ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19157/02/19 2024 թ. | ||||||
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19157/02/19 | |||||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
զեկուցող |
Է. Սեդրակյան | |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | ||
Ս. ՄԵՂՐՅԱՆ |
2024 թվականի օգոստոսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Հայկ Սարգսյանի հայցի ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու, պատվին, արժանապատվությանը և բարի համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հայկ Սարգսյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից, «Հրապարակ» օրաթերթում և ինտերնետային կայքում հրապարակել սույն գործով կայացված վճիռը, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել 300.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում զրպարտության համար ու 300.000 ՀՀ դրամ՝ վիրավորանքի համար։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 20.04.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են: Դատավոր Լ. Հովհաննիսյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Դավիթ Դանելյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, փաստելով, որ Ընկերությունը վճիռը սահմանված կարգով և ժամկետում չի ստացել, միևնույն ժամանակ հաշվի չի առել, որ Դատարանի վճիռը կողմին սահմանված կարգով հանձնված չլինելը չի կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ ատյանում դատական մատչելիության իրավունքի սահմանափակման համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ անձի բողոքարկման իրավունքի իրացման համար անհրաժեշտ է, որպեսզի վերջինիս փաստացի հասանելի լինի դատական ակտի բովանդակությունը, այնինչ Ընկերությունը Դատարանի վճիռն ստացել է միայն 01.04.2022 թվականին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանը 17.09.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը, վճռի հրապարակման օր է հայտարարել 11.10.2021 թվականը: Դատարանի 11.10.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 13.10.2021 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 85-88, «www.court.am» կայք).
2) Ընկերության ներկայացուցիչ Դավիթ «Դանիելյանին» 12․10․2021 թվականին հասցեագրված առաքանին (Դատարանի 11.10.2021 թվականի վճռի օրինակը) վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով (հատոր 2-րդ, գ.թ. 133)․
3) Ընկերությունը 08.04.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 11.10.2021 թվականի վճռի դեմ՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն այն հիմնավորմամբ, որ «Բողոքարկվող վճիռը սահմանված կարգով և ժամկետում չի ուղարկվել Հրապարակ օրաթերթ ՍՊ ընկերությանը: Մասնավորապես՝ բողոքարկվող վճռի մասին օրաթերթը տեղեկացել է այն ժամանակ երբ ստացել է հայցվոր կողմից դիմումի օրինակը դատարանից կատարողական թերթ ստանալու կապակցությամբ: Դրանից հետո 30.03.2022թ դիմում է ներկայացվել դատարան գործի նյութերին ծանոթանալու և վճռի պատճենը ստանալու մասին» (հատոր 3-րդ, գ.թ. 3-20).
4) Վերաքննիչ դատարանի 20.04.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 3-րդ, գ.թ. 28, 29)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությամբ, որը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք:
Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (ի թիվս այլնի, տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (ի թիվս այլնի, տե՛ս Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է ունենա իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն (տե՛ս Bellet v. France գործով (թիվ 23805/94 գանգատ) Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի գործով (թիվ 25083/05 գանգատ) Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ու հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե'ս Էշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով (թիվ 8225/78 գանգատ) Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Դատարանի մատչելիության սահմանափակումների վերաբերյալ Եվրոպական դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս Khalfaoui v. France գործով (թիվ 34791/97 գանգատ) Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված՝ բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայցևայնպես, այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս Magomedov and others v. Russia գործով (թիվ 33636/09 գանգատ) Եվրոպական դատարանի 28.03.2017 թվականի վճիռը, կետ 87):
Եվրոպական դատարանը նաև նշել է, որ բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշմանը, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ՝ բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց՝ այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն, միաժամանակ, դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia գործով (թիվ 797/14 և թիվ 67755/14 գանգատներ) Եվրոպական դատարանի 26.01.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45, 46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie գործով (թիվ 53723/13 գանգատ) Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
Որպես դատարանի և դատավարության կողմի միջև կապի միջոց՝ ծանուցումները կողմին հաղորդակից են դարձնում դատական ակտին ու դրա հիմքերին՝ անձին ընձեռելով բողոք ներկայացնելու հնարավորություն, եթե նա անհրաժեշտ կհամարի (տե՛ս Miragall Escolano and others v. Spain գործով (թիվ 38366/97 գանգատ) Եվրոպական դատարանի 25.01.2000 թվականի վճիռը, կետ 37):
Իր մի շարք որոշումներում անդրադառնալով դատարանի մատչելիության սահմանափակումների հարցին՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս, օրինակ, Սահմանադրական դատարանի 24.09.2019 թվականի թիվ ՍԴՈ-1477, 19.06.2018 թվականի թիվ ՍԴՈ-1420 որոշումները):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: (…)։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատարանի՝ եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի (…) դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Սահմանադրական դատարանը 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)՝ համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանի արտահայտած վերոնշյալ իրավական դիրքորոշումը կիրառելի է նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:
Սահմանադրական դատարանը 16.10.2012 թվականի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է նաև, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...): Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն՝ առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն՝ դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի՝ վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ բոլոր դեպքերում բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ նախ միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ և բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս ըստ Անդրանիկ Քոչարյանի դիմումի թիվ ԼԴ2/1953/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը)։
Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ բողոք ներկայացրած անձը բաց է թողել բողոքարկման համար օրենքով նախատեսված դատավարական ժամկետը, ապա պարտավոր է ներկայացնել ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նաև՝ իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որոնք հնարավորություն կընձեռեն դատարաններին գնահատելու ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրը չի հստակեցրել և չի սահմանել դատավարական ժամկետի բաց թողնման պատճառների հարգելի լինելու հիմքերը, այնուամենայնիվ, այդ պատճառները պետք է հանդիսանան ժամկետը բաց թողնելու օբյեկտիվ և (կամ) սուբյեկտիվ այնպիսի պատճառներ, որոնց առկայությունը պայմանավորել է անձի՝ դատավարական ժամկետների ավարտից հետո բողոքարկման իրավունքի իրացման իրավաչափությունը: Դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել դատական ակտը բողոքարկելու իրավունքի իրացման համար (տե՛ս «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն ընդդեմ «ՍԱԳ» Արտադրական կոոպերատիվի թիվ ԵԴ/17246/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը 17.09.2021 թվականին կայացած դատական նիստի ընթացքում, որին մասնակցել է նաև Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը, վճռի հրապարակման օր է հայտարարել 11.10.2021 թվականը, միչդեռ Դատարանի 11.10.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվել է 13.10.2021 թվականին:
Ընկերության ներկայացուցիչ Դավիթ «Դանիելյանին» 12․10․2021 թվականին հասցեագրված առաքանին (Դատարանի 11.10.2021 թվականի վճռի օրինակը) վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով։
Ընկերությունը 08.04.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել Դատարանի 11.10.2021 թվականի վճռի դեմ՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետն այն հիմնավորմամբ, որ «Բողոքարկվող վճիռը սահմանված կարգով և ժամկետում չի ուղարկվել Հրապարակ օրաթերթ ՍՊ ընկերությանը: Մասնավորապես՝ բողոքարկվող վճռի մասին օրաթերթը տեղեկացել է այն ժամանակ երբ ստացել է հայցվոր կողմից դիմումի օրինակը դատարանից կատարողական թերթ ստանալու կապակցությամբ: Դրանից հետո 30.03.2022թ դիմում է ներկայացվել դատարան գործի նյութերին ծանոթանալու և վճռի պատճենը ստանալու մասին»:
Վերաքննիչ դատարանի 20.04.2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Ընկերության միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են այն պատճառաբանությամբ, որ՝
- «թեև պատասխանողը Դատարանի կողմից առաքված դատական ակտի թղթային իր օրինակը չի ստացել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս քաջատեղյակ է եղել դատական ակտի հրապարակման օրվա մասին, անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված վերջինս գրեթե հինգուկես ամսվա անգործությունը, ըստ այդմ էլ չեն ներկայացրել այնպիսի հիմնավոր պատճառներ, որոնք հնարավորություն կտային Վերաքննիչ դատարանին հանգելու հետևության, որ դատական ակտի հրապարակումից՝ 13.10.2021թ. հետո վկայակոչված ժամանակահատվածով դրսևորած անգործությունը պայմանավորված է այնպիսի հանգամանքներով, որոնք վկայում են դատական ակտի թղթային օրինակն ավելի շուտ ստանալու իրավունքը իրացնելու հնարավորությունից բողոքաբերի՝ օբյեկտիվ պատճառներով զրկված լինելու մասին»,
- «Վերաքննիչ դատարանը կարևորելով հանդերձ դատական ակտի թղթային օրինակը դատավարության մասնակիցներին հասու լինելու փաստը, այդուհանդերձ արձանագրում է, որ սույն գործի փաստերով պայմանավորված, երբ պատասխանողը մեծամասամբ մասնակցել է դատական նիստերին, այդ թվում նաև հրապարակմանը նախորդող դատական նիստին, դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը ինքնին չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված ժամկետը իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար»,
- «իսկ ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, ըստ որի դատական ակտի մասին վերջինս տեղեկացել է կատարողական թերթ ստանալու մասին հայցվորի դիմումի օրինակը ստանալուց հետո, Վերաքննիչ դատարանը գնահատում է իրականության չհամապատասխանող, քանի որ ինչպես վերոգրյալով փաստվեց, բողոքաբերը դեռևս 17.09.2021թ. տեղեկացել է 11.10.2021թ. դատական ակտի հրապարակման օր սահմանած լինելու մասին, հետևաբար վերջինս պարտավոր էր ողջամտորեն ենթադրել, որ 12.11.2021թ. դատական ակտը մտնելու է օրինական ուժի մեջ, ուստի առնվազն այդ ժամկետի ավարտից հետո գոնե պետք է հետամուտ լիներ իր իրավունքների իրացման հարցում»,
- «նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգեց հետևության, որ բողոքաբերի փաստարկն առ այն, որ վերջինս բողոքարկված դատական ակտի օրինակը ստացել է 01.04.2022թ., թեև հիմնավոր է, սակայն միայն այդ փաստը բավարար չէ հանգելու հետևության, որ մինչ այդ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվորեն զրկել են բողոքաբերին դատական ակտի թղթային օրինական ավելի շուտ ստանալու և վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու հնարավորությունից»:
Վերը նշված դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Տվյալ դեպքում Դատարանի 11.10.2021 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով (court.am) հրապարակվել է 13.10.2021 թվականին, ուստի դրա դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 15.11.2021 թվականը ներառյալ (14.11.2021 թվականը ոչ աշխատանքային օր է): Մինչդեռ, Ընկերությունը Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել 08.04.2022 թվականին՝ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետի բացթողումն ըստ էության պայմանավորելով վճիռն իր կողմից միայն 01.04.2022 թվականին ստանալու հանգամանքով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործում առկա՝ դատական նիստի արձանագրման համառոտագրումից պարզ է դառնում, որ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը մասնակցել է 17.09.2021 թվականին կայացած դատական նիստին։ Նշված դատական նիստի ընթացքում Դատարանը որոշել է գործի քննությունը համարել ավարտված և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 11.10.2021 թվականը: Այսինքն՝ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանելյանը դեռևս 17.09.2021 թվականին կայացած դատական նիստի ժամանակ տեղեկացվել է դատական ակտի հրապարակման օրվա մասին։ Ավելին, սույն քաղաքացիական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Դանելյանին հասցեագրված առաքանին վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով: Ընդ որում, նույն հասցեով նախորդիվ ուղարկված առաքանիները վերջինիս կողմից ստացվել են:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, թեև Ընկերությունը Դատարանի կողմից առաքված դատական ակտի իր օրինակը չի ստացել, սակայն տեղյակ է եղել դատական ակտի հրապարակման օրվա մասին և տևական ժամանակ անգործություն է ցուցաբերել՝ վճռի բովանդակությանը ծանոթանալու, համապատասխանաբար նաև՝ բողոքարկման իր իրավունքը պատշաճ՝ օրենքով սահմանված ժամկետում իրացնելու գործընթացում: Ավելին, Ընկերությունը, 01.04.2022 թվականին ստանալով Դատարանի վճիռը, այնուհետև 08.04.2022 թվականին վերաքննության կարգով բողոքարկելով այն՝ բողոքին կից ներկայացված միջնորդությամբ չի ներկայացրել հիմնավոր պատճառներ և ապացույցներ, որոնք հնարավորություն կտային հանգելու հետևության, որ դատական ակտի հրապարակումից՝ 13.10.2021 թվականից հետո վկայակոչված ժամանակահատվածում դրսևորած անգործությունը պայմանավորված է եղել այնպիսի հանգամանքներով, որոնք վկայում են դատական ակտի բովանդակությանն ավելի վաղ ծանոթանալու թղթային օրինակն ավելի շուտ ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից բողոքաբերի՝ օբյեկտիվ պատճառներով զրկված լինելու մասին:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստերից հետևում է, որ պատասխանողը մասնակցել է վճռի հրապարակմանը նախորդած դատական նիստին, դրա ընթացքում տեղեկացել է դատական ակտի հրապարակման օրվա մասին, իրեն հասցեագրված առաքանին (Դատարանի 11.10.2021 թվականի վճռի օրինակը) վերջինիս կողմից չի ստացվել և վերադարձվել է Դատարան «չպահանջված» նշումով։ Պատասխանողը տևական ժամանակ անգործություն է ցուցաբերել դատավարական իր իրավունքներն իրացնելու հարցում, հետևաբար դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Ընկերության ներկայացուցչի փաստարկն առ այն, որ վերջինս բողոքարկված դատական ակտի օրինակն ստացել է 01.04.2022 թվականին, թեև հիմնավոր է, սակայն ոչ բավարար՝ հանգելու հետևության, որ մինչ այդ առկա են եղել այնպիսի հանգամանքներ, որոնք օբյեկտիվորեն զրկել են բողոքաբերին դատական ակտի օրինակն ավելի շուտ ստանալու և վերաքննիչ բողոքը սահմանված ժամկետում ներկայացնելու հնարավորությունից:
Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա չեն բավարար հիմքեր՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողնմամբ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը հիմնավորելու համար, ուստի միջնորդությունը ենթակա չէր բավարարման:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ուստի, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.04.2022 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. ՄԵՂՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: