Գլխավոր տեղեկություն
Համար
N 596
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1993/11-12, նոյեմբեր, դեկտեմբեր 1993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.11.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 նոյեմբերի 1993 թ. N 596

Քաղ. Երևան

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության տնտեսության 1993 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքների, ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի և ձեռնարկվող միջոցառումների մասին» N 455 որոշման 18-րդ կետի «ա» ենթակետի, ինչպես նաև ոչ պետական ձեռնարկություններին էլեկտրաէներգիայի հատկացումն ու օգտագործումը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 1993 թվականի վերջը ոչ պետական ձեռնարկություններին տրամադրել էլեկտրաէներգիայի սպառման քվոտա` օրական 30-50 հազ. կվտ/ժամ` ըստ հաստատված ռեժիմների:

2. Ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտայի բաշխման նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով, համաձայն հավելվածի:

3. Հաստատել ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտաների բաշխման կարգը (կցվում է):

Սահմանել, որ ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող էլեկտրաէներգիայի քվոտաների բաշխումը կատարվում է վերը նշված մրցութային հանձնաժողովի կողմից, սույն կարգին համապատասխան:

4. Մրցութային հանձնաժողովին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցել կատարված աշխատանքների մասին և ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` իրականացնել հսկողություն ոչ պետական ձեռնարկությունների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտաների նկատմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության 1993 թ.
նոյեմբերի 26-ի N 596 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔՎՈՏԱՅԻ ԲԱՇԽՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Լ. Բեգլարյան   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության 11-րդ վարչության պետ (նախագահ)
Ա. Ղազարյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության էներգետիկայի և վառելիքի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Դ. Ասատրյան   - ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության վարչության պետ
Կ. Ասլանյան   - էներգապետհսկողության գլխավոր վարչության պետ
Է. Ամատունի   - ՀՀ կառավարության գործերի կառավարչության 11-րդ վարչության առաջատար մասնագետ
Ա. Մարկոսյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռնարկատիրական գործունեության կարգավորման բաժնի պետ
Ս. Հակոբյան   - ՀՀ ֆինանսների նախարարության բաժնի պետ

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ է
ՀՀ կառավարության 1993 թ.
նոյեմբերի 26-ի N 596 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ

 

1. Էլեկտրաէներգիայի քվոտաներ տրամադրվում են տնտեսական գործունեության հետևյալ տեսակներով զբաղվող ոչ պետական ձեռնարկություններին`

ա) արդյունաբերական գործունեություն իրականացնող.

բ) գյուղատնտեսական արտադրանք թողարկող.

գ) ծառայությունների ոլորտում զբաղված:

2. Էլեկտրաէներգետիկայի սպառման քվոտաները տրամադրվում են այն ոչ պետական ձեռնարկություններին, որոնք 1993 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարել են`

ա) բոլոր հարկային մուծումները և վճարումները պետական բյուջե.

բ) ժամանակին կատարել են էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները և չունեն ժամկետանց պարտքեր:

3. Սույն կարգի առաջին կետում նշված տնտեսական գործունեության ոլորտներում զբաղված ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտայի հատկացման նախապատվությունը տրվում է այն ձեռնարկություններին, որոնք`

ա) կատարում են պետական պատվեր կամ առաջադրանք.

բ) մասնակցում են Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1993 թվականի ծրագրի կոնկրետ միջոցառումների իրականացմանը.

գ) իրենց տնտեսական գործունեությամբ նպաստում են տվյալ տեսակի արտադրանքի (ծառայության) ներմուծման նվազեցմանը և կայուն տարադրամով այդ արտադրանքի (ծառայության) արտահանման ավելացմանը:

4. Սույն կարգով նախատեսվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտայի տրամադրման համար անցկացվում է մրցույթ:

Մրցույթի կազմակերպումը և անցկացումն իրականացնում է մրցութային հանձնաժողովը, որը մրցույթի անցկացման մասին զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է տալիս:

Հայտարարության մեջ պետք է նշվեն`

ա) մրցույթին ներկայացվող փաստաթղթերի ցանկը (N 1 ձևը կցվում է).

բ) մրցույթի անցկացման ժամանակը, տեղը և փաստաթղթերի ներկայացման ժամկետը:

5. Պահանջվող փաստաթղթերը պատվիրված նամակով կամ առձեռն հանձնվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` ծրարի վրա նշելով սույն կարգի առաջին կետում նշված գործունեության ոլորտները:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունում մրցութային հանձնաժողովի կողմից հայտերի ներկայացման ժամկետի ավարտից ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում կազմակերպվում է ոչ պետական ձեռնարկություններին տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտաների բաշխման մրցույթ` մրցութային ընտրության չափանիշներով (N 2 ձևը կցվում է):

7. Հայտը կարող է մերժվել հետևյալ դեպքերում`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն բավարարում վերը նշված պայմաններին.

բ) փաստաթղթերի ոչ լրակազմության դեպքում.

գ) փաստաթղթերի սխալներով լրացման դեպքում:

8. Մրցութային ընտրությունն անցած ոչ պետական ձեռնարկությունների ցանկը հաստատվում է մրցութային հանձնաժողովի կողմից:

9. Մրցութային հանձնաժողովն իրավասու է որոշում կայացնելու, եթե աշխատանքներին մասնակցում են նրա անդամների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

10. Մրցույթում հաղթած ոչ պետական ձեռնարկությունները մրցույթի անցկացման օրվանից հետո, երեք օրվա ընթացքում, մրցութային հանձնաժողովի կողմից ստանում են համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարություն:

11. Մրցութային հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո, երեք օրվա ընթացում, ոչ պետական ձեռնարկության և համապատասխան էլեկտրամատակարարող կազմակերպության միջև կնքվում է էլեկտրաէներգիայի օգտագործման մասին պայմանագիր:

 

N 1 ձև

 

Ց Ա Ն Կ

 

ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտը (լրացված և հաստատված ներկայացնողի կողմից):

2. Հիմնադիր փաստաթղթերի և ձեռնարկության գրանցման մասին համապատասխան տեղական խորհրդի գործկոմի որոշման պատճենները:

3. Ոչ պետական ձեռնարկությանը էներգապետհսկողության կողմից տրված թույլտվությունը:

4. Էլեկտրաէներգիայի սպառման քվոտայի օգտագործման ծրագիրը` համապատասխան հիմնավորմամբ` պարտադիր նշում կատարելով մեկ կվտ/ժամի հաշվով ստացվելիք շահույթի մասին:

 

N 2 ձև

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

Չափանիշը

Մեծությունը

Հիմնական չափանիշներ

Էլեկտրաէներգիայի սպառման քվոտայի օգտագործման արդյունավետությունը` միջին ամսական հաշվեկշռային շահույթի հարաբերությունը պահանջվող էլեկտրաէներգիայի սպառման քվոտայի նկատմամբ

Էլեկտրաէներգիայի սակագինը

 

Լրացուցիչ չափանիշներ

 

Պետական պատվերով կամ առաջադրանքով արտադրանքի (ծառայության) ծավալի հարաբերությունը թողարկվող ամբողջ արտադրանքի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման 1993 թվականի ծրագրի կոնկրետ միջոցառումների մեջ մասնակցության ծավալների հարաբերությունը թողարկվող ամբողջ արտադրանքի նկատմամբ

Արտահանման համար նախատեսված արտադրանքից ստացված տարադրամային եկամուտի հարաբերությունը ստացվելիք ամբողջ գումարի նկատմամբ