ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2016 թվականի N 579-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1419-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1419-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 4-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «սպասարկման կազմակերպումը, այդ թվում` տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ընտրության նպատակով մրցույթի կազմակերպումը» բառերը փոխարինել «սպասարկումը» բառով,
բ. 3-րդ ենթակետում «իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև նրանց» բառերը փոխարինել «գրասենյակի» բառով.
2) որոշման 5-րդ կետը «տրամադրում» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում» բառերով.
3) որոշումը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Թույլատրել գրասենյակին`
1) նախորդ տարվա արդյունքներով 500.0 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3600 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) նախորդ տարվա արդյունքներով 115.0 մլն դրամից մինչև 500 մլն դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 3000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում չնշված հարկ վճարողների համար (բացառությամբ գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) հաշվառված և փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (այդ թվում` սահմանամերձ) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների) մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 1200 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) հաշվառված և գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար գյուղերում (բացառությամբ` սահմանամերձ) տեղադրված մեկ հսկիչ-դրամարկղային մեքենայի տեխնիկական սպասարկման ամսական գինը սահմանել մինչև 900 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) սահմանամերձ գյուղերում հաշվառված և սահմանամերձ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար սահմանամերձ գյուղերում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումն իրականացվում է անվճար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. հունիսի 9 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան