Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.03.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.05.31/35(1488).1 Հոդ.421.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.03.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

   

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2357/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2357/02/17
2019թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

 Կ. Չիլինգարյան
 

 Ա. Խառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Վ. Ավանեսյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

 

 

Գ. Հակոբյան

   

Ս. Միքայելյան

   

Տ. Պետրոսյան

   

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

    

2019 թվականի մարտի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Քրիստինե Տոնոյանի, Օվսաննա Մեսրոբյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 02.08.2018 թվականի որոշման դեմ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցիչ Կարինե Սիմիդյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 85.784 ԱՄՆ դոլար և 68.000 ՀՀ դրամ՝ Բանկի վճարած պետական տուրքի գումարը, ինչպես նաև սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը 16.08.2013 թվականին կնքված թիվ 408618 անշարժ գույքի ձեռքբերման վարկային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) վարկի մնացորդի գումարի` 41.601,10 ԱՄՆ դոլարի վրա հաշվարկել և Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել Պայմանագրի 1.1.2 կետով նախատեսված տարեկան տոկոսադրույքը ԿԲՀՏ+5.5% տոկոսի չափով, ինչպես նաև սկսած 01.06.2017 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ու Քրիստինե Տոնոյանից և Օվսաննա Մեսրոբյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել Պայմանագրի 1.1.12.1 և 1.1.12.2 կետերով նախատեսված տույժերի գումարը՝ հաշվարկված վարկի մնացորդի՝ 41.601,10 ԱՄՆ դոլարի ժամկետանց մասի և 41.601,10 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսագումարի ժամկետանց մասի նկատմամբ կետանցի յուրաքանչյուր օրվա համար համապատասխանաբար ժամկետանց վարկի 0,15 տոկոսի չափով և ժամկետանց տոկոսագումարի 0,4 տոկոսի չափով։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ՝ Դատարան) 17.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2018 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ, բավարարվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ չնայած այն հանգամանքին, որ բողոքի սկզբնամասում որպես բողոքարկվող դատական ակտ կայացրած դատարանի անվանում նշվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան» արտահայտությունը, այդուհանդերձ, վերնագրից հետո, որպես բողոքարկվող դատական ակտ կայացրած դատարան, նշվել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան» ձևակերպումը: Ակնհայտ է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքում նշված է եղել այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, իսկ վերաքննիչ բողոքում «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան» ձևակերպումը զուտ տեխնիկական վրիպակի արդյունք է և չի կարող վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու համար հիմք հանդիսանալ:

Տվյալ պարագայում բողոք բերող անձը պահպանել է վերաքննիչ բողոք բերելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգը, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու արդյունքում զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» 02.08.2018 թվականի որոշումը»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել  դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի  6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Վերոնշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի  Հանրապետությունում երաշխավորվում է արդար դատաքննության հիմնական իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը, ի թիվս այլնի, բողոքարկման իրավունքն է:  Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտերի բողոքարկման դատավարական ինստիտուտն իրավական այնպիսի միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ և 372-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են՝ (…) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները (...):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածում սահմանելով վերաքննիչ բողոք ներկայացնելու ձևը և բովանդակությունը, ի թիվս այլնի, որպես վերաքննիչ բողոքի վավերապայման նախատեսել է նաև վերաքննիչ բողոքում այն դատարանի անվանումը (այդ թվում գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը) նշելու պարտականությունը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքում վերը նշված վավերապայմանի նշումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բողոքարկվող դատական ակտի անհատականացումը՝ հնարավորություն տալով ինչպես Վերաքննիչ դատարանին, այնպես էլ դատավարության մասնակիցներին իրազեկվելու՝ թե որ դատական ակտն է բողոքարկվում, ինչն իր հերթին հնարավորություն կտա ինչպես Վերաքննիչ դատարանին օրենքով սահմանված կարգով իրականացնելու իր լիազորությունները, այնպես էլ դատավարության մասնակիցներին օգտվելու իրենց դատավարական իրավունքներից (օրինակ՝ ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով անձի բողոքարկման իրավունքի իրականացմանը, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի կողմից ոչ էական, աննշան թերությունների առկայության պատճառով անձին դատական ակտի բողոքարկման հնարավորությունից զրկելը հանգեցնում է արդար դատաքննության և դրա բաղկացուցիչ տարրը կազմող դատական մատչելիության իրավունքի սահմանափակման (տե՛ս, Քրիստինե Քամալյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի թիվ ԿԴ3/0355/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.07.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտում չեն կարող որակվել այն դեպքերը, երբ չնայած այն հանգամանքին, որ վերաքննիչ բողոքի վերտառությունում դատարանի անվանումը սխալ է նշվել, այնուամենայնիվ, բողոքի ուսումնասիրության արդյունքում որոշակի է դառնում, թե փաստացի որ դատարանի դատական ակտի դեմ է բերվել բողոքը: Հակառակ մոտեցումը Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համատեքստում ավելորդ ձևականություն (ֆորմալիզմ) է, որը կարող է հանգեցնել դատական պաշտպանության իրավունքի բուն էության խաթարմանը:

Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2018 թվականի որոշմամբ Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքում նշված չէ բողոք բերող անձի՝ Քրիստինե Տոնոյանի հասցեն, ինչպես նաև այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը: Միաժամանակ վերը նշված որոշմամբ բավարարվել է բողոք բերած անձանց միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ և սահմանվել է ժամկետ՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար (գ.թ. 128-130):

Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի կողմից կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որի վերտառությունում բողոքարկվող դատական ակտը կայացրած դատարանի անվանումը նշվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան», այնուհետև «նախագահությամբ դատավոր Ռ. Ներսիսյան, թիվ ԵԿԴ/2357/02/17 գործով 17.05.2018թ. կայացրած վճռի դեմ»: Միաժամանակ վերաքննիչ բողոքի առաջին պարբերության առաջին նախադասությունը շարադրվել է հետևյալ կերպ. «17.05.2018թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ՝ Ռ. Ներսիսյանի) քննության առնելով թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործը կայացրել է վճիռ...»  (գ.թ. 135-139):

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 02.08.2018 թվականի որոշմամբ մերժել է Քրիստինե Տոնոյանի և Օվսաննա Մեսրոբյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրելով, որ մատնանշված թերությունները վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից ամբողջությամբ չեն վերացվել, մասնավորապես կրկին բերված վերաքննիչ բողոքում սխալ է նշվել այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը (գ.թ. 147-148):

 

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով չնայած այն հանգամանքին, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի վերտառությունում որպես դատարանի անվանում նշվել է «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան» արտահայտությունը, այնուամենայնիվ, վերաքննիչ բողոքի հետագա շարադրանքում նշվել է «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան», բացի այդ, նշվել է՝ քաղաքացիական գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը և ամսաթիվը, որպիսի վավերապայմաններից ևս որոշակի է դառնում, որ բողոքարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2357/02/17 քաղաքացիական գործով 17.05.2018 թվականի վճիռը:

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև դատարանի անվանումը բողոքի վերտառությունում սխալ է նշված, այնուհանդերձ, թերությունն այնպիսին չէ, որ միանշանակ կերպով կասկածի տակ դրվի Օվսաննա Մեսրոբյանի և Քրիստինե Տոնոյանի կողմից դատավարական պարտականությունը կատարված լինելու հանգամանքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելով՝ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է բողոք բերած անձանց` դատարանի մատչելիության իրավունքը՝ խաթարելով այդ իրավունքի բուն էությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

         

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ,  406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Վ. Ավանեսյան
  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

  Ս. Միքայելյան
 

Տ. Պետրոսյան

  Է. Սեդրակյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան