ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հոկտեմբերի 2022 թվականի N 1622-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 6-րդ կետը «ստանալու համար» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով, իսկ անհաղթահարելի ուժի առկայության դեպքում՝ թղթային եղանակով» բառերով.
2) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 14-րդ կետը «իսկ նախկինում» բառերից հետո լրացնել «թղթային եղանակով» բառերով.
4) 15-րդ կետը «Տրված» բառից առաջ լրացնել «Թղթային եղանակով» բառերով.
5) լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 16-րդ կետով՝
«16. Լիազոր մարմնի կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց եզրակացությունը տրվում է էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի միջոցով։
Այլ երկրներում ներկայացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ինչպես նաև անհաղթահարելի ուժի առկայության դեպքում լիազոր մարմնի կողմից եզրակացությունը կարող է տրամադրվել նաև թղթային եղանակով:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (sw.gov.am) էլեկտրոնային համակարգի գործարկման օրը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
20.10.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2022 թվական: