Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1024
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.05.16/25(899) Հոդ.603
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2012

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

4 մայիսի 2012 թ.

 

1973 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ԿԻՈՏՈՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Ալավերդյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված` Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին միջազգային կոնվենցիայում (փոփոխություններով) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 03.04.2012թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում` առևտրի և փոխանակումների զարգացմանն արդյունավետորեն նպաստելու նպատակով:

2. Կոնվենցիայի անբաժանելի մաս է կազմում Գլխավոր հավելվածը, որում սահմանված են, մասնավորապես, մաքսազերծման ընթացակարգերը, կիրառվող հարկերն ու տուրքերը, մաքսային հսկողության իրականացման կարգը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարգը, կողմերի միջև առաջացող վեճերի լուծման կարգը և այլն: Գլխավոր հավելվածը պարտադիր է բոլոր կողմերի համար, իսկ հատուկ հավելվածները` միայն այն պետությունների համար, որոնք ընդունում են դրանք:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 աջակցել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու ներդաշնակեցմանը և պահպանել Կոնվենցիայով սահմանված ստանդարտները, անցումային ստանդարտները և առաջարկվող գործելակերպերը,

 ծանուցել Կոնվենցիայի կառավարման խորհրդի գլխավոր քարտուղարին այն տարածքների մասին, որոնք կազմում են մաքսային կամ տնտեսական միություն, և այդ տարածքները կդիտվեն որպես մեկ միասնական տարածք,

 իրականացնել Գլխավոր հավելվածի ստանդարտներն ու անցումային ստանդարտները` Կոնվենցիայով սահմանված ժամկետներում,

 ազգային օրենսդրությամբ հնարավորինս պարզ կերպով սահմանել Գլխավոր հավելվածի ընթացակարգերի և գործելակերպերի կիրառման համար կատարման ենթակա պայմանները և իրականացման ենթակա մաքսային ընթացակարգերը,

 տուրքերի և հարկերի դրույքաչափերը հրատարակել պաշտոնական հրատարակություններում, ինչպես նաև ազգային օրենսդրությամբ սահմանել այն մեթոդները, որոնք կարող են կիրառվել տուրքերի և հարկերի վճարման համար, և վճարման ամսաթիվն ու վայրը,

 ազգային օրենսդրությամբ սահմանել նաև այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային ծառայությունը կարող է ձեռնարկել օրենքով սահմանված գործողություն այն տուրքերը և հարկերը գանձելու ուղղությամբ, որոնք վճարման օրվա դրությամբ դեռ կատարված չեն, ինչպես նաև սահմանել այդ գումարների նկատմամբ վճարվող տոկոսադրույքները,

 մաքսային հսկողության ենթարկել բոլոր ապրանքները` ներառյալ փոխադրամիջոցները, որոնք մուտք են գործում մաքսային տարածք կամ դուրս են գալիս այդ տարածքից` անկախ այն փաստից, թե դրանք ենթակա են տուրքեր և հարկեր գանձելու, թե` ոչ,

 մաքսային գործողությունների համար, որոնք տվյալ անձի ընտրությամբ իրականացվում են իր իսկ կողմից, չստեղծել պակաս բարենպաստ պայմաններ կամ դրանց նկատմամբ չառաջադրել առավել խիստ պահանջներ, քան այն մաքսային գործողությունների դեպքում, որոնք իրականացվում են երրորդ կողմի միջոցով` համապատասխան անձի համար,

 ազգային օրենսդրությամբ սահմանել մաքսային հարցերով բողոքարկման իրավունք, ինչպես նաև մաքսային ծառայությանը նախնական բողոք ներկայացնելու իրավունք:

4. Կոնվենցիայում սահմանված են նաև կառավարման կոմիտեի ստեղծման և գործունեության իրականացման կարգը, Կոնվենցիայի վավերացման, կիրառման, դրույթների և վերապահումների ընդունման կարգը, Կոնվենցիայում փոփոխությունների կատարման, կողմերի միջև վեճերի կարգավորման կարգն ու պայմանները, ինչպես նաև Կոնվենցիայի գործողության ժամկետը և դրա ուժի մեջ մտնելու կարգը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 1973 թվականի մայիսի 18-ին Կիոտոյում ստորագրված` Մաքսային ընթացակարգերի պարզեցման և ներդաշնակեցման մասին միջազգային կոնվենցիայում (փոփոխություններով) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

4 մայիսի 2012 թ.

ՍԴՈ-1024

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան