Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.22/12(1287) Հոդ.177
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.12.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0368/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0368/02/13
2016թ.

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ՝

 Գ. Կարախանյան

 Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2015 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Հակոբ Բաշմակյանի՝ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Բաշմակյանը պահանջել է իրեն ճանաչել Երևանի Գյուլբենկյան 36-րդ շենքի թիվ 31 բնակարանի նկատմամբ փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 07.05.2013 թվականի վճռով Հակոբ Բաշմակյանի դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.05.2015 թվականի որոշմամբ որպես գործին մասնակից չդարձված անձ Ռաֆֆի Նախշքերյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ բեկանվել է Դատարանի 07.05.2013 թվականի վճիռը, և Հակոբ Բաշմակյանի դիմումը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 5-րդ, 6-րդ, 35-րդ, 103-րդ, 131-րդ, 205-րդ, 207-րդ, 220-րդ և 220.1-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դիմումի քննության ընթացքում իրավունքի մասին որևէ վեճ ծագած չի եղել, բացի այդ, առերևույթ առկա չի եղել փոխադարձ կապ քննարկվող փաստի և Ռաֆֆի Նախշքերյանի իրավունքների միջև, իսկ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու փաստի հաստատումը չէր կարող որևէ կերպ ազդել Ռաֆֆի Նախշքերյանի իրավունքների ծավալի վրա:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Հակոբ Բաշմակյանի անունից դատարան դիմում ներկայացնելու պահին Ռաֆֆի Նախշքերյանը խնդրո առարկա անշարժ գույքի մասով չի ունեցել որևէ իրավունք և պարտականություն, հետևաբար վերջինիս իրավունքների և պարտականությունների մասով դատական ակտ չի կայացվել: Այսինքն՝ դիմումի քննության ժամանակ բացառվում էր վերջինիս դատավարական կարգավիճակ շնորհելու հնարավորությունը, հետևաբար՝ որպես երրորդ անձ ներգրավվելու հնարավորությունը:

Վերաքննիչ դատարանը չի գնահատել վերաքննիչ բողոքի պատասխանում նշված այն փաստարկը, որ Ռաֆֆի Նախշքերյանը տեղեկացվել է սույն քաղաքացիական գործի մասին թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում, դեռ ավելին՝ նույն գործով մասնակցելով 29.07.2014 թվականի դատական նիստին՝ դիրքորոշում է հայտնել սույն գործով 07.05.2013 թվականին կայացված վճռի մասին և ծանոթացել գործի նյութերին: Հետևաբար վերջինս 07.05.2013 թվականի վճռի մասին տեղեկացված է եղել այդ պահին, սակայն վերաքննիչ բողոք բերել է եռամսյա ժամկետի խախտմամբ, մինչդեռ Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել նշված բողոքը՝ կողմի՝ «www.datalex.am» կայքից տեղեկացված լինելու փաստը հիմք ընդունելով՝ անտեսելով բողոքի պատասխանում այդ կապակցությամբ արտահայտված փաստարկները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.05.2015 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07.05.2013 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ռաֆֆի Նախշքերյանը, որպես գործին մասնակից չդարձված անձ, 10.02.2015 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է նաև միջնորդություն՝ հայտնելով, որ բաց է թողել վճիռը մեկամսյա ժամկետում բողոքարկելու հնարավորությունը և խնդրել է հարգելի համարել բաց թողնված ժամկետը՝ վճռի բողոքարկման եռամսյա ժամկետի սկիզբը հաշվարկելով 19.12.2014 թվականից (հատոր 2-րդ, գ.թ. 5-11):

2. Վերաքննիչ դատարանը 17.02.2015 թվականի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Ռաֆֆի Նախշքերյանի միջնորդությունը և վարույթ է ընդունել վերջինիս՝ որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը (հատոր 2-րդ, գ.թ. 22):

3. Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանի կողմից 24.03.2015 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, որում մասնավորապես նշվել է, որ Ռաֆֆի Նախշքերյանը սույն գործով 07.05.2013 թվականին կայացված վճռի մասին տեղեկացված է եղել թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում և անգամ 29.07.2014 թվականի դատական նիստին դրա վերաբերյալ դիրքորոշում է հայտնել (հատոր 2-րդ, գ.թ. 35-39):

4. Թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործով հայցադիմումի, հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը դատաքննության նախապատրաստելու մասին որոշման, դատական նիստի արձանագրման համառոտագրման համաձայն՝ Լուսինե Ազոյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ընդդեմ «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, Ռաֆֆի Զոհրապ Գարեգին Խաչիկ Նակշքերյանի և Սոնիա Նակշքերյանի՝ ժառանգության իրավունքի և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և 29.07.2014 թվականին նշանակված դատական նիստին մասնակցել է նաև Ռաֆֆի Նակշքերյանը (հատոր 2-րդ, գ.թ. 40, 42, 48-49):

5. Վերաքննիչ դատարանը որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» մասում ներկայացրել է Հակոբ Բաշմակյանի՝ վերաքննիչ բողոքի վերաբերյալ դիրքորոշումը և հիմնավորումները, այդ թվում՝ Ռաֆֆի Նախշքերյանի կողմից սույն գործով վճռի մասին տեղեկացված լինելու հանգամանքը, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանց անդրադարձ չի կատարել (հատոր 2-րդ, գ.թ. 78-81):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերի, 220-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի միատեսակ կիրառության համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի, 220-րդ հոդվածի 5-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք գործին մասնակից չդարձված անձի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը պահպանած լինելու հարցը կարող է գնահատման արժանանալ նաև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելուց հետո բողոքի քննության փուլում,

2) արդյո՞ք վերաքննիչ դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոքի պատասխանում ներկայացված դիրքորոշմանը և հիմնավորումներին անդրադառնալ նաև որոշման պատճառաբանական մասում:

 

1) 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթ է բովանդակում նաև 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից և կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, հիմք ընդունելով 2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, օրինակ, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ 3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելելու, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը: Նշված իրավունքի իրացման համար օրենսդրի կողմից սահմանվել են պայմաններ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է ապահովվել այն: Մասնավորապես՝ որպեսզի գործին մասնակից չդարձված անձը հնարավորություն ունենա իրացնելու դատական պաշտպանության իր իրավունքը, պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին բավարարող բողոք այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի անցել քսան տարի: Նման ժամկետի սահմանումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված՝ դատավարական գործողությունները նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունից՝ հստակեցնելով անձի կողմից իր իրավունքների պաշտպանությանը ձեռնամուխ լինելու ընթացակարգը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածով սահմանվել է ոչ միայն վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացման ժամկետ, այլ նաև վերաքննության կարգով դատական ակտի վերանայման քսանամյա վաղեմություն, որն ուղղակիորեն գործին մասնակից չդարձված անձին զրկում է վերաքննիչ բողոքարկման հնարավորությունից: Ընդ որում, ի տարբերություն հայցային վաղեմության ժամկետի, որը դատարանը կիրառում է միայն կողմի միջնորդությամբ, նշված եռամսյա ժամկետն ուղղակիորեն վերաքննությունը բացառող հանգամանք է և դատարանին պարտավորեցնում է սեփական նախաձեռնությամբ կիրառել այս նորմը՝ վերադարձնելով վերաքննիչ բողոքը: Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում ընդգծելու, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննությունն ընդհանրապես բացառող հանգամանք է դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո քսան տարի անցնելը, որպիսի ժամկետը ենթակա չէ վերականգնման, փոխարենը՝ գործին մասնակից չդարձված անձի կողմից բողոք բերելու եռամսյա ժամկետի բացթողումը համապատասխան միջնորդության դեպքում կարող է հարգելի ճանաչվել և վերականգնվել: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «վերաքննիչ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնում» եզրույթը նշանակում է ոչ թե վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի հոսքի վերսկսում, այլ դատական ակտի բողոքարկման եղանակով անձի խախտված իրավունքների պաշտպանության տրամադրում: Այլ կերպ ասած, որպես կանոն, գործին մասնակից չդարձված անձը վերաքննիչ բողոք կարող է ներկայացնել դատական ակտի մասին տեղեկանալուց հետո եռամսյա ժամկետում, եթե դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի անցել քսան տարի: Այն դեպքերում, երբ քսան տարվա ժամկետը պահպանված է, սակայն եռամսյա ժամկետը խախտվել է օբյեկտիվ հիմքերով, օրենսդիրը հնարավորություն է տվել ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն՝ դրանով իսկ ապահովելով դատական ակտի բողոքարկման եղանակով դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս, ի թիվս այլնի, պետք է պարզի, թե արդյոք բողոքը ներկայացվել է սահմանված եռամսյա ժամկետի ընթացքում: Ընդ որում, պայմանավորված վարույթ ընդունելու փուլի առանձնահատկություններով՝ վերաքննիչ դատարանն այդ հանգամանքը պարզում է՝ առերևույթ գնահատելով ժամկետը պահպանված լինելու հանգամանքը: Այլ կերպ ասած՝ եթե առերևույթ պահպանված է ժամկետը, վերաքննիչ դատարանը բողոքը պետք է վարույթ ընդունի, քանի որ դա է բխում անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի էությունից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդեն իսկ վերաքննիչ բողոքի քննության փուլում վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու հարցի վերաբերյալ կասկածներ ծագելու դեպքում վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հանգամանքով և պարտավոր է անդրադառնալ ու գնահատման արժանացնել ժամկետը պահպանած լինելու փաստը: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ վերաքննիչ դատարանը բողոքի քննության փուլում նույնպես կարող է գնահատման արժանացնել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու պայմանների պահպանված լինելը և եթե պարզի, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս պահպանված չեն եղել վերաքննիչ բողոք բերելու ժամկետները, ապա ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածով սահմանված լիազորություններով՝ վերաքննիչ բողոքը պետք է մերժի՝ հաշվի առնելով, որ ի սկզբանե առկա են եղել վերաքննությունը բացառող հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանը վերոնշյալ իրավական դիրքորոշման լույսի ներքո գտնում է, որ նման կարգավորումը կիրառելի է նաև բողոք բերելու համար սահմանված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելիս: Այսինքն՝ եթե վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելիս գնահատել է միջնորդությունը և այն հարգելի համարելով՝ վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, սակայն բողոքի քննության փուլում ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք վկայում են միջնորդության ոչ հիմնավոր լինելու վերաբերյալ, ապա վերաքննիչ դատարանն այս դեպքում ևս պետք է մերժի վերաքննիչ բողոքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործին մասնակից չդարձված անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված եռամսյա ժամկետը պահպանված լինելը վերաքննիչ դատարանը բողոքը վարույթ ընդունելու փուլում պարզում է՝ առերևույթ գնահատելով ներկայացված ապացույցները, ինչը չի զրկում վերաքննիչ բողոքի քննության փուլում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը բացառող հանգամանքներն ի հայտ գալու դեպքում մերժել վերաքննիչ բողոքը՝ արձանագրելով վերաքննիչ բողոքարկումը բացառող հանգամանքի առկայությունը:

2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց: Նույն հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի պատասխանում պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի նույն օրենսգրքի 130.1-րդ հոդվածով սահմանված պահանջները։ Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ որոշման նկարագրական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները: Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ որոշման պատճառաբանական մասը, ի թիվս այլնի, պետք է պարունակի եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ: Նույն կետը նաև մասնավորեցնում է պարզաբանման ենթակա հարցերի շրջանակը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանված է, եթե դրանում երևում են փաստերի հաստատման, ապացույցների գնահատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները:

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում, մասնավորապես՝ Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որ յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պայմանավորված վերաքննության վարույթի և վերաքննիչ դատարանում գործի քննության առանձնահատկություններով՝ վերաքննիչ դատարանում անձն իր դատավարական իրավունքները, որպես կանոն, իրացնում է վերաքննիչ բողոքի կամ դրա պատասխանի ներկայացմամբ՝ հաշվի առնելով, որ բացատրություն տալու անհրաժեշտությունը որոշում է դատարանը: Ամեն դեպքում անձը չպետք է զրկվի իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից, որն էլ հիմնականում արվում է գրավոր եղանակով՝ վերաքննիչ բողոքում և դրա պատասխանում: Ընդ որում, վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը, ի տարբերություն հայցադիմումի պատասխան չներկայացնելու, չի կարող մեկնաբանվել ի վնաս այդ անձի: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան, ապա այն պատշաճ գնահատման պետք է արժանանա՝ հաշվի առնելով, որ դատավարական նման իրավունքի սահմանումն ինքնանպատակ չէ: Վերաքննիչ բողոքի պատասխանը ոչ թե պետք է պարզապես շարադրվի վերաքննիչ դատարանի որոշման նկարագրական մասում, այլ նաև պատճառաբանական մասում վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնա բողոքի պատասխանի փաստարկներին՝ պարզելու համար վերաքննիչ բողոքի հիմքերի հիմնավորվածությունը վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկների համատեքստում: Այլ կերպ ասած՝ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները պետք է հնարավորություն տան եզրակացություն անելու ոչ միայն վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների, այլ նաև բողոքի պատասխանում դրանց կապակցությամբ ներկայացված դիրքորոշումների և հիմնավորումների վերաբերյալ: Նման եզրահանգման համար հիմք է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130.1-րդ հոդվածով ամրագրված՝ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը, որը հնարավոր չէ լիարժեք ապահովել, եթե վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չարժանացնի վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները, որոնք կարող են վերաբերել ինչպես բողոքի հիմքերին և հիմնավորումներին, այնպես էլ վերաքննությունը բացառող հանգամանքներին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 17.02.2015 թվականի որոշմամբ բավարարել է վերաքննիչ բողոք բերելու մեկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու վերաբերյալ Ռաֆֆի Նախշքերյանի միջնորդությունը և վարույթ է ընդունել վերջինիս՝ որպես գործին մասնակից չդարձված անձի վերաքննիչ բողոքը: 24.03.2015 թվականին Հակոբ Բաշմակյանի ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, որում, ի թիվս այլնի, նշել է, որ Ռաֆֆի Նախշքերյանը բաց է թողել վերաքննիչ բողոք ներկայացնելու եռամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը որոշման «Վերաքննիչ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները և պահանջը» մասում ներկայացրել է պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, այդ թվում նաև՝ սույն քաղաքացիական գործով 07.05.2013 թվականի վճռի մասին թիվ ԵԿԴ/1986/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում Ռաֆֆի Նախշքերյանի տեղեկանալու և 29.07.2014 թվականի դատական նիստին դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու մասին փաստարկները, սակայն որոշման պատճառաբանական մասում դրանք ընդհանրապես չի գնահատել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած այն հանգամանքին, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով հարգելի է համարել բողոքարկման ժամկետի բացթողումը և վերաքննիչ բողոքն ընդունել է վարույթ, սակայն բուն վերաքննության փուլում կասկածներ են առաջացել վերաքննիչ բողոքարկման ժամկետները պահպանված լինելու և մասնավորապես՝ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հիմքերի վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու հանգամանքներով և բուն վերաքննության փուլում վերոգրյալի կապակցությամբ կասկածներ առաջանալու դեպքում պարտավոր է անդրադառնալ դրանց հիմնավորվածությանը: Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը բավարարվել է միայն որոշման նկարագրական մասում վերաքննիչ բողոքի պատասխանի փաստարկները շարադրելով՝ որոշման պատճառաբանական մասում որևէ կերպ գնահատման չարժանացնելով վերաքննիչ բողոքի պատասխանում բարձրացված՝ սույն գործով վերաքննությունը բացառող հանգամանքների առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, որոշման նկարագրական մասում ուղղակիորեն մեջբերելով բողոքի պատասխանի փաստարկները և չգնահատելով դրանք, չի փարատել բողոքի քննության ընթացքում ի հայտ եկած և վերաքննությունը բացառող հանգամանքների առկայության վերաբերյալ կասկածները, որի արդյունքում էլ սահմանափակել է Հակոբ Բաշմակյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված հիմքով դատավարական իրավունքի խախտում թույլ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի մյուս հիմնավորումներին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը, այդ թվում նաև՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.05.2015 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև՝ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.10.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան