ՌԱՄԱՆՈՒՍԿԱՍՆ ԸՆԴԴԵՄ ԼԻՏՎԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2008թ. փետրվարի 5-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. Գործի հանգամանքները
9. Դիմողը` պրն Կեստաս Ռամանուսկասը Լիտվայի քաղաքացի է, ծնվել է 1966թ. և բնակվում է Կաիսիադորիսում:
10. Նախկինում նա աշխատել է որպես դատախազ Կաիսիադորիսի տարածաշրջանում:
11. Դիմողը հայտնել է, որ 1998թ. վերջին և 1999թ. սկզբներին նրան մոտեցել է A.Z.-ն (դիմողին նախկինում անհայտ անձը), ում հետ նա ծանոթացել է V.S.-ի միջոցով: A.Z.-ն խնդրել էր արդարացնել երրորդ անձին և առաջարկել դրա դիմաց 3000 ԱՄՆ դոլար (USD) կաշառք: Դիմողն սկզբում մերժել, սակայն ավելի ուշ համաձայնել էր` առաջարկը մի քանի անգամ կրկնելուց հետո:
12. Կառավարությունը պնդել է, որ V.S.-ն և A.Z.-ն դիմողին մոտեցել են և նրա հետ բանակցել կաշառքի շուրջ իրենց իսկ նախաձեռնությամբ, առանց իշխանություններին տեղեկացնելու: Նրանք հայտարարել են, որ A.Z.-ն կասկածել է դիմողին նախկինում կաշառք վերցնելու մեջ:
13. A.Z.-ն, ով, փաստորեն, Ներքին գործերի նախարարության հատուկ հակակոռուպցիոն ոստիկանության ստորաբաժանման սպա էր (Specialiųjų tyrimų tarnyba - "the STT”), տեղեկացրել էր իր աշխատակիցներին, որ դիմողը համաձայնել է կաշառք ընդունել:
14. 1999թ. հունվարի 26-ին STT.-ն դիմել է Գլխավոր դատախազի տեղակալին հանցավոր վարքագծի կեղծագործչական (սիմուլյացիոն) մոդելի օգտագործման թույլտվություն ստանալու խնդրանքով (տե՜ս ստորև` կետ 32 ՙմոդել՚): Խնդրագրում ասվել է`
«Ավագ կոմիսար G.M.-ը (STT)-ի օպերատիվ գործունեության բաժնի վարիչը, [դիմողի] հանցավոր վարքագծի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթանալով, հաստատել է, որ [դիմողը] մեղադրյալ M.N.-ին աջակցելու դիմաց վերցրել է կաշառք: Հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը նախատեսված էր հաստատելու արձանագրված [դիմողի] անօրինական գործողությունները և վերջ տալու դրանց. STT-ի աշխատակից A.Z.-ն անհրաժեշտության դեպքում պետք է հանձներ 12,000 լիտվական լիտայի` արտարժույթով: [Մոդելի] կիրառումը պահանջում էր A.Z.-ից կատարել [Քրեական օրենսգրքի] 284 և 329-րդ հոդվածներով պատժելի հանցավոր արարքներ:
Անդրադառնալով Օպերատիվ գործունեության ակտի 11-րդ բաժնին ..., գլխավոր դատախազի տեղակալը թույլատրում է հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը մեկ տարի ժամկետով:
Այս հարցումը հիմնված է նախաքննության ընթացքում ստացված տեղեկատվության վրա»:
15. 1999թ. հունվարի 26-ին STT-ն գլխավոր դատախազի տեղակալին ուղարկել է նամակ` ուրվագծելով մոդելը հետևյալ կերպ.
«[STT]-ի պաշտոնատար անձինք հավաքագրել են օպերատիվ տեղեկատվություն, որը հաստատում է, որ [դիմողը] վերցնում է կաշառք:
Կիրառելով սիմուլյացիոն մոդելը, որը նախատեսված է հաստատելու, արձանագրելու և վերջ տալու [դիմողի] անօրինական գործողություններին, STT-ի պաշտոնատար անձ հանդիսացող A.Z.-ն կկատարի ձևական հանցանք` առաջարկելով կաշառք:
Հաշվի առնելով վերը նշվածը և համաձայն Օպերատիվ գործունեության ակտի 11-րդ բաժնի` ես սույնով խնդրում եմ Ձեզ թույլատրել հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը և, այդպիսով, ազատելով A.Z.-ին (Քրեական օրենսգրքի) 284 և 329-րդ հոդվածներով սահմանված քրեական պատասխանատվությունից այնպիսի հանցագործությունների համար, որոնք նախատեսված են կեղծիքների համար:
[Մոդելը] կիրականացվի STT-ի պաշտոնատար անձանց կողմից առանձին օպերատիվ գործողությունների գծագրի հիման վրա:
[Մոդելի] իրականացումը կֆինանսավորվի STT-ի կողմից»:
16. 1999թ. հունվարի 27-ին գլխավոր դատախազի տեղակալը տվել է պահանջվող թույլտվությունը` վավերագրելով և կնքելով նամակը: Այս փաստաթուղթը դարձել է մոդելի վերջնական տարբերակը:
17. 1999թ. հունվարի 28-ին դիմողն A.Z.-ից ստացել էր 1500 ԱՄՆ դոլար (USD):
18. 1999թ. փետրվարի 11-ին A.Z.-ն տվել էր դիմողին մնացյալ 1000 ԱՄՆ դոլարը (USD):
19. Նույն օրը գլխավոր դատախազը քրեական գործ էր հարուցել դիմողի` կաշառք վերցնելու առնչությամբ, ինչը պատժելի է քրեական օրենսգրքի 282 հոդվածով:
20. 1999թ. մարտի 17-ին գլխավոր դատախազն ազատել էր դիմողին իր զբաղեցրած պաշտոնից` կոռուպցիայի հիմքերով: Անդրադառնալով Քրեական հետապնդման մարմնի ակտի համապատասխան դրույթներին` գլխավոր դատախազը հայտարարել է, որ դիմողը հեռացվել է կարգապահական խախտման և քրեական հետապնդում իրականացնող մարմինների գործունեությունը վարկաբեկելու համար:
21. Նախաքննությունն ավարտվել էր անհայտ ամսաթվի և գործն ուղարկվել էր Կաունասի շրջանային դատարան: Դատավարության ընթացքում դիմողը մեղավոր է ճանաչվել, սակայն նա հայտարարել է, որ հանցանքը կատարելիս ենթարկվել է A.Z.-ի կողմից ճնշումների:
23. 2000թ. օգոստոսի 29-ին Կաունասի շրջանային դատարանը դատապարտել է դիմողին A.Z.-ից 2500 ԱՄՆ դոլար (USD) կաշառք վերցնելու համար` խախտելով Քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածը, և դատապարտել նրան 19 ամիս և վեց օր ազատազրկման: Դատարանը նաև նշանակել էր դիմողի սեփականության բռնագրավում 625 լիտվական լիտայի (LTL) գումարի չափով: Առաջին` այն հաստատել է, որ A.Z.-ն դիմողին իրենց 1999թ. հունվարի 28-ի և փետրվարի 11-ի հանդիպումների ընթացքում կաշառք է հանձնել` երրորդ անձի քրեական գործին միջամտելու խոստման դիմաց, երկրորդ` A.Z.-ն շփվել և բանակցել է դիմողի հետ V.S.-ի միջոցով:
24. Դատարանի եզրակացությունն ընդհանուր առմամբ հիմնված է A.Z.-ի տրամադրած ապացույցների և դիմողի հետ զրույցների գաղտնաբար կատարված ձայնագրությունների վրա: Դատարանը նաև քննել է A.P.-ին, ով աշխատում է որպես դատախազ նույն տարածաշրջանի գրասենյակում, որի պնդումների համաձայն դիմողը չէր զբաղվում A.Z.-ի կողմից նշված երրորդ անձի (M.N.) դեմ հարուցված քրեական գործով: V.S.-ն չէր հրավիրվել դատավարությանը` վկայություն տալու համար, քանի որ նրա բնակության վայրն անհայտ էր, սակայն նրա կողմից արված հայտարարությունը, որը գրանցվել է մինչդատական քննիչների կողմից, ընթերցվել է դատարանում: Սակայն Կաունասի շրջանային դատարանն այն հաշվի չի առել դիմողի մեղավորությունը որոշելիս: Դատարանի վճիռը չի պարունակում որևէ քննարկում մոդելի թույլատրման և իրականացման վերաբերյալ:
25. 2000թ. հոկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դիմողի բողոքարկած վճիռը` գտնելով, որ տեղի չի ունեցել հրահրում, և որ իշխանությունները հանցանք կատարելու ակտիվ ճնշում չեն գործադրել դիմողի վրա:
26. 2000թ. նոյեմբերի 23-ին դիմողն իր նկատմամբ կայացված վճիռը բողոքարկել է: Հիմնվելով, մասնավորապես, Սահմանադրական դատարանի` 2000թ. մայիսի 8-ի որոշման վրա (տե՜ս ստորև` կետ 34)` նա պնդել է, որ առկա չեն կանոնադրական դրույթներ, որոնք թույլ են տալիս իշխանություններին անձին դրդել հանցանք կատարելու: Այդ կապակցությամբ, նա հայտնել է, որ մի քանի առիթներով ինքը (ապարդյուն) դիմել է առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններ քննելու համար A.Z.-ի և V.S.-ի կողմից գործադրված ճնշումը: Նա նաև դժգոհել է, որ ավելի ցածր ատյանի դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ A.Z.-ն ոստիկանության սպա է, և ոչ թե անհատ: Նա պնդել է, որ A.Z.-ն հրահրել է իրեն ընդունել կաշառքը: Բացի դրանից, նա հայտարարել է, որ իշխանությունները չունեին բավարար ծանրակշիռ պատճառ գաղտնի գործողություն ձեռնարկելու համար, և որ իրեն հրահրելով հանցանք կատարել` վերազանցել են իրենց լիազորությունները: Նա նաև հայտնել է, որ V.S.-ն չի քննվել դատավարության ընթացքում:
27. 2001թ. փետրվարի 27-ին Գերագույն դատարանը մերժել է դիմողի բողոքը. որոշումը ներառում է հետևյալ հատվածները.
«Գործում առկա չէ որևէ ապացույց առ այն, որ բացասվել է [դիմողի] ազատ կամքը, կամ որ հանգամանքներն են ստիպել իրեն կատարելու ապօրինի գործողություններ: A.Z.-ն կաշառք առաջարկելով` ոչ հրամայել է [դիմողին] միջամտել այն անձի գործին, ոչ էլ սպառնացել նրան: Նա բանավոր կերպով խնդրել է օգնել իրեն` ապահովելով [երրորդ անձի դեմ] վարույթի կարճումը ... Կ. Ռամանուսկասն հասկացել է, որ խնդրանքը հակաօրինական է... ուստի Շրջանային դատարանը իրավացի է նրան մեղավոր ճանաչելով ...
[Դիմողը] վիճարկել է [մոդելի] օրինականությունը ... նշելով, որ գործն արտացոլում է հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից կաշառք ընդունելու դրդման (kurstymas) օրինակ ... [Նա պնդել է, որ օրենքով] հանցավոր գործողության սիմուլյացիայի թույլտվությունը չի կարող տրվել առանց նախնական ապացույցների կամ քրեական հանձնաժողովի առկայության: Հետևաբար, նրա կարծիքով, նման ընթացակարգը չի կարող հետապնդել անձի կամ անձանց կողմից հանցանք կատարելու դրդման նպատակ: Եթե մոդելն օգտագործվել է այդ նպատակով, դա կլիներ անօրինական, [և], այսպիսով, ձեռք բերված տեղեկատվությունը չի կարող համարվել ապացույց ... Մոդելը չի կարող լիազորված լինել և իրականացվել, եթե անձը չի պատրաստվում կամ որոշում կատարել հանցանք, ինչի ապացույցները պետք է ներկայացվեն դատախազին ... Գործից պարզ է դառնում, որ [իշխանությունները] կապի մեջ են եղել V.S.-ի և A.Z.-ի հետ Կ. Ռամանուսկասի [իրենց նախնական] հանդիպումներից հետո, որոնց ընթացքում նա համաձայնել էր պահանջվող գործողությունները կատարել 3000 ԱՄՆ դոլարի (USD) դիմաց.... Հետևաբար, լիազորելով մոդելի օգտագործումը` [իշխանությունները] պարզապես միացել են հանցավոր գործողությանը, ինչն արդեն ընթացքի մեջ էր:
...
Գործի նյութերը չեն պարունակում որևէ ապացույց առ այն, որ V.S.-ն հատուկ ծառայությունների աշխատակից է... A.Z.-ն աշխատում է STT-ում որպես ոստիկանության վարորդ ... բայց դա չի նշանակում, որ նրան արգելվում է գործել մասնավոր ոլորտում: Չկա որևէ ապացույց, որ V.S.-ն և A.Z.-ն բանակցել են Կ. Ռամանուսկասի հետ ոստիկանության ցուցումներով: Սակայն հաստատվել է, որ V.S.-ն և A.Z.-ն նրան գումարը հանձնել են ոստիկանության հրամանով:
Դատարանը գտնում է, որ հանցանք կատարելուն դրդելը (provokacija) նման է, բայց համարժեք չէ հրահրմանը (kurstymas) ... Դրդումը հրահրման մի տեսակ է, որը բաղկացած է հանցանք կատարելու` անձին խրախուսելուց... նրան քրեական պատասխանատվության ենթարկելով: Քանի դեռ նման վարքագիծը բարոյապես դատապարտելի է, «դրդում» եզրույթը չի օգտագործվում ոչ քրեական, ոչ էլ դատավարական իրավունքում կամ 1997թ. մայիսի 22-ի Գործառնական գործունեության ակտում... Իրավական տեսանկյունից դրդումը չի համարվում անձին քրեական պատասխանատվությունից ազատող գործոն:
Մինչդեռ գործի նյութերը պարունակում են հակասական ապացույցներ V.S.-ի և A.Z.-ի կողմից հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելի իրականացման վերաբերյալ, դժվար է հաստատել, թե ով է հրահրել (iniciatorius) կաշառքի հանձնումը և ընդունումը կամ այլ կերպ ասած, ով է ում հրահրել հանձնել կամ ընդունել կաշառքը: V.S.-ն ... հայտարարել է, որ Կ. Ռամանուսկասին [երրորդ անձի] քրեական գործի վարույթը կարճելու համար միջամտելու նպատակով դիմելով` Կ. Ռամանուսկասն առաջինն է ասել, որ նա կարող է լուծել խնդիրը 3000 ԱՄՆ դոլարի (USD) դիմաց: A.Z.-ն իր հերթին,... հայտարարել է, որ Կ. Ռամանուսկասն ասել է, որ գործի կարճումը կարժենա 3000 ԱՄՆ դոլար (USD): Իր վկայության մեջ Կ. Ռամանուսկասը հայտարարել է, որ V.S.-ն հարցրել է իրեն, թե արդյոք 3000 ԱՄՆ դոլարը (USD) բավարար է գործը կարճելու համար: Այս հանգամանքներում չի կարելի որոշակիորեն ասել, թե ով է հրահրել կաշառակերությունը, նաև չի կարելի եզրակացնել, որ V.S.-ն և A.Z.-ն հրահրել են Կ. Ռամանուսկասին ընդունել կաշառքը: Ավելին, չկա ոչ մի պատճառ եզրակացնելու, որ V.S.-ն և A.Z.-ն հրահրել են Կ. Ռամանուսկասին կաշառքն ընդունելով` կատարել հանցանք: Միանշանակ է միայն այն, որ Կ. Ռամանուսկասին դիմելու նախաձեռնությունը (iniciatyva)` [երրորդ անձի] գործը կարճելու համար, A.Z.-ինն է:
Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ հարցի պատասխանը` թե արդյոք անձն ստիպված է եղել (palenkė) կամ, այլ կերպ ասած, հրահրվել է (sukurstė) այլ անձի կողմից ընդունել առաջարկված կաշառքը: Հանցանք կատարելու հրահրումը (kurstymas) հանցակցության տարբեր ձևերից է: Քրեական իրավունքի իմաստով հանցակցությունը, հրահրումը դավադրության ձևերից են: Անձը, ով հանցանք է կատարում հրահրվելուց հետո` կրում է նույն քրեական պատասխանատվությունը, ինչպես այն անձը, ով գործել է սեփական ցանկությամբ ... Նույնիսկ ենթադրելով, որ Կ. Ռամանուսկասին հրահրել են V.S.-ն և A.Z.-ն ընդունել կաշառքը, պետք է ընդգծել, որ այդ հրահրումն ստացել է առաջարկի ձև և ոչ թե սպառնալիքների և շանտաժի: Այդ իսկ պատճառով նա ի վիճակի էր մերժել (և պետք է մերժեր) անօրինական առաջարկը ... Կ. Ռամանուսկասի վկայությունից հետևում է, որ նա ըմբռնել է գործողությունների բնույթը, որոնց մասին նրան խնդրել են, և ընդունել է [կաշառքը] իր կամքով ...
Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ կաշառակերության կոնկրետ առանձնահատկություն է համարվում այն, որ կողմերից մեկը հանցանքի հրահրիչն է (kurstytojas): Պետական պաշտոնյան, ով կաշառք է պահանջում [Քրեական օրենսգրքի] 284-րդ հոդվածի իմաստով հրահրիչ է, որը դրդում է (kursto) այլ անձի իրեն վճարել կաշառք` խախտելով այդ հոդվածը: [Անձը], ով առաջարկում է կաշառք պետական պաշտոնյային, համարվում է հրահրիչ` CC-ի 282-րդ հոդվածի իմաստով, քանի որ առաջարկելով` նա դրդում է պաշտոնյային ընդունել կաշառքը, այսինքն` կատարել է այդ հոդվածով նախատեսված հանցանք ... Եվ կաշառք տվող, և ընդունող անձինք դա անում են իրենց կամքով ... և, հետևաբար, կարող են ընտրել իրենց վարքագծի հնարավոր ձևերը: Անձը, ով մտադրված ընտրում է հանցավոր տարբերակը` ունենալով այն մերժելու հնարավորություն արդարացիորեն կրում է քրեական պատասխանատվություն` անկախ արտաքին գործոններից, որոնք կարող են ազդել իր ընտրության վրա ...»
28. 2001թ. մարտի 27-ին դիմողը կալանավորվել է: Նա մնացել է բանտում մինչև 2002թ. հունվարի 29-ը:
29. Ավելին, 2002թ. հուլիսին նրան մերժվել է աշխատել իրավական ծառայություններում: 2003թ. հունվարին նա ազատ է արձակվել:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՆ
30. Քրեական օրենսգիրքը կիրառվում է կաշառքի ընդունման (282-րդ հոդված), կաշառք առաջարկելու (284-րդ հոդված) և արտարժույթի և արժեթղթերի կանոնակարգերը (329-րդ հոդված) խախտելու դեպքերում:
31. Քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածը և ներկայիս Քրեական օրենսգրքի 24-րդ հոդվածը (ուժի մեջ է 2003թ. մայիսի 1-ից) նախատեսում են, որ դրդումը հանցակցության հնարավոր ձևերից մեկն է և պատժվում է ինչպես հանցակցության մյուս ձևերը (օգնություն, մասնակցություն, կազմակերպում իրականացում): Ըստ այն դրույթների` դրդիչ (kurstytojas) է համարվում այն անձը, ով մեկ այլ անձի հրահրում է (palenkė) հանցանք կատարել: «Kurstymas» եզրույթը (որը կարող է նաև թարգմանվել որպես «հրահրում» կամ «սադրանք»), որպես կանոն, օգտագործվում է ներպետական իրավական ակտերում` սահմանելով հանցակցության հասկացությունը:
32. Օպերատիվ գործունեության ակտը (Operatyvinės veiklos įstatymas) ամրագրվել է 1997 թվականին և ուժի մեջ էր մինչև 2002թ. հունիսի 27-ը: Ակտի 2(12)-րդ բաժինը սահմանվում է որպես «հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդել» (Nusikalstamos veikos imitacijos elgesio modelis), ինչպես մի շարք գործողություններ, որոնք հանցագործության տարրեր են, որոնք թույլատրվել են պետության, հասարակության կամ անհատի լավագույն շահերը պաշտպանելու նկատառումներով:
Ակտի 4(2)-րդ բաժինը թույլատրում է «օպերատիվ գործունեության» նախաձեռնումը տվյալ Ակտի ներքո, երբ`
(ա) պետական մարմիններին անհայտ է անձի ինքնությունը, ով պատրաստվում է կատարել կամ կատարել է լուրջ հանցանք,
(բ) պետական մարմիններն ստացել են «ստուգված նախնական տեղեկատվություն» հանցանքի մասին,
(գ) պետական մարմիններն ստացել են «ստուգված նախնական տեղեկատվություն» հանցավոր կազմակերպությանն անձի անդամակցության մասին,
(դ) պետական մարմինները կասկածվում են օտարերկրյա գաղտնի ծառայություններում ներգրավվածության մեջ,
(ե) մեղադրյալը կամ դատապարտյալն անհայտ է:
Ակտի 7(2)(3)-րդ բաժինը պետական մարմիններին թույլատրում է մոդելը կիրառել միայն վերը նշված հանգամանքների դեպքում և միայն այն պայմանով, որպեսզի բավարարվեն Ակտի 10 և 11-րդ բաժինների պահանջները:
Ակտի 10 և 11-րդ բաժինները թույլատրում են գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին կիրառել հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը ոստիկանության կամ քննչական մարմինների դիմումի հիման վրա: Թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումը, ի թիվս այլնի, պետք է ներառի դրա անցկացման սահմանները (այսինքն` ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ Քրեական օրենսգրքի կոնկրետ դրույթի ներքո իրավական առանձնահատկությունը) և գործողության նպատակը, ներառյալ դրա ընթացիկ և վերջնական նպատակները:
Ակտի 8(1)(3)-րդ բաժինը պահանջում է, որպեսզի պետական մարմինները պաշտպանեն անձանց` իրենց կամքին հակառակ հանցանք կատարելու գործուն ճնշումներից:
Ակտի 13(3)-րդ բաժինը տալիս է հատուկ տեխնիկայով ձեռք բերված ապացույցների օրինականությունը վիճարկելու իրավունք:
33. Պացեվիսիուսը և Բագդոնասն ընդդեմ Լիտվայի գործի (թիվ 57190/00, 2003թ. հոկտեմբերի 23) վարույթներում Վերաքննիչ դատարանը 1999թ. ապրիլի 29-ին կայացրել է վճիռ, inter alia,
Օպերատիվ գործունեության ակտի 2-րդ բաժինը սահմանում է [հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը] որպես մի շարք գործողություններ, որոնք կազմում են հանցանքի տարրերից մեկը, և որոնք թույլատրվել են պետության, հասարակության կամ անհատների լավագույն շահերի պաշտպանության համար: ... Մոդելի կիրառումը կարող է թույլատրվել միայն ոստիկանությանը և ոչ ֆիզիկական անձանց:
[Ոստիկանության կողմից մոդելի թույլատրման խնդրանքն այս դեպքում] ուներ մտադրված գործողությունների նպատակ, մասնավորապես` [անձանց] թրաֆիքինգի խմբում ներգրավված բոլոր անձանց բացահայտման:
Իհարկե, [ոստիկանության] աշխատակիցները չէին կարող կանխատեսել, թե ովքեր են մասնակցում այս հանցանքին ... Մոդելի թույլատրման նպատակներից մեկը հանցավոր կազմակերպության անդամների բացահայտումն է»:
1999թ. հոկտեմբերի 12-ին նույն գործով Գերագույն դատարանը ոստիկանության գաղտնի գործակալների վերաբերյալ կայացրել է հետևյալ վճիռը.
«[Դիմողները] տեղյակ չէին իրականացվող գործունեությանը հանցանք կատարելու պահին: Նրանք դատապարտվել են որպես թրաֆիքինգում ներգրավված անձինք, ովքեր ապօրինաբար հատել են Լիտվայի սահմանը: Քրեական օրենսգրքի 82-1-ին հոդվածը նախատեսում է, որ հանցանքը տեղի է ունենում, երբ հաստատվում է ուղղակի դիտավորությունը. [դիմողների] սխալն այն էր, որ իրենց կատարած հանցանքի բնույթը համապատասխանում է իրավական դասակարգմանը: Քանի որ նրանք դատապարտվել են որպես թրաֆիքինգում ներգրավված անձինք, նրանց գործողությունները օբյեկտիվորեն դիտարկվում են 82-1-ին հոդվածի շրջանակներում... Իրենց հանցանքը, հետևաբար, արդարացիորեն դասակարգվում է որպես կատարված հանցանք: Պետական մարմիններին [մոդելն օգտագործելու վերաբերյալ] տրված թույլտվությունը ծառայել է միայն մեկ նպատակի, այն է` թրաֆիքինգի գործողություններում ոստիկանների մասնակցության օրինականացնելը:
34. 2000թ. մայիսի 8-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ Օպերատիվ գործունեության ակտն ընդհանուր առմամբ համատեղելի է Սահմանադրության հետ: Այն որոշել է, մասնավորապես, որ մոդելը համարվում է օպերատիվ գործունեության որոշակի տեսակ` օգտագործելով հետախուզական և այլ գաղտնի միջոցներ քննելու համար կազմակերպված և այլ լուրջ հանցանքները: Այն ընդգծել է, որ գաղտնի միջոցառումների օգտագործումը, որպես այդպիսին, չի հակասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կամ Սահմանադրությանը, քանի դեռ այդպիսի միջոցները հիմնված են օրենսդրության վրա և համաչափ են հետապնդած օրինական նպատակներին: Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ակտը տալիս է շրջանակների և ընթացակարգի հստակ տարբերակում օգտագործելու համար օպերատիվ գործունեության տարբեր ձևերը, այդ թվում` մոդելը:
Անդրադառնալով, մասնավորապես, Թեիքսեյրա դե Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի գործին (1998թ. հունիսի 9-ի վճիռ, Վճիռների և որոշումների ժողովածու 1998-IV), Սահմանադրական դատարանը շեշտել է, որ հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը չի կարող օգտագործվել հանցանք կատարելու հրահրման (kurstoma) կամ սադրելու (provokuojama) նպատակներով: Այն հավելել է, որ մոդելը թույլատրելով և իրականացնելով` քննչական մարմիններին և նրանց գաղտնի գործակալներին արգելվում է մասնակցել մտադրված, սակայն դեռ չավարտված հանցավոր գործողություններին: Սահմանադրական դատարանը շեշտել է, որ ընդհանուր իրավասության դատարանները, որոնք զբաղվում են հրահրումների կամ մոդելի այլ չարաշահումների վերաբերյալ բողոքներով, յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է հաստատեն, թե արդյոք վարույթ իրականացնող մարմինները պահպանել են թույլատրված մոդելի իրավական դաշտի սահմանները:
III. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՔ
35. Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի` Կոռուպցիայի մասին կոնվենցիան (ETS No. 173, 1999թ. հունվարի 27) 23-րդ հոդվածում սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել, այդ թվում` հատուկ քննչական տեխնիկայի օգտագործման թույլատրումը, այս ոլորտում ապացույցների հավաքագրման դյուրացման նպատակով:
Կոնվենցիայի վերաբերյալ բացատրական զեկույցում հետագայում նշվում է, որ ՙհատուկ քննչական տեխնիկան՚ կարող է ներառել գաղտնի գործակալների, հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը, հեռահաղորդակցմանը և համակարգչային ցանցի մատչելիությանը միջամտությունը:
35-րդ հոդվածում ամրագրված է, որ Կոնվենցիան չի ազդում իրավունքների և նախաձեռնությունների վրա, որոնք ծագում են հատուկ հարցերին վերաբերող միջազգային բազմակողմ կոնվենցիաներից:
36. Եվրոպայի խորհրդի` Փողերի լվացման, հետախուզման, առգրավման և բռնագրավման մասին կոնվենցիան (ETS No. 141, 1990թ. նոյեմբերի 8) 4-րդ հոդվածով երաշխավորում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է հաշվի առնի այնպիսի օրենսդրական և այլ միջոցների ընդունումը, որոնք կարող են անհրաժեշտ լինել հատուկ քննչական տեխնիկայի օգտագործման համար:
37. Հատուկ քննչական տեխնիկայի օգտագործումը, ինչպես, օրինակ, թմրադեղերի անօրինական թրաֆիքինգի, առաքումների համատեքստում վերահսկողությունը նույնպես նախատեսված է Կոնվենցիայի 73-րդ հոդվածով, 1985թ. հունիսի 14-ի ստուգումների աստիճանաբար վերացման մասին շենգենյան համաձայնագրով` ստորագրված 1990թ. հունիսի 19-ին` Շենգենում:
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԽԱԽՏՈՒՄ
38. Դիմողը հայտնել է, որ իրեն հրահրել են քրեական հանցանք կատարել` խախտելով իր` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը, որի համապատասխան հատվածներն ամրագրում են`
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն... ցանկացած մեղադրանքի առնչությամբ, ունի .... անկախ ու անաչառ դատարանի կողմից արդարացի ... դատաքննության իրավունք»:
A. Կողմերի պնդումները
1. Դիմողը
39. Դիմողը հայտարարել է, որ խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը` այն իմաստով, որ նրան հրահրել են հանցանք կատարել, որը նա երբեք չէր կատարի առանց «հրահրող գործակալների» միջամտության:
40. Նա պնդել է, որ վարույթ իրականացնող մարմինները պատասխանատվության չեն ենթարկել A.Z.-ին և V.S.-ին: Սույն գործով իր վճռում Գերագույն դատարանը խոստովանել է, որ A.Z.-ն, փաստորեն, Ներքին գործերի նախարարության հատուկ հակակոռուպցիոն ոստիկանության ստորաբաժանման (STT) սպա էր, ով հրահրել էր հանցանքը: Դիմողը պնդել է, որ իշխանությունները չեն կարող օրինականորեն պնդել, որ իրենք պարզապես «միացել են» իրենց աշխատակիցներից մեկի կողմից հրահրված հանցավոր գործողությանը և ընդունել են, որ իրենք պետք է ստանձնեն A.Z.-ի կողմից հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելի իրականացումը թույլատրելու ամբողջ պատասխանատվությունը: Ամեն դեպքում, նրա բոլոր հանդիպումներն A.Z.-ի հետ` ինչպես մոդելը թույլատրելուց առաջ, այնպես էլ հետո, իրականացվել են վերջինի նախաձեռնությամբ, ինչը հաստատվել է A.Z.-ի դիմողի հետ վարած հեռախոսային խոսակցությունների արձանագրությունից: Դիմողը, հետևաբար, հայտնել է, որ այդ հանցանքը չէր կատարվի առանց վարույթ իրականացնող մարմինների միջամտության:
41. Դիմողը հետագայում բողոքել է, որ ներպետական դատարաններին չի հաջողվել տալ համարժեք պատասխան իրեն հանցանքի մեջ ներգրավելու հրահրման համար վարույթ իրականացնող մարմինների պատասխանատվության հարցին: Նա պնդել է, որ նրա` A.Z.-ի և V.S.-ի հետ կապ հաստատելը մոդելի կարևոր դերն է, որը հանգեցրել է նրա կողմից կաշառք ընդունելուն: Նա վստահեցրել է, որ V.S.-ն ոստիկանության երկարատև տեղեկատու էր, ում ոստիկանությունը թույլատրել էր հանդես գալ որպես գաղտնի գործակալ այս գործում: Դիմողը եզրակացրել է, որ V.S.-ի քննությունը կլիներ վճռորոշ հաստատելու, թե արդյոք նրան հրահրել են հանցանք կատարել, և որ վարույթ իրականացնող մարմինների ձախողումը V.S.-ին որպես վկա հրավիրելու առումով խախտել է 6-րդ հոդվածի համապատասխան դրույթները: Դատարանը չէր ձգտում հաստատել, թե արդյոք V.S.-ն համագործակցել է դատական իշխանությունների հետ: Ուստի դիմողը պնդել է, որ իրեն զրկել են արդար դատաքննության իրավունքից, ինչը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը:
2. Կառավարությունը
42. Կառավարությունը հայտնել է, քանի որ Դատարանը ՙչորրորդ ատյանի դատական մարմին՚ չէ, ուստի այն իրավասու չէ քննելու դիմողի գանգատները, որոնք հիմնականում վերաբերում են ներպետական օրենսդրության կիրառման հարցերին:
43. Այն պնդել է, որ ամեն դեպքում նախաքննության մարմինները չեն հրահրել դիմողին հանցանք կատարել և նրա գանգատների առարկա հանդիսացող մոդելը չի ոտնահարել նրա իրավունքները` 6-րդ հոդվածի իմաստով:
44. Այս կապակցությամբ, Կառավարությունը մատնանշել է, որ V.S.-ն և A.Z.-ն դիմողի հետ կաշառքի շուրջ բանակցել են իրենց իսկ նախաձեռնությամբ` առանց նախապես իշխանություններին տեղեկացնելու: Մոդելի օգտագործումը հետագայում թույլատրվել է հասարակության հիմնարար շահերը պաշտպանելու համար A.Z.-ի կողմից տրամադրված նախնական տեղեկությունների հիմքերով, որոնք հավաստում էին դիմողի` կաշառք ընդունելու պատրաստակամությունը: Այն պնդել է, որ մոդելի թույլատրումը և իրականացումը, ինչի համար բողոքել է դիմողը, կատարվել է վարույթ իրականացնող մարմինների կողմից միայն մեկ նպատակով` «միանալ» հանցանքին, որը դիմողը ծրագրել է կատարել V.S.-ի և A.Z.-ի հետ, ովքեր գործել են սեփական նախաձեռնությամբ: Վարույթ իրականացնող մարմինները չեն կարող պատասխանատվություն կրել V.S.-ի և A.Z.-ի իրականացրած գործողությունների համար, որոնք եղել են թույլատրված:
45. Կառավարությունն ավելացրել է, որ միայն A.Z.-ն է հանդես եկել որպես գաղտնի գործակալ, քանի որ մոդելի թույլտվությունը եղել է նրա անունից: Այն նշել է, որ թույլտվությունը խնդրելուց առաջ` STT-ն մանրակրկտորեն ստուգել է A.Z.-ի կողմից ներկայացված տեղեկատվությունը դիմողի հանցավոր մտադրությունների մասին և գտել, որ այն պետք է հիմնավորվի այլ տվյալներով: Վարույթ իրականացնող մարմինները մոդելի իրականացման համար կազմել են հստակ գործողությունների ծրագիր` հստակորեն սահմանելով գործողությունների բնույթն ու շրջանակները, որոնք իրենք մտադրվել են իրականացնել: Կառավարությունը հայտարարել է, որ ի վիճակի չի եղել Դատարանի համար ապահովել գործողությունների ծրագրի պատճենը կամ դիմողի վերաբերյալ STT-ի որևէ այլ տվյալ, քանի որ դա կխախտեր Ներքին գործերի նախարարության կողմից սահմանված` նյութերի գաղտնիության հնգամյա ժամկետի վերաբերյալ կանոնակարգը: Սակայն այն վստահեցրել է Դատարանին, որ նմանատիպ բոլոր գործերով, գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելը թույլատրելուց առաջ, մանրամասնորեն զննում են կասկածյալին վերաբերող STT-ի բոլոր նյութերը:
46. Կառավարությունը պնդել է, որ հանցանքը կկատարվեր ցանկացած դեպքում` առանց պետական մարմինների միջամտության, քանի որ նույնիսկ մինչև մոդելի թույլատրումը դիմողը պարզորոշ մտադրված էր կատարել այդ հանցանքը: Ի պաշտպանություն այդ փաստարկի, այն նկատել է, որ մոդելը թույլատրելուց առաջ դիմողը ընդունել է A.Z.-ի բանավոր առաջարկը կաշառքի վերաբերյալ, և որ իշխանությունները չեն սպառնացել իրեն կամ ենթարկել այլ ձևերի ճնշման: Դիմողի մեղքն ավելի ծանրացրել է այն փաստը, որ լինելով իրավապահ պաշտոնյա` նա քաջ գիտակցում էր, որ իր գործողություններն անօրինական են: Եզրափակելով, հակառակ (վերը նշված) Թեիքսեյրա դե Կաստրոն ընդդեմ Պորտուգալիայի գործի, այս գործում չի եղել օրենքը խախտելու դրդում:
47. Հաշվի առնելով այս բոլոր գործոնները` Կառավարությունը եզրակացրել է, որ դիմողի արդար դատաքննության իրավունքը պահպանվել է:
Բ. Դատարանի գնահատականը
48. Դիմողը բողոքել է, որ իր դեմ ընթացած վարույթներում ոստիկանության կողմից հրահրման արդյունքում ստացված ապացույցների օգտագործումը խախտել է իր` արդար դատաքննության իրավունքը:
1. Ընդհանուր սկզբունքներ
49. Դատարանն ի սկզբանե հայտնում է, որ տեղյակ է ոստիկանության կողմից հանցանքների բացահայտման և քննության նպատակով ապացույցների որոնման և հավաքագրման դժվարությունների մասին: Այդ հանձնարարությունը կատարելու համար նրանք հատկապես ունեն գաղտնի գործակալների օգտագործման կարիք, մասնավորապես` կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում:
50. Ավելին, կոռուպցիայի դեմ պայքարը, այդ թվում` դատաիրավական ոլորտում, դարձել է լուրջ խնդիր բազմաթիվ երկրներում, ինչպես հաստատում է Եվրոպայի խորհրդի քրեական իրավունքի կոնվենցիան սույն թեմայի վերաբերյալ (տե՜ս վերը` կետ 35): Սույն օրենքը թույլատրում է հատուկ քննչական տեխնիկայի օգտագործումը, ինչպես, օրինակ, գաղտնի գործակալները, որոնք այս ոլորտում կարող են անհրաժեշտ ապացույցներ հավաքել` պայմանով, որ դա չի ազդի «հատուկ գործերի» վերաբերյալ միջազգային բազմակողմ կոնվենցիաներում ամրագրված իրավունքների ու նախաձեռնությունների վրա, օրինակ` մարդու իրավունքների վրա:
51. Հետևաբար, հատուկ քննչական մեթոդների, մասնավորապես գաղտնի տեխնիկայի օգտագործումը չի կարող ինքնին ոտնահարել արդար դատաքննության իրավունքը: Սակայն, հաշվի առնելով ոստիկանության կողմից այնպիսի մեթոդների օգտագործման, հրահրման վտանգը` դրանց օգտագործումը պետք է լինի սահմանափակ (տե՜ս ստորև` կետ 55):
52. Դատարանը, իր հերթին, պետք է պարզի, թե արդյոք վարույթը` ամբողջությամբ, այդ թվում ապացույցներն ստանալու եղանակը, արդար է եղել, թե` ոչ (տե՜ս, Վան Միչելեն և այլոք ընդդեմ Նիդեռլանդների գործով 1997թ. ապրիլի 23-ի վճիռը, Զեկույցներ և վճիռներ 1997-III, էջ 711, կետ 50, Թեիքսերիա դե Կաստրոյի գործը, 1998թ. հունիսի 9-ի վճիռը, Զեկույցներ 1998-IV, էջ 1462, կետ 34, Սեկիրան ընդդեմ Պորտուգալիայի (դեկտեմբեր), no. 73557 / 01, ՄԻԵԴ 2003-VI, և Շանոնն ընդդեմ Միացյալ Թագավորության (դեկտեմբեր), no. 67537/01, ՄԻԵԴ 2004-IV): Այս համատեքստում, Դատարանի խնդիրը չէ պարզել, թե արդյոք որոշակի ապացույցներ ձեռք են բերվել ապօրինաբար, այլ պարզելը, թե արդյոք նման «անօրինականությունը» հանգեցրել է Կոնվենցիայով պաշտպանվող այլ իրավունքների խախտմանը:
2. Սույն գործում այդ սկզբունքների կիրառումը
62. Սույն գործով առկա ապացույցներից պարզ է դառնում, որ հանցավոր վարքագծի սիմուլյացիոն մոդելն օգտագործելու թույլտվության խնդրանքը` քրեական պատասխանատվությունից ազատելու դիմումի հետ մեկտեղ, արվել է 1999թ. հունվարի 26-ին STT-ի կողմից, և այդ ժամանակ A.Z.-ն արդեն կապվել էր դիմողի հետ V.S.-ի միջոցով, և դիմողը համաձայնել էր աջակցել երրորդ անձին` 3000 ԱՄՆ դոլարի (USD) դիմաց: Կառավարության պնդմամբ` իրադարձությունների հաջորդականությունը ցույց է տալիս, որ V.S.-ն և A.Z.-ն գործել են իրենց իսկ նախաձեռնությամբ` առանց նախապես իշխանություններին տեղեկացնելու: Թույլատրելով և իրականացնելով մոդելը` վարույթ իրականացնող մարմինները պարզապես արձանագրել են հանցանքը, որը դիմողն արդեն մտադրված էր կատարել: Նրանք, հետևաբար, չեն հրահրել նրան:
66. Դատարանը, հետևաբար, պետք է պարզի, թե արդյոք վարույթ իրականացնող մարմիններին վերագրված գործողությունները, որոնց դեմ բողոքել է դիմողը, հանդիսանում են հրահրում 6-րդ հոդվածի իմաստով:
73. Եզրափակելով, նկատի ունենալով քննվող հանցանքի կարևորությունն ու բարդությունները` Դատարանը, հաշվի առնելով վերոհիշյալը, գտնում է, որ A.Z.-ի և V.S.-ի գործողությունները հրահրել են դիմողին կատարել հանցանքը, որի համար նա դատապարտվել է, և որ չկա վկայություն առ այն, որ հանցանքը կկատարվեր առանց նրանց միջամտության: Հաշվի առնելով նման միջամտությունը և դրա օգտագործումը քրեական վարույթների ընթացքում` դիմողի դատաքննությունը չի եղել արդար, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով:
74. Հետևաբար` տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3(d) ԿԵՏԻ ԽԱԽՏՈՒՄ
75. Դիմողը հետագայում հայտարարել է, որ միջոցների հավասարության սկզբունքը և պաշտպանության իրավունքը խախտվել են, քանի որ դատաքննության ընթացքում ոչ դատարանները, ոչ էլ կողմերը հնարավորություն չեն ունեցել հարցաքննելու V.S.-ին` գործում ներգրավված գաղտնի գործակալներից մեկին: Նրա պնդմամբ խախտվել է 6-րդ հոդվածի 1-ին և 3(d)-րդ կետերը, որոնցից երկրորդը երաշխավորում է`
... «3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.
(դ) հարցաքննել ու իր դեմ ցուցմունք տված վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները,... »:
A. Կողմերի փաստարկները
1. Դիմող
76. Դիմողը պնդել է, որ իր պաշտպանության իրավունքները խախտվել են, քանի որ դատաքննության ընթացքում ոչ դատարանները, ոչ էլ կողմերը չեն ունեցել կարևոր վկա V.S.-ին հարցաքննելու հնարավորություն: Նա հայտարարել է, որ դա Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(d)-րդ կետի խախտում է:
2. Կառավարություն
77. Կառավարությունը պնդել է, որ այս դրույթը` որպես այդպիսին, չի երաշխավորում ամբաստանյալի ցանկությամբ յուրաքանչյուր վկայի հարցաքննելու բացարձակ իրավունքը: Այն պնդել է, որ, դիմողի կողմից առաջ քաշված փաստարկները առ այն, որ V.S.-ն ներկա չէր դատարանում համոզիչ չեն, քանի որ դատարանները նրան չեն դատապարտել V.S.-ի հայտարարության հիման վրա: Նրանք ավելացրել են, որ անհնար էր ապահովել V.S.-ի ներկայությունը, քանի որ նրա բնակության վայրը անհայտ էր: Նրանք պնդել են, որ ամեն դեպքում, դիմողն ունեցել է դատարանում նրա դեմ ապացույցների այլ տարրերը վիճարկելու հնարավորություն, մասնավորապես` A.Z.-ի հայտարարությունը և խոսակցությունների ձայնագրությունները, որոնց հիման վրա դատարանները կայացրել են իրենց վճիռները: Վարույթները, հետևաբար, համապատասխանել են հակադիր սկզբունքին և չեն խախտել Կոնվենցիայի դրույթները:
B. Դատարանի գնահատականը
78. Դիմողը պնդել է, որ իր դեմ իրականացված վարույթն անարդար էր, քանի որ անհնարին է եղել իր դեմ վկա հանդիսացող V.S .-ի հարցաքննումը:
79. Դատարանը գտնում է, որ այդ կապակցությամբ դիմողի գանգատն անբաժանելի է նրա` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող գանգատից, քանի որ այն ինչ-որ առումով առնչվում է միայն վարքագծի վերաբերյալ վարույթին, որը, ըստ Դատարանի` եղել է անարդար:
80. Անփոփելով, հաշվի առնելով վերը` 73 և 74-րդ հոդվածներում ամրագրված եզրակացությունները` Դատարանը չի գտնում, որ անհրաժեշտ է իրականացնել դիմողի` անարդար դատաքննության վերաբերյալ գանգատի առանձին քննություն` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (d) կետի ներքո:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
81. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը երաշխավորում է հետևյալը.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, կատարել, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնասը
82. Դիմողը նախ պահանջել է 123,283.69 լիտվական լիտայի (LTL - մոտավորապես 35,652 եվրո (EUR)) գումար` 1999թ. փետրվարի 11-ից մինչև 2002թ. հունվարի 29-ն ընկած ժամանակահատվածում աշխատավարձի կորստի համար: Նա հետագայում պահանջել է 3,524.60 LTL (մոտ 1,021 եվրո) գումար` ներպետական վարույթի առնչությամբ կրած ծախսերի համար, այդ թվում` 3,500 LTL վճարների համար (մոտավորապես 1,013.67 եվրո): Վերջապես, նա պահանջել է 625 LTL (մոտ 181 եվրո) փոխհատուցում իր սեփականության առգրավման համար և 420 LTL (մոտավորապես 121 եվրո) թարգմանության ծախսերի համար:
83. Դիմողը նաև պահանջել է 300000 LTL (մոտավորապես 86,755 եվրո) ոչ նյութական վնասի համար` հաշվի առնելով լրատվամիջոցների անդրադարձը նրա նկատմամբ, իր հեղինակությանը պատճառված վնասը և տասը ամիս կալանքի տակ մնալու անհարմարությունը:
84. Ցանկացած դեպքում դիմողի պնդումներն ավելորդ էին, քանի որ դրանք հիմնված էին ամսական բարձր աշխատավարձի վրա (3,472.78 LTL), մինչդեռ նրա ամսական աշխատավարձը եղել է 2,400.47 LTL:
85. Ինչ վերաբերում է ներպետական վարույթների առնչությամբ կրած ծախսերին, Կառավարությունը հայտարարել է, որ դրանք չպետք է վերադարձվեն:
86. Ինչ վերաբերում է ոչ նյութական վնասին, Կառավարությունը նկատել է, որ դիմողին չի հաջողվել հաստատել, որ եղել է պատճառահետևանքային կապ ենթադրյալ վնասի և Կոնվենցիայի խախտման միջև: Ամեն դեպքում, պահանջվող գումարը չափազանց մեծ է:
87. Դատարանը գտնում է, որ արդարացի է կայացնել վնասների հատուցման վճիռ: Գործի նյութերում արձանագրված է, որ դիմողը չի եղել անազատության մեջ կամ չի ազատվել իր պաշտոնից: Նրա միջոցների կորուստը բնական է, և Կառավարությունը չի վիճարկում դա:
88. Հաշվի առնելով գործոնների բազմազանությունը և գործի բնույթը վնասը հաշվարկելիս Դատարանը վճռել է դիմողին որպես ոչ նյութական վնաս տրամադրել 30,000 եվրո (EUR):
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում,
Վճռում է, որ չկա անհրաժեշտություն քննելու գանգատը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3(d)-րդ կետի ներքո,
Վճռում է, որ`
Պատասխանող պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում դիմողին վճարի 30, 000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է հաշվվի լատվիական լիտայով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված արտարժույթի փոխարժեքին համապատասխան:
Կատարվել է անգլերենով և գրավոր հրապարակվել 2008թ. փետրվարի 5-ին` Մարդու իրավունքների պալատում, Ստրասբուրգում:
