Գլխավոր տեղեկություն
Համար
N 1106-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.09.12/45(919).1 Հոդ.1021.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 օգոստոսի 2012 թվականի N 1106-Ն

 

ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ԱԶԳՈՒԹՅԱՄԲ ՀԱՅ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի «Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ազգային ու միջազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու մասին» N 1158-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված կարգից սահմանել բացառություն և Սիրիայի Արաբական Հանրապետության՝ ազգությամբ հայ քաղաքացիների` 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին չհամապատասխանող ազգային վարորդական վկայականները փոխանակել առանց որակավորման քննություններ հանձնելու և հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային վարորդական վկայականներ՝ մեկ տարի ժամկետով՝ պայմանով, որ այդ ժամանակահատվածում այդ անձինք հանձնեն որակավորման քննություններ:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված անձինք վարորդական վկայականը փոխանակելու համար քննական մարմին են ներկայացնում`

ա. անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում Հայաստանի Հանրապետությունում անձի հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում` նաև հաշվառման (փաստացի բնակության) վայրի մասին տեղեկանք,

բ. վարորդական վկայական տալու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր.

2) սույն որոշման 1-ին կետով նախատեսված ժամկետը լրանալու, ինչպես նաև այդ ժամկետում որակավորման քննություններ չհանձնելու կամ բացասական հանձնելու դեպքում, առանց որակավորման քննություններ հանձնելու ստացած Հայաստանի Հանրապետության ազգային վարորդականները համարվում են ուժը կորցրած:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 6

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան