ՌՅԱԲԻԽՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԸ
CASE OF RYABYKH v. RUSSIA
Դատարանի 2003թ. հուլիսի 24-ի վճիռը
Ստրասբուրգ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
7. Դիմողը ծնվել է 1949 թվականին` Ռուսաստանի Բելգորոդի մարզի Նինովկա գյուղում:
A. Սկզբնական դատավարությունը
8. Դիմողը չճշգրտված ամսաթվի հայցեր է ներկայացրել Ռուսաստանի Խնայբանկի Նովի Օսկոլի մասնաճյուղի, Ռուսաստանի խնայբանկի և պետության դեմ: Նա պնդում էր, որ 1991 թվականից ի վեր իր հաշիվներում գտնվող խնայողությունների արժեքը նշանակալիորեն նվազել է տնտեսական բարեփոխումների արդյունքում: Իր խնայողությունները տասնամյակների ծանր աշխատանքի արդյունքն էին, և ինքը մտադիր էր այդ գումարով բնակարան գնել: Այդուհանդերձ, պետությունը չի վերահաշվարկել ավանդադրված գումարները` վերացնելու համար արժեզրկման հետևանքները, ինչպես պահանջվում էր 1995թ. մայիսի 10-ին ընդունված «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների խնայողությունների վերականգնման և պաշտպանության մասին» դաշնային օրենքով (Федеральный закон "О восстановлении и защите сбережений граждан Российской Федерации", այսուհետ` Խնայողությունների մասին օրենք):
1. Շրջանային դատարանի առաջին վճիռը
9. 1997թ. դեկտեմբերի 30-ին Նովի Օսկոլի շրջանային դատարանը, դատավոր Լեբեդինսկայի նախագահությամբ, վճիռ է կայացրել հօգուտ դիմողի` պետական գանձարանից դիմողի օգտին 129.544.106 ռուբլի1 (RUR) գանձելու մասին: Դատարանը մերժել է պատասխանողների հիմնական փաստարկն առ այն, որ Խնայողությունների մասին օրենքով նախատեսված փոխհատուցման աղյուսակը գործնականում չի կարող կիրառվել, քանի դեռ դրա վերաբերյալ չի ընդունվել հատուկ ենթաօրենսդրական ակտ: Նշելով, որ Խնայողությունների մասին օրենքը երաշխավորված ավանդները ճանաչում է որպես պետության ներքին պարտք, և որ պետությունը ժամանակին չի ընդունել պարտքը հատուցելու համար անհրաժեշտ իրավական ակտեր, դատարանը եզրակացրել է, որ պատասխանողները ենթակա են քաղաքացիական պատասխանատվության:
10. 1998թ. փետրվարի 28-ին Բելգորոդի մարզային դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանել է վճիռը և վերադարձրել կրկնակի քննության:
2. Շրջանային դատարանի երկրորդ վճիռը
11. 1998թ. հունիսի 8-ին Նովի Օսկոլի շրջանային դատարանը, նույն կազմով, կայացրել է 1997թ. դեկտեմբերի 30-ի իր վճռին համանման վճիռ: Փոխհատուցման գումարը, սակայն, 133.963.70 RUR: Վճռի դեմ բողոք չի ներկայացվել, և այն ուժի մեջ է մտել տասն օր անց` 1998թ. հունիսի 18-ին:
12. Կատարողական վարույթը հարուցվել է 1999թ. հունվարի 18-ին:
B. Հսկողական կարգով վերանայումը և հետագա ընթացակարգերը
1. Հսկողական կարգով վերանայումը
13. Կատարողական գործողությունների ընթացքում, չճշգրտված ամսաթվի Բելգորոդի մարզային դատարանի նախագահը 1998թ. հունիսի 8-ի վճռի դեմ հսկողական բողոք է ներկայացրել այն հիմքով, որ այն հակասում է նյութական իրավունքին:
14. Բողոքը Բելգորոդի մարզային դատարանի նախագահությունը քննության է առել 1999թ. մարտի 19-ին: Ընդունելով բողոքում նշված հիմնավորումները, Նախագահությունը բեկանել է 1998թ. հունիսի 8-ի վճիռը և մերժել դիմողի բոլոր հայցերը: Դիմողը չէր տեղեկացվել հսկողական կարգով գործը վերանայելու մասին և չէր հրավիրվել Նախագահությունում անցկացվող լսումներին մասնակցելու:
15. 1999թ. հունիսի 17-ին կատարողական գործողությունները դադարեցվել են:
16. 2001թ. հունվարի 4-ին Գերագույն դատարանի փոխնախագահը Նախագահության 1999թ. մարտի 19-ի վճռի դեմ ներկայացրել է հսկողական բողոք:
17. 2001թ. հունվարի 22-ին Գերագույն դատարանը բողոքն ընդունել է վարույթ: Այն պաշտպանել է Նախագահության հիմնավորումները 1998թ. հունիսի 8-ի վճիռը բեկանելու մասին, որոշելով, սակայն, որ դիմողի հայցը չպետք է մերժվի ամբողջությամբ, քանի որ այդպիսով վերջինս անհիմն կերպով զրկվում է դրամական փոխհատուցում ստանալու իրավունքից: Ընդունվել է նաև, որ չի հարգվել նրա` Նախագահության կողմից իր գործի վերանայման մասին տեղեկացվելու իրավունքը: Գործը վերադարձվել է Նովի Օսկոլի շրջանային դատարան` նոր քննության:
2. Շրջանային դատարանի երրորդ վճիռը
18. 2001թ. հունիսի 4-ին Նովի Օսկոլի շրջանային դատարանը, միևնույն կազմով, կայացրել է իր երրորդ վճիռը` դիմողի օգտին: Փոխհատուցման գումարը ներառում էր 188.724 RUR` որպես սղաճի փոխհատուցում և 60.000 RUR` որպես բարոյական վնասի փոխհատուցում: Դատարանը նշել է, որ դիմողի խնայողությունները վերահաշվարկելու` Կառավարության պարտավորության կատարումը պարբերաբար ձգձգելու արդյունքում դիմողին բարոյական տառապանք է պատճառվել:
19. 2001թ. օգոստոսի 14-ին, բողոքարկման արդյունքում, վճիռը Բելգորոդի մարզային դատարանի կողմից բեկանվել է և գործն ուղարկվել նոր քննության:
3. Շրջանային դատարանի չորրորդ վճիռը
20. 2001թ. սեպտեմբերի 19-ին Նովի Օսկոլի շրջանային դատարանը, միևնույն կազմով, ևս մեկ անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը և վճիռ կայացրել` 2001թ. հունիսի 4-ի իր վճռում նշված չափով դիմողին փոխհատուցում վճարելու մասին:
21. 2001թ. հոկտեմբերի 30-ին վերաքննիչ դատարանը բեկանել է այդ վճիռը և գործն ուղարկել Նովի Օսկոլի շրջանային դատարան` լրացուցիչ քննության: Ինչպես թույլ է տալիս Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 305-2 հոդվածը, կարգադրվել է, որ գործը քննության առնվի դատարանի այլ կազմով:
4. Շրջանային դատարանի հինգերորդ վճիռը
22. 2002թ. փետրվարի 27-ին Նովի Օսկոլի շրջանային դատարանը, դատավոր Զիմինովի նախագահությամբ, մերժել է դիմողի հայցը` օրենքով նախատեսված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ:
23. 2002թ. ապրիլի 2-ին Բելգորոդի մարզային դատարանն այդ վճիռն անփոփոխ է թողել:
24. 2002թ. մայիսի 8-ին Բելգորոդի մարզային դատարանի նախագահությունը բեկանել է վճիռը` հսկողական կարգով գործը վերանայելու` մարզային դատարանի նախագահի միջնորդության հիման վրա: Նախագահությունը հայտարարել է, որ նշված դատարանները ոտնահարել են դիմողի` Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված հիմնարար իրավունքները:
5. Շրջանային դատարանի վեցերորդ վճիռը
25. 2002թ. հունիսի 10-ին Նովի Օսկոլի շրջանային դատարանը, նույն կազմով, կայացրել է նոր վճիռ, որում, inter alia, հաշվի առնելով Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, հայցը բավարարվել է մասամբ` դիմողին տրամադրելով 231.059.19 RUR:
26. Պատասխանողների բողոքը Բելգորոդի մարզային դատարանի կողմից մերժվեց 2002թ. հուլիսի 16-ին, որից հետո 2002թ. հունիսի 10-ի որոշումն ուժի մեջ է մտել:
6. Հաշտության համաձայնություն
27. 2002թ. նոյեմբերի 1-ին դիմողը և Բելգորոդի մարզի կառավարության փոխնախագահն ստորագրել են հաշտության համաձայնություն, ըստ որի` դիմողը պարտավորվում էր հրաժարվել 248.724 RUR գանձելու վերաբերյալ 2002թ. հունիսի 10-ի վճռից բխող իր պահանջներից: Նույն օրը համաձայնությունը կողմերի պահանջով Նովի Օսկոլի շրջանային դատարանի կողմից հաստատվել է համաձայնության կարգադրությամբ:
28. 2002թ. նոյեմբերի 6-ին դիմողը Բելգորոդի մարզային դատարան է ներկայացրել 2001թ. նոյեմբերի 1-ի համաձայնության կարգադրությունը չեղյալ համարելու մասին դիմում:
29. 2002թ. նոյեմբերի 19-ին դիմողը հետ է վերցրել այդ դիմումը: Ըստ նրա՝ Կառավարությունն իր համար 330.000 ռուբլով բնակարան էր գնել Նովի Օսկոլում, և որ ինքն այլևս պետության դեմ ուղղված բողոք չունի:
30. 2003թ. մարտի 23-ին դիմողը Դատարանին տեղեկացրել է, որ բնակարանի արժեքը չի հատուցում իր կրած վնասները, քանի որ 1991թ. խնայողական հաշվում իր ունեցած գումարը Միացյալ Նահանգների դոլարի վերածելու դեպքում գերազանցում է բնակարանի արժեքը: Դիմողը Դատարանին խնդրել է կայացնել որոշում, որով ինքը կկարողանար պետությունից պահանջել գումարների տարբերությունը:
II. ԳՈՐԾԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
31. Խնդրո առարկա ժամանակահատվածում գործող` 1964թ. Քաղաքացիական դատավարության օրենսգրքին համապատասխան վճիռներն ուժի մեջ են մտել հետևյալ կարգով.
«Հոդված 208. Դատարանի վճռի ուժի մեջ մտնելը
Վճիռն ուժի մեջ է մտնում վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո, եթե նման բողոք չի ներկայացվել: Եթե վճիռը վճռաբեկ բողոքի հիման վրա չի բեկանվում, վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերադաս դատարանի կողմից որոշում ընդունելուց հետո»:
32. Հետադարձ ուժի միակ հետագա հնարավորությունը հսկողական բողոքի հատուկ ընթացակարգն էր, որը դատարաններին հնարավորություն էր ընձեռում վերանայել ուժի մեջ մտած վճիռները:
«Հոդված 319. Այն որոշումները և վճիռները, որոնք կարող են վերանայվել հսկողության կարգով
ՌԴ բոլոր դատարանների օրինական ուժի մեջ մտած որոշումները և վճիռները կարող են վերանայվել հսկողության կարգով՝ սույն օրենսգրքի 320-րդ հոդվածում թվարկված պաշտոնատար անձանց բողոքների հիման վրա»:
33. Բողոք ներկայացնելու՝ պաշտոնատար անձանց իրավասությունը կախված է նրանց զբաղեցրած պաշտոնից և տարածքային ընդդատությունից.
«Հոդված 320. Բողոք ներկայացնելու իրավասություն ունեցող անձինք
Բողոք կարող են ներկայացնել.
1) ՌԴ Գլխավոր դատախազը՝ ՌԴ ցանկացած դատարանի որոշման կամ վճռի դեմ,
2) ՌԴ Գերագույն դատարանի նախագահը՝ Գերագույն դատարանի նախագահության որոշումների դեմ, ինչպես նաև՝ Գերագույն դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարան հանդես եկող, քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի որոշումների ու վճիռների դեմ,
3) ՌԴ գլխավոր դատախազի տեղակալները՝ ՌԴ ցանկացած դատարանի որոշման կամ վճռի դեմ, բացառությամբ ՌԴ Գերագույն դատարանի նախագահության որոշումների,
4) ՌԴ Գերագույն դատարանի նախագահի տեղակալները՝ Գերագույն դատարանի՝ որպես առաջին ատյանի դատարան հանդես եկող քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի որոշումների ու վճիռների դեմ,
5) ՌԴ դատախազը, ՌԴ Գերագույն դատարանի նախագահը և նրանց տեղակալները՝ ՌԴ ցանկացած դատարանի որոշման կամ վճռի դեմ, բացառությամբ ՌԴ Գերագույն դատարանի նախագահության որոշումների,
6) ՌԴ ինքնավար հանրապետության Գերագույն դատարանի, երկրամասային, մարզային, քաղաքային դատարանի, ինքնավար մարզի դատարանի և ինքնավար օկրուգի դատարանի նախագահը, քաղաքի, ինքնավար հանրապետության, երկրամասի, մարզի, քաղաքի, ինքնավար մարզի և ինքնավար օկրուգի դատախազը՝ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանների որոշումների ու վճիռների և գործը վերաքննիչ կարգով քննող համապատասխանաբար ինքնավար հանրապետության Գերագույն դատարանի, երկրամասային, մարզային, քաղաքային դատարանի, ինքնավար մարզի և ինքնավար օկրուգի քաղաքացիական գործերով դատական կոլեգիաների որոշումների դեմ»:
34. Այդպիսի բողոք ներկայացնելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ բացառապես գործին առնչվող պաշտոնատար անձի հայեցողությանն է թողնված որոշել՝ այս կամ այն գործով հսկողական բողոք ներկայացնելն անհրաժե՞շտ է, թե՝ ոչ:
35. 322-րդ հոդվածի համաձայն` 320-րդ հոդվածում թվարկված պաշտոնատար անձինք, գործին ավելի հիմնավոր ծանոթանալու պատճառաբանությամբ, որոշակի հանգամանքների առկայության դեպքում կարող են ստանալ գործի նյութերը՝ բողոքի համար լրացուցիչ հիմքեր գտնելու նպատակով:
36. Օրենսգրքի 323-րդ հոդվածը համապատասխան պաշտոնատար անձանց իրավունք է վերապահում կասեցնել վճռի կամ որոշման կատարումը՝ մինչև հսկողական բողոքի քննության ավարտը:
37. Օրենսգրքի 324-րդ հոդվածը սահմանում է, որ գործին առնչվող պաշտոնատար անձը պարտավոր է կազմված բողոքն ուղարկել համապատասխան դատարան՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան թվով օրինակներով:
38. 325-րդ հոդվածը նախատեսում է հետևյալը.
«Կողմերին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկվում են իրենց գործով ներկայացված բողոքների պատճենները:
Անհրաժեշտության դեպքում կողմերը և գործին մասնակցող այլ անձինք տեղեկացվում են գործի քննության ժամանակի և վայրի մասին:
Բողոքի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկում է դատարանը:
Դատարանը գործի քննության ժամկետը նշանակում է այն հաշվարկով, որպեսզի գործին մասնակցող անձինք հնարավորություն ունենան գրավոր բացատրություններ և լրացուցիչ նյութեր ներկայացնել բողոքի վերաբերյալ»:
39. Օրենսգրքի 328-րդ հոդվածի համաձայն՝ հսկողական բողոքի հիման վրա հարուցված վարույթը, որպես կանոն, իրականացվում է բանավոր, և կողմերին իրավունք է վերապահված պարզաբանումներ տալ դատավորի կողմից գործը ներկայացնելուց հետո:
40. Հսկողական բողոք քննող դատարանները լայն լիազորություններով են օժտված վերջնական որոշումներ կայացնելու առումով.
«Հոդված 329. Գործը հսկողության կարգով քննող դատարանների իրավասությունները
Գործը հսկողության կարգով քննելիս դատարանն իր որոշմամբ կամ վճռով իրավասու է՝
1) որոշումը կամ վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքն՝ առանց բավարարման,
2) ամբողջությամբ կամ մասամբ բեկանել որոշումը կամ վճիռը և գործն ուղարկել առաջին կամ վերաքննիչ ատյանի դատարան՝ նոր քննության,
3) ամբողջությամբ կամ մասամբ բեկանել որոշումը կամ վճիռը և դադարեցնել գործի վարույթը կամ դիմումը թողնել առանց քննության,
4) նախկինում կայացված որոշումներից կամ վճիռներից մեկը թողնել ուժի մեջ,
5) բեկանել կամ փոփոխել առաջին, վերաքննիչ կամ հսկողական ատյանի դատարանի որոշումը և կայացնել նոր որոշում՝ գործը չուղարկելով նոր քննության, եթե տեղի է ունեցել նյութական իրավունքի նորմերի ոչ ճիշտ կիրառում կամ մեկնաբանություն»:
41. Հսկողական կարգով դատական որոշումները բեկանելու հիմքերը հետևյալն են.
«Հոդված 330. Հսկողական կարգով դատական որոշումները բեկանելու հիմքերը
...
1) նյութական իրավունքի նորմերի ոչ ճիշտ կիրառումը կամ մեկնաբանությունը,
2) դատավարական իրավունքի նորմերի էական խախտումը, որը հանգեցրել է դատարանի անօրինական որոշման կամ վճռի կայացման: ...»:
42. Հսկողական բողոք ներկայացնելու համար ժամանակային սահմանափակումներ գոյություն չունեն, և, գործնականում, այդպիսի բողոքներ կարող են ներկայացվել վճիռներն ուժի մեջ մտնելուց հետո՝ ցանկացած պահի:
ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՐՑԵՐ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
43. Դիմողը պնդել էր, որ Բելգորոդի մարզային դատարանի 1999թ. մարտի 19-ի որոշումը, որով բեկանվել էր իր օգտին կայացված, ուժի մեջ մտած վճիռը, խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը: Նույն հոդվածի առնչությամբ նա նաև պնդել էր, որ Բելգորոդի մարզային դատարանի նախագահությունում գործի վարույթը եղել է ոչ արդարացի, քանի որ ինքը չի տեղեկացվել հսկողական բողոք ներկայացնելու մասին, և որ ինքը չի հրավիրվել մասնակցելու լսումներին: Նախագահության որոշման մասին նա տեղեկացել էր միայն որոշումը կայացնելուց հինգ ամիս անց:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան մասով սահմանված է.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքը, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային լսումների իրավունք: ...»:
A. Արդյո՞ք դիմողը դեռևս համարվում է «զոհ»
44. Գործն ընդունելի հայտարարելիս Դատարանը քննության է առել այն հարցը` արդյո՞ք դիմողը կարող է համարվել Կոնվենցիայի վիճարկվող խախտումների զոհ: Քանի որ դրանից հետո տեղի են ունեցել մի շարք իրադարձություններ, մասնավորապես, Նովի Օսկոլի շրջանային դատարանի 2002թ. հունիսի 10-ի վճիռը և բնակարանի ձեռքբերումը, Դատարանը հարկ է համարել կրկին անդրադառնալ այդ խնդրին:
45. Վերը նշված իրադարձությունների ժամանակագրությունից երևում է, որ պետությունը ջանքեր է գործադրել դիմողի դրությունը մեղմելու ուղղությամբ, նախ` նրա խնայողություններն իրենց իրական արժեքով վերադարձնելու մասին վճիռ կայացնելու, ապա` նրա համար բնակարան ձեռք բերելու ձևով:
46. Այդուհանդերձ, պետության մեղքով չէ, որ դիմողի խնայողությունները չեն փոխհատուցվել, ինչն էլ ընկած է 6-րդ հոդվածի հիման վրա ներկայացված գանգատի հիմքում (X-ն ընդդեմ Գերմանիայի, թիվ 8724/79, Հանձնաժողովի 1980թ. մարտի 6-ի որոշում, Վճիռներ և հաշվետվություններ 20, էջ 226, Ռուձինսկան ընդդեմ Լեհաստանի (վճիռ), թիվ 45223/99, ՄԻԵԿ 1999-VI, Գայդուկը և այլոք ընդդեմ Ուկրաինայի (վճիռ), թիվ 45526/99, ՄԻԵԿ 2002-VI, կամ, որպես առավել նոր վճիռ, Ապոլոնովն ընդդեմ Ռուսաստանի (վճիռ), թիվ 67578/01, 2002թ. օգոստոսի 29): Այդ կապակցությամբ Դատարանը մտահոգություն է արտահայտել դիմողի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքների վրա հսկողական բողոքի քննության ունեցած ազդեցության առնչությամբ:
47. Այդ կապակցությամբ Դատարանը վերահաստատել է, որ դիմողի օգտին վճիռ կայացնելը կամ միջոցներ ձեռնարկելն սկզբունքորեն բավարար չէ նրան «զոհի» կարգավիճակից զրկելու համար, քանի դեռ իշխանությունները գործնականում չեն ընդունել Կոնվենցիայի խախտումը և չեն փոխհատուցել պատճառված վնասը (տես Ամուուրն ընդդեմ Ֆրանսիայի, 1996թ. հունիսի 25-ի վճիռ, Զեկույցներ, վճիռներ և որոշումներ 1996-III, էջ 846, կետ 36, և Դալբանն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28114/95, կետ 44, ՄԻԵԿ 1999-VI):
48. Իրականում իր խնայողությունները վերահաշվարկելու մասին դիմողի հայցն ի վերջո բավարարվել է: Սակայն դա չի նշանակում, որ պետությունը հետևողական է եղել 1998թ. հունիսի 8-ի վճռի ուժի մեջ մտնելուց հետո դիմողի իրավունքները վերականգնելու հարցում:
49. Այլ կերպ ասած` այն փաստը, որ դիմողի պահանջներն ի վերջո բավարարվել են, ինքնին չի վերացնում իրավական անորոշությունների հետևանքները, որոնք նա ստիպված է եղել կրել 1998թ. հունիսի 8-ի ուժի մեջ մտած վճիռը բեկանվելուց հետո երեք տարվա ընթացքում (տես Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի [GC], թիվ 28342/95, կետ 50, ՄԻԵԿ 1999-VII):
50. Այս հանգամանքները հաշվի առնելով Դատարանը գտել է, որ դիմողը պետք է շարունակի համարվել «զոհ»` բողոք ներկայացնելով առ այն, որ Բելգորոդի մարզային դատարանի նախագահության 1999թ. մարտի 19-ի որոշումը և դրա հետևանքները խախտել են 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իր իրավունքները:
B. Էական հանգամանքներ հսկողական բողոքի վերաբերյալ
51. Գանգատի առարկայի կապակցությամբ Դատարանը վերահաստատել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված արդարացի դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համապատասխան մասով նախատեսված է, որ պայմանավորող կողմերը պետք է ապահովեն իրավունքի գերակայությունը: Իրավունքի գերակայության հիմնադրույթներից մեկն իրավական հստակության սկզբունքն է, որը, ի թիվս այլ խնդիրների, պահանջում է, որ դատարանների ուժի մեջ մտած որոշումները կրկին չդառնան քննարկման առարկա (տես վերը նշված Բրումարեսկուի գործը, կետ 61):
52. Իրավական հստակությունը ենթադրում է res judicata սկզբունքի հարգում (ibid., կետ 62), որն իրենից ներկայացնում է վճիռների վերջնական լինելու սկզբունք: Այս սկզբունքը սահմանում է, որ որևէ կողմ իրավասու չէ պահանջել ուժի մեջ մտած և կատարման ենթակա վճռի վերանայում պարզապես գործը կրկին քննելու և գործով նոր վճիռ կայացնելու նպատակով: Գործը վերանայելու` վերադաս դատարանների իրավասությունը պետք է իրականացվի դատական սխալները և արդարադատության իրականացման ընթացքում տեղ գտած թերությունները շտկելու, այլ ոչ թե նոր քննություն սկսելու նպատակով: Վերանայումը չպետք է կրի քողարկված բողոքարկման բնույթ, և գործի վերաբերյալ երկու կարծիքի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ գործը կրկին քննության առնելու համար: Այս սկզբունքից շեղումը կարող է արդարացվել միայն էական և անհետաձգելի հանգամանքների առկայության դեպքում:
53. Դիմողի գործի պարագայում, այդուհանդերձ, 1998թ. հունիսի 8-ի վճիռը Բելգորոդի մարզային դատարանի նախագահության կողմից 1999թ. մարտի 19-ին բեկանվել էր այն հիմքով, որ Նովի Օսկոլի շրջանային դատարանի դատավոր Լեբեդինսկայան սխալ է մեկնաբանել համապատասխան օրենքները: Նախագահությունը մերժել է դիմողի պահանջները և գործը կարճել, դրանով իսկ առոչինչ դարձնելով մի ամբողջ դատավարություն, որն ավարտվել էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208 հոդվածին համապատասխան կատարման ենթակա վճռով, և որի կապակցությամբ կատարողական գործողություններ էին ձեռնարկվել:
54. Դատարանը նշել է, որ 1998թ. հունիսի 8-ի վճռի դեմ հսկողական բողոքը բերել էր Բելգորոդի մարզային դատարանի նախագահը, ով դատավարության մասնակից չէր եղել և ում այդ իրավասությունը տրված էր Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 319-րդ և 320-րդ հոդվածներով: Ինչպես և վերը նշված Բրումարեսկուի գործի առնչությամբ Ռումինիայի օրենսդրությունում, այս դեպքում ևս դատարանի նախագահի այս լիազորության իրականացումը որևէ ժամկետով սահմանափակված չէր, ուստի այդ վճիռների կատարումը կարող էր անժամկետ ձգձգվել:
55. Դատարանը կրկնում է, որ 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը` իր իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ հայց ներկայացնելու դատարան: Այդպիսով, այն մարմնավորում է «դատարան դիմելու իրավունքը», որում դատարանի մատչելիությունը, այն է` քաղաքացիական գործերով դատարան հայց ներկայացնելու իրավունքը հանդիսանում է մեկ դրսեւորում: Այդուհանդերձ, այդ իրավունքն անիրատեսական կլինի, եթե պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունը թույլ է տալիս, որ ուժի մեջ մտած, կատարման ենթակա դատական որոշումն ի կատար չածվի` ի վնաս կողմերից մեկի: Անհեթեթ կլիներ, եթե 6-րդ հոդվածի 1-ին կետն ամենայն մանրամասնությամբ նկարագրեր դատավարության կողմերին տրվող դատավարական երաշխիքները` արդարացի, հրապարակային և չձգձգվող դատական քննությունը` առանց դատական որոշումներն ի կատար ածելուն հետամուտ լինելու: Եթե 6-րդ հոդվածը դիտարկենք որպես բացառապես դատարան դիմելու հնարավորությունների մատչելիությանը և դատավարության ընթացքին վերաբերող, կհանգենք այնպիսի իրավիճակների, որոնք հարիր չեն լինի իրավունքի գերակայության սկզբունքին, ինչը պայմանավորվող կողմերն ստանձնել են հարգել Կոնվենցիան վավերացնելիս (տես Հորնսբին ընդդեմ Հունաստանի, 1997թ. մարտի 19-ի վճիռ, Զեկույցներ 1997-II, 510-11 էջեր, կետ 40):
56. Դատարանը գտնում է, որ դատարան դիմելու` դիմողի իրավունքն անիրատեսական է նաև այն դեպքում, եթե պայմանավորող կողմի օրենսդրությունը վերադաս դատարանին թույլ է տալիս պետական պաշտոնյայի դիմումի հիման վրա բեկանել ուժի մեջ մտած և կատարման ենթակա դատական որոշումը:
57. Հսկողական բողոքի ընթացակարգով 1998թ. հունիսի 8-ի որոշումը չեղյալ համարելով` Բելգորոդի մարզային դատարանի նախագահությունը խախտել է իրավական որոշակիության սկզբունքը և դիմողի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված «դատարան դիմելու իրավունքը»:
58. Հետևաբար, տեղի է ունեցել այդ հոդվածի խախտում:
C. Հսկողական բողոք. դատավարական հարցեր
59. Ինչ վերաբերում է Բելգորոդի մարզային դատարանում անցկացված դատական լսումների ընթացքում տեղ գտած թերություններին, Դատարանը գտել է հետևյալը. քանի որ դիմողի «դատարան դիմելու» իրավունքը խախտվել է հենց հսկողական բողոքի ընթացակարգի կիրառմամբ` դատավարության ընթացքում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված դատավարական երաշխիքների առկայությանն անդրադառնալը նպատակահարմար չէ:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԹԻՎ 1 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ ՎԻՃԱՐԿՎՈՂ ԽԱԽՏՈՒՄ
60. Դիմողն այնուհետև պնդել է, որ Պետությունը չի վերահաշվարկել իր խնայողությունները և որ իր գործով բերված հսկողական բողոքը և իր օգտին կայացված վճիռը բեկանելը խախտել են Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը: Այդ դրույթը նախատեսում է հետևյալը.
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իր գույքից անարգել օգտվելու իրավունք ունի: Ոչ ոքի չի կարելի զրկել սեփական գույքից` բացառությամբ հանրային շահերի պաշտպանության համար և օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով նախատեսված պայմաններով:
Վերոնշյալ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության իրավունքը` կիրառել այնպիսի օրենքներ, որոնք այն անհրաժեշտ է համարում սեփականության` ընդհանուր շահերին համապատասխան օգտագործման վերահսկողությունն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
61. Դատարանը կրկնել է, որ վճռով սահմանված պարտավորությունը թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի նպատակների համար կարող է դիտվել որպես «գույք» (ի թիվս այլ փաստաթղթերի, տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 59498/00, կետ 40, ՄԻԵԿ 2002-III, և դրանցում նկարագրված դեպքերը): Ավելին, նման վճռի բեկանումը` ուժի մեջ մտնելուց և բողոքարկման ոչ ենթակա դառնալուց հետո, խախտում է իր գույքից անարգել օգտվելու` դիմողի (ում օգտին վճիռը կայացվել է) իրավունքը (տես վերը նշված Բրումարեսկուի գործը, կետ 74):
62. Ինչևէ, 1998թ. հունիսի 8-ի վճռով որոշվել էր դիմողի օգտին գանձել 133.963.70 RUR: Հսկողական բողոքը բավարարելուց հետո դիմողի գործը քննվել է ևս չորս անգամ` ավարտվելով նրանով, որ Պետությունը դիմողին տրամադրել է 330.000 RUR արժեցող բնակարան: Այս գումարը զգալիորեն գերազանցում էր (նույնիսկ արժեզրկումը հաշվի առնելով) այն գումարը, որը նրա օգտին ի սկզբանե վճռվել էր գանձել, և որից նա, իր խոսքերով, կամայականորեն զրկվել էր հսկողական բողոքի արդյունքում:
63. Ավելին, Դատարանը նկատում է, որ նախկինում մանրամասն քննել է Խնայողական բանկում գտնվող ավանդների` պետության մեղքով չվերահաշվարկման վերաբերյալ գանգատներ (տես վերը նշված Ապոլոնովի գործը), և թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտումներ չի հայտնաբերել: Այդ գործով Դատարանը եզրակացրել էր, որ չնայած պրն Ապոլոնովի խնայողությունները նվազել են արժեզրկման արդյունքում, այնուամենայնիվ, թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը պետությանը չի պարտավորեցնում պահպանել ֆինանսական հաստատություններին ի պահ հանձնված գումարների գնողունակությունը: Եվ ոչ էլ Խնայողությունների մասին օրենքն է պետությանը պարտավորեցնում փոխհատուցել արժեզրկման արդյունքում կրած վնասները, ինչպես մեկնաբանել են տեղի դատարանները: Դատարանն այդ եզրակացությունից սույն գործի կապակցությամբ շեղվելը նպատակահարմար չհամարեց:
64. Սրանից հետևում է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
65. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է.
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական օրենսդրությունն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:»:
66. Դատարանի կանոնակարգի 60-րդ կանոնի համաձայն Դատարանը նշում է, որ արդարացի փոխհատուցման վերաբերյալ ցանկացած պահանջ պետք է մանրամասնվի կետ առ կետ և գրավոր ներկայացվի համապատասխան կից փաստաթղթերի կամ անդորրագրերի հետ մեկտեղ, «որոնց բացակայության դեպքում Պալատը կարող է ամբողջությամբ կամ մասամբ մերժել պահանջի ընդունումը:»:
67. Տվյալ գործով 2002թ. մարտի 1-ին գանգատն ընդունելի հայտարարելուց հետո դիմողին առաջարկվել է ներկայացնել իր պահանջներն արդարացի փոխհատուցման մասին: Նա սահմանված ժամկետում որևէ այդպիսի պահանջ չի ներկայացրել:
68. Դրանից ելնելով` Դատարանը Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա գումար չի տրամադրել:
ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Վճռում է, որ հսկողական բողոքի հիման վրա ուժի մեջ մտած վճիռը բեկանելու արդյունքում տեղի է ունեցել արդար դատավարության և դատարան դիմելու` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավունքի խախտում,
2. Վճռում է չանդրադառնալ հսկողական վարույթի ընթացակարգի անարդարության վիճարկմանը,
3. Վճռում է, որ թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցված է 2003թ. հուլիսի 24-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան:
Սյորեն ՆԻԼՍԵՆ |
Քրիստոս ՌՈԶԱԿԻՍ |
