Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.11.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.05.22/31(1306) Հոդ.486.17
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2016
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0226/11/15

ԵԿԴ/0226/11/15

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

ե. դԱՆԻԵԼյանի

Հ. Ասատրյանի

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆԻ

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ
դատախազ

Ս. Անդրեասյանի

 

2016 թվականի նոյեմբերի 1-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 17-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Հ.Բելիչկովի որոշմամբ Ս.Փիրումյանի` 2015 թվականի սեպտեմբերի 15-ին ներկայացրած հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

Վերոնշյալ որոշման դեմ Ս.Փիրումյանի ներկայացուցիչ Գ.Գալիկյանը բողոք է ներկայացրել վերադաս դատախազին` խնդրելով վերացնել քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ:

 2015 թվականի հոկտեմբերի 19-ին Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի որոշմամբ դիմողի ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ, և հաստատվել է նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը:

2. 2015 թվականի նոյեմբերի 11-ին դիմող Ս.Փիրումյանի ներկայացուցիչ Գ.Գալիկյանը բողոք է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով պարտավորեցնել Երևան քաղաքի դատախազին վերացնել դիմող Ս.Փիրումյանի իրավունքի խախտումը, կայացնել որոշում ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Հ.Բելիչկովի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին, հարուցել քրեական գործ և իրականացնել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն:

Առաջին ատյանի դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը բավարարել է՝ վերացնելով նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշումը:

3. Դատախազ Ս.Անդրեասյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2016 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը:

4. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2016 թվականի հունիսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին 2015 թվականի սեպտեմբերի 18-ի որոշման համաձայն` «(…) Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս.Փիրումյանը բացատրություն է տվել (…) Գ.Արշակյանը իր բացատրությամբ հերքել է Ս.Փիրումյանի տոկոսով գումար տրամադրելու հանգամանքը (…) Ուսումնասիրվել են նաև Ս.Փիրումյանի և Գ.Արշակյանի կողմից ներկայացված փաստաթղթերը (…)

 Այսպիսով նախապատրաստված նյութերով որևէ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել և չի հիմնավորվել Գ.Արշակյանի կողմից Ս.Փիրումյանին տոկոսով գումար տրամադրելու վերաբերյալ, ուստի Գ.Արշակյանի արարքում բացակայում է ՀՀ քր. օր-ի 213 հոդվ. 1-ին մասով նախատեսված հանցագործության դեպքը:» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 9):

6. Առաջին ատյանի դատարանը, բավարարելով դիմողի ներկայացուցչի բողոքը, նշել է` «(…) [Դ]ատարանը արձանագրում է, որ (...) նյութերի նախապատրաստման ընթացքում վարույթն իրականացնող մարմինը բացատրություն չի վերցրել Սուսան Փիրումյանի որդի` Արարատ Բայանդուրյանից, ով մասնակից է եղել ամբողջ գործընթացին` Սուսան Փիրումյանի կողմից 41.560.000 ՀՀ դրամ գումար վերադարձնելու մասին ստացականում ստորագրել է նաև Ս.Փիրումյանի որդի` Բայանդուրյանը: Բացի այդ բացատրություններ չեն վերցվել Հարություն Բայանդուրյանից և Վահան Ծատուրյանից, որի արդյունքում հնարավոր է առաջանար հակասություններ, որի դեպքում պարտադիր կդառնար կատարելու առերես հարցաքննություններ: Վարույթն իրականացնող մարմինը նյութերի նախապատրաստման ընթացքում բացատրություններ է վերցրել միայն Սուսան Փիրումյանից և Գևորգ Արշակյանից ու հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Գևորգ Արշակյանը հերքել է տոկոսով գումար տալու փաստը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չիրականացնելով որոշում է կայացվել` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ 2012 թվականի մարտի 22-ին Սուսան Փիրումյանի և Գևորգ Արշակյանի միջև կնքված հիփոթեքի պայմանագրով` «ի ապահովումն Երևան քաղաքում կողմերի միջև 22.03.2012 թ. կնքված փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման, որի գումարն է 19.440.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ամիս 540.000 ՀՀ դրամ, ետ վերադարձնելու պայմանով, մարման ժամկետը մինչև 22.03.2015թ.», սակայն նյութերում առկա Ս.Փիրումյանի կողմից տրված ստացականի համաձայն նա նույն օրը պարտավորվել է մինչև 22.03.2015 թվականը վերադարձնել 41.560.000 ՀՀ դրամ գումար` յուրաքանչյուր ամիս վճարելով 1.155.000 ՀՀ դրամ գումար, այսինքն հետաքննիչը չի պարզել, թե ինչու է նույն օրը կնքվել և հիփոթեքի պայմանագիր և տրվել ստացական, բացի այդ չի պարզվել, թե տրված ստացականի մեջ նշված 41.560.000 ՀՀ դրամ գումարի մեջ մտնում է հիփոթեքի պայմանագրով նշված 19.440.000 ՀՀ դրամ գումարն, թե ոչ ու նոտարի մոտ կազմված և նոտարի կողմից վավերացված հիփոթեքի պայմանագրում ինչու է նշվել 19.440.000 ՀՀ դրամ գումար, այլ ոչ թե 41.560.000 ՀՀ դրամ գումար:

Այսպիսով, դատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքների առկայության պայմաններում բացակայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, որպիսի պայմաններում խախտվել է բողոքաբերի իրավունքներն ու օրինական շահերը, ուստի ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչ Ա.Բելիչկովի 18.09.2015 թվականի` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա է վերացման: (…)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 46-47):

7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է` «(…) Առաջին ատյանի դատարանը գտել է, որ (…) բացակայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, որպիսի պայմաններում խախտվել են բողոքաբերի իրավունքներն ու օրինական շահերը, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է:

(…)

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, ուսումնասիրելով ներկայացված վերաքննիչ բողոքը և ներկայացված նյութերը, գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս.Անդրեասյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել և օրինական ուժի մեջ թողնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը: (…)» (տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 52-53):

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, վկայակոչելով և վերլուծելով գործի փաստական հանգամանքները` վերջինս գտել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն օրինական և հիմնավորված է, հետևաբար այն վերացնելու վերաբերյալ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերն անհիմն են: Բողոքի հեղինակի կարծիքով ստորադաս դատարաններն անտեսել են, որ նշված հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա են պարզման քաղաքացիական դատավարության կարգով:

9. Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ վիճարկվող դատական ակտերը հակասում են Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին: Այսպես` Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրենց լիազորությունների շրջանակից և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը գնահատելու փոխարեն դատական ակտերով անդրադարձել են հարցերի այնպիսի շրջանակի, որոնք գտնվում են բացառապես նախնական քննության մարմնի իրավասության ներքո: Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը դատական ակտում փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը բացատրություն չի վերցրել Ս.Փիրումյանի որդուց` Արարատ Բայանդուրյանից, ով մասնակից է եղել ամբողջ գործընթացին, բացատրություններ չեն վերցվել նաև Հարություն Բայանդուրյանից և Վահան Ծատուրյանից, ինչի արդյունքում հնարավոր է, որ առաջանային հակասություններ և պարտադիր դառնար առերես հարցաքննություններ կատարելը, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմինը չի պարզել գործի համար էական նշանակություն ունեցող որոշ այլ հանգամանքներ:

Առաջին ատյանի դատարանի այն պնդման կապակցությամբ, որ հետաքննիչը չի կատարել պատշաճ քննություն՝ պարզելու, թե ինչու է միևնույն օրը գրվել և՛ ստացական, և՛ կնքվել պայմանագիր, բողոքաբերն ընդգծել է, որ խոսքը վերաբերում է տարբեր գումարների տրամադրմանը, և այդ փաստը որևէ նշանակություն չունի վաշխառության հանցակազմի հաստատման կամ հերքման համար:

10. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 23-ի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի փետրվարի 17-ի որոշումները, կայացնել նոր դատական ակտ՝ մերժելով դիմողի ներկայացուցիչ Գ.Գալիկյանի ներկայացրած բողոքը:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են արդյոք Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:

12. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի խմբագրությամբ) 92-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Վճռաբեկ դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքով»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները, այդ թվում` օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:

Դրա հետ մեկտեղ, վճռաբեկ դատարանի` նախկինում կայացված որոշման կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (Վճռաբեկ դատարանը նույնաբովանդակ դիրքորոշում է արտահայտել Անահիտ Սիմոնյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 14-15-րդ կետերում):

13. Վճռաբեկ դատարանը Գ.Ղևոնդյանի գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ «(...) [Ք]րեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում դատարանը վերահսկողություն չի իրականացնում նախնական քննության ընթացքի նկատմամբ: Դատարանը չի միջամտում քրեական դատավարության ընթացքին, չի անդրադառնում բողոքարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությանը կամ նպատակահարմարությանը: Այս հարցերը գտնվում են նյութերի նախապատրաստությունն իրականացնող մարմինների բացառիկ լիազորությունների սահմաններում, իսկ քրեական գործի հարուցման հարցը լուծելու համար անհրաժեշտ տվյալների լրիվությունն ապահովելու նպատակով հետաքննության մարմնին կամ քննիչին ղեկավար ցուցումներ և հանձնարարություններ կարող է տալ միայն դատախազը: (...)

Դատարանի խնդիրն այս դեպքում կայանում է նրանում, որպեսզի պարզվի, թե վիճարկվող որոշումը կայացվել է արդյոք նյութական և դատավարական օրենսդրության պահանջներին համապատասխան և բխում է արդյոք նյութերի նախապատրաստության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներից: (...)

(...) [Մ]ինչդատական վարույթի նկատմամբ հետագա վերահսկողության շրջանակներում դատական ստուգման ենթարկելով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, դատարանը պետք է պարզի, թե հաղորդման մեջ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են արդյոք հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են: Բացի այդ, դատարանի խնդիրն է պարզել, թե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) կողմից նյութական և դատավարական օրենսդրության պահանջները չպահպանելու հետևանքով խախտվել են արդյոք անձի իրավունքները և ազատությունները:

Ի թիվս այլոց, պարզաբանման ենթակա են հետևյալ հարցերը՝

1) պահպանվե՞լ է արդյոք հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված կարգը,

2) առկա՞ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածով նախատեսված օրինական հիմքերը,

3) պահպանվե՞լ են արդյոք քրեական գործի հարուցումը մերժելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված պահանջները: (...)» (տե՛ս Գագիկ Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0044/11/13 որոշման 16-րդ և 18-րդ կետերը):

14. Սույն գործի փաստերից հետևում է, որ Առաջին ատյանի դատարանը նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին հետաքննիչ Հ.Բելիչկովի` 2015 թվականի սեպտեմբերի 18-ի և բողոքը մերժելու մասին Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի` 2015 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումների դեմ դիմող Ս.Փիրումյանի ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը բավարարել և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացրել է այն պատճառաբանությամբ, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ինչի արդյունքում խախտվել են բողոքաբերի իրավունքներն ու օրինական շահերը: Մասնավորապես` Առաջին ատյանի դատարանը նշել է, որ բացատրություն չի վերցվել Ս.Փիրումյանի որդի Ա.Բայանդուրյանից, Հ.Բայանդուրյանից, Վ.Ծատուրյանից` ենթադրաբար դատողություն անելով, որ դրանց արդյունքում հնարավոր է, որ առաջանային հակասություններ, ինչի պարագայում առերես հարցաքննությունների կատարումը պարտադիր կդառնար (տե՛ս սույն որոշման 5-6-րդ կետերը):

Վերաքննիչ դատարանն իր հերթին գտել է, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը հիմնավորված և պատճառաբանված է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

15. Նախորդ կետում վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են Գ.Ղևոնդյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմանը:

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ եզրահանգումը հիմնված է այն հանգամանքի վրա, որ Գ.Ղևոնդյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող և սույն որոշման 13-րդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումներն իրենց բնույթով առավել ընդհանրական են, և դրանց կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն և Գ.Ղևոնդյանի գործերի փաստական հանգամանքների ընդհանրությունն այն է, որ երկու դեպքում էլ դատարանները դատական ստուգման են ենթարկել նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը և անդրադարձել վարույթն իրականացնող մարմնի կողմից դատավարական գործողություններ կատարելու նպատակահարմարությանը: Նշված փաստական հանգամանքների համընկնումը Վճռաբեկ դատարանին հիմք է տալիս պնդելու, որ Գ.Ղևոնդյանի գործով որոշման հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) սույն գործով որոշում կայացնելիս ստորադաս դատարանների համար պարտադիր են եղել:

Մինչդեռ ստորադաս դատարանները, անտեսելով Գ.Ղևոնդյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության ընթացքում անդրադարձել են դատավարական գործողություններ կատարելու նպատակահարմարությանը («վարույթն իրականացնող մարմինը բացատրություն չի վերցրել Սուսան Փիրումյանի որդի Արարատ Բայանդուրյանից (...) Հարություն Բայանդուրյանից և Վահան Ծատուրյանից, որի արդյունքում հնարավոր է առաջանար հակասություններ, որի դեպքում պարտադիր կդառնար կատարելու առերես հարցաքննություններ:»):

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանները խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, քանի որ անտեսել են Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի` Գ.Ղևոնդյանի գործով որոշման հիմնավորումները, որոնք նրանց համար պարտադիր են եղել: Միևնույն ժամանակ ստորադաս դատարանները որևէ ծանրակշիռ փաստարկի մատնանշմամբ չեն հիմնավորել, որ այն կիրառելի չէ սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ:

Արդյունքում ստորադաս դատարանները դուրս են եկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքի քննության կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության սահմաններից` թույլ տալով ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով նախատեսված օրինականության սկզբունքի խախտում:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա (…)»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, մասնավորապես խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները։ Խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն` հիմք են Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանների դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դիմող Սուսան Փիրումյանի ներկայացուցիչ Գ.Գալիկյանի բողոքը բավարարելու մասին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 23-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի փետրվարի 17-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ե. Դանիելյան

Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան