Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1029
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.06.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.06.13/29(903) Հոդ.718
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
05.06.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.06.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

5 հունիսի 2012 թ.

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԹԻՎ 37 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի ԹԻՎ 31-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ՝

դիմող կողմի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ս. Հարությունյանի,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ա. Ստեփանյանի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ն. Հովհաննիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 31-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ս. Հարությունյանի` 16.05.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` 2012թ. մայիսի 21-ի աշխատակարգային նիստում քննարկելով վերոհիշյալ դիմումը, որոշում է կայացրել` համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ մասերի, 74-րդ հոդվածի 4-րդ մասի` գործն ընդունել քննության և գործով որպես պատասխանող կողմ ներգրավել թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: Նշված որոշմամբ գործով զեկուցող է նշանակվել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանը:

Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2012 թվականի մայիսի 6-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածում նախատեսված ժամկետում: Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված հիմքերով կազմավորվել է թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Ընտրատարածքը ներառում է թվով 77 ընտրական տեղամաս:

Թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորի 4 /չորս/ թեկնածու: Ըստ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վերաբերյալ արձանագրության՝ ընտրողների ընդհանուր թիվը 53949 է, իսկ ընտրություններին մասնակցել է 35741 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների թիվը 34398 է, որը բաշխվել է հետևյալ կերպ. Հ. Գրիգորյան` 19894, Թ. Հակոբյան՝ 11822, Ս. Հարությունյան՝ 1492, Վ. Վարդազարյան՝ 1190: Անճշտությունների թիվը կազմել է 25:

Թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012թ. մայիսի 11-ի թիվ 31-Ա որոշումով թիվ 37 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչվել առավել կողմ ձայներ ստացած Հ. Գրիգորյանը:

 

2. Դիմողը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել թիվ 37 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 31-Ա որոշումը:

Դիմողի պնդմամբ` թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Թաթուլ Երվանդի Հակոբյանի գրանցումն անօրինական է, քանի որ նա օրենքով սահմանված կարգով վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես չի բնակվել: Սույն փաստի առնչությամբ դիմողը նախ երկու անգամ դիմել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն` նույն վարչության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժանմունքի կողմից Թ. Հակոբյանին տրված` վերջին հինգ տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքն անվավեր ճանաչելու խնդրանքով: Դիմումները մերժվել են: Նույն պահանջով դիմողը դիմել է նաև ՀՀ վարչական դատարան: Վերջինս իր` 02.04.2012թ. որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է: Դիմողն այնուհետև նոր հայցապահանջ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանը` հինգ դատավորի կազմով, որպես երրորդ անձ ներգրավելով Թաթուլ Հակոբյանին, քննության է առել հայցադիմումը և իր` 06.04.2012թ. որոշմամբ մերժել է Ս. Հարությունյանի` թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` իր դիմումը մերժելու մասին 01.04.2012թ. և Թաթուլ Հակոբյանին որպես ԱԺ պատգամավորի թեկնածու գրանցելու վերաբերյալ որոշումներն անվավեր ճանաչելու հայցադիմումը: Վարչական դատարանը գտել է, որ հայցն անհիմն է, և դիմողի կողմից վիճարկվում է ոչ թե Թ. Հակոբյանի ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքի տրմանն ուղղված գործողությունը, այլ այդ տեղեկանքի առկայության պայմաններում թիվ 37 ԸԸՀ-ի կողմից թեկնածուին գրանցելու փաստը: Դիմողը գտնում է, որ վարչական դատարանն ապօրինի որոշում է կայացրել` մերժելով իր հայցադիմումը:

Ըստ դիմողի` ընտրողների անձնագրերում դրված դրոշմակնիքների ժամանակից շուտ անհետանալը նպաստել է ՀՀ-ից բացակայող քաղաքացիների փոխարեն քվեարկություն կազմակերպելուն:

Դիմողը նշում է նաև, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել ՀՀ ընտրական օրենսգրքի տարաբնույթ խախտումներ, որոնք, իր կարծիքով, ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա և գտնում է, որ քվեարկության արդյունքներն իրենց մեջ պարունակող պարկերում առկա են ի վնաս իրեն կատարված օրինախախտումները հաստատող բազում իրեղեն ապացույցներ: Ըստ դիմողի` ընտրությունների արդյունքների վրա ամենաէական ազդեցությունն է ունեցել այն իրողությունը, որ քվեարկության ընթացքում իր օգտին տրված ձայների մեծ մասը հաշվարկվել է ՀՀԿ թեկնածու Հայկ Գրիգորյանի, Թաթուլ Հակոբյանի, անգամ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի թեկնածու Վարազդատ Վարդազարյանի օգտին:

 

3. Պատասխանող կողմը գտնում է, որ թիվ 37 ընտրատարածքում քվեարկության արդյունքներով ընդունված որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմողի պահանջն անհիմն է, քանի որ թիվ 37 ընտրատարածքում ՀՀ ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ընթացքում տեղի չեն ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հիմք հանդիսանալ հանձնաժողովի կողմից այլ որոշում կայացնելու համար: Ի պատասխան դիմողի ներկայացրած հարցադրումների` պատասխանողը նշում է, որ քաղաքացի Թ. Հակոբյանի կողմից ներկայացվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված բոլոր փաստաթղթերը, այդ թվում` լիազոր մարմնի տեղեկանքը` վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին: Ավելին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի գրությամբ ևս մեկ անգամ փաստվել է, որ վարչական մարմնի կողմից կրկին անգամ ուսումնասիրվել են քաղաքացի Թաթուլ Հակոբյանին տեղեկանք տրամադրելու համար հիմք հանդիսացած փաստական հանգամանքները և վերջին հինգ տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին օրենքով սահմանված պահանջը չբավարարող տվյալներ չեն հայտնաբերվել:

Ընտրական ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի առնչությամբ պատասխանողը նշում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի վերլուծությունից բխում է, որ ընտրական իրավունք ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր բացակայում են Հայաստանի Հանրապետությունից` անկախ ՀՀ ժամանելու հաճախականությունից կարող էին և պետք է ընդգրկված լինեին ընտրողների ցուցակներում: Դա պայմանավորված է ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացման հնարավորությամբ: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ հիշյալ անձանց փոխարեն քվեարկություն է տեղի ունեցել, ապա պատասխանողը գտնում է, որ այդ պնդումն անհիմն է, քանի որ դիմողը չի ներկայացրել որևէ դեպք այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու առնչությամբ:

Անձը հաստատող փաստաթղթերի վրա դրվող դրոշմակնիքների առնչությամբ պատասխանողը նշում է, որ դրոշմակնիքի արագ անհետանալու փաստը չի կարող ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա, քանզի թանաքի կիրառումն ընդամենը լրացուցիչ, սակայն ոչ միակ միջոցն է կրկնակի քվեարկությունը բացառելու համար: Ավելին, ԸԸՀ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել և ՏԸՀ-ների գրանցամատյաններում չկան գրառումներ ընտրական տեղամասերում կրկնակի քվեարկության դեպքերի մասին:

 Դիմողի կողմից մատնանշված ընտրախախտումների տարբեր դեպքերի առնչությամբ պատասխանողը գտնում է, որ դրանք ընդհանուր հարցադրումներ են, և դիմողը որևէ կոնկրետ փաստով դրանց հիմնավորումներ չի ներկայացնում: Միակ օրինակը, որ բերում է դիմողը թիվ 37/37 ընտրատեղամասի վերաբերյալ, չնայած տվյալների աղբյուրի անհայտ լինելուն, դարձյալ վկայում է, որ դիմողի ներկայացրած տվյալների և պաշտոնական արդյունքների միջև որևէ տարբերություն առկա չէ տեղամասում քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի և հաղթող ճանաչված թեկնածուին տրված ձայների միջև:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքներին, ապա պատասխանողը գտնում է, որ դիմողը դրանք չի բողոքարկել կամ դրանց վերահաշվարկի որևէ պահանջ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով չի ներկայացրել, իսկ դիմումում ներկայացվող դատողություններն անհիմն են ու չփաստարկված:

 

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի առաջին հիմնական փաստարկը վերաբերում է Թաթուլ Հակոբյանին թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու գրանցելու վերաբերյալ թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 01.04.2012թ. թիվ 21-Ա որոշման ենթադրյալ անօրինականությանը:

Սահմանադրական դատարանն իր` 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ, անդրադառնալով թեկնածուների գրանցման շուրջ ծագած վեճերին և վերջիններիս առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանի ու ՀՀ վարչական դատարանի իրավազորությունների տարանջատման խնդրին, վերահաստատելով իր` ՍԴՈ-433, ՍԴՈ-703 և ՍԴՈ-736 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ամրագրել է, որ «...բոլոր այն հարցերը, որոնք առնչվում են ընտրությունների ժամանակ թեկնածուների գրանցման շուրջ առաջացած վեճերին, որոնց լուծումն օրենքով սահմանված կարգով վերապահված է ՀՀ վարչական դատարանին, սահմանադրական դատարանում առանձին քննության առարկա չեն կարող հանդիսանալ, իսկ որպես ապացուցողական հիմք ընդունվում են վարչական դատարանի վերջնական ակտերը»: Դա բխում է ՀՀ Սահմանադրության 5 և 100-րդ հոդվածների պահանջներից:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վերոհիշյալ 01.04.2012թ. թիվ 21-Ա որոշումը վիճարկվել է ՀՀ վարչական դատարանում: Նշված որոշումն անվավեր ճանաչելու` դիմողի պահանջը մերժվել է ՀՀ վարչական դատարանի 2012թ. ապրիլի 6-ի վերջնական որոշմամբ: Միաժամանակ, ՀՀ վարչական դատարանն իր որոշման մեջ որպես գրանցման հետ կապված խնդրո առարկա վեճում դիմողի իրավունքների պաշտպանության պատշաճ միջոց է մատնանշել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Երևան քաղաքի Նոր Նորքի բաժնի գործողության վիճարկումը վարչական դատարանում, ինչը դիմողը չի իրացրել:

Բոլոր դեպքերում, համաձայն ՀՀ Սահմանադրության 5 և 100-րդ հոդվածների, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի, ՀՀ ընտրական օրենսգրքի 46 և 118-րդ հոդվածների, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145 և 150-րդ հոդվածների` ՀՀ սահմանադրական դատարանն իրավասու չէ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի շրջանակներում քննության առարկա դարձնել բոլոր այն հարցերը, որոնց լուծման իրավասությամբ օրենքով սահմանված կարգով օժտված է ՀՀ վարչական դատարանը, և որի որոշումներն այդ հարցերով վերջնական են ու վերանայման ենթակա չեն, կամ գնահատել վարչական դատարանի դատական ակտի իրավաչափությունը:

Ինչ վերաբերում է սահմանադրական դատարանին ուղղված` դիմողի միջնորդությանը` լրացուցիչ ապացույցների ձեռքբերման նպատակով համապատասխան հանձնախմբեր ձևավորելու առնչությամբ, ապա սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի, 74-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա համապատասխան հանձնախմբեր կարող են ձևավորվել նախ` միայն սահմանադրական դատարանի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ ապացույցներ ձեռք բերելու նպատակով, երկրորդ` երբ ակնհայտ փաստարկվում է, որ արգելափակվել են դիմողի կամ նրա վստահված անձանց իրավունքները կոնկրետ վերահսկողական գործողություն իրականացնելիս, և նման հանգամանքը հաշվի չի առնվել ընտրության արդյունքներն ամփոփելու ժամանակ: Դիմողը դատարանին նման փաստարկներ ու հիմնավորումներ չի ներկայացրել:

 

5. Սահմանադրական դատարանն իր` 2007թ. հունիսի 10-ի ՍԴՈ-703 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «...եթե դիմող կողմն ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման գործընթացով պայմանավորված ընտրական հանձնաժողովների, իրավասու այլ մարմինների որոշումները, գործողությունները կամ անգործությունը մինչև սահմանադրական դատարան դիմելը ՀՀ ընտրական օրենսգրքով և իրավական այլ ակտերով նախատեսված՝ արտադատական (վարչական) կամ դատական կարգով չի բողոքարկել, այսինքն` օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետներում չի օգտագործել (սպառել) իր ընտրական իրավունքների պաշտպանության՝ օրենքով նախատեսված բոլոր միջոցները, ապա լիարժեք չեն դառնում սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքներով քննվող հանրային-իրավական վեճի շրջանակներում ապացուցողական նշանակություն ունեցող փաստեր ներկայացնելու և դրանցով իր փաստարկները հիմնավորելու նրա դատավարական հնարավորությունները»: Նշված իրավական դիրքորոշմանը համապատասխան գնահատելով դիմողի ներկայացրած մյուս բոլոր փաստարկները` սահմանադրական դատարանն արձանագրում է.

առաջին` դիմողի առանձին պնդումներ վերաբերում են նախընտրական քարոզչության կազմակերպման ընթացքում օրենքի պահանջների ենթադրյալ խախտումներին: Այդ խախտումների առնչությամբ, սակայն, դիմողն օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում իրավասու մարմիններին համապատասխան դիմում չի ներկայացրել և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քննության առարկա չի դարձրել,

երկրորդ` դիմողի պնդմամբ ընտրախախտումներ են տեղի ունեցել նաև քվեարկության փուլում: Վերոհիշյալ իրավական դիրքորոշմանը համապատասխան` նշված ենթադրյալ խախտումների վերաբերյալ պնդումները սահմանադրական դատարանում կարող էին ապացուցողական նշանակություն ստանալ օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգով և ժամկետներում դիմողի ընտրական իրավունքների պաշտպանության համապատասխան միջոցների օգտագործման արդյունքում ձեռք բերված նյութերով: Մինչդեռ դիմողը որևէ տեղամասի առնչությամբ չի ներկայացրել քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջ: Այս փաստը հաշվի առնելով` սահմանադրական դատարանն անհիմն ու ժամանակավրեպ է համարում նաև դիմողի միջնորդությունը դիմումում թվարկված թվով 40 և մյուս (այսինքն` բոլոր) ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է ընտրողների ցուցակներում Հայաստանի Հանրապետությունից բացակայող քաղաքացիների ընդգրկման` դիմողի կողմից առաջադրված խնդրին, ապա դրա վերաբերյալ իր մոտեցումներն ու իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանն արտահայտել է իր` 2012թ. մայիսի 31-ի ՍԴՈ-1028 որոշման մեջ:

 

6. Գործի նյութերի համադրված վերլուծությունը վկայում է, որ սույն գործի բնորոշ առանձնահատկություններն ամփոփ ձևով հանգում են հետևյալներին:

Առաջին` դիմողը, ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներով թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճի շրջանակներում, բողոքարկում է ոչ թե մեծամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված, այլ ընտրողների ձայների թվով երկրորդ տեղն զբաղեցնող թեկնածուի` որպես այդպիսին գրանցման իրավաչափության հարցը: Բացի նրանից, որ, ինչպես նշվեց, օրենքով սահմանված կարգով թեկնածուների գրանցման վեճերը քննվում և վերջնական լուծում են ստանում ՀՀ վարչական դատարանում, նաև ակներև է, որ պասիվ ընտրական իրավունքի իրացման առումով եթե նույնիսկ քվեարկության արդյունքներով երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուի օգտին տրված ձայներն ամբողջությամբ գումարվեին դիմողի օգտին տրված ձայներին, միևնույն է` այն 6580 ձայնով կամ 33.1 տոկոսով պակաս կլիներ ընտրված ճանաչված թեկնածուի օգտին տրված ձայներից:

Երկրորդ` դիմողն ընդհանուր դժգոհություն արտահայտող դատողություններից բացի դատական քննության համար անհրաժեշտ ապացուցողական նշանակություն ունեցող որևէ փաստարկ չի ներկայացնում քվեարկության արդյունքների ոչ հավաստի լինելու հիմքով իր պասիվ ընտրական իրավունքի խախտումը հիմնավորելու վերաբերյալ, ինչը պարտավոր կլիներ հաշվի առնել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վեճի առարկա որոշումն ընդունելիս: Դիմողը ՀՀ ընտրական օրենսգրքով ընձեռված որևէ վերահսկողական իրավասություն սահմանված կարգով չի իրացրել` փաստելու համար քվեարկության արդյունքների հետ կապված այնպիսի իրավախախտումներ, որոնք ազդել են իր ընտրական իրավունքի իրացման վրա: Դիմողը գլխավորապես հենվում է տարաբնույթ դատողությունների ու կարծիքների, այլ ոչ թե ապացուցողական նշանակություն ունեցող կոնկրետ փաստերի վրա, ինչը դատական գործընթացում ընդունելի չէ:

Երրորդ` դիմողը չի ներկայացնում այնպիսի կոնկրետ փաստեր, որոնք հիմնավոր ձևով վկայեին իր կամ իր վստահված անձանց իրավունքների ոտնահարման մասին` տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով քայլեր իրականացնելիս: Այդ պատճառով էլ, ինչպես նշվեց, իրավական հիմքից զուրկ է դիմողի միջնորդությունը` բացառապես բոլոր ընտրական տեղամասերում սահմանադրական դատարանի կողմից վերահաշվարկներ կատարելու առնչությամբ: ՀՀ ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` դիմողն անձամբ և իր վստահված անձինք ժամանակին ու օրենքով սահմանված կարգով նման պահանջ կարող էին ներկայացնել ու իրականացնել ցանկացած ընտրական տեղամասի վերաբերյալ, ինչը, ըստ գործի նյութերի, չի արվել: Ուստի քվեարկության արդյունքների ոչ հավաստիության պարզապես վկայակոչմամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը վիճարկելն իրավական առումով դառնում է չփաստարկված, իսկ նման ձևով նոր վերահաշվարկի պահանջի առաջադրումը դուրս է գալիս նաև սահմանադրաիրավական վեճի շրջանակներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Թիվ 37 ընտրատարածքում Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի թիվ 31-Ա որոշումը թողնել ուժի մեջ:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

5 հունիսի 2012 թ.

ՍԴՈ-1029

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան