ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հունվարի 2023 թվականի N 107-Ա
ՀՈՂԱՄԱՍ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 205-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, համայնք Փանիկ, 2-րդ փողոց 2 հասցեում գտնվող 57,915 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.01125 հա հողամասը (այսուհետ՝ հողամաս) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, գյուղ Ախուրյան հասցեում գտնվող 137,363 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.01125 հա հողամասը և սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը (այսուհետ՝ հողամասեր) «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով Թումո շարժական կենտրոն կառուցելու համար՝ ծրագրի իրականացման համար նախատեսված ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Սիմոնյան» կրթական հիմնադրամին (այսուհետ՝ հիմնադրամ):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի ապրիլի 26-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման թիվ 34/0012 պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Փանիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
4. Առաջարկել Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարներին՝
1) սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ իրականացնել հիմնադրամի հետ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի (այսուհետ՝ պայմանագրեր) կնքման աշխատանքները՝ դրանցում նախատեսելով, որ՝
ա. պայմանագրերով սահմանված պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից,
բ. պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի՝ հիմնադրամին հանձնման աշխատանքները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |