Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.10.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.12.12/60(934).1 Հոդ.1311.20
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
19.10.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
19.10.2012
Дата вступления в силу
19.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0214/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0214/02/11
2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Ա. Մկրտչյան
  Ն. Բարսեղյան

 

  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի հոկտեմբերի 19-ին

դռնբաց դատական նիստում քննելով Գալյա Ղազարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Համբարձում Ղազարյանի ընդդեմ Գալյա Ղազարյանի` ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, կատարված պետական գրանցումն ու դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Համբարձում Ղազարյանը պահանջել է իրեն ճանաչել Ռազմիկ Ղազարյանի գույքի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ, անվավեր ճանաչել Գալյա Ղազարյանին տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, կատարված պետական գրանցումը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայագիրը:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) (դատավոր` Գ. Խաչատրյան) 17.02.2012 թվականի վճռով Համբարձում Ղազարյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Համբարձում Ղազարյանին ճանաչել Ռազմիկ Ղազարյանին պատկանող Օշական գյուղի Ամատունու փողոցի 3-րդ նրբանցքի 21 հասցեի բնակելի տան, 1.000 քմ տնամերձի, 2.080 քմ սեփականաշնորհված հողամասի մեկ երկրորդ բաժնի նկատմամբ ըստ կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ՝ հարգելի համարելով ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը, անվավեր ճանաչել 29.01.2011 թվականին Գալյա Ղազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և մասնակի՝ մեկ երկրորդ բաժնի մասով անվավեր ճանաչել վերը նշված գույքի նկատմամբ 14.02.2011 թվականին կատարված իրավունքների պետական գրանցումը, իսկ սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.04.2012 թվականի որոշմամբ Գալյա Ղազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 17.02.2012 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գալյա Ղազարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 6-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ, 53-րդ, 220-րդ և 279-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի դատաքննությամբ Համբարձում Ղազարյանը չի հիմնավորել իր վկայակոչած փաստն այն մասին, որ կտակի մասին տեղեկացել ու ձեռք է բերել 2011 թվականի ձմռանը, իսկ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է միայն որպես վկա նախկին գյուղապետի ցուցմունքը, սակայն այն չի գնահատել մյուս ապացույցների հետ համակցության մեջ: Մինչդեռ վկայի ցուցմունքը մյուս ապացույցների հետ համակցության մեջ գնահատելու դեպքում կպարզվեր, որ վկայի ցուցմունքի և գրավոր ապացույցների միջև առկա են էական հակասություններ, որի արդյունքում չէր հաստատվի, որ Համբարձում Ղազարյանը կտակի մասին տեղեկացել է 2011 թվականի ձմռանը, և հարգելի են նրա կողմից ժառանգության ընդունման ժամկետի բացթողնման պատճառները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը գործում առկա կտակը գնահատել է որպես թույլատրելի ապացույց, կտակի ծագումը այդպես էլ մնացել է անհայտ ու չբացահայտված, քանի որ միայն նախկին գյուղխորհրդի նախագահի ցուցմունքը, որը դատարանում հանդես չի եկել ի պաշտոնե, այլ որպես ֆիզիկական անձ և ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը կտակ է հաստատել 1996 թվականին, չի կարող միակ և գլխավոր ապացույցը դիտվել հայցը բավարարելու համար:

Բողոքարկվող դատական ակտի պատճառաբանվածությունը գնահատելիս ակնհայտ է դառնում, որ Վերաքննիչ դատարանի կողմից կատարվել է ընդհանրացված ձևով մատնանշված իրավանորմերի ու փաստերի` սույն գործին հարմարեցված և ոչնչով չպատճառաբանված թվարկում, ինչը հակասում է դատական ակտի իրավական հիմնավորվածության սկզբունքին:

Բացի այդ, սույն գործով չի հիմնավորվել հայցվորի շահագրգիռ անձ լինելու հանգամանքը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը և այն փոփոխել` Համբարձում Ղազարյանի հայցը կտակի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասով և դիմումը ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին մերժել: Գալյա Ղազարյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և գույքի նկատմամբ 14.02.2011թվականի իրավունքների պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթը կարճել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 20.01.1970 թվականին տրված ամուսնության վկայականի համաձայն՝ Ռազմիկ Ղազարյանը և Գալյա Ղազարյանը ամուսիններ են (գ.թ. 138)։

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման 16.11.2011 թվականի թիվ 1500 գրության համաձայն՝ Օշական գյուղի Ամատունու փողոցի 3-րդ նրբանցքի 21 հասցեի բնակելի տան, 1.000 քմ տնամերձի, 2.080 քմ սեփականաշնորհված հողամասի նկատմամբ մինչև ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիմքով ժառանգության ընդունումը նշված գույքի գրանցված սեփականատերեր են հանդիսացել Ռազմիկ և Գալյա Ղազարյանները (գ.թ. 143)։

3. 06.09.2004 թվականին տրված մահվան վկայականի համաձայն՝ Ռազմիկ Ղազարյանը մահացել է 19.08.2004 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օշական գյուղում (գ.թ. 139) :

4. Արագածոտնի մարզի Օշականի գյուղխորհրդի նախագահի կողմից 05.03.1996 թվականին հաստատված կտակի համաձայն՝ Ռազմիկ Ղազարյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը կտակել է Համբարձում Ղազարյանին (գ.թ. 9):

5. Աշտարակ նոտարական տարածքի նոտարի 28.06.2011 թվականի թիվ 58 գրության համաձայն՝ 29.01.2011 թվականին Աշտարակի նոտարական տարածքի նոտարի կողմից Գալյա Ղազարյանին տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր (գ.թ. 69):

6. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աշտարակի տարածքային ստորաբաժանման 14.03.2011 թվականի թիվ 283 տեղեկանքի համաձայն՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա 14.02.2011 թվականին գրանցվել է Գալյա Ղազարյանի սեփականության իրավունքը (գ.թ. 10):

7. Օշական համայնքի ղեկավարի 07.04.2011 թվականի գրության համաձայն՝ Ռազմիկ Ղազարյանի կողմից կատարված կտակի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ արխիվը չպահպանվելու պատճառով (գ.թ. 140):

8. Օշական համայնքի ղեկավարի 23.06.2011 թվականի գրության համաձայն՝ Օշական համայնքի արխիվներում Ռազմիկ Ղազարյանի կողմից կտակ չի պահպանվել, այդ պատճառով որևէ անձի չի հանձնվել (գ.թ. 73):

9. Հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումով որպես փաստական հանգամանք նշվել է, որ օրեր առաջ տանն այլ փաստաթղթերի հետ միասին գտել է կտակը (գ.թ. 3):

10. Համաձայն 02.02.2012 թվականի դատական նիստի արձանագրության՝ Օշականի նախկին գյուղական խորհրդի գործկոմի նախագահ Մեսրոպ Ավագյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2011 թվականին ինքն է հայցվոր Համբարձում Ղազարյանին հայտնել կտակի գոյության մասին (գ.թ. 183):

11. Համայնքի բնակիչների գրավոր հայտարարությունների համաձայն՝ վերջիններս Ռազմիկ Ղազարյանի մահից հետո Համբարձում Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների կողմից մշտապես լսել են, որ Ռազմիկ Ղազարյանն իր գույքը կտակել է իրենց (գ.թ. 45-60):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած՝ հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին, ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:

Նշված նորմների վերլուծությունից հետևում է, որ դատարանը կարող է հարգելի ճանաչել ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները միայն այն դեպքում, երբ ժառանգը կապացուցի, որ չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման, այսինքն` ժառանգատուի մահվան մասին և այն պայմանով, որ իմանալուց հետո վեց ամսվա ընթացքում դիմել է դատարան:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վերոնշյալ հոդվածի մեկնաբանությանը: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ժառանգության բացման պահից առաջացել է իրավահարաբերություն, որի բովանդակության տարրերից մեկը եղել է ժառանգի սուբյեկտիվ իրավունքը ժառանգելու ժառանգատուի ունեցվածքը: Եվ այդ սուբյեկտիվ իրավունքի դադարման փաստը եղել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Հետևաբար, ժառանգն իրավունք ունի դիմելու դատարան ժառանգությունն ընդունած համարվելու պահանջով` հիմք ընդունելով ժառանգության համար նախատեսված ժամկետի բացթողման հարգելի պատճառները, քանի որ նրա սուբյեկտիվ իրավունքը գոյություն է ունեցել, սակայն դրա մասին նա օբյեկտիվ պատճառներով չի իմացել (տես` Աթանես Ստեփանյանն ընդդեմ Ռազմիկ Ստեփանյանի, երրորդ անձինք Գառնիի գյուղապետարան և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանում` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջների մասին թիվ 3-753 (ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.07.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականություն կրող կողմը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն հոդվածների վերլուծության համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պարտականությունը կրում են գործին մասնակցող անձինք, ընդ որում ապացուցման պարտականություն ունեցող կողմը կրում է այն բոլոր բացասական հետևանքները, որոնք կարող են առաջանալ այն դեպքում, երբ դատարանի կողմից ապացույցի հետազոտումից հետո վիճելի է մնում ապացուցման ենթակա փաստի առկայությունը կամ բացակայությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը գտել է, որ կտակի մասին տեղեկանալու վերաբերյալ գործում առկա է Օշականի նախկին գյուղական խորհրդի գործկոմի նախագահ Մեսրոպ Ավագյանի կողմից տրված ցուցմունքներն այն մասին, որ 2011 թվականին ինքն է հայտնել հայցվոր Համբարձում Ղազարյանին կտակի գոյության մասին, ուստի հայցվորի կողմից պահպանվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, և հայցադիմումը ներկայացվել է դատարան կտակի մասին տեղեկանալուց հետո վեցամսյա ժամկետում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված պատճառաբանությամբ օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի վճիռը, անտեսել է այն փաստերը, որ հայցվորը գործի քննության ժամանակ հայտնել է, որ կտակի մասին տեղեկացել է գյուղսովետի նախկին նախագահից, որից հետո դիմել է ներկայիս գյուղապետարան ու ստացել կտակի բնօրինակը, սակայն հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումով որպես փաստական հանգամանք նշվել է, որ օրեր առաջ տանն այլ փաստաթղթերի հետ միասին գտել է կտակը և անմիջապես դիմել է Օշականի գյուղապետարան՝ հորեղբոր գույքի մասին տեղեկություններ իմանալու համար: Բացի այդ, գործում առկա Օշական համայնքի ղեկավարի 07.04.2011 թվականի գրության համաձայն՝ Ռազմիկ Ղազարյանի կողմից կատարված կտակի վերաբերյալ տեղեկատվություն չեն կարող տրամադրել՝ արխիվը չպահպանվելու պատճառով, իսկ Օշական համայնքի ղեկավարի մեկ այլ՝ 23.06.2011 թվականի գրության համաձայն՝ Օշական համայնքի արխիվներում Ռազմիկ Ղազարյանի կողմից կտակ չի պահպանվել, այդ պատճառով որևէ անձի չի հանձնվել: Ավելին, գործում առկա համայնքի բնակիչների գրավոր հայտարարությունների համաձայն՝ վերջիններս Ռազմիկ Ղազարյանի մահից հետո Համբարձում Ղազարյանի և նրա ընտանիքի անդամների կողմից մշտապես լսել են, որ Ռազմիկ Ղազարյանն իր գույքը կտակել է իրենց:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը, որ գյուղապետարանում կտակների վերաբերյալ արխիվի բացակայության մասին պատասխանողի փաստարկն ու գյուղապետարանի տեղեկանքը որպես պաշտոնատար անձանց վարքագիծ չի կարող հայցվորին կտակված գույքը ժառանգելու նրա սուբյեկտիվ իրավունքի նկատմամբ գերակա գնահատվել, ոչ իրավաչափ է և դուրս է սույն գործի փաստական հանգամանքների գնահատման դատավարական ընթացակարգի շրջանակներից, քանի որ գյուղապետարանի տեղեկանքները հանդիսանում են տեղեկություններ պարունակող գրավոր ապացույցներ, որոնց հաշվառմամբ Դատարանը մյուս ապացուցների հետ համադրման և գնահատման արդյունքում պետք է հանգեր համապատասխան եզրահանգման: Մինչդեռ, տվյալ դեպքում Դատարանն իր վերը նշված դիրքորոշմամբ փաստորեն գյուղապետարանի տեղեկանքներն ու համայնքի բնակիչների հայտարարությունները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով գործում առկա մյուս ապացույցների հետ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել որպես ապացույց և ըստ էության դուրս է հանել ապացույցների շարքից առանց որևէ իրավական հիմնավորման՝ վճիռը բավարարելու հիմքում միայն դնելով Մեսրոպ Ավագյանի ցուցմունքը:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Համբարձում Ղազարյանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված կարգով չի ապացուցել իր կողմից վկայակոչած փաստերը, մասնավորապես կտակի մասին իմանալու կոնկրետ ժամկետը, որպիսի հիմքով և իմանալու պահից վեցամսյա ժամկետում դիմելու հանգամանքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար։

Ընդ որում, նշված որոշման մասնակի բեկանման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ Դատարանի կողմից սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասով գործի վարույթի կարճումը իրավաչափ է և բխում է Վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով արտահայտված այն դիրքորոշումից, որ վերոնշյալ պահանջը ենթակա չէ դատարանում քննության (տե´ս` Սիսիանի քաղաքապետարան ընդդեմ Շահեն Սարգսյան, երրորդ անձինք ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Սիսիանի ստորաբաժանում, Կորյուն Օհանյանի՝ 26.08.2002 թվականին կնքված պայմանագիրը լուծելու, Շահեն Սարգսյանի և Կորյուն Օհանյանի միջև 11.09.2002 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, ինչպես նաև Կորյուն Օհանյանին տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1920(ՎԴ)):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.04.2012 թվականի որոշման` հայցը բավարարելու մասը և այդ մասով այն փոփոխել. Համբարձում Ղազարյանի հայցն այդ մասով մերժել: Որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Համբարձում Ղազարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 8.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2012 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող՝

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

 

Գ. Հակոբյան

 

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան