Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-390-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածը «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունը սահմանող պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղևորների փոխադրման պատվերների ընդունման և փոխանցման ծառայությունների մատուցում.»։

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «առանձին պատվերներով ավտոբուսներով» բառերից հետո լրացնել «կամ թեթև մարդատար ավտոմոբիլներով» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Հոդված 16. Ոչ կանոնավոր փոխադրումների կազմակերպումը».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-8-րդ մասերով.

«5. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան։

6. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին և հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձևակերպված պատվերների (հարկային մարմնին՝ ուղևորափոխադրում իրականացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

7. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորների փոխադրման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝

1) փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին.

2) պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին.

3) փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը և վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով և կարգով։

8. Ֆիզիկական անձանց կողմից թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով։»։

 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և ամեն պատվերի իրականացման դեպքում տրամադրում են պատվիրատուին պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն (բացառությամբ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ուղևորափոխադրումների)։

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումները կարող են իրականացվել նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը։»։

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. դեկտեմբերի 22

Երևան

ՀՕ-390-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2023 թվական: