատեսված սպառման համակարգերի միաֆազ և եռաֆազ հաշվառքի սարքերի ելքերը:».
3) Կանոնների 13.1-րդ կետը «երբ էլեկտրական ցանցին միացված» բառերից հետո լրացնել «0.4 կՎ և բարձր լարման» բառերով, իսկ «հզորության» բառից հետո լրացնել «և սնման արտաքին սխեմայի» բառերով.
4) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1.2-րդ կետով.
«13.1.2 Մատակարարը պարտավոր է նոր սպառողի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման պայմանները տեղակայել Մատակարարի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներում` քաղաքացիների համար տեսանելի վայրում, և իր պաշտոնական կայքում:».
5) Կանոնների 13.2-րդ կետի 4-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած, իսկ 2-րդ, 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) պահանջվող հզորությունը (դրվածքային և օգտագործվող), լարման մակարդակը, միացման տեսակը (միաֆազ, եռաֆազ), սպառման տեսակը (կենցաղային, ոչ կենցաղային), ոչ կենցաղային սպառման դեպքում նաև համակարգի տեխնիկական բնութագրերը, ինչպես նաև` Դիմող անձի հայեցողությամբ, էլեկտրամատակարարման պահուստային սնուցման ապահովման անհրաժեշտության մասին իր պահանջները,
3) 0.4 կՎ և բարձր եռաֆազ լարման էլեկտրական ցանցին միանալու դեպքում` էլեկտրամատակարարման համակարգի էսքիզը կամ տարածքի հատակագիծը` նշելով նոր սպառման համակարգի միացման կետը կամ կետերը, սպառման տեսակը, իսկ բազմաբնակարան շենքերի համար նաև սպառման ներքին սխեման` նշելով էլեկտրաէներգիայի հաշվառման կետերը, շենքի հարկայնությունը, բնակարանների թիվը, շենքում տեղակայվող այլ սպառողների դրվածքային հզորությունը, շենքում տրամադրվող էլեկտրավահանակի և հաշվառքի սարքերի տեղադրման տեղերը,».
6) Կանոնների 13.2-րդ կետի 5-րդ ենթակետը «իրավունքները» բառից հետո լրացնել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերով, իսկ «ավտոկայանատեղիների և վերելակների» բառերից հետո լրացնել «ինչպես նաև սույն կանոնների 13.7.1 կետով նախատեսված դեպքերի» բառերով.
7) Կանոնների 13.3-րդ և 13.4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.3 Մատակարարը, Դիմող անձի` սույն կանոնների 13.2 կետում նշված դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում`
1) մշակում է տեխնիկական պայմանները և էլեկտրական ցանցին միացման վճարի լրացուցիչ բաղադրիչի հաշվարկման անհրաժեշտության, պահուստային սնուցման ապահովման դեպքում համաձայնեցնում սպառողի հետ,
2) Դիմող անձին է ներկայացնում միակողմանի կնքված միացման պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված միացման պայմանագիրը 2 օրինակից (հավելված N 2):
13.4 Մատակարարը սույն կանոնների 13.5 կետում սահմանված ժամկետներում`
1) մշակում է անհրաժեշտ նախագծային և նախահաշվային փաստաթղթերը, իսկ պարզեցված միացման դեպքում` միացման տեխնիկական նկարագիրը.
2) կատարում է բոլոր անհրաժեշտ համաձայնեցումները պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ անձանց հետ.
3) իրականացնում է սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման շինարարական աշխատանքները, տեղադրում հաշվառքի սարքը.
4) դիմող անձին է ներկայացնում Պայմանագիր կնքելու առաջարկություն` վերջինիս ուղարկելով իր կողմից ստորագրված Պայմանագիրը` 2 օրինակից:».
8) Կանոնների 13.5-րդ կետի 1-4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը և էլեկտրական ցանցին 0,22 կՎ լարմամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 45 աշխատանքային օրը.
2) էլեկտրական ցանցին 0,4 կՎ լարմամբ`
ա. պարզեցված միացման դեպքում` 15 աշխատանքային օրը.
բ. մինչև 30 կՎԱ (ներառյալ) հզորությամբ միացման մնացած բոլոր դեպքերում` 85 օրը.
գ. 30 կՎԱ-ից բարձր միացման մնացած բոլոր դեպքերում` 130 օրը, իսկ 2017 թվականի ապրիլի 1-ից` 115 օրը.
3) էլեկտրական ցանցին 6(10) կՎ լարմամբ միացման դեպքում` 140 օրը, իսկ 2017 թվականի ապրիլի 1-ից` 125 օրը.
4) էլեկտրական ցանցին 35 կՎ, 110 կՎ լարմամբ կամ բազմաբնակարան շենքերի միացման դեպքում` 340 օրը:».
9) Կանոնների 13.7-րդ կետը «իրավունքները» բառից հետո լրացնել «կամ իրավունքների ձեռքբերումը» բառերով, իսկ «հավաստող (հաստատող) փաստաթղթերը,» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն կանոնների 13.7.1 կետով նախատեսված դեպքերի,» բառերով.
10) Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.7.1 կետով.
«13.7.1 Այն դեպքերում, երբ էլեկտրամատակարարվող տարածքի (շենքի, շինության) նկատմամբ բնակիչ-դիմող անձի իրավունքը (այդ թվում` սեփականության, օգտագործման) որոշակի օբյեկտիվ պատճառներով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չէ, մատակարարը բնակիչ-դիմող անձի հետ միացման պայմանագրի կամ Պայմանագրի կնքման համար իրավասու է դիմել Հանձնաժողով` համաձայնություն ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում է իրավասու մարմնի կողմից տրամադրված` էլեկտրամատակարարվող տարածքում դիմող անձի բնակության փաստը հավաստող տեղեկանք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը հավաստող համապատասխան հիմնավորումներ, այդ թվում նաև` իրավասու պետական մարմնի գրավոր համաձայնությունը: Հանձնաժողովը, քննության առնելով մատակարարի դիմումը, տալիս է միացման պայմանագրի կամ Պայմանագրի կնքման գրավոր համաձայնություն կամ մերժում համաձայնության տրամադրումը:».
11) Կանոնների 13.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13.8 Հանձնաժողովը, նոր սպառողի և մատակարարի շահերի հավասարակշռման նպատակով` առանձին դեպքերում մատակարարի կամ Դիմող անձի դիմումի (կից հիմնավորումներով) հիման վրա, մատակարարի և դիմող անձի համաձայնության դեպքում կարող է ընդունել էլեկտրական ցանցին միացման անհատական որոշումներ:».
12) Կանոնների 14.3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նոր սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացվում է ժամանակավոր (շինարարություն` մինչև ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված շինարարության ավարտի ամսաթիվը, ժամանակավոր առևտուր` առավելագույնը վեց ամիս ժամկետով, և այլ դեպքերում` առավելագույնը մինչև մեկ տարի ժամկետով),».
13) Կանոնների 14.3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.
«4) էլեկտրական ցանցին է միացվում մինչև 0,5 կՎտ դրվածքային հզորությամբ և 0,22 կՎ անվանական լարմամբ նոր սպառման համակարգ, և Դիմող անձը` իր հայեցողությամբ, ցանկություն է հայտնել նոր սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնել մատակարարից տեխնիկական պայմաններ ստանալու միջոցով` առանց հաշվառքի սարքի տեղակայման:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները |
Շ. Կիրակոսյան |