ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հոկտեմբերի 2024 թվականի N 1695-Ա
ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի Թամանյան փողոց 17/2 հասցեում գտնվող՝ 336․05 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.024627 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 28112013-08-0014) նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետությանը և գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)՝ հետագայում այն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի Թամանյան փողոց 17 հասցեում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հետ միավորելու և որպես մեկ գույքային միավոր գրանցելու նպատակով։
2․ Կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության պայմանագրի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրում սահմանելով, որ պայմանագրի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել սույն որոշման 1-ին կետում նշված գույքը և պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Գյումրի, քաղաք Գյումրի Թամանյան փողոց 17 հասցեում գտնվող 08-001-0610-0015 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 08092021-08-0032)՝ գրանցելով որպես մեկ գույքային միավոր։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
24.10.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |