Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 26.07.2021
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.06.2021
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

ԵԴ/1235/06/19

Գործ թիվ ԵԴ/1235/06/19

Նախագահող դատավոր՝  Տ. Սահակյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Ավետիսյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

Ա. Պողոսյանի

 

2021 թվականի հունիսի 4-ին

ք. Երևանում

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Պետրոս Արմենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 10-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում (այսուհետ` նաև Նախաքննության մարմին), 2018 թվականի դեկտեմբերի 4-ին հարուցվել է թիվ 12120618 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

1.1. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի հունվարի 25֊ի որոշմամբ Պետրոս Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Նույն օրը Պ.Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2019 թվականի մարտի 12-ին Պ.Հարությունյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին:

1.2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2019 թվականի մարտի 14-ի որոշմամբ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է: Նույն որոշմամբ Պ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

1.3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2019 թվականի մայիսի 16-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ մարտի 14-ի որոշումը մասնակի՝ կալանավորումը գրավով փոխարինելու մասով բեկանել է:

1.4. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ Պ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով և որպես գրավի չափ է սահմանվել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամը:

2. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 12886219 քրեական գործը:

2019 թվականի նոյեմբերի 25-ին Պ.Հարությունյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ թիվ 12886219 քրեական գործը միացվել է թիվ 12120618 քրեական գործին:

3. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Պ.Հարությունյանին նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

3.1. 2019 թվականի նոյեմբերի 27-ին նախաքննության մարմինը միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու վերաբերյալ:

4. Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

5. Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, Վերաքննիչ դատարանը, 2020 թվականի փետրվարի 10-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի հունիսի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Վճռաբեկ դատարանի՝ 2021 թվականի մայիսի 18-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ Պետրոս Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. «(…) [Ն«2018թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արման Նելսոնի Ապիյանի հետ ունեցած միջանձնային հարաբերություններից դրդված, վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, եղբայրների՝ Հակոբ Հարությունյանի և Գևորգ Հարությունյանի հետ գնացել են Արման Ապիյանին պատկանող, Երևան քաղաքի Ռոստովյան 69/6 հասցեում գործող բաղնիքի տարածք։ Նույն վայրում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Արման Ապիյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերված և կրած հրազենից «Պոծյո» մականվամբ Պետրոս Հարությունյանն անկանոն կրակոցներ է արձակել Արման Ապիյանի և վերջինիս հանգուցյալ որդու ընկերոջ՝ Արման Վրեժի Գասպարյանի ուղղությամբ, ինչի արդյունքում Արման Ապիյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է «Ձախ սրունքի ստորին երրորդականի հրազենային գնդակային միջանցիկ վիրավորման՝ ոլոքի ստորին երրորդականի բաց բեկորավոր կոտրվածքի, աջ սրունքի վերին երրորդականի առաջային մակերեսի ծակած վերքի» ձևով ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ՝ աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորստով, որից հետո դիմել է փախուստի։

Բացի այդ՝ «Պոծյո» մականվամբ Պետրոս Արմենի Հարությունյանն ու քննությամբ ինքնությունը չպարզված մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ Պետրոս Հարությունյանի կողմից փաստացի շահագործվող «Տոյոտա Կոռոլա» մակնիշի, 35XX136 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով և նախաքննությամբ չպարզված մեկ այլ ավտոմեքենայով 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 24:00-ի սահմաններում, հետապնդելով «Օպել Աստրա» մակնիշի, 35IZ743 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով Երևանի Սասունցի Դավիթ փողոցով երթևեկող Հակոբ Վազգենի Նահապետյանին և Արայիկ Բագրատի Գրիգորյանին, հիշյալ փողոցում փակել են Արայիկ Գրիգորյանի վարած նշված մակնիշի ավտոմեքենայի ճանապարհը, այնուհետև վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելով, այն է՝ հարվածներ հասցնելով Արայիկ Գրիգորյանի և Հակոբ Նահապետյանի մարմնի տարբեր մասերին և քաշքշելով նրանց, կամքին հակառակ Արայիկ Գրիգորյանին նստեցրել են «Տոյոտա կոռոլա» մակնիշի, 35XX136 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, իսկ Հակոբ Նահապետյանին՝ քննությամբ չպարզված ավտոմեքենան, այնուհետև նրանց տեղափոխել են այլ տեղանք, որտեղ 20-ից 30 րոպե հարվածներ են հասցնել Արայիկ Գրիգորյանի և Հակոբ Նահապետյանի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև հայհոյել նրանց՝ վերջիններից հետաքրքրվելով Հակոբ Ամիրյանի՝ Երևան քաղաքի Բուռնազյան փողոցի 66-րդ տուն այցելելու նպատակի, մասնավորապես՝ Հակոբ Ամիրյանի տուն ենթադրաբար զենք ու զինամթերք տեղափոխելու մասին։ Այցելության իրական պատճառը պարզելուց հետո Հակոբ Նահապետյանին և Արայիկ Գրիգորյանին իրենց ավտոմեքենաներով տեղափոխել են Արայիկ Գրիգորյանի՝ «Օպել Աստրա» մակնիշի, 35IZ743 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մոտ, ապա հեռացել»1:

8. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն՝ «(…) [Դ]ատարանն արձանագրում է, որ նախաքննական մարմնի կողմից չեն ներկայացվել բավարար փաստական տվյալներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն Պետրոս Հարությունյանի առնչությունն իրեն վերագրվող ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքին։

(…)

Վերոգրյալի հիման վրա դատարանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս չկանխորոշելով մեղքի հարցը, իրավական գնահատական չտալով Պետրոս Հարությունյանի մեղավորությանը կամ անմեղությանը, չփաստելով վերջինիս մեղսագրվող արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը, գտնում է, որ նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալների համակցությունը ողջամտորեն բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ արարքին մեղադրյալի առնչությունը հիմնավորելու համար։

Այսպիսով, նկատի ունենալով կալանավորման պայմանի՝ ենթադրյալ հանցավոր արարքին Պետրոս Հարությունյանի առնչությունը վկայող բավարար փաստական տվյալների բացակայությունը, դատարանը չի անդրադառնում կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկմանը և փաստում, որ տվյալ պարագայում վերջինիս նկատմամբ 2019թ. օգոստոսի 26-ին ընտրված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելը կլինի ոչ իրավաչափ (…)»2:

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Պետրոս Հարությունյանին վերագրված ենթադրյալ հանցանքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, Պետրոս Հարությունյանի դրսևորած վարքագիծը, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալի անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, ամուսնացած է, խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան 4 երեխաները, ունի առողջական խնդիրներ և գտնում է, որ Պետրոս Հարությունյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառմամբ (…)»3:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

10. Բողոքի հեղինակը, մատնանշելով Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, գտել է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

10.1. Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ և 135-րդ հոդվածներով նախատեսված` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու նորմերը, իսկ Վերաքննիչ դատարանը, չքննարկելով բողոքում ներկայացված հիմնավորումները, կայացրել է չպատճառաբանված և որոշակիությունից զուրկ դատական ակտ:

Ըստ բողոքաբերի՝ Վերաքննիչ դատարանն առհասարակ անդրադարձ չի կատարել հիմնավոր կասկածի վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված հիմնավորումներին, այնինչ, պարտավոր էր պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե Առաջին ատյանի դատարանի՝ հիմնավոր կասկածի վերաբերյալ հետևություններն ինչու՞ են հիմնավոր և ինչու՞ են դատախազի կողմից բերված փաստարկները և եզրահանգումներն անհիմն։

10.2. Վերլուծելով մի շարք վկաների, ինչպես նաև տուժողների ցուցմունքները, բողոքաբերը եզրահանգել է, որ իրականում առևանգման դեպքը տեղի է ունեցել, և մեղադրյալի առնչակցությունը նշված դեպքին առավել քան հիմնավոր է: Սակայն, դատարանը հանգել է սխալ հետևությունների, երբ արժանահավատ է համարել տուժողների կողմից ավելի ուշ տրված ցուցմունքները: Մինչդեռ, Հ.Ամիրյանի և տուժողների կողմից ի սկզբանե հայտնած հանգամանքներն ավելի հավաստի են և արժանահավատ: Տուժողների կողմից սկզբնական ցուցմունքներով հայտնած տեղեկությունների հերքումը չէր կարող բավարար դիտվել հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ ողջամիտ եզրահանգման գալու համար:

10.3. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ առկա են մեղադրյալ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու հիմքերը, քանի որ վերջինս խախտել է խափանման միջոցի պայմանները, մնալով ազատության մեջ՝ կատարել է նոր ենթադրյալ հանցագործություն, որպիսի փաստը առավել քան բավարար է հետագայում նրա կողմից նոր հանցագործություններ կատարելու վերաբերյալ ողջամիտ հետևություններ անելու համար: Արդյունքում՝ գտել է, որ անհրաժեշտ է Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը փոխարինել կալանքով:

Միաժամանակ, բողոքաբերն ընդգծել է, որ Պ.Հարությունյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարում, իսկ հիշյալ հանցավոր արարքներն ուղղակիորեն ոտնձգում են մարդու կյանքն ու առողջությունը, անձի ազատությունը, պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև հասարակական անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ:

11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 10-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ, բավարարել նախաքննության մարմնի միջնորդությունը, և այլընտրանքային խափանման միջոց գրավը փոխարինել կալանքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Վերաքննիչ դատարանը գնահատման ենթարկել է արդյո՞ք հիմնավոր կասկածի վերաբերյալ մեղադրողի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկները, և Վերաքննիչ դատարանի որոշումը բավարարու՞մ է արդյոք դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ պահանջին։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»:

Նույն օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վերաքննիչ դատարանը դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով (…)»։

14. Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից:

Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման: Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է: Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ: Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին4:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում»։

Վերոնշյալ նորմը Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Մկրտիչ Պողոսյանի և մյուսների գործով որոշման շրջանակներում` արձանագրելով, որ վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ոչ միայն նախանշում են վերաքննիչ վերանայման սահմանները, այլ նաև կանխորոշում են այն հարցերի շրջանակը, որոնք պետք է քննարկման առարկա դարձվեն վերաքննիչ վարույթի շրջանակներում և որոնց կապակցությամբ վերաքննիչ դատարանի եզրահանգումները պետք է արտացոլվեն վարույթը եզրափակող դատական ակտում։ Վերաքննիչ դա­տա­րանն իր ո­րոշ­ման մեջ պետք է անդ­րա­դառ­նա բողո­քի հիմ­քե­րին։ Վերաքննիչ բողոք բերելու հիմքը դատական սխալն է, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ինչպես նաև նոր երևան եկած կամ նոր հանգամանքները։ Այլ խոսքով` վերաքննիչ բողոքի հիմքն ինքնին օժտված է գործի ելքի վրա ազդեցություն ունենալու հատկանիշով։ Վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ բողոքի այն հիմնավորումներին, որոնք ողջամտորեն կարող են ազդեցություն ունենալ գործի համար նշանակություն ունեցող հարցերի լուծման համար և պատշաճ պատճառաբանել դրանց վերաբերյալ իր եզրահանգումները։ Վերոնշյալ չափանիշների պահպանման դեպքում միայն վերաքննիչ դատարանի որոշումը կհամապատասխանի դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին5։

Ար­դար դա­տաքն­նութ­յան ի­րա­վուն­քի հա­մա­տեքս­տում անդ­րա­դառնալով դատական ակ­տի պատճառա­բան­վա­ծութ­յան խնդրին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ի­րա­վա­կան դիրքորո­շում է արտահայտե­լ այն մա­սին, որ չնա­յած «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեն­ցիա­յի 6-րդ հոդվածի 1-ին կե­տը պարտավորեց­նում է դա­տա­րան­նե­րին պատճառաբա­նել ի­րենց դա­տա­կան ակտե­րը, սակայն դա չի կա­րող մեկ­նա­բան­վել որ­պես ցան­կա­ցած փաս­տար­կի առնչութ­յամբ պատճառաբանված պատաս­խան ներ­կա­յաց­նե­լու պա­հանջ6։ Դատարանի որոշումից պետք է պարզ դառնա, որ գործի համար էական նշանակություն ունեցող հարցերը քննարկվել են7, և ներկայացված պատճառաբանությունները սոսկ` առանց լրացուցիչ հիմնավորումների, ստորադաս ատյանի եզրահանգումների հավանություններ չեն8։

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը՝ հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս գտել է, որ նախաքննական մարմնի կողմից ներկայացված փաստական տվյալների համակցությունը բավարար չէ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ արարքին մեղադրյալ Պ.Հարությունյանի առնչությունը հիմնավորելու համար։ Միաժամանակ, դատարանը, չանդրադառնալով կալանավորման հիմքերի առկայության հարցի քննարկմանը, փաստել է, որ վերջինիս նկատմամբ ընտրված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելը ոչ իրավաչափ է9:

17. Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա.Կարապետյանը վերաքննիչ բողոքում փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել և գնահատման չի ենթարկել մի շարք վկաների, ինչպես նաև տուժողների ցուցմունքները: Դատարանն արժանահավատ է համարել տուժողների կողմից ավելի ուշ տրված ցուցմունքները, մինչդեռ Հ.Ամիրյանի և տուժողների կողմից ի սկզբանե հայտնած հանգամանքներն ավելի հավաստի են և արժանահավատ: Ի վերջո բողոքաբերը հանգել է հետևության, որ իրականում առևանգման դեպքը տեղի է ունեցել, և մեղադրյալի առնչակցությունը նշված դեպքին հիմնավոր է: Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ առկա են մեղադրյալ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու հիմքերը և խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը և մեղադրյալ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը փոխարինել կալանքով10:

18. Վերաքննիչ դատարանը, դատական ստուգման ենթարկելով Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, իր որոշման «Վերաքննիչ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը» բաժնում մանրամասն շարադրել է դատախազ Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքը, սակայն դատական ակտի պատճառաբանական մասում ընդհանրապես չանդրադառնալով հիմնավոր կասկածի վերաբերյալ բողոքաբերի փաստարկին, անդրադարձ է կատարել բողոքաբերի բարձրացրած հարցերից միայն մեկին` Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու վերաբերյալ փաստարկին: Հիմք ընդունելով Պ.Հարությունյանին վերագրված ենթադրյալ հանցանքի հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, նրա դրսևորած վարքագիծը, մեղադրյալի անձը բնութագրող հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալի անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական, ամուսնացած է, խնամքին են գտնվում մինչև 14 տարեկան 4 երեխաները, ունի առողջական խնդիրներ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Պ.Հարությունյանի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` գրավի կիրառմամբ11։

19. Սույն որոշման 13-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով պարտավոր էր քննարկման առարկա դարձնել բողոքաբերի` հիմնավոր կասկածի վերաբերյալ փաստարկները և արդյունքում պատճառաբանված որոշում կայացնել այն մասին, թե ինչ հանգամանքների հիման վրա է եկել այս կամ այն հետևության։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միայն Առաջին ատյանի դատարանի կողմից մեղադրյալ Պ.Հարությունյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու վերաբերյալ բողոքի փաստարկին, քննարկման չի ենթարկել հիմնավոր կասկածի հարցը։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատախազի վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկը գնահատման չենթարկելու պայմաններում Վերաքննիչ դատարանի որոշումը չի բավարարում դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ օրենսդրական պահանջին և դրա կապակցությամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած նախադեպային իրավունքին։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ, 385-րդ և 393-րդ հոդվածների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի փետրվարի 10-ի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար12։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված խախտումների պայմաններում զրկված է բողոքաբերի` սույն որոշման 10.2-րդ և 10.3-րդ կետերում նշված փաստարկների կապակցությամբ դիրքորոշում արտահայտելու հնարավորությունից, քանի որ դրանք կարող են քննարկման առարկա դարձվել սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացվելուց հետո:

Հետևաբար, նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, պետք է քննության առնի Երևան քաղաքի դատախազության դատախազ Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքը` դրա հիմքերի և հիմնավորումների սահմաններում` անդրադառնալով նաև բողոքաբերի` սույն որոշման 10.2-րդ և 10.3-րդ կետերում նշված փաստարկներին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Պետրոս Արմենի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2020 թվականի փետրվարի 10-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

__________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 93-97:

2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 147-155:

3 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 61-70:

4 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Ֆրունզիկ Գալստյանի գործով 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09, Գևորգ Խնուսյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12, Արսեն Մակարյանի գործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15, Արամայիս Հակոբյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14, Մարտուն Հակոբյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշումները:

5 Տե՛ս mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Մկրտիչ Պողոսյանի, Հովհաննես Մարտիրոսյանի և Սեյրան Պետրոսյանի գործով ` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՇԴ/0034/01/15 որոշման 15-րդ կետը։

6 Տե՛ս Եվրոպական դատարանի` Van de Hurk v. the Netherlands գործով 1994 թվականի ապրիլի 19-ի վճիռը, գանգատ թիվ 16034/90, կետ 61:

7 Տե՛ս Եվրոպական դատարանի` Boldea v. Romania գործով 2007 թվականի փետրվարի 15-ի վճիռը, գանգատ թիվ 19997/02, կետ 30:

8 Տե՛ս Եվրոպական դատարանի` Helle v. Finland գործով 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 20772/92, կետ 60։

9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։

10 Տե՛ս քրեական գործ հատոր 2, թերթեր 1-13:

11 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։

12 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Ե. Դանիելյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան