Գլխավոր տեղեկություն
Номер
ՍԴՈ-1275
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.06.08/44(1224) Հոդ.494
Принят
ՀՀ Սահմանադրական դատարան
Дата принятия
31.05.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
31.05.2016
Дата вступления в силу
31.05.2016

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

31 մայիսի 2016 թ.

 

ԼԻԼԻԹ ՄՈՒՍԵՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 185-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ «Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒՑ ՀԵՏՈ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմող Լիլիթ Մուսեյանի ներկայացուցիչներ Ա. Զեյնալյանի, Ա. Կիրակոսյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնի գլխավոր մասնագետ Վ. Դանիելյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Լիլիթ Մուսեյանի դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ի հայտ գալուց հետո» բառակապակցության մասով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Լիլիթ Մուսեյանի՝ 2016թ. հունվարի 15-ին ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքն (այսուհետ` օրենսգիրք) ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից` 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու ժամկետը» վերտառությամբ 185-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմումը կարող է ներկայացվել համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո՝ 3 ամսվա ընթացքում»:

Վերոնշյալ դրույթն օրենսգրքի ընդունումից ի վեր փոփոխությունների կամ լրացումների չի ենթարկվել:

 

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողի անունից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վարչական դատարանը ՎԴ/10004/05/13 գործով իր՝ 27.06.2014թ. վճռով հայցը մերժել է, որը դիմողի անունից բողոքարկվել է վերաքննության կարգով: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն իր՝ 26.11.2014թ. որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը, որը դիմողի անունից բողոքարկվել է վճռաբեկության կարգով: ՀՀ վճռաբեկ դատարանն իր՝ 29.01.2015թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը, ի թիվս այլնի, դիմողի ներկայացուցչի` փաստաբան չհանդիսանալու հիմքով, և տրամադրել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Իր՝ 25.02.2015թ. որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը, ի թիվս այլնի, դիմողի ներկայացուցչի` փաստաբան չհանդիսանալու հիմքով: ՀՀ սահմանադրական դատարանը 03.03.2015թ. ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել ՀՀ վճռաբեկ դատարանի դատական ակտերի հիմքում դրված` դիմողի նկատմամբ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված օրենքի դրույթը: ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015թ. ՍԴՈ-1192 որոշումը պաշտոնապես հրապարակվել է 11.03.2015թ. ՀՀ պաշտոնական տեղեկագրի 2015.03.11/13 (1102).1 համարում: ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015թ. ՍԴՈ-1192 որոշումը պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից հետո 3-ամսյա ժամկետում, ըստ դիմողի՝ 11.06.2015 թվականին դատական ակտը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին ներկայացվել է վճռաբեկ բողոք, որով պահանջվել է ՀՀ վճռաբեկ դատարանից հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ՎԴ/10004/05/13 գործով 25.02.2015թ. որոշման և/կամ նույն գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.11.2014թ. որոշման վերանայման վարույթ: Վճռաբեկ դատարանն իր՝ 01.07.2015թ. որոշմամբ առանց քննության է թողել վճռաբեկ բողոքը՝ արձանագրելով, որ ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1192 որոշումն ուժի մեջ է մտել 03.03.2015 թվականին, իսկ նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոքը բերվել է 12.06.2015 թվականին, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայում է կամ մերժվել է:

 

3. Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ի հայտ գալուց հետո» դրույթն իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված մեկնաբանությամբ, որով 3-ամսյա ժամկետի սկիզբ է համարվում Սահմանադրական դատարանի կողմից որոշման հրապարակման օրը, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ հոդվածներին, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 13-րդ հոդվածներին, քանի որ խոչընդոտում է անձի դատավարական իրավունքների իրացմանը, ինչպես նաև խախտում է արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները:

Ըստ դիմողի` Սահմանադրական դատարանի եզրակացությունները և որոշումներն օբյեկտիվորեն հանրությանը հասանելի են դառնում պաշտոնական հրապարակումից հետո, հետևաբար` անձը Սահմանադրական դատարանի որոշմանը ծանոթանալու, վերանայման դիմում ներկայացնելու համար պետք է ունենա ողջամիտ ժամկետ` սկսած այն պահից, երբ փաստացի հնարավորություն է ունեցել Սահմանադրական դատարանի որոշումը ձեռք բերելու և Սահմանադրական դատարանի որոշմամբ ղեկավարվելու համար: Ըստ այդմ էլ, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ կետերի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի համադրված վերլուծության արդյունքում դիմողը եզրակացնում է, որ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական հրապարակման օրը համարվում է դրա ամբողջական տեքստի՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում առաջին անգամ հրապարակման օրը, ինչը երաշխավորում է, որ իրավահարաբերության սուբյեկտն ունենա բավարար չափով հնարավորություն և ժամանակ նոր ընդունված և իրավաբանական ուժ ստացած՝ իր համար կիրառելի իրավանորմի դրույթներին ծանոթանալու համար: Ըստ դիմողի` եթե օրենսդիրը նոր հանգամանքներով վերանայման բողոք ներկայացնելու համար ողջամիտ ժամկետ է համարում եռամսյա ժամկետը, ապա ողջամիտ պետք է համարվի այդ ժամկետի հոսումն այն պահից սկսած, երբ բողոք բերողի համար ի հայտ է եկել նոր հանգամանքներով վերանայման բողոք ներկայացնելու համար օրենսդրական հիմքերը:

Ըստ դիմողի` վիճարկվող իրավանորմի մեկնաբանման շրջանակներում իրավակիրառ պրակտիկան նոր հանգամանքներով վերանայման դիմում ներկայացնելու ժամկետի սկիզբ է դիտարկում ոչ թե իրավահարաբերության սուբյեկտի մոտ համապատասխան հիմքի օբյեկտիվ և փաստացի ի հայտ գալու պահը, այլ Սահմանադրական դատարանի կողմից որոշման հրապարակման պահը:

 

4. Պատասխանող կողմը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը՝ «ի հայտ գալուց հետո» բառակապակցության մասով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Գրոշևն ընդդեմ Ռուսաստանի գործով կայացված վճռի 22-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ պատասխանողը գտնում է, որ իրավահարաբերության սուբյեկտի մոտ համապատասխան հիմքի օբյեկտիվ և փաստացի ի հայտ գալու պահ է ոչ թե ՀՀ սահմանադրական դատարանի որոշման՝ ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակման պահը, այլ այն պահը, երբ անձն օբյեկտիվորեն հնարավորություն է ստանում ծանոթանալու որոշման ամբողջական տեքստին:

Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2016թ. ապրիլի 26-ի ՍԴՈ-1268 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ պատասխանողը գտնում է, որ դրանք իրավունքի հարցերի և փաստերի նմանության պատճառով կիրառելի են նաև սույն գործով: Ըստ այդմ էլ՝ պատասխանողը գտնում է, որ օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ի հայտ գալուց հետո» բառակապակցությունում ի հայտ գալու պահը ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահ համարելն արդարացված է, քանի որ անձն առնվազն 87 օր ունի դիմելու նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման համար, երբ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումն ընդունման օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում առաքվում է դատավարության կողմին և տեղադրվում համացանցում:

 

5. Սույն գործի քննության շրջանակներում օրենսգրքի վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելիս Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ելնել.

- հանրային իշխանության կողմից մարդու հիմնական իրավունքների ու ազատությունների՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա արդյունավետ պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության 3 և 81-րդ հոդվածներ),

- ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերում ամրագրված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման անհրաժեշտությունից,

- հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար օրենքներով անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սահմանադրական պարտականության կատարման անհրաժեշտությունից (ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդված):

 

6. Դիմումի վերլուծության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը խնդրո առարկա իրավակարգավորումը վիճահարույց է համարում միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի տեսանկյունից, այն է` Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ուստի Սահմանադրական դատարանը սույն գործի քննության շրջանակներում վիճարկվող իրավակարգավորմանն անդրադառնում է միայն Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքների առաջացման տեսանկյունից:

 

7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքարկման ժամկետների առնչությամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ է արտահայտել իր ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 և ՍԴՈ-1268 որոշումներում, սույն գործի քննության շրջանակներում Սահմանադրական դատարանը կարևորում է նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման մասին դիմում ներկայացնողի կողմից Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու կամ ստանալու հնարավորություն ունենալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու անհրաժեշտությունը:

Այս կապակցությամբ արձանագրելով, որ դատական ակտի վերանայման բողոք կամ դիմում ներկայացնելու համար որոշակի ժամկետի սահմանումը հետապնդում է իրավաչափ նպատակ, Սահմանադրական դատարանը միևնույն ժամանակ գտնում է, որ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու վերաբերյալ դրույթներ սահմանելիս օրենսդիրը պետք է, ելնելով անձի՝ դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքներից, օրենսդրորեն անհրաժեշտ երաշխիքներ նախատեսի դրանց ապահովման համար: Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ Սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք կամ դիմում ներկայացնելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է Սահմանադրական դատարանի որոշումը հասանելի շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: Այս առիթով Սահմանադրական դատարանը հարկ է համարում վկայակոչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 3-րդ մասը, որում, ի տարբերություն համանման իրավակարգավորում նախատեսող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.34-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի, օրենսդիրը ՀՀ սահմանադրական դատարանի որոշման՝ որպես նոր հանգամանքի առնչությամբ պարտադիր պայման է դիտարկում շահագրգիռ անձի կողմից Սահմանադրական դատարանի որոշման ի հայտ գալու մասին իմանալը կամ իմանալու հնարավորություն ունենալը:

Մյուս կողմից, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը, 65-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 4-րդ մասը, 62-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, Սահմանադրական դատարանի կանոնակարգի 54-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է Սահմանադրական դատարանի որոշման մասին իրավունքի սուբյեկտներին իրազեկելու չորս եղանակ՝ որոշման հրապարակում ՀՀ սահմանադրական դատարանի նիստում, որոշման տեղակայում համացանցի՝ ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական էջում, որոշման հրատարակում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում և ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրում:

Սահմանադրական դատարանը նկատի է առնում, որ.

նախ՝ Սահմանադրական դատարանի որոշումն առնչվում է ոչ միայն Սահմանադրական դատարանում դատավարությանը մասնակից դարձած անձանց շահերին, այլ՝ նաև այդպիսիք չհանդիսացող անձանց շահերին,

երկրորդ՝ Սահմանադրական դատարանն իր որոշումները դատավարության մասնակից չհանդիսացած անձանց առաքելու պարտականություն չունի /բացառություն են կազմում Հանրապետության Նախագահը, ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ կառավարությունը, ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և ՀՀ գլխավոր դատախազը/,

երրորդ՝ Սահմանադրական դատարանի որոշումը համացանցի՝ ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական էջում տեղակայելու համար սահմանված է առավել սեղմ ժամկետ /հրապարակվելուց հետո եռօրյա ժամկետում/, քան ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրում և «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պաշտոնական պարբերականում հրապարակելու համար /որոշումները տպագրվում են ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրում եռամսյա ժամկետում, իսկ ՀՀ պաշտոնական տեղեկագրում՝ որոշման ընդունմանը հաջորդած եռօրյա ժամկետում որոշումն ուղարկելուց հետո ստանալու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում՝ չորեքշաբթի օրը/:

Ելնելով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունը երաշխավորելու նկատառումներից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի` «ի հայտ գալուց հետո» բառակապակցության սահմանադրաիրավական բովանդակությունից հետևում է, որ այն շահագրգիռ անձանց համար իրավական հետևանք է առաջացնում «ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվելուց հետո եռօրյա ժամկետում համացանցի՝ ՀՀ սահմանադրական դատարանի պաշտոնական էջում տեղակայելուց հետո», երբ տվյալ որոշումը նոր հանգամանքների հիմք է հանդիսանում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասի` «ի հայտ գալուց հետո» բառակապակցությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սույն որոշման մեջ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


31 մայիսի 2016 թ.

ՍԴՈ-1275

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան