Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.01.2024
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.12.2023
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0350/04/23

2023 թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/0350/04/23

Նախագահող դատավոր`

 Կ․ Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)  հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

ս. ՄեղրՅԱՆ

Է. Սեդրակյան

 

2023 թվականի դեկտեմբերի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի (այսուհետ նաև՝ Կառավարիչ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Լուսինե Վահրամյանի դիմումի` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լուսինե Վահրամյանը պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.02.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է։

Դատարանի 01.03.2023 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահրամ Ապրեսյանը։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 14.04.2023 թվականի որոշմամբ Կառավարչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.03.2023 թվականի «Սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածը և 93-րդ հոդվածի 6-րդ մասը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ֆիզիկական անձի կամավոր սնանկության դեպքում սնանկության մասին տեղեկություններ հրապարակելու պարտականությունը դրված է տվյալ անձի վրա։

Վերաքննիչ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պարտականության մեկ դրվագին՝ սնանկ ճանաչվելու և սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին հայտարարությանը, այնինչ անտեսել է, որ այդ հոդվածով սահմանված են սնանկության ողջ վարույթի ընթացքում հրապարակման ենթակա տեղեկությունները։ Նշված հայտարարությունը չհրապարկելը չի խախտում որևէ պարտատիրոջ շահ, քանի որ նշված հայտարարության բացակայության դեպքում սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակ չի հաստատվում, պարտատերերի առաջին ժողով չի նշանակվում և սնանկության գործը չի ավարտվում։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի նշած՝ պարտապանի և(կամ) սնանկության գործով կառավարչի շահագրգռվածության աստիճանին, ապա հնարավոր չէ կանխագուշակել, թե հայտարարության հրապարակման և այդ գործընթացի՝ օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում ընթացքն ապահովելու հարցում ով է ավելի շահագրգռված։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 14.04.2023 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունի հետևյալ փաստերը՝

1) Լուսինե Վահրամյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 20012023 թվականի վճռով Լուսինե Վահրամյանի դիմումը բավարարվել է՝ Լուսինե Վահրամյանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գթ 3-12, հատոր 2-րդ, գթ 124-132).

2) Դատարանը, 01032023 թվականին որոշում կայացնելով Վահրամ Ապրեսյանին Լուսինե Վահրամյանի սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին, միևնույն ժամանակ նրան հանձնարարել է ոչ ուշ, քան նույն որոշման ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում (հավելված 2-րդ, գթ 133)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի և 93-րդ հոդվածի 6-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ

1) թիվ ՍնԴ/3689/04/22 սնանկության գործով 03.03.2023 թվականի, թիվ ՍնԴ/0370/04/23 սնանկության գործով 07.04.2023 թվականի և թիվ ՍնԴ/0136/04/23 սնանկության գործով 10.04.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմերը կիրառվել են Վերաքննիչ դատարանի 14.04.2023 թվականի որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ,

2) նշված նորմերի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ֆիզիկական անձանց կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացվելու դեպքերում իր սնանկության մասին տեղեկությունները հրապարակելու առանձնահատկություններին։

 

 «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված սնանկության վարույթի պարտապան կարող է լինել ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ, (…):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ կամավոր սնանկության դիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն ֆիզիկական անձի անունից` տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ներկայացուցիչը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքը սահմանում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սնանկ ճանաչելու երկու ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ` կամավոր սնանկության դիմումի հիման վրա, կամ պարտատիրոջ պահանջով` հարկադրված սնանկության դիմումի հիման վրա:

Թեև սնանկության վարույթով որպես պարտապան կարող է հանդես գալ ցանկացած իրավաբանական և ֆիզիկական անձ, ու Օրենքով ամրագրված դրույթների գերակշիռ մասն ընդհանուր է թե՛ իրավաբանական և թե՛ ֆիզիկական անձանց սնանկության վարույթների համար, այնուամենայնիվ Օրենքը ֆիզիկական անձանց սնանկության վարույթի մասով նախատեսում է ընթացակարգային որոշ առանձնահատկություններ։ Այսպես՝

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլխով սահմանված են ֆիզիկական անձանց սնանկության առանձնահատկությունները, որում ընդգրկված՝ 91-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարաբերությունների նկատմամբ կիրառվում են նույն օրենքի դրույթները, եթե նույն գլխով այլ բան նախատեսված չէ:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ ֆիզիկական անձանց սնանկության հետ կապված հարցեր քննարկելիս պետք է նկատի ունենալ, որ այդ վարույթի նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր դրույթները կիրառվում են, եթե Օրենքի 11-րդ գլխով այլ բան նախատեսված չէ։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը կառավարչին պարտավորեցնում է ոչ ուշ, քան համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակելու հարցին, արձանագրել է, որ այդ տեղեկությունները հրապարակելը սնանկության վարույթի առանցքային փուլերից է և կոչված է այդ վարույթում ապահովելու ինչպես սնանկ ճանաչված պարտապանի, այնպես էլ նրա պարտատերերի իրավունքներն ու օրինական շահերը (տե՛ս ըստ Ռուզան Առաքելյանի դիմումի թիվ ԵԱԴԴ/0048/04/14 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլխում տեղ գտած՝ 93-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական անձի սնանկության մասին տեղեկությունների հրապարակումն իրականացնում է տվյալ ֆիզիկական անձը, եթե սնանկ ճանաչելու դիմումը ներկայացրել է ինքը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ օրենսդիրը, ի տարբերություն Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված ընդհանուր կանոնի, նույն Օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան առանձնահատկություն է սահմանել ֆիզիկական անձանց կամավոր սնանկության դիմումի առումով՝ ֆիզիկական անձի կողմից կամավոր սնանկության դիմում ներկայացվելու դեպքերում սնանկության մասին տեղեկությունները հրապարակելու պարտականությունը դնելով հենց տվյալ ֆիզիկական անձի վրա։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմք ընդունելով Օրենքի 91-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումը, ֆիզիկական անձի՝ կամավոր սնանկության դիմումի հիման վրա հարուցված սնանկության դեպքում ենթակա է կիրառման հենց Օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված կանոնը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հատուկ կանոնը բխում է ֆիզիկական անձանց, ինչպես նաև կամավոր սնանկության վարույթների առանձնահատկություններից, երբ պարտապան ֆիզիկական անձին իր իսկ դիմումի հիման վրա հարուցված սնանկության վարույթի շրջանակներում տրվում է ակտիվ դերակատարություն՝ հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ անհրաժեշտ տեղեկատվությունը գտնվում է նրա տնօրինման ներքո, և վերջինիս կողմից դրանց հրապարակումը ենթադրում է ժամանակի ու միջոցների խնայողություն։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Լուսինե Վահրամյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 20012023 թվականի վճռով Լուսինե Վահրամյանի դիմումը բավարարվել է՝ Լուսինե Վահրամյանը ճանաչվել է սնանկ։

Դատարանը, 01032023 թվականին որոշում կայացնելով Վահրամ Ապրեսյանին Լուսինե Վահրամյանի սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին, միևնույն ժամանակ նրան հանձնարարել է ոչ ուշ, քան նույն որոշման ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում պարտապանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում։

Վերաքննիչ դատարանը 14.04.2023 թվականի որոշմամբ մերժել է Կառավարչի ներկայացրած վերաքննիչ բողոքը`պատճառաբանելով, որ

- «(…) սնանկության գործով կառավարիչը բոլոր դեպքերում է պարտավորվում դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները հրապարակել http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում և փակցնել դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում»։

- «Օրենքով նման պահանջ նաև սնանկության գործով կառավարչի վրա դնելն ինքնանպատակ չէ։ Միայն այդ կերպ Դատարանը կարող է վերահսկել և ապահովել պարտատերերի շահերի համակողմանի և երաշխավորված պաշտպանությունը, քանի որ միայն համապատասխան հայտարարության հրապարակված լինելու պայմաններում պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները, որպիսի հարցում պարտապանի շահագրգռվածության աստիճանն ավելի նվազն է, քանի որ որքան քիչ պարտատերեր իմանան իր սնանկության մասին, այդքան քիչ պարտավորություն վերջնարդյունքում կդրվի իր վրա։ Եվ նման վարկածը կարող է շարժառիթ հանդիսանալ պարտապանի կողմից խուսափելու «Սնանկության մասին» օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունների կատարումից։ Իսկ սնանկության գործով կառավարիչը՝ որպես գործընթացով անցնող առանցքային սուբյեկտ, ում վրա դրված է ոչ միայն պարտապանի, այլ նաև պարտատերերի շահերի հավասարակշռությունը, առավել քան իրավասու և պարտավոր սուբյեկտ է հիշյալ պահանջի կատարումն ապահովելու հարցում»։

- «Ուստի, Բողոքաբերի կողմից վկայակոչված «Սնանկության մասին» օրենքի 93-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնը գնահատելով սույն գործի փաստերի և արված իրավական վերլուծությունների լույսի ներքո՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սեփական դիմումի հիման վրա Լուսինե Վահրամյանի սնանկ ճանաչված լինելու պայմաններում իր սնանկության մասին տեղեկությունների հրապարակում կատարելու պարտականությունից զատ, զուգահեռ գործում է նաև կառավարչի կողմից համապատասխան դատական ակտերի ուժի մեջ մտնելու պահից` 5 օրվա ընթացքում, պարտապանին սնանկ ճանաչելու, կառավարիչ և պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին տեղեկությունները http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու և դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու պարտականությունը։ Այդ երկու գործողություններն ընդամենը լրացնում են միմյանց, բայց ոչ երբեք՝ բացառում մեկը մյուսին։ (…)»:

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Վկայակոչված իրավանորմերի և դրանց վերաբերյալ հայտնված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ տվյալ դեպքում սնանկության դիմումը ներկայացվել է ֆիզիկական անձի կողմից, ով պահանջել է ճանաչել սեփական սնանկությունը, ուստի վկայակոչված դիրքորոշումների համաձայն՝ սնանկության մասին տեղեկատվությունը պետք է ինքը հրապարակեր։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Այդ երկու գործողություններն ընդամենը լրացնում են միմյանց, բայց ոչ երբեք՝ բացառում մեկը մյուսին», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը և 93-րդ հոդվածի 6-րդ մասը միմյանց փոխլրացնել չեն կարող այնքանով, որքանով երկու նորմերն էլ կարգավորում են սնանկության մասին տեղեկատվությունը հրապարակելու կարգը՝ տարբերակում դնելով միայն այն իրականացնող սուբյեկտների միջև, ուստի դրանց համակցված կիրառումը հանգեցնում է նույն տեղեկատվության՝ երկու տարբեր սուբյեկտների կողմից կրկնակի հրապարակման՝ ծանրաբեռնելով սնանկության վարույթը։

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված խախտումների կապակցությամբ վճռաբեկ բողոքում նշված փաստարկները՝ արձանագրելով, որ դրանք հանգեցրել են հարցի սխալ լուծման։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հետազոտելով թիվ ՍնԴ/3689/04/22 սնանկության գործով 03.03.2023 թվականի, թիվ ՍնԴ/0136/04/23 սնանկության գործով 10.04.2023 թվականի և թիվ ՍնԴ/0370/04/23 սնանկության գործով 07.04.2023 թվականի ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները, դրանք համադրելով Վերաքննիչ դատարանի 14.04.2023 թվականի որոշման հետ՝ հաստատված է համարում բողոքը վարույթ ընդունելու հիմքի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի և 93-րդ հոդվածի 6-րդ մասի կապակցությամբ հակասական մեկնաբանությունների առկայությունը։ Հիմք ընդունելով սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից հայտնված դիրքորոշումները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի և 93-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության ժամանակ նշված նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի 14.04.2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 01.03.2023 թվականի «Սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին» որոշման 3-րդ կետն օրինական ուժի մեջ թողնելու մասով, վերացնել և կայացնել նոր դատական ակտ՝ պարտապանին սնանկ ճանաչելու և կառավարիչ նշանակելու մասին տեղեկությունները «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում հրապարակելու և դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու պարտականությունը դնել պարտապան Լուսինե Վահրամյանի վրա։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.04.2023 թվականի որոշումը մասնակիորեն՝ ՀՀ սնանկության դատարանի 01.03.2023 թվականի «Սնանկության գործով կառավարիչ նշանակելու մասին» որոշման 3-րդ կետն օրինական ուժի մեջ թողնելու մասով, վերացնել և կայացնել նոր դատական ակտ՝ պարտապանին սնանկ ճանաչելու ու կառավարիչ նշանակելու մասին տեղեկությունները «http://www.azdarar.am» հասցեում գտնվող Հայսատանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից 5 օրվա ընթացքում հրապարակելու և դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում փակցնելու պարտականությունը դնել պարտապան Լուսինե Վահրամյանի վրա։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունվարի 2024 թվական: