ՏԱՐԱԲՈՒԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՄՈԼԴՈՎԱՅԻ ԳՈՐԾՈՎ
2011թ. դեկտեմբերի 6-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1988 թվականին և ապրում է Չիսինաուում:
6. Կողմերի ներկայացրած գործի հանգամանքները կարող են ընդհանրացվել հետևյալ կերպ.
A. Գործի բուն էությունը
7. 2009 թվականի ապրիլի 5-ին Մոլդովայում տեղի են ունեցել ընտրություններ: Այդ ընտրությունների նախնական արդյունքները հայտարարվել են 2009 թվականի ապրիլի 6-ին: Համաձայն դրանց` Մոլդովայի ղեկավար կոմունիստական կուսակցությունն աննշան առավելությամբ հաղթել էր ընտրություններում:
8. 2009 թվականի ապրիլի 6-ին տարբեր առցանց քննարկումներում արտահայտվել են աճող դժգոհություններ ընտրությունների և վիճելի ընտրակեղծիքների առթիվ: Երեկոյան ժամը 6-ին մի քանի հարյուր մարդ, մեծամասամբ` երիտասարդ, հավաքվել են Մեծ Ստեֆանի (Ştefan cel Mare) արձանի մոտ Չիսինաուի կենտրոնում: Մեկ ժամ անց հավաքվել էր արդեն 3-4,000 մարդ, որոնք բողոքել են ընտրակեղծիքների դեմ Նախագահի նստավայրի և Կառավարության շենքի դիմաց, ապա` վերադարձել են Գերագույն ազգային ժողովի հրապարակ: Ապա նշանակվել է ավելի մեծ ցույց` հաջորդ օրը, առավոտյան ժամը 10-ին:
9. 2009 թվականի ապրիլի 7-ին ցույցն սկսվել է 5-6,000 մարդու մասնակցությամբ: Թեև ցույցն սկզբում խաղաղ էր, սակայն մի քանի հարյուր մասնակից դարձել են ագրեսիվ: Ինչպես հաստատել է հետագայում ձևավորված կառավարական քննող հանձնաժողովը («Հանձնաժողով»), որի խնդիրն էր պարզել իրադարձությունների պատճառները և հետևանքները, որոնք առաջացել էին եկել Մոլդովայում 2009 թվականի ապրիլի 5-ի ընտրություններից հետո, տեղի է ունեցել հրշեջ մեքենաներով վատ կազմակերպված հարձակումների երկու դեպք, իսկ ոստիկաններն ամբոխին հասցրել են այն աստիճանի, որից հետո զանգվածային անկարգություններն այլևս չէին կարող կասեցվել: Հարձակումներից և քարեր նետելուց հետո, որոնց ոստիկանները թույլ են դիմակայել, մոտավորապես 250 ագրեսիվ ցուցարարներ ի վերջո կարողացել են գրավել Նախագահական նստավայրի ստորին հարկերը և Կառավարության շենքը: Նրանք թալանել են այդ հարկերում եղածը և հրդեհել Նախագահական նստավայրի ճաշարանը: Գիշերվա ընթացքում Կառավարության շենքում առաջացել են մի քանի հրդեհներ, որոնց մի մասը մարվել է այն բանից հետո, երբ մոտավորապես երեկոյան ժամը 11-ին իշխանություններն արդեն վերահսկում էին իրավիճակը:
10. 2009 թվականի ապրիլի 8-ին, մոտավորապես գիշերվա ժամը 1-ին տարբեր ոստիկանական և հատուկ ուժեր սկսել են զանգվածային միջոցառումներ հասարակական կարգը վերականգնելու համար: Այդուհանդերձ, ինչպես հաստատվել է Հանձնաժողովի կողմից, չափազանց մեծ ուժ է գործադրվել, և հրապարակում մնացողները ձերբակալվել են` անկախ այն հանգամանքից, նրանք մասնակցել էին անկարգություններին, թե` ոչ: Ձերբակալությունները շարունակվել են մի քանի օր: Զանգվածային լրատվության միջոցները հեռարձակել են այդ գործողությունները և ցույց են տվել երիտասարդների ձերբակալությունները, ինչպես նաև այն, թե ինչպես են թե համազգեստով և թե քաղաքացիական հագուստով ոստիկանները քաղաքի կենտրոնում ապրիլի 8-ին և դրանից հետո նրանց ծեծել, չնայած 2009 թվականի ապրիլի 7-ի երեկոյան անկարգություններն արդեն կանխվել էին:
B. Դիմողի ձերբակալությունը և ենթադրյալ վատ վերաբերմունքը
11. Ըստ դիմողի` 2009 թվականի ապրիլի 7-ին ինքը և իր ընկեր Ս.-ն գնացել են Չիսինաուի կենտրոն ցուցարարներին տեսնելու համար:
12. Որոշ ժամանակ խաղաղ ցուցարարների կողքին անցկացնելուց հետո, նրանք կանգնեցրել են տաքսի` տուն վերադառնալու նպատակով: Սակայն տաքսիում նրանց վրա հարձակվել են քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք չեն ներկայացել: Ոստիկանները կարգադրել են տաքսու վարորդին քշել Բոտանիկայի ոստիկանության բաժանմունք: Դիմողին և Ս.-ին տարել են այդ ոստիկանության բաժանմունք և փակել բանտախցում, որտեղ շատ ցուրտ էր, առանց կահույքի և բնական լուսավորության:
13. 2009 թվականի ապրիլի 8-ին, մոտավորապես գիշերվա ժամը 1-ին բանտախուց է մտել համազգեստով մի ոստիկան: Նրան ուղեկցել են ձերբակալումն իրականացրած երեք ոստիկանները, որոնք առանց պատճառի սկսել են ծեծել դիմողին և Ս.-ին: Դիմողը ուշագնաց է եղել, իսկ ուշքի գալով` տեսել է, որ նրա քթից և վերին շուրթից արյուն է հոսում: Նրան որևէ բժշկական օգնություն չի ցուցաբերվել:
14. Համաձայն դիմողի ձերբակալության արձանագրության` նա ձերբակալվել էր 2009 թվականի ապրիլի 8-ին, ցերեկվա ժամը 2-ին: Արձանագրությունում նշված պատճառն այն էր, որ նրան «բռնել են գործողության պահին, և քննչական մարմինը կասկածում է, որ նա կարող է փախուստի դիմել»: Որևէ այլ մանրամասներ չեն եղել:
15. 2009 թվականի ապրիլի 8-ին դիմողը տեղափոխվել է Գլխավոր ոստիկանության դիրեկտորատի կալանավայր («ԳՈԴ»), որտեղ նրան պահել են տասն այլ անձանց հետ մեկտեղ` 5x4 մետրանոց բանտախցում, նրան տվել են շատ քիչ վատորակ ուտելիք, իսկ ջուր չեն տվել: Բանտախցում չի եղել ցերեկային լույսի ներթափանցման և օդափոխման հնարավորություն: Ըստ Կառավարության` դիմողը զննվել է կալանավայրի բժշկի կողմից 2009 թվականի ապրիլի 8-ին: Վատ վերաբերմունքի որևէ հետք չի հայտնաբերվել:
16. 2009 թվականի ապրիլի 10-ին Բույուկանի շրջանային դատարանի քննիչ դատավոր Մ.Դ.-ն բավարարել է դատախազի` մինչև դատական քննությունը դիմողի երեսնօրյա կալանքի մասին միջնորդությունը: Նիստը տեղի է ունեցել ԳՈԴ-ի շենքում: Նույն գիշերը դիմողին տեղափոխել են թիվ 13 կալանավայր: Այնտեղ տանելու ճանապարհին նրան իբրև թե ստիպել են անցնել «մահվան միջանցքով», որը ձևավորվել էր ոստիկանների կողմից, որոնցից յուրաքանչյուրը հարվածել է նրան իր մոտով անցնելիս:
17. 2009 թվականի ապրիլի 16-ին Չիսինաուի Վերաքննիչ դատարանը վերացրել է քննիչ դատավորի 2009 թվականի ապրիլի 10-ի որոշումը և կայացրել է դիմողին ազատ արձակելու մասին որոշում:
18. Ըստ Կառավարության` դիմողին չեն ենթարկել վատ վերաբերմունքի կալանավայրում գտնվելու ժամանակ կամ այլ կալանավայր տեղափոխելու ճանապարհին: Թեև նա ունեցել է պաշտպան, սակայն նա չի ներկայացրել վատ վերաբերմունքի վերաբերյալ որևէ բողոք մինչև մի քանի օր անցնելը:
C. Վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքների քննությունը
19. 2009 թվականի ապրիլի 14-ին դիմողը Բոտանիկայի դատախազին բողոք է ներկայացրել վատ վերաբերմունքի վերաբերյալ: Նա ներկայացրել է նմանատիպ բողոք զինվորական դատախազին` 2009 թվականի մայիսի 15-ին, որ մանրամասն նկարագրել է վատ վերաբերմունքի հանգամանքները, ինչպես նաև կալանքի պայմանները: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ և 5-րդ հոդվածների վրա և ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ինքը չի ստացել 2009 թվականի ապրիլի 14-ի իր բողոքի առթիվ պատասխանը: Ըստ 2009 թվականի ապրիլի 14-ի դիմումի ծրարի վրա դրված կնիքի` ցույց է տալիս, որ գործի նյութերը զինվորական դատախազն ստացել է 2009 թվականի ապրիլի 21-ին:
20. 2009 թվականի ապրիլի 14-ին դիմողը հետազոտվել է բժշկի կողմից, որը նրա դեմքին հայտնաբերել է քերծվածքներ, որոնք վերածվել էին չորացած վերքի, հայտնաբերվել էին նաև վերին շրթի աջ կողմում կապտուկ և պատռվածք, որոնք համարվել են առողջության համար ոչ վտանգավոր վնասվածքներ: Ըստ դիմողի` իրեն չի ասվել հանել հագուստը, այդ իսկ պատճառով բժիշկը չի արձանագրել այլ վնասվածքներ, հատկապես` մեջքի վրա եղած վնասվածքները:
21. 2009 թվականի ապրիլի 30-ի արձանագրության մեջ դիմողի բողոքով զբաղվող զինվորական դատախազը նշել է, որ բողոքները հասցեագրվել են Ներքին գործերի նախարարությանը (առանց հստակեցնելու բողոքների բնույթը), սակայն չի ստացվել որևէ պատասխան: Նման նյութերի բացակայության պայմաններում հետագա քայլերի առնչությամբ չէր կարող կայացվել որևէ որոշում: Այդ պատճառով դատախազը միջնորդել է կասեցնել գործի ընթացքը մինչև 2009 թվականի մայիսի 15-ը: Այդ միջնորդությունը բավարարվել է:
22. 2009 թվականի մայիսի 15-ին նույն դատախազը նշել է, որ 2009 թվականի մայիսի 5-ին Ներքին գործերի նախարարությանը միջնորդել են անցկացնել ներքին քննություն` բացահայտելու համար այն ոստիկաններին, որոնք ենթադրաբար վատ վերաբերմունք են ցուցաբերել դիմողի նկատմամբ: Քանի որ Բոտանիկայի ոստիկանության բաժանմունքի որևէ ոստիկան չի հարցաքննվել, դատախազը միջնորդել է կասեցնել գործի քննությունը մինչև 2009 թվականի մայիսի 29-ը: Այդ միջնորդությունը բավարարվել է:
23. 2009 թվականի մայիսի 29-ին նույն դատախազը նշել է, որ ձեռնարկվել են գործողություններ գործի հանգամանքները պարզելու նպատակով: Դիմողը և նրա ընկեր Ս.-ն հարցաքննվել են: Ոստիկանները, որոնք հերթապահել էին Բոտանիկայի ոստիկանության բաժանմունքում 2009 թվականի ապրիլի 8-ին, դեռ չեն հարցաքննվել: Նման հանգամանքներում, դատախազը միջնորդել է կասեցնել գործի քննությունը մինչև 2009 թվականի հունիսի 12-ը: Այդ միջնորդությունը բավարարվել է:
24. 2009 թվականի հունիսի 12-ին զինվորական դատախազը որոշում է կայացրել վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքների կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին: Նա նշել է, որ Ս.-ն չի հաստատել, որ իր նկատմամբ վատ վերաբերմունք են դրսևորվել, կամ որ ինքը տեսել է, թե ինչպես է վատ վերաբերմունք ցուցաբերվել դիմողի նկատմամբ: Բոլոր ոստիկանները ժխտել են որևէ սխալի առկայություն, իսկ պահակախմբի ոստիկանը հերքել են, թե որևէ մեկը մտել է դիմողի բանտախուց 2009 թվականի ապրիլի 7-ի գիշերվա ընթացքում: Այդ ոստիկանը չի տեսել որևէ վնասվածք դիմողի մարմնի վրա, երբ նա վերադարձել է 2009 թվականի ապրիլի 7-ին կայացած զանգվածային անկարգություններին մասնակցելու կապակցությամբ քննիչի կողմից իրականացվող հարցաքննությունից: Երեք ոստիկանները, որոնք ձերբակալել էին դիմողին (Ռ.Պ.-ն, Ի.Գ.-ն և Վ.Տ.-ն), հայտնել են, որ իրենք դիմողին և Ս.-ին բերման են ենթարկել Բոտանիկայի ոստիկանության բաժանմունք, ապա վերադարձել են Չիսինաուի կենտրոն, որտեղ պաշտպանել են Կառավարության շենքերը մինչև 2009 թվականի ապրիլի 8-ի առավոտյան ժամը 7-ը: Նրանք չեն վերադարձել ոստիկանության բաժանմունք և չեն մտել դրա որևէ բանտախուց: Ավելին, ըստ դիմողի` 2009 թվականի ապրիլի 8-ի բժշկական հետազոտության արձանագրության համաձայն դիմողի մարմնին չի նկատվել որևէ վնասվածքի հետք: Դատախազը որոշել է, որ դիմողի դեմքին առկա վնասվածքները կարող էին առաջացած լինել Չիսինաուի կենտրոնում զանգվածային անկարգություններին մասնակցելու ընթացքում:
25. 2009 թվականի հուլիսի 16-ի նամակով զինվորական դատախազը տեղեկացրել է դիմողին 2009 թվականի հունիսի 12-ին կայացված որոշման մասին:
26. 2009 թվականի օգոստոսի 20-ին դիմողը դատախազի որոշման դեմ բողոքել է զինվորական դատախազին: Նա նշել է, որ ինքը գտնվել է կալանավայրում 2009 թվականի ապրիլի 7-16-ը, և որ իր վնասվածքներն առաջացել են հենց այդ ընթացքում: Ավելին, իրեն ձերբակալող ոստիկաններից ոչ մեկը ձերբակալության ժամանակ չի նկատել որևէ վնասվածք նրա մարմնի վրա: Նա մատնանշել է 2009 թվականի ապրիլի 8-ի և 14-ի բժշկական եզրակացությունների միջև առկա հակասությունները, և կասկածի տակ է դրել 2009 թվականի ապրիլի 8-ի եզրակացությունը` կապված բժշկի պրոֆեսիոնալիզմի և անկախության հետ: Նա նաև նշել է, որ Ս.-ն նախկին ոստիկան էր և կարող էր ցուցմունք տալ իր նախկին կոլեգաներին պաշտպանելու համար կամ հանուն նրանց հետ համերաշխության, կամ էլ սպառնալիքի պատճառով: Դիմողը հղում է կատարել իր բողոքին, որում նա նշել է, որ ինքը կարող էր ճանաչել իր նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորած ոստիկաններին, սակայն չի իրականացվել ճանաչում` այդ առումով իր բողոքներն ստուգելու համար:
27. 2009 թվականի օգոստոսի 21-ին զինվորական դատախազը մերժել է վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմողի բողոքը: Դատախազը հիմնվել է Ս.-ի ցուցմունքի վրա առ այն, որ ինքը չի տեսել վատ վերաբերմունքի որևէ դրսևորում:
28. 2009 թվականի սեպտեմբերի 10-ին դիմողը բողոք է ներկայացրել Բույուկանի շրջանային դատարան` քրեական գործ չհարուցելու որոշման դեմ: Նա գտել է, որ քննությունը ձգձգվել է, քանի որ 2009 թվականի ապրիլի 14-ի իր բողոքը հասել է զինվորական դատախազին միայն մեկ շաբաթ անց: Չստանալով իր բողոքի առթիվ որևէ պատասխան` 2009 թվականի մայիսի 15-ին նա ներկայացրել է մեկ այլ բողոք: Այն բանից հետո, երբ 2009 թվականի հունիսի 12-ին կայացվել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում, այն է` իր սկզբնական բողոքից երկու ամիս անց, դրանից հետո մեկ ամիս շարունակ նա չի տեղեկացվել այդ որոշման մասին: Դիմողը կրկնել է իր փաստարկները, որոնք նշել էր 2009 թվականի օգոստոսի 20-ի բողոքում և ավելացրել, որ դատախազությունը չի նշանակել լրացուցիչ բժշկական փորձաքննություն 2009 թվականի ապրիլի 8-ի և 14-ի բժշկական եզրակացությունների միջև առկա հակասությունները վերացնելու նպատակով: Դիմողը նաև նշել է, որ ինքն ենթարկվել է մի շարք լուրջ բժշկական հետազոտությունների, որոնք կարող էին հաստատել իր նկատմամբ կիրառված վատ վերաբերմունքը:
29. 2009 թվականի սեպտեմբերի 21-ին Մեմորիայի Վատ վերաբերմունքի ենթարկված զոհերի վերականգնողական կենտրոնը, որը Եվրոպայի միության կողմից ֆինանսավորվող ոչ պետական կազմակերպություն է և Վատ վերաբերմունքի զոհերի վերականգնողական միջազգային խորհրդի անդամ (IRCT), տրամադրել է Հատված բժշկական գործից (Extras din Fişa Medicală)` կապված դիմողի քննության հետ, որը կատարվել էր 2009 թվականի ապրիլի 22-ից հունիսի 1-ը: Պարզ է դարձել, որ նա անցել է մանրամասն բժշկական թեսթեր տարբեր մասնագետների կողմից: Համաձայն փաստաթղթի` դիմողը տառապել է, inter alia, գլխի վնասվածքների հետևանքներից, ներառյալ` ներգանգային ճնշում և հետվնասվածքային սթրեսային վիճակ, որոնք երկուսն էլ իր նկատմամբ գործադրված ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական ազդեցության հետևանք են: Փաստաթուղթը ներկայացվել է Բույուկանի շրջանային դատարան:
30. 2009 թվականի սեպտեմբերի 29-ին Բույուկանի շրջանային դատարանը մերժել է դիմողի բողոքը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այն գտել է, որ դատախազը հարցաքննել է գործի հետ կապ ունեցող բոլոր անձանց և նշել, որ Ս.-ն չի հաստատել դիմողի հայտարարությունները: Դատախազի որոշումները կայացվել են օրենքին համապատասխան, չի եղել որևէ պատճառ այդ որոշումները բեկանելու համար:
31. 2010 թվականի հունվարի 12-ին Մագիստրոսների գերագույն խորհուրդը («Խորհուրդ») մերժել է Բույուկանի շրջանային դատարանի դատավոր Մ. Դ.-ի նշանակումը, որից հետո նա ազատվել է դատավորի պաշտոնից Մոլդովայի գործող նախագահի կողմից: Խորհրդի որոշման պատճառն այն էր, որ դատավորը 2009 թվականի ապրիլի 7-ի դեպքերի հետ կապված մի շարք գործեր քննել է նիստերի դահլիճից դուրս և Գլխավոր ոստիկանության դիրեկտորատի շենքերում, ինչը «Կոնվենցիայի և Քրեական դատավարության օրենսգրքի խիստ խախտում է»:
32. 2010 թվականի փետրվարի 4-ին դիմողի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է` հանցագործություն կատարելու վերաբերյալ ապացույցների բացակայության հիմքով:
II. Համապատասխան եզրակացություններ
33. 2009 թվականի ապրիլի 25-28-ը Մոլդովա այցից հետո Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի եզրակացության համապատասխան հատվածի համաձայն.
«…
Հանձնակատար Թոմաս Համարբերգը և նրա պատվիրակությունը Մոլդովա են այցելել 2009 թվականի ապրիլի 6-7-ը տեղի ունեցած հետընտրական ցույցերից երկուսուկես շաբաթ հետո: Դեպքերի կապակցությամբ կալանավորված անձանց նկատմամբ վերաբերմունքի խնդիրը Հանձնակատարի ուշադրության առանցքն էր:
Հանձնակատարի պատվիրակության կողմից հարցաքննված անձանց մեծ մասը, որոնք ձերբակալվել էին 2009 թվականի ապրիլի հետընտրական ցույցերի կապակցությամբ, բողոքել են, որ ոստիկաններն իրենց ենթարկել են ծեծի, ոմանց` դաժան ծեծի: Որոշ դեպքերում բժիշկ-փորձագետը, որն ուղեկցել է Հանձնակատարին, ուղղակիորեն ստուգել է ֆիզիկական վնասվածքների առկայությունն այդ հայտարարությունների հետ մեկտեղ: Ավելին, ըստ հաստատություններում առկա բժշկական նյութերի` առկա են եղել վնասվածքներ համապատասխան անձանց վրա:
…
Մոլդովայի իշխանությունների ներկայացուցիչներն ընդունել են, որ ոստիկանները սահմանազանցել են իրենց իրավասություններն անկարգությունների երկրորդ ալիքի ժամանակ, երբ գործ են ունեցել ազատությունից զրկված անձանց հետ:
Հանձնակատարի կողմից հստակորեն ընդգծվել է, որ մարդու իրավունքների նման մեծամասշտաբ խախտումներ` վատ վերաբերմունքի միջոցով, երբևէ չպետք է թույլ տրվեն, և որ պետք է ձեռնարկվեն ակտիվ գործողություններ, որպեսզի մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, երբ հարուցվում է վատ վերաբերմունքի վերաբերյալ գործ…
…10. Ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Հանձնակատարին, որ 106 անձ կալանավորվել է 2009 թվականի ապրիլի 6-7-ին տեղի ունեցած ցույցերի երկրորդ ալիքից հետո` այն կասկածանքով, որ նրանք կատարել են հանցագործություններ: Այդ անձանցից ինը կալանքի տակ են մնացել Արդարադատության նախարարության իրավասության տակ գտնվող թիվ 13 կալանավայրում մինչև 2009 թվականի ապրիլի 28-ը: Ավելին, 216 անձ, այդ թվում` 10 երիտասարդ կին, կալանավորվել են վարչական գործերով` կապված այդ իրադարձությունների հետ: Բոլոր այդ անձինք ազատ են արձակվել մինչև Հանձնակատարի ժամանելը:
11. Հանձնակատարի մոտ առկա տեղեկության համաձայն` ցույցերի երկրորդ ալիքի ժամանակ ձերբակալված անձինք բերվել են Չիսինաուի հետևյալ ոստիկանական բաժանմունքներ. Գլխավոր ոստիկանության դիրեկտորատ կամ Ցենտրու (Կենտրոն), Բոտանիկայի, Ցիակոնայի և Բույուկանի ոստիկանական բաժանմունքներ: Անձինք, ովքեր ձերբակալվել էին, սկզբում պահվել էին ոստիկանական բաժանմունքներից մեկում, այնուհետև տեղափոխվել էին Գլխավոր ոստիկանության դիրեկտորատի կալանավայր:
12. Հանձնակատարը թիվ 13 կալանավայրում կալանավորված անձանցից չի ստացել որևէ բողոք վատ վերաբերմունքի կապակցությամբ: Այդուհանդերձ, Հանձնակատարի պատվիրակության կողմից քննված անձանցից շատերը, որոնք ձերբակալվել էին 2009 թվականի հետընտրական ցույցերի ժամանակ, հայտնել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ դրսևորել են վատ վերաբերմունք: Ըստ շատ գործերի` անձինք, որոնք ենթարկվել էին վատ վերաբերմունքի, բավականին երիտասարդ էին (25-ից ցածր տարիքի): Ինչպես Գլխավոր դատախազն ինքն էր նկատել` վատ վերաբերմունքի դրսևորումը կապված է եղել երեք տարբեր իրավիճակների հետ.
1. ձերբակալության ժամանակ, 2. կալանավայր տեղափոխելիս և 3. կալանավայրում դրսևորված վատ վերաբերմունք, ներառյալ` հարցաքննության ժամանակ` ցուցմունք ստանալիս1:
13. Ֆիզիկական վատ վերաբերմունքը ներառել է հարվածներ, քաշքշոցներ և ծեծ ռետինե, փայտե մահակներով, զենքի խզակոթերով կամ այլ բութ և ծանր առարկաներով: Որոշ անձինք բողոքել են, որ վատ վերաբերմունքը եղել է բավականին դաժան կամ երկարատև, այնպես, որ իրենք կորցրել են գիտակցությունը, հանգեցրել է կոտրվածքների կամ նյարդային վնասվածքների: Շատերը նաև հայտնել են, որ իրենց նկատմամբ դրսևորվել է ֆիզիկական դաժան վերաբերմունք, վիրավորանք և/կամ նվաստացումներ:
14. Ըստ Արդարադատության նախարարի` թիվ 13 կալանավայրում պահված 111 անձանցից 28-ն ունեցել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Ներքին գործերի նախարարը տեղեկացրել է Հանձնակատարին, որ 2009 թվականի ապրիլի 28-ին վատ վերաբերմունքի վերաբերյալ 54 բողոք արդեն քննության ընթացքում է: Գլխավոր դատախազը նշել է, որ իր գրասենյակն ստացել է 37 բողոք` այդ օրվա դրությամբ, և որ հետագա 30 գործերով քննությունը հարուցվել է ex officio: Ավելին, հարուցվել է մեկ քրեական գործ:
15. Որոշ դեպքերում Հանձնակատարին ուղեկցող փորձագետն ուղղակիորեն հայտնաբերել է վատ վերաբերմունքի ֆիզիկական նշաններ, չնայած այն փաստին, որ վատ վերաբերմունքի կիրառումից հետո անցել էր մոտ երկու շաբաթ: Ավելին, Հանձնակատարի փորձագետի կողմից հետազոտված նյութերը պարունակում էին վնասվածքների մասին տեղեկություններ, որոնք ուղեկցվում էին վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներով այն անձանց կողմից, որոնք գտնվել էին կալանքի տակ: Օրինակ` Չիսինաուի շտապօգնության հիվանդանոցի նյութերը ցույց են տվել, որ 115 հոգի զգացել է բուժօգնության կարիք որոշ ժամանակ, քանի որ նրանք վնասվածքներ էին ստացել ոստիկանությունում` կալանքի տակ գտնվելու ընթացքում: Նրանցից 24-ը հոսպիտալացվել էին, քանի որ ստացել էին ծանր վնասվածքներ` ներառյալ ուշաթափություն, երիկամների վնասվածք, կոտրված վերջույթներ կամ ազդրեր և/կամ փափուկ հյուսվածքների բազում վնասվածքներ…
22. Հակառակ կալանավայրերի և հիվանդանոցների նյութերի` Հանձնակատարի փորձագետը նկատել է, որ վնասվածքների վերաբերյալ եզրակացությունները, որոնք պահվել են Չիսինաուի Գլխավոր ոստիկանության դիրեկտորատի կալանավայրում, շատ մակերեսային էին և թերի: Այդ առթիվ տրվել էր այն բացատրությունը, որ այդ հաստատությունում աշխատող բուժակ (բուժաշխատողը) չի եղել դատական բժիշկ: Ոստիկանությունում վնասվածքների վերաբերյալ նյութերի միջև առկա այդ հակասություններն արդեն ընդգծվել են Խոշտանգումների արգելման (CPT) Եվրոպական հանձնաժողովի կողմից Հանձնակատարի` 2007 թվականին Մոլդովա կատարած այցի նյութերում…CPT-ն կազմել է մանրակրկիտ առաջարկություններ ոստիկանություն անձին բերման ենթարկելուց հետո առանց ոստիկանների մասնակցության նրա մոտ առկա վնասվածքների արձանագրման և պարտադիր մանրակրկիտ ամրագրման առթիվ: Եթե վնասվածքները համապատասխանում են վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքներին, ապա դրանք պետք է անմիջապես ներկայացվեն համապատասխան դատախազի կամ պետք է նշանակվի դատաբժշկական փորձաքննություն իրավասու դատաբժշկի կողմից: Վատ վերաբերմունքի կանխարգելման նկատառումներով Հանձնակատարը խստորեն պահանջել է Մոլդովայի իշխանություններից ապահովել վնասվածքների պատշաճ արձանագրում` դրանց վերաբերյալ CPT առաջարկությունների լույսի ներքո:
…24. …Խոշտանգումների արգելման խորհրդատվական խորհրդին ((the National Preventive Mechanism under the UN OPCAT), ըստ առկա տեղեկության, 2009 թվականի ապրիլի 11-ին թույլ չեն տվել այցելել Չիսինաուի որոշ ոստիկանական բաժանմունքներ, ներառյալ` Գլխավոր ոստիկանության դիրեկտորատը և Ցենտրու շրջանային ոստիկանական բաժանմունքը, որտեղ պահվել են կալանավորված անձինք:
25. Հանձնակատարն ստացել է բազմաթիվ բողոքներ ոստիկանական բաժնում պայմանների մասին` մեծածավալ ձերբակալություններից հետո: Դրանց մեծ մասում եղել են տեղեկություններ ներառել խիստ մարդաշատության, հիգիենիկ վատ պայմանների, թույլ լուսավորության և օդափոխման վերաբերյալ, ինչպես նաև սննդի, մաքուր անկողնու և անձնական հիգիենայի կամ սանիտարական պարագաների բացակայության մասին: Ինչպես նաև նշվել է` Հանձնակատարը միայն այցելել է մեկ ոստիկանական կալանավայր, այն է` Չիսինաուի Գլխավոր ոստիկանության դիրեկտորիատի: Հանձնակատարը նկատել է, որ բանտախցերում պայմանները եղել են շատ վատ` թույլ լուսավորությամբ և օդափոխությամբ. ընդհանուր առմամբ պայմանները համընկել են այն անձանց նկարագրությունների հետ, որոնք պահվել են այդ բանտախցերում: Ինչ վերաբերում է մարդաշատությանը` անձնակազմի կողմից հաստատվել է, որ հաստատությունն այդ օրերին եղել է չափազանց մարդաշատ:
… 39. Հանձնակատարը խիստ մտահոգված է նրանով, որ ավելի քան 300 անձինք, որոնց մեծ մասն անչափահասներ էին, և որոնք ձերբակալվել էին ցույցերից հետո, ենթարկվել էին վատ վերաբերմունքի ոստիկանությունում, որոշ դեպքերում այդ վերաբերմունքը եղել է դաժան:
…45. Հանձնակատարի պաշտոնական զրուցակիցներն ընդունել են, որ ոստիկանությունը գերազանցել է իր լիազորությունները ցույցերի երկրորդ ալիքի ժամանակ` անձանց ձերբակալելիս: Հանձնակատարը մտահոգությամբ ընդգծել է, որ վատ վերաբերմունքի չենթարկվելու հիմնարար իրավունքի նման մեծածավալ խախտումը չպետք է երբևէ թույլատրվի, և որ պետք է ակտիվորեն ձեռնարկվեն միջոցներ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, երբ դրսևորվում են վատ վերաբերմունքի առանձին դեպքեր:
46. Գլխավոր դատախազը նշել է, որ ինքը կքննի իրեն ներկայացված յուրաքանչյուր գործ և կձեռնարկի քայլեր վատ վերաբերմունքի վերաբերյալ տեղեկությունների ստուգման ուղղությամբ` նույնիսկ բողոքի բացակայության դեպքում: Ըստ նրա` գործի մեջ ներգրավվել են հատուկ դատախազներ, որոնք չեն առնչվել իրադարձություններին` կապված ոստիկանության բաժանմունքների հետ:
34. Մոլդովա կատարած այցի վերաբերյալ հաշվետվության համապատասխան մասը կազմվել է Խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելման համար Եվրոպական հանձնաժողովի կողմից` 2009 թվականի հուլիսի 27-31-ին, համաձայն որի`
«3. Այցի հիմնական նպատակն էր գնահատել քննության իրականացման ձևը` կապված Չիսինաուում 2009 թվականի ապրիլին հետընտրական իրադարձություններին ոստիկանների կողմից հնարավոր վատ վերաբերմունքի դրսևորումների հետ: Այցը հնարավորություն է տվել նաև ստուգելու ոստիկանությունում կալանավորված անձանց բուժումը:
2009 թվականի ապրիլի ընթացքում CPT-ն ստացել է հաշվետվություններ տարբեր աղբյուրներից, համաձայն որոնց` 2009 թվականի ապրիլի 5-ի ընտրություններից հետո հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են ոստիկանության կողմից Նախագահական նստավայրի, Կառավարության և Ազգային ժողովի շենքերի դիմաց տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո: Այդ հաշվետվություններում մատնանշվել են ձերբակալման, տեղափոխման ժամանակ և/կամ ոստիկանությունում կիրառված ֆիզիկական դաժան վերաբերմունքի մասին: Հանձնաժողովը նաև տեղեկություն է ստացել առ այն, որ որոշ անձինք մահացել են 2009 թվականի ապրիլի 7-8-ին ոստիկանության գործողությունների հետևանքով:
…10. 2009 թվականի այցի ընթացքում պատվիրակությունը նկատել է, որ կալանքի տակ գտնվողների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի պրակտիկան ոստիկանության կալանավայրերում (izolatoare de detenţie preventivă, abbreviated ''IDP'') մնացել է անփոփոխ: 2007 թվականի այցի վերաբերյալ հաշվետվության մեջ CPT-ն կոչ է արել Մոլդովայի իշխանություններին խստագույնս հետևել կալանավորների համար պատասխանատվությունը Արդարադատության նախարարության վրա դնելու որոշման կատարումը: Ի պատասխան դրա, Ներքին գործերի նախարարությունը մատնանշել է, որ պատասխանատվությունն Արդարադատության նախարարության վրա ժամանակավոր է դրվել: Այդուհանդերձ, 2009 թվականի այցի վերջում Արդարադատության նախարարը նշել է, որ IDP-ի պատասխանատվությունը չէր կարող դրվել դրա վերադաս նախարարության վրա, քանի որ այդ կալանավայրում պայմանները եղել են ոչ բնականոն:
CPT-ն կիսում է այն կարծիքը, որ IDP-ը չունի համապատասխան պայմաններ կալանավորված անձանց պահելու համար: Հանձնաժողովը, այնուամենայնիվ, ցանկանում է նշել է, որ վատ վերաբերմունքի կանխարգելման նկատառումներով որքան շուտ կասկածյալը հանձնվի կալանավայրի ղեկավարությանը, որը գործառույթներով և կառուցվածքով առանձնացված է ոստիկանությունից, այնքան լավ կլինի նրա համար: 2009 թվականի այցի արդյունքում արված հետևության համաձայն` ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ոստիկանության կողմից վիճարկվող վատ վերաբերմունքի գործերի մեծ մասը հարուցվել է միայն այն բանից հետո, երբ անձինք տեղափոխվել են Արդարադատության նախարարությանը ենթակա հաստատություններ կամ ազատ են արձակվել…:
…12. 2009 թվականի այցի ընթացքում CPT-ի պատվիրակությունը լսել է բավական մեծ թվով ճշմարտացի և հստակ բողոքներ ոստիկանության կողմից 2009 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ դրսևորված վատ վերաբերմունքի առնչությամբ: Մեծ թվով հարցաքննվածներ մատնանշել են ոստիկանության թողած հետքերը, որոնց համաձայն` վատ վերաբերմունք ցուցաբերվել է` կապված ագրեսիայի գործողությունների հետ, որոնք դրսևորվել են ոստիկանության նկատմամբ ապրիլի 7-ի ընթացքում:
…14. Պատվիրակությունը նաև վատ վերաբերմունքի մասին կարծիքներ է լսել կանանցից, տղամարդկանցից և անչափահասներից, որը դրսևորվել է ոստիկանությունում և կալանավայրում գտնվելու ժամանակ` ապրիլի 8-ի ընթացքում և/կամ դրան հաջորդող օրերին: Հարցաքննվածներից շատերը, որոնք ձերբակալվելուց հետո քիչ անց ազատ են արձակվել, բողոքել են օպերատիվ աշխատակիցների կողմից նախնական հարցաքննությունների ընթացքում կրկնվող երկարատև ծեծերից ( հարվածներ կամ ծեծ մահակներով կամ ջրով լցված շշերով): Պատվիրակությունը լսել է նաև մեծ թվով բողոքներ` կապված վատ վերաբերմունքի (կամ բռնաբարության) սպառնալիքի, ինչպես նաև ոստիկանությունում նախնական հարցաքննության ընթացքում` սպանության հետ: Հարցաքննվածները մատնանշել են ոչ միայն վատ վերաբերմունքի պատժիչ բնույթը, այլ նաև բողոքել են, որ դա կիրառվել է ցուցմունքներ կորզելու նպատակով»:
Հարցաքննվածներից շատերը նաև բողոքել են, որ իրենց ծեծել են մահակներով և հարվածներ են հասցրել ոստիկանների կողմից կազմված «միջանցքով» անցնելու ընթացքում` ոստիկանություն մտնելու կամ տեղափոխվելու ժամանակ:
Այնուհետև, պատվիրակությունն ստացել է մի շարք բողոքներ` կապված կալանավայրի աշխատակիցների կողմից գործադրված վատ վերաբերմունքի հետ: Որոշ դեպքերում իրավասու դատախազության մարմինները որոշել են, որ ենթադրյալ վատ վերաբերմունքը եղել են այնպիսին, որ այն կարող էր բնորոշվել որպես խոշտանգում… CPT-ն կիսում է այս կարծիքը: Ավելին, վերը նշված հետևությունները Հանձնաժողովին հանգեցնում են այն հետևությանը, որ, առանձին դեպքերից զատ, առկա է եղել վատ վերաբերմունքի դրսևորման կոնկրետ մոդել:
…22. Իր նախորդ այցի վերաբերյալ հաշվետվության մեջ CPT-ն նշել է, որ բուժանձնակազմի կողմից վնասվածքների արդյունավետ արձանագրումը կարող է էապես նպաստել ոստիկանությունում կալանավորված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի կանխարգելմանը, և կատարվել է խորհրդատվություն` նպատակ ունենալով բարելավել IDP-ում աշխատող բուժակների աշխատանքը: 2009 թվականի այցի ժամանակ պատվիրակությունը նկատել է միևնույն հետևանքները, որոնք արձանագրել էր նախորդ անգամ: Տեղի են ունեցել նոր կալանավորվածների հարցաքննության ձգձգումներ (մինչև մի քանի օր): Վնասվածքների արձանագրումը սովորաբար եղել է մակերեսային և, որպես կանոն, իրականացվել է կալանավայրի կամ օպերատիվ անձնակազմի ներկայությամբ, իսկ հետազոտության արդյունքում կազմված հաշվետվության կրկնօրինակը տրամադրվել է ոստիկանությանը: Զարմանալի չէ, որ կալանավորների ստացած վնասվածքները նկատվել և/կամ արձանագրվել են միայն այն բանից հետո, երբ նրանք ազատ են արձակվել կալանավայրից:
Դրան հակառակ, Չիսինաուի թիվ 13 կալանավայր բերելուն պես վնասվածքների արձանագրումն իրականացվել է ավելի լավ. նոր բերված կալանավորները զննվել են կալանավայրի բուժանձնակազմի կողմից, իսկ արձանագրությունները հետագայում փոխանցվել են դատախազության մարմիններին: Այդուհանդերձ, վնասվածքների արձանագրումը չի եղել լիովին բավարար: Մի շարք դեպքերում վնասվածքների նկարագրումը եղել է հակիրճ, իսկ արձանագրությունները հազվադեպ են պարունակել կալանավորի կարծիքը դրանց առաջացման աղբյուրի առթիվ:
…28. …Ազատությունից զրկված կասկածյալների համար անվճար իրավաբանական օգնության նոր համակարգը կիրառվել է 2008 թվականի կեսերից, այն բանից հետո, երբ ուժի մեջ է մտել Իրավաբանական օգնության մասին 2007 թվականի հուլիսի 26-ի օրենքը: Այդուհանդերձ, պատվիրակության կողմից հարցաքննված կալանավորների մեծ մասը բողոքել է ex officio նշանակված պաշտպաններից: Ex officio նշանակված որոշ պաշտպանների պասիվությունը 2009 թվականի ապրիլի իրադարձությունների ժամանակ, երբ նրանց վստահորդներն ստացել են ակնհայտ վնասվածքներ կամ բողոքել են վատ վերաբերմունքի կապակցությամբ, կասկածի տակ են դրել նրանց անկախությունը ոստիկանությունից և դատախազության մարմիններից:
29. Ոստիկանության կալանավայրում գտնվող անձի իրավունքը` հետազոտվելու բժշկի (ներառյալ` իր կողմից ընտրված բժշկի) կողմից, դեռևս հստակորեն երաշխավորված չէ օրենքով…Շատերը, ովքեր գտնվել են կալանքի տակ 2009 թվականի ապրիլի իրադարձությունների արդյունքում, բողոքել են, որ չնայած իրենց միջնորդություններին` կապված անկախ բուժօգնության հետ, նրանց մերժել են այդպիսի օգնություն տրամադրելու հարցում: Որոշ դեպքերում ոստիկանության անձնակազմը կալանավորված անձին ենթադրաբար մերժել է բժշկի դիմելու հարցում` նրանից համապատասխան ցուցմունք կամ այլ հայտարարություն ստանալու նպատակով: Այնուհետև, որոշ գործերից պարզ է դարձել, որ որոշ անձինք, որոնք ունեցել են ակնհայտ վնասվածքներ, չեն ստացել բուժօգնություն այն հիմքով, որ իրենք հատուկ չեն դիմել դրա համար: Նման իրավիճակները ոչ միայն զրկում են կալանավորված անձանց երաշխիքից, որը կարող է մեծ դեր ունենալ վատ վերաբերմունքի կանխարգելման գործում, այլև դրանք կարող են ունենալ լուրջ հետևանքներ կալանավորված անձանց առողջության համար: Պարզ է, որ անկախ բժշկի դիմելը չպետք է թողնվի ոստիկանների հայեցողությանը:
…40. Ոստիկանության նկատմամբ հանրային դատախազների կողմից վերահսկողությունն ուժեղացել է տարիների ընթացքում` այն ժամանակից ի վեր, երբ CPT-ն այցելել է Մոլդովա 1998 թվականին: 2009 թվականի հետընտրական իրադարձություններից քիչ անց դատախազներն այցելել են ոստիկանության կալանավայրեր: Պատվիրակությունը տեղեկացել է, որ նրանք ստացել և ընթացք են տվել մի շարք բողոքների, կապված վատ վերաբերմունքի հետ:
Այդուհանդերձ, շատ անձինք, որոնց հետ հանդիպել է պատվիրակությունը, և որոնք կալանավորված են եղել այդ ժամանակ, բողոքել են, որ մինչ այդ այցելությունները ոստիկաններն իրենց զգուշացրել են, որպեսզի իրենք բողոքներ չներկայացնեն իրենց այցելող դատախազներին: Բացի դրանից, դատախազներին ուղեկցել են ոստիկանները, և նրանք չեն փորձել մեկուսի խոսակցություն ունենալ կալանավորված անձանց հետ:
…43. … Ապրիլյան իրադարձությունների երկրորդ ալիքի ժամանակ մի շարք անձինք, որոնց հետ հանդիպել է պատվիրակությունը, հարցաքննվել են առանձին (Խոշտանգումներին կանխարգելման խորհրդատվական խորհրդի կողմից2) կալանքի տակ գտնվելու ընթացքում…Ապա 2009 թվականի ապրիլի 9-23-ին ութ դեպքերում Խորհրդի անդամները, ըստ հայտարարությունների, չեն կարողացել իրականացնել իրենց աշխատանքները` տեսակցության արգելք (ապրիլի 9-ին և 11-ին), տեսակցությունների ձգձգում (մինչև երկու ժամ տևողությամբ), ինչպես նաև կալանավայրերի գրանցամատյաններին ծանոթանալու արգելք: Ոստիկանները, որոնց հետ հանդիպել է պատվիրակությունը, այդ թերացումները հիմնավորել են ոչ լիարժեք տեղեկացվածությամբ, հատկապես` կապված Խորհրդի կազմի հետ:
44. Համառոտ` 2009 թվականի ապրիլի հետընտրական ժամանակահատվածում խոչընդոտվել է անկախ մարմինների մուտքը, ինչը թույլ չի տվել, որպեսզի համապատասխան գործառույթներն իրականացվեն արդյունավետորեն: Այդուհանդերձ, պատվիրակության կարծիքով` իրենց գործունեության արդյունքում արվել են շատ լուրջ հետևություններ:
…61. CPT-ն ընդունում է, որ ապրիլյան իրադարձությունների հետ կապված ոստիկանության կողմից դրսևորված վատ վերաբերմունքի դեպքերի մեծ թիվը հանգեցրել է դատախազության մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման առումով լուրջ տարակուսանքի: Այդուհանդերձ, այդ հանգամանքը պետք է արագացներ նրանց կողմից դրսևորելու առավել ընդհանրական և գլոբալ մոտեցման դրսևորումը` կապված իրադարձությունների ժամանակահատվածի հետ, ներառյալ ոստիկանները և ենթադրյալ զոհերը, հավանական վկաները և մասնագետները (բուժանձնակազմ): Իսկապես, շատ բողոքներում և այլ տեղեկություններում, որոնցում մատնացույց են արվել վատ վերաբերմունքը, հղում են կատարվել նույն իրադարձություններին` նույն վայրում միևնույն մոդելով վատ վերաբերմունքի և, հնարավոր է` միևնույն ոստիկանների առնչությամբ: Հստակ է, որ սխալ մոտեցում է գործերի առնչությամբ իրականացնել անհատական քննություններ` չտեսնելով դրանցում ընդհանրություն և չիրականացնելով պատշաճ համակարգում:
…63. Այցի ընթացքում քննված գրեթե բոլոր դեպքերի առումով կատարված գործողությունները դեռևս չեն հանգեցրել վատ վերաբերմունքի հնարավոր պատասխանատուների և/կամ այլ պաշտոնյաների բացահայտմանը, որոնք կարող էին թույլ տալ կամ խրախուսել նման վերաբերմունքը: Դատախազները, որոնց հետ հանդիպել է պատվիրակությունը, այս իրավիճակը բացատրել են նրանով, որ հնարավոր չի եղել պարզել կասկածյալներին, քանի որ ոստիկանները եղել են դիմակավորված, կամ` այն փաստով, որ տուժողների դրությունը նրանց թույլ չի տվել տեսնել վնասվածքներ հասցրած ոստիկաններին: Այդուհանդերձ, 2009 թվականի այցի ժամանակ պարզ է դարձել, որ դատախազության մարմինների կողմից չեն ձեռնարկվել քայլեր մի շարք գործերով, որոնցով տուժողները նշել են, որ իրենք կարող են ճանաչել վատ վերաբերմունք դրսևորած ոստիկանության աշխատակիցներին:
«Ապա գլխավոր տեղեկությունը, որը կարող էր հանգեցնել BPDS «Fulger»-ի շարքում հավանական կասկածյալների և վկաների բացահայտմանը (ինչպիսին է ձերբակալման արձանագրությունը), դեռևս չեն հետազոտվել վատ վերաբերմունքի առնչությամբ քննությունների համատեքստում, ընդհակառակը, նման տեղեկությունը վերանայվել է 2009 թվականի ապրիլի 7-ին տեղի ունեցած զանգվածային անկարգության և ապօրինի զավթման հետ կապված գործի քննությամբ զբաղվող դատախազների կողմից: Ուշագրավ է նաև այն, որ Ներքին գործերի նախարարության պաշտոնատար անձանց և ոստիկանության աշխատակիցների պատասխանատվությունը չի շոշափվել վատ վերաբերմունքի վերաբերյալ գործը վարող դատախազների կողմից: CPT կարծիքով` փաստը, որ նման կարևոր հարցով զբաղվել են զանգվածային անկարգությունների և ապօրինի զավթման գործով զբաղվող դատախազները, կարող էր լրջորեն վնասել այս առթիվ ձեռնարկված որևէ քննչական գործողության անկողմնակալությունը:
66. Երբ քննվող գործերը հնարավոր է, որ կապ ունեն վատ վերաբերմունքի դրսևորումների հետ, դատախազության մարմինները պարտավոր են ձեռնարկել պատշաճ քննչական գործողություններ: Դատախազության մարմինները հիմնականում ջանացել են արձագանքել 2009 թվականի իրադարձությունների հետ կապված ոստիկանության աշխատակիցների կողմից ենթադրաբար կիրառված վատ վերաբերմունքի դեպքերին, նույնիսկ ձևական բողոքի բացակայության պայմաններում, երբ այն գրավել է իրենց ուշադրությունը: Այդուհանդերձ, վերը նշված հետևություններից բխում է, որ շատ գործերով իրավասու դատախազության մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ժամանակին ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ և չեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պատասխանատուներին բացահայտելու համար:
Պետք է նշել, որ շատ հնարավոր տուժողներ, որոնք հարցաքննվել են պատվիրակության կողմից, ներառյալ նրանց, որոնք դեռևս չէին ներկայացրել պաշտոնական բողոքներ, ինչպես և նրանց պաշտպաններն արտահայտել են հիմնականում իրենց անվստահությունը դատախազության մարմինների, ներառյալ` զինվորական ոստիկանների արձագանքի հանդեպ: Նրանք գտել են, որ այդ մարմինները չէին իրականացնի արդյունավետ քննություն ոստիկանության կողմից ենթադրաբար գործադրված վատ վերաբերմունքի առթիվ: CPT կարծիքով, ոստիկանության դեմ բողոքելու մեխանիզմը պետք է վայելի հանրության վստահությունը, այն ոչ միայն պարզապես պետք է լինի անկախ, այլ այն պետք է անկախ լինի ոստիկանությունից:
Ապա 2009 թվականի հոկտեմբերի 26-ին մոլդովական իշխանությունները տեղեկացրել են Հանձնաժողովին, որ այցից հետո դատախազության մարմինները «դիմել են այլ քննչական տակտիկայի», այն է` պատասխանատվության հիմնական մասը վերագրել են ոստիկանության ավագ աշխատակիցներին…»:
35. Կառավարական քննչական հանձնաժողովի հաշվետվության համապատասխան մասում, որում մեկնաբանվում էին Մոլդովայում 2009 թվականի ապրիլի 5-ին կայացած ընտրություններին հաջորդած դեպքերը և հետևանքները, ասված էր հետևյալը.
«IV. 2.1.1. Կասկածյալների թիվը և բնույթը
… Ներքին գործերի նախարարությանը պատկանող հաստատությունների գրանցամատյանների համաձայն` 571 անձ ձերբակալվել է 2009 թվականի ապրիլի 7-12-ին…Այդ անձանց մեծ մասը ձերբակալվել է 2009 թվականի ապրիլի 7-9-ին:
Ավելին, կասկածյալների վերաբերյալ արձանագրությունների և պետական մարմինների կողմից տրամադրված նյութերի հետազոտությունը ցույց է տվել, որ մոտ 70 անձի ձերբակալում չի արտացոլվել կալանավայրերի գրանցամատյաններում: Մի շարք գործերում գրանցումներում չի արտացոլվել այն, որ կասկածյալները տեղափոխվել են հիվանդանոց ստացած վնասվածքների համար: Շատ գրանցումներում նշված է միայն հետևյալը. «Սուրբ Ստեֆան Մեծից (Ştefan cel Mare), «Կառավարության շենքից», «Նախագահի նստավայրից» «Ազգային ժողովից» կամ նույնիսկ` «բացատրություններ ստանալու համար» և «թիվ … բաժանմունքից (հավանաբար, բաժանմունքի թիվը համապատասխան ոստիկանական բաժանմունքների թիվն է, որտեղից տեղափոխվել էին կալանավորվածները)», առանց որևէ հետագա մանրամասների:»
Այդուհանդերձ, իշխանությունները հայտարարել են, որ 274 ոստիկան և այլ աշխատակիցներ վնասվածքներ են ստացել 2009 թվականի ապրիլի 7-ի դեպքերի հետևանքով, միայն երեք հոգի է ձերբակալվել նման վնասվածքներ պատճառելու համար, շատերը կասկածվել են թեթև խուլիգանության համար և հրաժարվել են ենթարկվել կամ էլ վիրավորանքներ են հասցրել ոստիկաններին: Հանձնաժողովը եզրակացրել է, որ «մարդկանց ուղղակի ներկայությունը համապատասխան փողոցներում և շենքերում բավարար հիմք է եղել նրանց ձերբակալելու և ոստիկանության բաժանմունքներ բերելու համար»:
Հանձնաժողովը գտել է, որ «միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, զանգվածային լրատվամիջոցները, ՀԿ-ները և ընդհանուր առմամբ հասարակությունն արդարացիորեն անհանգստություն են դրսևորել 2009 թվականի ապրիլի դեպքերից հետո ոստիկանության ոչ տեղին և ոչ համաչափ գործողությունների առթիվ: Շատերը ոստիկանության կողմից ձերբակալվել են կամայականորեն, առանց հանցագործություն կատարելու մեջ հիմնավոր կասկածի: Ներքին գործերի նախարարության օպերատիվ ծառայությունները չեն բացահայտել Ներքին գործերի նախարարությունից հենց իրենց գործընկերների նկատմամբ ագրեսիվ գործողություններ դրսևորած պատասխանատուներին. ոստիկանությունը կալանավորվածների նկատմամբ դրսևորել է վատ վերաբերմունք և տանջանքի է ենթարկել նրանց և թույլ է տվել Սահմանադրությամբ երաշխավորված դատավարական իրավունքների լուրջ խախտումներ»:
«IV .2.2. Դատարանների գործողությունները»
Մոլդովայի Հանրապետության ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ է, որ կալանավորվածների գործերը, որոնց ոստիկանները կասկածել են ապրիլի 7-ի դեպքերի հետ կապված վարչական կամ քրեական հանցագործությունների կատարման մեջ, քննվել են ոստիկանության բաժանմունքներում:
…Մ.Դ.-ն` Բույուկանի շրջանային դատարանի նախկին քննող դատավորը, հայտնել է Հանձնաժողովին, որ նա միայն քննել է վարչական գործեր 2009 թվականի ապրիլի 10-ին GPD-ում` մոտավորապես ժամը 13:00-ին և 16:40-ին: Նա քննել է GPD-ում ինը գործ…Ոչ ոք չի բողոքել վատ վերաբերմունքի առնչությամբ: Չեն դիմել նաև նրանց պաշտպանները: Ավելին, չի եղել վատ վերաբերմունքի որևէ ակնհայտ նշան»:
Հանձնաժողովը նաև կազմել է վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց` դատավորներն ընդունել են 2009 թվականի ապրիլի դեպքերի կապակցությամբ կասկածվող անձանց կալանավորելու որոշում ստանալու վերաբերյալ դատախազների միջնորդությունների 80 տոկոսը: Նման 148 միջնորդությունների 88 տոկոսը քննվել է նիստերի դահլիճից դուրս, իսկ նման գործերի մեծ մասը քննվել է GPD-ի շենքերում:
Հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերի համաձայն` դատավոր Մ.Դ.-ն 2009 թվականի ապրիլի 10-ին GPD-ում քննել է 15 գործ: Նա բավարարել է դատախազի բոլոր միջնորդությունները` հատկացնելով յուրաքանչյուր գործին 22-30 րոպե:
2009 թվականի ապրիլի դեպքերի հետ կապված քննող դատավորներից յուրաքանչյուրի կողմից կայացված որոշումների մեծ մասն ըստ էության նույնն էր: Իրենց պաշտպանյալներին կալանավորելու վերաբերյալ որոշումների դեմ պաշտպանների կողմից բերված բողոքներից 60-ն ընդունվել է Վերաքննիչ դատարանի կողմից, և կալանավորվածներից ոմանք ազատ են արձակվել կամ նրանց նկատմամբ կիրառվել է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց:
Բոլոր դատավորները, որոնք քննել են 2009 թվականի ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը, հայտնել են Հանձնաժողովին, որ իրենք չեն նկատել վատ վերաբերմունքի ակնհայտ հետքեր իրենց մոտ բերված անձանց վրա: Միայն մեկ դեպքում են կալանավորված անձը և նրա պաշտպանը բողոքել վատ վերաբերմունքի առթիվ: Հանձնաժողովը նկատել է այս հայտարարությունների և մի շարք տուժողների հայտարարությունների միջև առկա հակասությունները, որոնք դատարաններում բողոքել են վատ վերաբերմունքի հետ կապված, սակայն` ապարդյուն:
Գլխավոր դատախազի կողմից տրված պատասխանի համաձայն` 105 բողոք է ստացվել 2009 թվականի ապրիլի 7-ին և 8-ին ոստիկանության կողմից դրսևորված վատ վերաբերմունքի վերաբերյալ: Նրանցից 100-ի բժշկական հետազոտության արդյունքում 64-ի մոտ հայտնաբերվել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Արդյունքում` 33 դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Հանձնաժողովը գտել է, որ «Դատախազության գործողությունները` կապված վատ վերաբերմունքի և խոշտանգումների առնչությամբ քննություն իրականացնելու և պատասխանատուներին պատժելու հետ, սկզբնական փուլում եղել են «սահմանափակ», երբեմն նույնիսկ ցույց է տրվել, որ կալանավորվածներն իրենց մարմինների վրա նկարել են վնասվածքներ … Միևնույն ժամանակ … հաստատվել է, որ դատախազները, ինչպես նաև դատավորները չեն ձեռնարկել լուրջ միջոցներ խոշտանգումների գործողությունները դադարեցնելու ուղղությամբ, նույնիսկ երբ վնասվածքների հետքերը եղել են ակնհայտ»:
Հանձնաժողովը, inter alia, եզրակացրել է, որ 2009 թվականի ապրիլի 7-ի գիշերը ոստիկանության գործողությունները եղել են ոչ համաչափ և ապօրինի»:
36. «Ազատություն, պաշտպանություն և խոշտանգում: Մոլդովայում 2009 թվականի ապրիլյան իրադարձությունները» իրենց հաշվետվությունում Մոլդովայի` Մարդու իրավունքների ինստիտուտը (IDOM) և Մարդու իրավունքների ծառայությունների կենտրոնը, inter alia, գտել են, որ.
«Ոստիկանությունը պատասխանատու է կույր դաժանության համար, իրականացրել է մեծ թվով չարդարացված ձերբակալություններ, ծեծեր և սպառնալիքներ:
Ներքին գործերի նախարարության կալանավայրում ձերբակալությունները և կալանքները մեծամասամբ և շարունակաբար կիրառվել են որպես ոստիկանության գործողությունների արդյունք:
Ձերբակալությունները և կալանավորումները շատ գործերով կատարվել են առանց բացատրությունների և առանց հիմքերի»:
Հաշվետվության հեղինակները նաև գտել են, որ կալանավորվածների 64 տոկոսը բողոքել է, որ իրենք ծեծի են ենթարկվել ոստիկանների կողմից` կալանքի տակ գտնվելու ընթացքում, իսկ 81 տոկոսը ծեծի է ենթարկվել ձերբակալման ժամանակ: Ոստիկանության դաժանությունը հանգեցրել է երկու հաստատված մահվան, ինչպես նաև տասը կասկածահարույց գործերի: 2009 թվականի ապրիլյան իրադարձությունների արդյունքում ձերբակալվածների 40 տոկոսին բավականին երկար ժամանակ չի տրվել պաշտպան ունենալու հնարավորություն, իսկ իրավաբանական ներկայացուցչության 79 տոկոսն իրականացվել է պետության կողմից նշանակված պաշտպանների կողմից:
37. Մոլդովայի փաստաբանների միության («MBA») 2009 թվականի ապրիլի 17-ի հայտարարության համապատասխան մասի համաձայն`
«[«MBA»] դատապարտում է ինչպես 2009 թվականի ապրիլի 7-ի ցույցերի ընթացքում որոշ անձանց կողմից դրսևորված բռնի գործողությունները, այնպես էլ պետական իշխանությունների բռնի և ճնշիչ գործողությունները 2009 թվականի ապրիլի 7-ից հետո:
…[MBA] անընդունելի է համարում և դատապարտում է պաշտպանների և նրա պաշտպանյալների հանդիպումներն արգելելու դեպքերը, ինչպես նաև պաշտպաններին գործի նյութերին ծանոթանալ թույլ չտալու դեպքերը, ինչպես նաև այն փաստը, որ շատ ձերբակալվածներ ինքնակամ են հրաժարվել պաշտպաններից, քանի որ նրանց` իրենց կամքին հակառակ, առաջարկել են պաշտպան նշանակել պետության հաշվին, որոնցից ոմանք ունեցել են պարզապես ձևական դեր, իսկ ոմանք իրենց մասնակցությամբ հաստատել են կալանավորվածների նկատմամբ կատարված գործողությունների ապօրինությունը…»:
Օրենք
I. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտում
38. Դիմողը բողոքել է, որ խախտվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, հատկապես` կապված վիճարկվող վատ վերաբերմունքի և վատ վերաբերմունքի առթիվ ոչ բավարար քննության կատարման հետ: Նա նաև բողոքել է կալանքի անմարդկային պայմանների առթիվ : 3-րդ հոդվածի համաձայն.
«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Ընդունելիություն
39.Դատարանը գտնում է, որ դիմումն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) կետի իմաստով: Ապա Դատարանը նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ պատճառով այն պետք է հայտարարվի ընդունելի:
B. Գործի հանգամանքները
1. Կողմերի դիրքորոշումը
40. Կառավարությունը հայտարարել է, որ 2009 թվականի ապրիլի 8-ին դիմողը չի ենթարկվել վատ վերաբերմունքի կալանքի տակ գտնվելու ընթացքում: Հատկապես, դեպքերի վերաբերյալ նրա վարկածը հերքվել է բժշկի եզրակացությամբ, որը զննել էր նրան 2009 թվականի ապրիլի 8-ին: Դիմողը 2009 թվականի ապրիլի 8-ին բժշկին չի բողոքել վատ վերաբերմունքի առթիվ, չի բողոքել դատախազին, որը հարցաքննել է նրան այդ օրը, չի բողոքել նաև քննող դատավորին, որը կայացրել է նրան կալանավորելու մասին որոշում 2009 թվականի ապրիլի 10-ին: Ավելին, քանի որ դիմողի դեմքին առկա վնասվածքները տեսանելի են եղել, դրանք պետք է ակնբախ լինեին դատախազի մոտ հարցաքննության ժամանակ` 2009 թվականի ապրիլի 8-ին, ինչպես նաև դատական նիստի ժամանակ` 2009 թվականի ապրիլի 10-ին: Դիմողը վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոք է ներկայացրել միայն 2009 թվականի ապրիլի 14-ին, ինչը չի հիմնավորվել որևէ ապացույցով: Թեև 2009 թվականի նոյեմբերի 14-ի բժշկական հետազոտությամբ հայտնաբերվել են թեթև վնասվածքներ նրա դեմքին, սակայն դրանք կարող էին առաջացած լինել տարբեր հանգամանքների բերումով, ինչպիսին է, օրինակ, այլ կալանավորվածների կողմից բռնությունը: Նմանապես, չկար որևէ ապացույց առ այն, որ դիմողին GPD-ում ստիպել են անցնել «մահվան միջանցքով»` 2009 թվականի ապրիլի 10-ին: Մոլդովայի «Մեմորիալ» բժշկական կենտրոնի նյութերը հիմնված են եղել դիմողի հոգեկան վիճակի սուբյեկտիվ գնահատման վրա, այլ ոչ թե որևէ բժշկական նյութի: Նաև այդ նյութերը կազմվել են 2009 թվականի ապրիլյան իրադարձություններից բավականին ուշ և ավարտվել են 2009 թվականի սեպտեմբերին: Վերջապես, դեպքերի վերաբերյալ դիմողի վարկածը հերքվել է նրա ընկերոջ` Ս.-ի կողմից, որը ձերբակալվել էր դիմողի հետ` միևնույն ժամանակ:
41. Ինչ վերաբերում է դիմողի բողոքին` կապված վատ վերաբերմունքի առթիվ կատարված քննության հետ, պետք է նշել, որ այն եղել է պատշաճ և արդյունավետ: Ներգրավված համապատասխան բոլոր անձինք հարցաքննվել են, կատարվել է երկու բժշկական հետազոտություն: Քանի որ Ս.-ն հերքել է դեպքերի վերաբերյալ դիմողի վարկածը, ինչպես նաև կոնկրետ որևէ ոստիկանի վերաբերմամբ որևէ ապացույցի բացակայության պայմաններում քրեական գործով քննությունը չի ունեցել հաջողության հասնելու որևէ հեռանկար ներպետական դատարաններում:
42. Դիմողը հայտարարել է, որ իրեն ոստիկանության բաժանմունք են բերել լավ առողջական վիճակում, և նա վնասվածքներն ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: 2009 թվականի ապրիլի 8-ին դատախազի կողմից հարցաքննվելու ընթացքում ոչ ոք իրեն չի բացատրել, որ ինքը կարող էր բողոք ներկայացնել դատախազին վատ վերաբերմունքի առթիվ: Ավելին, այդ դատախազը հարցեր էր տվել միայն իր դեմ քրեական գործի քննության կապակցությամբ, ինչն իր մոտ վստահություն չի առաջացրել, որ իրեն կարող էր այդ դատախազն օգնել կանխելու հետագա վատ վերաբերմունքը: Դիմողն ավելացրել է, որ ինքը չի վստահել իշխանությունների կողմից նշանակված պաշտպանին, և իրեն չի բացատրվել, որ ինքը` իր իսկ ցանկությամբ կարող է պաշտպան վարձել: Ոստիկանությունում հարցաքննության ընթացքում պաշտպանի ձևական ներկայությունը իրեն չի բերել այն համոզվածության, որ ինքը կրկին չի ենթարկվի վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից, եթե բողոք ներկայացնի դատախազին, մանավանդ որ իրեն թույլ չեն տվել նույնիսկ տեղեկացնելու իր ծնողներին իր գտնվելու վայրի մասին: Միայն այն բանից հետո, երբ իր ծնողների կողմից վարձած փաստաբանն այցելել է իրեն 2009 թվականի ապրիլի 14-ին` թիվ 13 բանտում, ինքն իրեն զգացել է բավականին ապահով և կարողացել է ներկայացնել բողոք, ինչպես նաև ենթարկվել է բժշկական հետազոտության, որի ընթացքում նա տեղեկացրել է բժշկին իր վնասվածքների առաջացման պատճառների մասին:
43. Դիմողի կարծիքով, դատախազը չի կատարել քննության հետ կապված իր պարտականությունները, չի ստուգել, օրինակ, թե դիմողին ինչ մեքենայով են բերել թիվ 13 բանտ, և թե որ ոստիկաններն են ուղեկցել իրեն այդ առթիվ: Ամենակարևորն այն է, որ քրեական գործ չէր հարուցվել: Ավելին, դատախազի ստուգումները սահմանափակվել են դիմողի և հնարավոր մեղավորների հարցաքննությամբ: Նա չի կազմակերպել ճանաչում` անտեսելով դիմողի հայտարարությունն առ այն, որ ինքը կարող էր ճանաչել ոստիկաններին: Դատախազը չի ձեռնարկել որևէ քայլ պարզելու համար դիմողի հետ կալանավորված մյուս անձանց, որոնք կարող էին հաստատել կամ հերքել դիմողի դեմքին 2009 թվականի ապրիլի 8-ին վնասվածքների առկայությունը:
2. Դատարանի գնահատականը
44. Ինչպես Դատարանը բազմիցս նշել է, հոդված 3-ը նախատեսում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում, ինչպիսին է, օրինակ, ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, Կոնվենցիան բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը: Ի տարբերություն Կոնվենցիայի և դրան կից Թիվ 1 և Թիվ 4 արձանագրությունների, 3-րդ հոդվածը չի սահմանում որևէ բացառություն, և 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով թույլ չի տալիս որևէ շեղում նույնիսկ արտակարգ իրավիճակներում, որոնք կարող են սպառնալ հանրության կյանքին (տես` Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 95, ՄԻԵԴ 1999‑V և Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, 1998թ. հոկտեմբերի 28, կետ 93, Վճիռների և Որոշումների Ժողովածու 1998-VIII):
45. Վատ վերաբերմունքի առթիվ բողոքները պետք է հիմնավորվեն համապատասխան ապացույցներով (տես` mutatis mutandis, Կլասն ընդդեմ Գերմանիայի, 1993թ. սեպտեմբերի 22, կետ 30, Series A թիվ 269): Այդ ապացույցները գնահատելու համար Դատարանն ընդունում է «կասկածից վեր» ապացուցման չափանիշը: Այդուհանդերձ, գործի հանգամանքները լիովին կամ մասամբ ճիշտ չեն իշխանությունների բացառիկ իմացությամբ, ինչպես կալանավայրերում համապատասխան հսկողություն իրականացնող անձանց դեպքում, փաստերի հաստատուն կանխավարկած է ի հայտ գալիս նման կալանքի ընթացքում առաջացած վնասվածքների առնչությամբ: Նման դեպքերում ապացուցման բեռն ընկնում է իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես` Սալմանն ընդդեմ Թուրքիայի [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII): Նման բացատրության բացակայության պայմաններում Դատարանը կարող է հանգել այնպիսի հետևության, որը կարող է չլինել պատասխանող Կառավարության օգտին (տես Օրհանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 25656/94, կետ 274, 2002թ. հունիսի 18):
46. Ավելին, երբ անձը բարձրացնում է վիճահարույց բողոք առ այն, որ ինքը ենթարկվել է վտանգավոր վատ վերաբերմունքի` ի խախտումն 3-րդ հոդվածի, այդ դրույթը, «Իր իրավազորության ներքո գտնվող անձանց` Կոնվենցիայով երաշխավորված իրավունքները և ազատությունները պաշտպանելու»` Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, արդյունքում, որպեսզի տեղի ունենա արդյունավետ պաշտոնական քննություն: Քննության պարտականությունը «Ոչ թե արդյունքի, այլ միջոցների պարտականություն է». ամեն քննություն չէ, որ պետք է անպայման լինի հաջողված կամ հանգեցնի հետևության, որը կհամընկնի բողոքողի` կողմից ներկայացրած դեպքերի վերաբերյալ վարկածին, այդուհանդերձ, այն ըստ էության պետք է կարողանա հանգեցնել գործի փաստերի հաստատմանը, եթե ապացուցվի, որ բողոքը ճշմարտացի էր, այն պետք է հանգեցնի պատասխանատուների բացահայտմանն ու պատժին: Այդպիսով, վատ վերաբերմունքի վերաբերյալ լուրջ բողոքների կապակցությամբ քննությունը պետք է լինի խիստ պատշաճ: Դա նշանակում է, որ իշխանությունները պետք է մշտապես լուրջ քայլեր ձեռնարկեն պարզելու համար, թե ինչ է կատարվել, և չպետք է հիմնվեն հապճեպ կամ թյուր հիմնավորված հետևությունների վրա` իրենց քննությունն ավարտելու կամ որոշումներ կայացնելու համար: Նրանք պետք է ձեռնարկեն հիմնավոր քայլեր դեպքին առնչվող համապատասխան ապացույցներ ձեռք բերելու համար, ներառյալ, inter alia, վկաների ցուցմունքները, դատաբժշկական ապացույցները և այլն: Քննության ցանկացած թերացում, որը խոչընդոտում է վնասվածքների առաջացման պատճառները պարզելուն կամ պատասխանատուներին հայտնաբերելուն, կարող է կանգնեցնել այս սկզբունքին հակասելու ռիսկի առաջ (տես` Միխեևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 77617/01, կետ 107 et seq, 2006թ. հունվարի 26 և Ասենովն և այլոք ընդդեմ Բուլղարիայի, կետ 102 et seq):
47. Վերջապես, Դատարանը Բատին և այլոք ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 33097/96 և 57834/00, ՄԻԵԴ 2004‑IV (extracts) որոշել է, որ .
«136. Կասկածից վեր է, որ քննության պատշաճությունն ու հիմնավոր լինելը ենթադրվում է այս համատեքստում: Վատ վերաբերմունքի առթիվ բողոքների քննության մեջ պատշաճ պատասխանը սովորաբար կարող է համարվել էական օրենքի նկատմամբ հանրության համոզվածության, վստահության ապահովման և ցանկացած գաղտնի համաձայնության բացառման և ապօրինի գործողությունների նկատմամբ հանդուրժողականության հարցում (տես` Ինդելիկատոն ընդդեմ Իտալիայի, թիվ 31143/96, կետ 37, 2001թ. հոկտեմբերի 18 և and Օզգյուր Կիլիջն ընդդեմ Թուրքիայի (dec.), թիվ 42591/98, 2002թ. սեպտեմբերի 24): Չնայած կարող են լինել բարդություններ կամ խոչընդոտներ, որոնք թույլ են տալիս կոնկրետ իրավիճակում քննության զարգացման արգելակում, սովորաբար իշխանությունների համար կարող է կարևոր լինել քննությունն արդյունավետ իրականացնելը` օրենքի նկատմամբ հանրության վստահությունն ու համոզվածությունն ապահովելու, գաղտնի համաձայնության կամ ապօրինի գործողությունների նկատմամբ հանդուրժողականությունը բացառելու համար (տես` mutatis mutandis, Փոլ և Էնդրյու Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 46477/99, կետ 72, ՄԻԵԴ 2002‑II)»:
(a) 3-րդ հոդվածի էությունը
48. Դատարանը նկատում է, որ ի տարբերություն այլ գործերի, որոնք Դատարանը քննել է Մոլդովայի առիթով կապված վատ վերաբերմունքի առնչությամբ առանձին գործերի հետ, տվյալ գործը կարծես թե համապատասխան կարճ ժամանակի վերաբերող մեծ թվով նմանատիպ բողոքների մի մասն է կազմում: Իրադրությունը Խոշտանգումների կանխարգելման Եվրոպական հանձնաժողովի կողմից համարվել է այնքան լուրջ, որ «2009 թվականի ապրիլին հետընտրական իրադարձությունների համատեքստում ոստիկանության կողմից գործադրված վատ վերաբերմունքի ճշմարտացի և հաջորդական մեծ թվով բողոքները» դիտարկելուց հետո արվել է հետևություն առ այն, որ «առկա է եղել ոչ թե առանձին դեպք, այլ վատ վերաբերմունքի հետ կապված դեպքերի մոդել» (տես վերը` կետ 34, CPT 2009 թվականի հաշվետվության կետեր 10 և 15): Նմանատիպ հետևություններ արվել են Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի կողմից («հիմնարար իրավունքների մեծամասշտաբ խախտումներ` կապված վատ վերաբերմունքի դրսևորման հետ», տես վերը` կետ 33), իսկ կառավարական քննչական հանձնաժողովը, որի խնդիրն էր մեկնաբանել Մոլդովայում 2009 թվականի ապրիլի 5-ին կայացած ընդհանուր ընտրություններին հաջորդած իրադարձությունների պատճառները և հետևանքները, նշել է, որ («շատերը ձերբակալվել են ոստիկանության կամայականության արդյունքում …, ոստիկանությունը դրսևորել է վատ վերաբերմունք և խոշտանգումների գործողություններ կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ», տես վերը` կետ 35):
49. Մտապահելով այն, ինչ տեղի է ունեցել շարունակաբար և մեծամասշտաբ` ոստիկանության կողմից կալանավորվածների նկատմամբ, Դատարանը դեռևս պետք է պարզի, թե արդյոք դիմողը ներկայացրել է բավարար ապացույցներ առ այն, որ ինքն անձամբ ենթարկվել է վատ վերաբերմունքի, որպեսզի կարողանա հանգել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման մասին հետևության: Այս առթիվ Դատարանը նշում է, որ երբ դիմողը բերվել է ոստիկանության բաժին` նրան ձերբակալած ոստիկանները և նրանք, ովքեր պատասխանատու են նրա կալանքի համար, չեն նկատել որևէ հետք դիմողի մարմնի վրա: Հետևաբար, նա կալանավայր է բերվել լավ առողջական վիճակում 2009 թվականի ապրիլի 7-ին (ըստ Կառավարության` ապրիլի 8-ին): Ավելին, համաձայն Կառավարության կողմից ներկայացված բժշկական արձանագրության` 2009 թվականի ապրիլի 8-ին դիմողը զննվել է բժշկի կողմից, որը չի նկատել վատ վերաբերմունքի հետքեր (տես վերը` կետ 15): Այդուհանդերձ, կալանքի տակ գտնվելու ընթացքում մեկ շաբաթ անց մեկ այլ բանտային բժիշկ հայտնաբերել է վնասվածքներ դիմողի դեմքին (տես վերը` կետ 20):
50. Դատարանի կարծիքով, Կառավարությունը չի ներկայացրել ընդունելի բացատրություն դիմողի վնասվածքների առաջացման վերաբերյալ, որոնք նա ստացել է կալանքի տակ գտնվելու ընթացքում: Ավելին, տարբեր միջազգային և ներպետական մարմինների կողմից ներկայացված մի շարք հաշվետվություններ հաստատել են թիվ 13 բանտում ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ որևէ բողոքի առարկությունը, մինչդեռ այդ բողոքների մեծ մասը վերաբերել է GPD ոստիկանության բաժանմունքում դրսևորված վատ վերաբերմունքին (տես վերը` կետեր 33 և 34): Իրոք դիմողը երբեք չի բողոքել թիվ 13 բանտում որևէ բռնության կիրառումից: Դատարանը եզրակացնում է, որ գործի նյութերից ձևավորվում է հաստատուն կանխավարկած, որը ոչ բավարար չափով է հերքվում Կառավարության կողմից` կապված այն հանգամանքի հետ, որ դիմողն իր վնասվածքներն ստացել է ավելի վաղ` Բոտանիկայի ոստիկանության բաժանմունքում կամ GPD կալանավայրերում` 2009 թվականի ապրիլի 8-10-ին: Այս առումով կարևոր է նաև ստուգել` արդյոք պետական իշխանություններն իրականացրել են արդյունավետ քննություն` համապատասխան հանգամանքներն ստուգելու համար: Նման արդյունավետ քննություն չիրականացնելով և կալանավայր բերման ենթարկելիս անձի առողջական վիճակը չստուգելով` «… Կառավարությունը չի կարող հիմնվել նրանց պաշտպանության սահմանափակման վրա և հայտարարել, թե վնասվածքները դիմողն ստացել է ոստիկանությունում կալանքի տակ գտնվելուց առաջ» (Թուրքանն ընդդեմ Թուրքիայի, թիվ 33086/04, կետ 43, 2008թ. սեպտեմբերի 18, Պոպան ընդդեմ Մոլդովայի, թիվ 29772/05, կետեր 39-45, 2010թ. սեպտեմբերի 21):
51. Ավելին, դիմողը բողոքել է կալանքի անմարդկային պայմանների վերաբերյալ (տես վերը` կետ 15): Դատարանը նկատում է, որ դիմողը կալանքի տակ է գտնվել համեմատաբար կարճ ժամանակ` Բոտանիկաի ոստիկանության բաժանմունքում և GPD կալանավայրում, որոնք բավականին ծանրաբեռնված են եղել 2009 թվականի ապրիլի 7-12-ն ընկած ժամանակահատվածում (տես վերը` կետ 33): Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ դիմողին ցուցաբերվել է օգնություն` կապված նրա վնասվածքների հետ, մինչև նրա կողմից 2009 թվականի ապրիլի 14-ին բողոք ներկայացնելը): Չնայած որ վերոգրյալ հանգամանքները կարող են խնդիր առաջացնել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի լույսի ներքո, Դատարանը գտնում է, որ տվյալ գործով դրանք լրացուցիչ տարրեր են, որոնք հանգեցնում են տառապանքի, որը դիմողը հնարավոր է, որ կրել է վատ վերաբերմունքի և իր ձերբակալման հետ կապված այլ հանգամանքների հետ:
52. Դատարանը հերքում է Կառավարության փաստարկն առ այն, որ 2009 թվականի ապրիլի 14-ից առաջ բողոք չներկայացնելն ապացուցում է վատ վերաբերմունքի բացակայությունը: Դատարանը հիմնվում է անպաշտպանվածության վիճակի վրա, որը նկարագրվել է շատերի կողմից 2009 թվականի ապրիլի 7-12-ին, երբ նրանք տեսել են շատ այլ անձանց, որոնք բացահայտորեն ենթարկվել են վատ վերաբերմունքի և նվաստացումների, և երբ վախենալով հետագա վատ վերաբերմունքի դրսևորումներից` նրանք չեն բողոքել դատախազին կամ դատավորին: Ավելին, մերժելով դիմողին կապ հաստատել իր ծնողների հետ և վարձել փաստաբան` նշանակված պաշտպանի պասիվ դերի պատճառով, որի արդյունքում վերջինս չի փորձել պարզել դիմողի դեմքին առկա վատ վերաբերմունքի հետքերի առաջացման պատճառները, չեն մղել դիմողին բողոք ներկայացնելու: Դատարանը նաև մտահոգություն է հայտնում այդ իրադարձությունների ընթացքում փաստաբանների անկախության և աշխատանքի որակի առթիվ (տես վերը` կետեր 37 և 38, CPT հաշվետվության կետ 28), դատավորների, այդ թվում` դատավոր Մ.Դ.-ի կողմից գործերի հապճեպ քննությունը ոստիկանության բաժանմունքներում, ինչպես նաև` քննող դատավորների և դատախազների կողմից իրադարձությունների ընթացքում վատ վերաբերմունքի դեմ կոնկրետ գործողությունների բացակայությունը (տես վերը` կետ 35): Այս ամենը ոչ միայն լուրջ մտահոգության առիթ է, այլ նաև հաստատում է դիմողի վախի և անօգնական վիճակի զգացումը, որը նա պետք է որ ունենար կալանքի տակ գտնվելու ընթացքում: Այդ զգացումն ունեցել է հնարավոր տուժողների մեծ մասը: Ինչպես CPT-ն նկատել է իր հաշվետվության 10-րդ կետում` «ապրիլյան իրադարձությունների համատեքստում ոստիկանության կողմից դրսևորված վատ վերաբերմունքի գործերի մեծ մասը հարուցվել է միայն այն բանից հետո, երբ անձինք տեղափոխվել են Արդարադատության նախարարությանը ենթակա հաստատություններ կամ ազատ են արձակվել»: Երբ նա իրեն բավականաչափ ապահով է զգացել իր տեղափոխումից և վստահելի փաստաբանի տեսնելուց հետո, նա ներկայացրել է բողոք, ինչը Դատարանը համարում է լիովին հասկանալի տվյալ հանգամանքներում:
53. Վերոգրյալ հետևությունները բավարար են, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի հիմնարար սկզբունքների խախտում:
(b) 3-րդ հոդվածի դատավարական մասը
54. Այժմ Դատարանը կքննի, թե ինչպես է իրականցվել դիմողի բողոքի քննությունը վատ վերաբերմունքի առթիվ: Դատարանը նկատում է, որ գործի հանգամանքների սկզբնական ստուգումը կատարվել է այն հաստատության կողմից (Ներքին գործերի նախարարություն), որտեղ աշխատել է վատ վերաբերմունքի մեջ կասկածվողների մեծ մասը (ոստիկանությունը գտնվում է Նախարարության կազմում, տես վերը` կետեր 21-23): Ստացվում է, որ դատախազի կողմից քրեական գործ չհարուցելն առնվազն մասամբ հիմնված է Նախարարության կողմից նման ստուգումների արդյունքների վրա: Դա առավել տարօրինակ է այն փաստի լույսի ներքո, որ վատ վերաբերմունքի առթիվ գործերի քննությունը զինվորական դատախազներին հանձնարարելու հայտարարված նպատակն է եղել քննությունն իրականացնողների և ոստիկանության միջև կապերի բացակայության ապահովումը (տես վերը` կետ 33): Ավելին, զինվորական դատախազները հայտարարել են, որ իրենք ուշադրություն են դարձրել Նախարարությունում աշխատող ավագ ոստիկաններին (տես վերը` կետ 34, CPT հաշվետվության կետ 66), որը դարձնում է այդ հաստատության կողմից իրականացվող քննությունն անհամատեղելի քննվողից քննիչի անկախ լինելու պահանջի հետ: Այդ պատճառով, դիմողի բողոքի առթիվ քննությունը եղել է որոշ չափով կոմպրոմիսային:
55. Դատարանը նաև նկատում է, որ համաձայն գործի նյութերի` զինվորական դատախազն ընդունել է դիմողի բողոքը միայն 2009 թվականի ապրիլի 21-ին, այն է` այն ներկայացնելուց մեկ շաբաթ հետո: Ապա նա սպասել է առնվազն 38 օր (մինչև 2009 թվականի մայիսի 29-ը կամ ավելի ուշ, տես վերը` կետ 23), որպեսզի կատարվի ներքին քննություն Ներքին գործերի նախարարության կողմից: Վերջապես 2009 թվականի հունիսի 12-ին` կայացնելով քրեական գործ չհարուցելու մասին որոշում, դատախազն իր որոշման մասին տեղեկացրել է դիմողին միայն 2009 թվականի հուլիսի 16-ին (տես վերը` կետեր 24 և 25):
Դատարանի կարծիքով, վերը նշված տարբեր անբացատրելի ձգձգումներն անհամատեղելի են քննության պատշաճության գաղափարի հետ, որը նախատեսված է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով, քանի որ առկա է ռիսկ, որ կոչնչանան վատ վերաբերմունքի վերաբերյալ ապացույցները կամ վնասվածքները կվերանան (տես, օրինակ, Պադուրետն ընդդեմ Մոլդովայի, no. 33134/03, կետ 63, 2010թ. հունվարի 5):
56. Ապա Դատարանը նկատում է, որ չնայած դիմողի դեմքին առկա են եղել տեսանելի վերքեր, ինչը հաստատվել է բժշկի կողմից 2009 թվականի ապրիլի 14-ին, պաշտոնյաներից ոչ մեկը, որը տեսել է նրան մինչև այդ օրը թե Բոտանիկայի ոստիկանության բաժանմունքում, դատախազությունում (որը վարում էր դիմողի նկատմամբ քրեական գործը), թե GPD հաստատություններում (որտեղ նրան տեսել էր դատավոր Մ.Դ.-ն), թե թիվ 13 բանտում, չեն արձագանքել և չեն հայտնել դատախազությանը հնարավոր վատ վերաբերմունքի դրսևորման մասին` անտեսելով դիմողի կողմից ներկայացված բոլոր բողոքները:
57. Դատարանը կրկնում է` հայտնի է, որ «Համաձայն Քրեական դատավարության օրենսգրքի 93, 96 և 109-րդ հոդվածների համաձայն` ոչ մի քննչական գործողություն չի կարող ձեռնարկվել ենթադրյալ հանցագործության առթիվ … քանի դեռ չի հարուցվել քրեական գործ» (տես` Գուտուն ընդդեմ Մոլդովայի, no. 20289/02, կետ 61, 2007թ. հունիսի 7, և Իպատեն ընդդեմ Մոլդովայի. 23750/07, կետ 63, 2011թ. հունիսի 21): Տվյալ գործով չի հարուցվել որևէ քրեական գործ, որը կսահմանափակեր քննիչի ազդեցությունը և կմեծացներ ձեռք բերված ապացույցի արդյունավետությունը` դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորած անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով:
58. Պետք է նշել նաև, որ դիմողը բողոքել է առ այն, որ քննիչը չի կազմակերպել ճանաչում` անտեսելով իր միջնորդությունը, ինչպես նաև չի պարզել, թե ովքեր են իր հետ մեկտեղ գտնվել կալանքի տակ 2009 թվականի ապրիլի 8-10-ը` նրա դեմքին առկա վատ վերաբերմունքի հետքերի հետ կապված իր հայտարարություններն ստուգելու նպատակով: Այս բացթողումները խարխլել են քննության արդյունավետությունը:
59. Դատարանը գտնում է, որ վատ վերաբերմունքի առթիվ դիմողի բողոքի կապակցությամբ պատշաճ քրեական գործ չհարուցելը, քննության և դրա արդյունքների մասին դիմողին հայտնելու անբացատրելի ձգձգումները, փաստը, որ քննության մի մասը կատարվել է այն մարմինների կողմից, որտեղ աշխատել է կասկածվողների մեծ մասը, ինչպես նաև դիմողի դեմքին առկա վնասվածքների հետքերի առաջացման պատճառները չպարզելը, ճանաչում չկազմակերպելն անհամատեղելի են Կոնվենցիայի 3-րդ հոդվածով նախատեսված պահանջների հետ:
Այդ իսկ պատճառով, տեղի է ունեցել 3-րդ հոդվածի դատավարական մասի խախտում:
II. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը
60. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն`
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռնում է միայն հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
61. Դիմողը պահանջել է 15,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի դիմաց: Նա հիմնվել է այն հանգամանքի վրա, որ տառապել է պետական իշխանությունների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի և իր նկատմամբ ցուցաբերված նվաստացումների պատճառով, ինչպես նաև իրեն բուժօգնություն չցուցաբերելու և նաև այն հանգամանքների հետևանքով, որ ինքը հնարավորություն չի ունեցել իր կալանքի առաջին օրերի ընթացքում տեղեկացնելու իր ընտանիքին իր գտնվելու վայրի մասին, ինչպես նաև` հոգեկան սթրեսից, որով ինքը մինչ այժմ տառապում է:
62. Կառավարությունն առարկել է, որ բժիշկները հաստատել են միայն թեթև վնասվածքների առկայություն դիմողի մարմնին, ենթադրյալ տառապանքը չի եղել առանձնապես ուժեղ, այդ պատճառով պահանջվող գումարը չափազանց մեծ է:
63. Հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքները` Դատարանը լիովին ընդունում է դիմողի պահանջը ոչ նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ:
B. Ծախսեր և Ծախքեր
64. Դիմողը պահանջել է նաև 1,500 եվրո Դատարանում առաջացած ծախսերի և ծախքերի դիմաց: Նա հիմնվել է հատուկ գործողությունների վրա, ինչպիսին իր փաստաբանի կողմից դիտարկումներ ներկայացնելն է, որն օգտագործել է 50 ժամ այդ գործով աշխատելիս:
65. Կառավարությունն առարկել է այդ գումարի դեմ` նշելով, որ այն անհամաչափ է և անհիմն:
66. Համաձայն Դատարանի նախադեպերի` դիմողն իրավունք ունի ստանալու ծախսերի և ծախքերի փոխհատուցում միայն այն դեպքում, եթե ցույց է տալիս, որ դրանք փաստացիորեն և անհրաժեշտաբար առաջացել են և հիմնավոր են իրենց չափով: Տվյալ գործով հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը` Դատարանը լիովին ընդունում է դիմողի պահանջը ծախսերի և ծախքերի առումով:
C. Տուգանային տոկոսներ
67. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Բանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Հայտարարում է գանգատն ընդունելի:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի թե նյութական և թե դատավարական մասերի խախտում, և
3. Վճռում է,
որ պատասխանող պետությունը վճռի` Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում պետք է դիմողին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն մոլդովական լեյի` կատարման օրվա տոկոսադրույքով`
15,000 EUR (տասնհինգ հազար եվրո), ներառյալ կիրառելի ցանկացած հարկ, որը կարող է հարկվել ոչ նյութական վնասի դիմաց վճարվող գումարից, և
1,500 EUR (հազար հինգ հարյուր եվրո), ներառյալ կիրառելի ցանկացած հարկ, որը կարող է հարկվել ծախսերի և ծախքերի դիմաց վճարվող գումարից,
որ վերը նշված եռամսյա ժամկետի լրանալու օրվանից և մինչև կատարումը տոկոսադրույքը պետք է հաշվարկվի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության առավելագույն տոկոսադրույքով` հավելած երեք տոկոս:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր` 2011 թվականին` համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
_____________________
1 Համաձայն Մարդու իրավունքների հաստատությունների ՀԿ-ների և Մարդու իրավունքների վերականգնման կենտրոնի, որոնք OPCAT ներքո Միջազգային կանխարգելող մեխանիզմներ են, 2009 թվականի ցույցերի արդյունքում կալանավորված անձանց 81 տոկոսը հայտնել է, որ իրենք ենթարկվել են ծեծի ձերբակալման ժամանակ, իսկ 64 տոկոսը բողոքել է, որ իրենք ենթարկվել են ծեծի ոստիկանությունում` կալանքի տակ գտնվելու ընթացքում:
2 Կառավարական պաշտպանների գրասենյակին կից մարմին (Մարդու իրավունքների կենտրոն), որը պետք է բաղկացած լինի տասնմեկ անդամից, ներառյալ Կառավարչական պաշտպանը, ով պատասխանատու է մեխանիզմի և ՀԿ-ի ներկայացուցիչների համար:
Սանտիագո Քեսադա Քարտուղար |
Ջոսեֆ Կասադևալ Նախագահող |
