ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34437/02/22 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/34437/02/22 | ||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
զեկուցող |
Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ | |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ |
2024 թվականի օգոստոսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հարություն Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ` ըստ Հարություն Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Սերգեյ Ղազարյանի, երրորդ անձինք՝ Կարապետ Սաղոյանի, Արթուր Զաքարյանի (իրավահաջորդ Կարոլին Զաքարյան)՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Հարություն Հովհաննիսյանը պահանջել է Սերգեյ Ղազարյանից բռնագանձել 900․000 ՀՀ դրամ:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.12.2022 թվականի որոշմամբ հայցադիմումն ու կից փաստաթղթերը վերադարձվել են:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Հարություն Հովհաննիսյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Հովհաննիսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով իր՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության մեջ բերված փաստարկներին այն մասին, որ վերաքննիչ բողոքում սխալմամբ նշվել է «Վարչական վերաքննիչ դատարան», ծրարի վրա թույլ է տրվել նույն վրիպակը, սակայն հասցեն նշվել է՝ «ք. Երևան, Գ. Նժդեհի 23» և 01.02.2023 թվականին վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը վերադարձվել է «թերի հասցե նշումով», գտել է, որ այն հարգելի չէ, քանի որ ինքը, 01.02.2023 թվականին ստանալով սխալմամբ ուղարկված ծրարը, կրկին վերաքննիչ բողոքը չի ներկայացրել օրենսգրքով սահմանված ժամկետում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք բերելու օրենսգրքով սահմանված ժամկետի հոսքն սկսվել է 01․02․2023 թվականից և ավարտվել է 10․02․2023 թվականին, սակայն բողոքաբերը բողոքը ներկայացրել է 11․02․2023 թվականին: Դատարանի որոշումը բողոքաբերին հասանելի է եղել միայն 04․02․2023 թվականին, հետևաբար 7-օրյա ժամկետի հոսքն սկսվել է այդ օրվանից:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնական կայքէջի համաձայն՝ որոշումը փոստային առաքման միջոցով, LO108063986AM բեռնային համարով ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Առաքանին հաճախորդից ընդունվել է 10․02․2023 թվականին՝ ժամը 16։33-ին, իսկ հասցեատիրոջը հանձնվել է 11․02․2023 թվականին:
Վերոգրյալի հաշվառմամբ, վերաքննիչ բողոքը ժամկետանց գնահատվելու իրավաչափության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնված չեն փաստական տվյալների վրա: Հետևաբար դատավարական ընթացակարգը չպահպանելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը՝ անհրաժեշտության դեպքում կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝
1. Դատարանի 02.12.2022 թվականի «Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» որոշումը Հարություն Հովհաննիսյանին է ուղարկվել 05.12.2022 թվականի թիվ Ե-305665 ուղեկցական գրությամբ (հատոր 1-ին, գ. թ. 107)․
2. սույն գործի նյութերում առկա չէ Դատարանի 02.12.2022 թվականի որոշումը Հարություն Հովհաննիսյանի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույց․
3. Հարություն Հովհաննիսյանը 27.12.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ վարչական դատարան» նշումով, ինչի արդյունքում ծրարը 01․02․2023 թվականին վերադարձվել է «թերի հասցե», «Գ․ Նժդեհ 23 վերաք․ վարչական դատ․ չկա» գրառումներով (հատոր 2-րդ, գ.թ. 30)․
4. Հարություն Հովհաննիսյանը կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք և նշել է, որ «Հայցադիմումը և կից փաստաթղթերը ստացել է 21.12.2022 թ․-ին» (հիմք՝ վերաքննիչ բողոք, հատոր 2-րդ, գ. թ. 4), միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն՝ պատճառաբանելով, որ «(․․․) Վերաքննիչ բողոքում սխալմամբ նշվել է «Վարչական վերաքննիչ դատարան»։ Ծրարի վրա թույլ է տրվել նույն վրիպակը, սակայն հասցեն նշվել է՝ «Ք․ Երևան, Գ․ Նժդեհի 23»։ 01․02․2023 թ-ին վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը վերադարձվել է «թերի հասցե նշումով» (․․․)» (հատոր 2-րդ, գ․ թ․ 23)․
5. կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային կնիքով նշված է, որ վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ Հարություն Հովհաննիսյանի կողմից ներկայացվել է 11.02.2023 թվականին (հատոր 2-րդ, գ. թ. 154)․
6. Վերաքննիչ դատարանի 03․03․2022 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Հարություն Հովհաննիսյանի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են (հատոր 2-րդ, գ. թ. 160-161):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտն օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու դեպքում, վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետն իրավունքի ուժով (ex jure) վերականգնելու առանձնահատկություններին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրական դատարանն իր որոշումներում (տե՛ս, թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289) անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր: Մասնավորապես՝
- վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահամանափակ ազատություն, այլ՝ օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի թիվ ՍԴՈ-690 որոշումը),
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127 որոշումը),
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 որոշումը)։
«Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերն անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս Pérez de Rada Cavanilles v. Spain թիվ 28090/95 գանգատով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France թիվ 23805/94 գանգատով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 25083/05 Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դիմումների, բողոքների կամ այլ գանգատների ներկայացման համար սահմանված ժամկետները, անկասկած, նպատակ ունեն ապահովել արդարադատության պատշաճ իրականացումը և համապատասխանությունը, մասնավորապես, իրավական որոշակիության սկզբունքին: Շահագրգիռ անձինք պետք է ակնկալեն, որ այդ կանոնները կկիրառվեն: Սակայն, նման կանոնները կամ դրանց կիրառումը չպետք է խոչընդոտ հանդիսանան դատավարության մասնակիցների համար առկա պաշտպանության միջոցներից օգտվելիս (տե՛ս Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 25083/05 Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 27):
Բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար ու ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն, միաժամանակ, դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս Ivanova and Ivashova v. Russia թիվ 67755/14 գանգատով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):
Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս Zavodnik v. Slovénie թիվ 36261/08 գանգատով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: Ուղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները (տե՛ս Հովհաննես Առաքելյանն ընդդեմ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (իրավահաջորդ՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ) թիվ ԵԿԴ/3785/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.11.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև փաստել, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվելու իրենց դատական պաշտպանության իրավունքից: Ուստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված դիրքորոշումները, եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե նույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նույն օրենսգրքի 181-րդ հոդվածով և 302-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ հրապարակման օրվանից յոթնօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է։
Վերոգրյալի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում այն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները։
ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ նշել է, որ բողոքարկման ժամկետը բաց թողնելու դեպքում բողոքաբերի կողմից ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն և համապատասխան ապացույցներ ներկայացնելը, իսկ վերադաս դատարանի կողմից նշված միջնորդության քննարկումը ու ապացույցները գնահատելը, պարտադիր է: Այն դեպքում, երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (տե´ս Դոնարա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության, «Լուսանշան» ՊՈԱԿ-ի թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Գործի դատավարական փաստերի համաձայն՝ Դատարանի 02.12.2022 թվականի «Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» որոշումը Հարություն Հովհաննիսյանին է ուղարկվել 05.12.2022 թվականի թիվ Ե-305665 ուղեկցական գրությամբ, սակայն գործում բացակայում է այն փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույցը: Հարություն Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ ինքը Դատարանի կողմից ուղարկված փոստային առաքանին ստացել է 21.12.2022 թվականին։ Հարություն Հովհաննիսյանը 27.12.2022 թվականին վերաքննիչ բողոք է ներկայացրել ծրարի վրա «ՀՀ վերաքննիչ վարչական դատարան» նշումով, ինչի արդյունքում ծրարը 01․02․2023 թվականին վերադարձվել է «թերի հասցե», «Գ․ Նժդեհ 23 վերաք․ վարչական դատ․ չկա» գրառումներով։ Հարություն Հովհաննիսյանի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ծրարի վրա առկա փոստային կնիքից երևում է, որ վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ Հարություն Հովհաննիսյանի կողմից կրկին ներկայացվել է 11.02.2023 թվականին: Վերաքննիչ բողոքի հետ միասին վերջինս միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել այն` պատճառաբանելով, որ «վերաքննիչ բողոքում սխալմամբ նշվել է «Վարչական վերաքննիչ դատարան»։ Ծրարի վրա թույլ է տրվել նույն վրիպակը, սակայն հասցեն նշվել է՝ «ք. Երևան, Գ. Նժդեհի 23»։ 01.02.2023 թվականին վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը վերադարձվել է «թերի հասցե նշումով»։
Վերաքննիչ դատարանը, 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով բողոքաբերի վերը նշված միջնորդությանը, արձանագրել է, որ «(...) Բողոքաբերը 01.02.2023 թվականին ստանալով սխալմամբ ուղարկված ծրարը՝ կրկին վերաքննիչ բողոքը չի ներկայացրել Օրենսգրքով սահմանված ժամկետում: Մասնավորապես՝ Բողոքաբերի կողմից նշված պատճառը հարգելի համարելու դեպքում ևս, այն է՝ բողոքարկման ժամկետի սկիզբը 01.02.2023 թվականից հաշվարկելու պարագայում ևս Բողոքաբերի կողմից բաց է թողնվել վերաքննիչ բողոք բերելու Օրենսգրքով սահմանված ժամկետը, քանի որ 01.02.2023 թվականից սկսած բողոքարկման 7-օրյա ժամկետի հոսքն ավարտվում է 10.02.2023 թվականին, իսկ Բողոքաբերը, ինչպես վերը նշվեց, վերաքննիչ բողոքը ներկայացրել է 11.02.2023 թվականին»: Հիշյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հարություն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու միջնորդությունն ու վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա են մերժման:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հարություն Հովհաննիսյանի կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է թիվ LO108063986AM փոստային անդորրագիրը, որի համաձայն՝ վերաքննիչ բողոքը 10.02.2023 թվականին հանձնվել է փոստային ծառայությանը, ստացող՝ «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ Armenia, Մարզ ԵՐԵՎԱՆ Ք․/Գ․ ԵՐԵՎԱՆ Փ․ Գ․ ՆԺԴԵՀԻ 23» նշումով: Վերոնշյալ փաստաթղթի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ գործում առկա վերաքննիչ բողոքի ծրարի վրա նշված ծածկագիրը համապատասխանում է վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան ուղարկելու վերաբերյալ, վճռաբեկ բողոքին կից ներկայացված անդորրագրի ծածկագրին:
Վերոգրյալի հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված 02.12.2022 թվականի «Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» որոշումը Հարություն Հովհաննիսյանին հանձնված ու այն վերջինիս կողմից ստացված լինելու փաստերը, ինչպես նաև որոշումն ստանալու պահից օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետում Վերաքննիչ դատարանին փոստային առաքմամբ ուղարկելու հանգամանքները, քանի որ և´ որոշման հանձնման, և´ վերաքննիչ բողոքի ուղարկման ժամկետները պարզելուց հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 03.03.2023 թվականին վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելու և վերականգնելու միջնորդությունն ու վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում կայացնելով, ըստ էության առաջադրել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքից բխող իրավաչափ պահանջ, որն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն, որ օբյեկտիվ իրականության մեջ Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ առկա է եղել միայն վերաքննիչ բողոքի ծրարը՝ դրանում առկա «11.02.2023 թվական» թվագրմամբ փոստային կնիքով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը զրկված է եղել հետագայում վերաքննիչ բողոքին կից ներկայացված ապացույցը հետազոտելու հնարավորությունից: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոք բերած անձը Դատարանի 02.12.2022 թվականի «Հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնելու մասին» թվականի որոշումն ստացել է «21.12.2022» թվականին։ Տվյալ որոշման դեմ վերջինիս կողմից ներկայացվող վերաքննիչ բողոքում սխալմամբ նշվել է «Վարչական վերաքննիչ դատարան» և ծրարի վրա թույլ է տրվել ևս նույն վրիպակը, իսկ հասցեն նշվել է՝ «ք. Երևան, Գ. Նժդեհի 23»։ 01.02.2023 թվականին վերաքննիչ բողոքը և կից փաստաթղթերը հետ են վերադարձվել «թերի հասցե», «Գ․ Նժդեհ 23 վերաք․ վարչական դատ․ չկա» գրառումներով։ Այն ստանալու օրվանից օրենքով սահմանված յոթնօրյա ժամկետում, այն է՝ 10.02.2022 թվականին, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել բաց թողնված ժամկետը (հիմք՝ վճռաբեկ բողոքին կից ներկայացված թիվ LO108063986AM փոստային անդորրագիր):
ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների, այդ թվում՝ պետական մարմինների համար օրենսդիրն առաջադրել է պահանջներ, որոնց պահպանման դեպքում միայն կարող է իրականացվել վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Նման պահանջներից մեկը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված ժամկետում Վերաքննիչ դատարան ուղարկելու պահանջն է: Նշված պահանջն ուղղված է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների երաշխավորմանը՝ ապահովելով գործին մասնակցող մյուս անձանց իրազեկվածությունը՝ իրենց իրավունքներին և պարտականություններին վերաբերող դատական ակտի բողոքարկման վերաբերյալ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը համապատասխան դատարանին ուղարկելու վերաբերյալ ապացույցը պետք է լինի այնպիսին, որ միանշանակորեն հնարավոր լինի եզրահանգում կատարել համապատասխան պարտականությունը կատարած լինելու վերաբերյալ:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով ներկայացվել է ապացույց, որից միանշանակորեն հետևում է, որ Հարություն Հովհաննիսյանը վերաքննիչ բողոքը 27․12․2022 թվականին «թերի հասցե», «Գ․ Նժդեհ 23 վերաք․ վարչական դատ․ չկա» գրառումներով հետ վերադարձվելուց հետո յոթնօրյա ժամկետում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացրել է Վերաքննիչ դատարան և միաժամանակ ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որպիսի պարագայում Հարություն Հովհաննիսյանին վերաքննության իրավունքից զրկելը կդիտվի որպես դատարանի մատչելիության իրավունքի այնպիսի սահմանափակում, որի արդյունքում կխախտվի այդ իրավունքի բուն էությունը: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված սահմանափակումը կկրի խիստ ձևական բնույթ՝ խախտելով ողջամիտ հարաբերակցությունը ձեռնարկվող միջոցի և հետապնդվող նպատակի միջև, ինչն անթույլատրելի է՝ հաշվի առնելով դատարանի մատչելիության վերաբերյալ, այդ թվում նաև՝ վերադաս ատյաններում, ինչպես Եվրոպական դատարանի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ որպես ապացույց առկա է եղել միայն վերաքննիչ բողոքի ծրարը՝ դրանում առկա «11.02.2023 թվական» թվագրմամբ փոստային կնիքով։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի տնօրինության տակ առկա չի եղել այլ ապացույց, որը կհավաստեր վերաքննիչ բողոքը 10․02․2023 թվականին Վերաքննիչ դատարան ներկայացնելը: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առկա են բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասանելի լինելու, ինչպես նաև այն հասանելի լինելու պահից սահմանված ժամկետում բողոքարկելու հանգամանքները, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման իրավունքի ուժով (ex jure):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով Հարություն Հովհաննիսյանի վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողնման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. Սեդրակյան Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 նոյեմբերի 2024 թվական: