Գլխավոր տեղեկություն
Համար
N 409-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.453
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.04.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 2012 թվականի N 409-Ն

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2012 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 11

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

ապրիլի 5-ի N 409-Ն որոշման

 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԾՐԱԳԻՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. 2012 թվականի սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր) Հայաստանի Հանրապետությունում համարվում է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացմանն ուղղված կարևորագույն տարրերից մեկը, որի իրականացումը հնարավորություն կընձեռի սննդամթերքի անվտանգության ապահովման նկատմամբ պետական վերահսկողության կատարելագործմանը և արդյունավետության բարձրացմանը, վտանգավոր սննդամթերքի հայտնաբերմանը, օգտահանմանը և (կամ) ոչնչացմանը, արտադրվող սննդամթերքի որակի բարձրացմանը, որն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների արտահանման ծավալների ավելացմանը, ինչպես նաև կհանգեցնի Հայաստանի Հանրապետության ազգաբնակչությանը անվտանգ և որակյալ սննդամթերքով ապահովմանը:

 

II. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է (այսուհետ՝ ծառայություն):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության համապատասխան ծառայությունն իրականացնում է մի շարք գործառույթներ, այդ թվում՝ իր կազմում գործող սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության միջոցով օրենքով սահմանված դեպքերում և կարգով կատարում է սննդի շղթայի բոլոր փուլերում (արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլեր) վերահսկողական գործառույթներ, որոնց շրջանակներում մասնագետները Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 19-ի N 598-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով իրականացնում են սննդամթերքի նմուշառում լաբորատոր փորձաքննության ներկայացնելու նպատակով:

4. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության նպատակով իրականացվող փորձաքննությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մրցույթի արդյունքում լիազորված փորձարկման լաբորատորիաներում: Լաբորատոր փորձաքննությունները հանդիսանում են վճարովի ծառայություններ, որոնց ֆինանսավորումը նախկինում կատարվել է պետական մարմնի կողմից միջնաժամկետ ծախսային ծրագրերի իրականացման միջոցով:

5. Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացնող լաբորատորիաները հավատարմագրվում են ըստ փորձարկման ոլորտների՝ սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների անվտանգության և որակի ցուցանիշներով: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հայտարարված մրցույթին, որն իրականացնում է ծառայությունը, լաբորատորիաները կարող են մասնակցել միայն ըստ յուրաքանչյուրի հավատարմագրման ոլորտի:

6. 2010 թվականին սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների աշխատանքներն իրականացվել են հետևյալ ծավալներով՝ լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 387 նմուշ, որի դիմաց վճարվել է 5 000 000 դրամ: 2011 թվականին այդ աշխատանքներն իրականացվել են հետևյալ ծավալներով՝ լաբորատոր փորձաքննության է ենթարկվել 61 նմուշ, որի դիմաց վճարվել է 3 307 100 դրամ:

7. Ծրագիրը համահունչ է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման Մարաքեշի «Սանիտարական ու բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» համաձայնագրին (Հայաստանի Հանրապետությունը համաձայնագրին անդամակցում է 2003 թվականի փետրվարի 5-ից), Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 17-ի նիստի N 45 արձանագրության «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» N 23 արձանագրային որոշման 3-րդ կետի 3.2-րդ ենթակետի պահանջներին:

 

III. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Ծրագրի իրականացման նպատակներն են`

1) սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման բնագավառներում միջազգային չափորոշիչների պահանջներին համապատասխան լաբորատոր փորձաքննություններ անցկացնելու հնարավորության իրականացում.

2) անասնաբուժասանիտարական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պահանջների տեսակետից բնակչությանն անվտանգ ու բարձրորակ սննդամթերքով և հումքով ապահովում.

3) սննդի շղթայի փուլերում վտանգավոր սննդամթերքի հայտնաբերում, դրա հետագա իրացման կանխում և սահմանված կարգով օգտահանում կամ ոչնչացում:

9. Ելնելով ծառայության կողմից իրականացվող ստուգումներից, ուսումնասիրություններից, ինչպես նաև հիմնվելով սպառողների դիմում-բողոքների վերլուծության վրա՝ ակնհայտ է Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում մեծ ծավալների անհայտ ծագման, անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերով չուղեկցվող, կասկածելի որակ ունեցող և նույնականացում պահանջող սննդամթերքի առկայության փաստերը: Այս պարագայում անհրաժեշտություն է առաջանում ծառայության կողմից իրականացվող վերահսկողության ուժեղացման շրջանակներում նախորդ տարիների հետ համեմատ կատարել շուկայահանված սննդամթերքի ավելի լայն տեսակների լաբորատոր փորձաքննություններ և հաճախակի դարձնել վերջիններիս պարբերականությունը: Ծառայութանը ներկայումս օրենքով վերապահվել են վերահսկողական դաշտի ավելի լայն շրջանակներ, այդ թվում՝ գենետիկորեն ձևափոխված սննդամթերքի փորձաքննություն, անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների որոշում:

10. Սույն ծրագրի 9-րդ կետում նշված խնդիրների լուծման համար 2012 թվականին անհրաժեշտ է իրականացնել սննդամթերքի նմուշների որակյալ լաբորատոր փորձաքննություններ:

 

IV. ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

11. Ծրագրով նախատեսվում է 2012 թվականին իրականացնել սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ հետևյալ ծախսային հաշվարկներով, որոնց համար հիմք են հանդիսացել 2010-2011 թվականներին կատարված սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների աշխատանքները`

1) մեկ նմուշի մեկ ցուցանիշի փորձաքննության արժեքը՝ 2500 դրամ.

2) փորձաքննության ենթակա միջին ցուցանիշների թիվը՝ 7.

3) 2012 թվականին մեկ նմուշ` 2 500 դրամ x 7 ցուցանիշ = 17500 x 571 նմուշ = 10 000.0 հազ. դրամ:

 

V. ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

 

12. Ծրագրի իրականացման համար նախատեսվում է ֆինանսավորում պետական բյուջեից՝ ըստ աղյուսակի`

Միջոցառումների անվանումը

2012 թ.
 (հազ. դրամ)

Սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների իրականացում` անվտանգության և որակի ցուցանիշներով

10 000.0

VI. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

13. Ծրագրի իրականացումը կնպաստի հանրապետությունում ազգաբնակչության համար անվտանգ և որակյալ սննդամթերքի ապահովմանը, սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում մարդու կյանքի ու առողջության համար ռիսկային գործոնների հայտնաբերմանը, դրանց վտանգավոր ազդեցության նվազեցմանը և (կամ) բացառմանը, ինչը հնարավորություն կընձեռի գործնականում կիրառելու «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Եվրախորհրդարանի 178/2002 EC որոշմամբ ամրագրված սննդամթերքի անվտանգության ապահովման հիմնարար սկզբունքները`

1) ապահովել սպառողների առողջությունը.

2) արտադրող կազմակերպություններին ապահովել սննդամթերքի անվտանգության տեսակետից ապահով հումքով.

3) կանխել բնակչության շրջանում կենդանիների և մարդկանց համար ընդհանուր հիվանդությունների առաջացման և տարածման դեպքերը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան