Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.06.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ԱՎԴ1/0018/01/17

ԱՎԴ1/0018/01/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան
                       Դատավորներ՝ Ա. Դանիելյան
                                                 Ռ. Բարսեղյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Լ. թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ`
դատախազ`

Հ. Սաֆարյանի

2018 թվականի հունիսի 15-ին                                                               ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ պաշտպան Ա.Ապրեսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2016 թվականի ապրիլի 9-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 91161616 քրեական գործը։

Նախաքննության մարմնի կողմից 2016 թվականի մայիսի 25-ին Հովսեփ Արամայիսի Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 361-րդ հոդվածի 5-րդ մասով ու նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ Հ.Պապիկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

2016 թվականի հունիսի 9-ին քրեական գործի վարույթը կասեցվել է Հ.Պապիկյանի կողմից քննությունից թաքնվելու հիմքով։

2016 թվականի հունիսի 29-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, իսկ 2016 թվականի հուլիսի 28-ին Հ.Պապիկյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով։

2016 թվականի հուլիսի 28-ին քրեական գործի վարույթը կրկին կասեցվել է Հ.Պապիկյանի կողմից քննությունից թաքնվելու պատճառաբանությամբ։

2016 թվականի նոյեմբերի 2-ին Հ.Պապիկյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում։

2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրա հանձնումը մերժվել է։

2017 թվականի մարտի 7-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է ու Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նույն օրվա որոշմամբ Հ.Պապիկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերահաստատվել է։

2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հ.Պապիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով Հ.Պապիկյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով ու 362-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` նշանակված պատիժները մասնակի գումարելու միջոցով, Հ.Պապիկյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով։

3. Ամբաստանյալ Հ.Պապիկյանի և պաշտպան Ա.Ապրեսյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ։

4. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Հ.Պապիկյանի պաշտպան Ա.Ապրեսյանը։ Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

4.1. 2018 թվականի ապրիլի 11-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է ամբաստանյալ Հ.Պապիկյանի պաշտպան Ա.Ապրեսյանի դիմումը, որով վերջինս հայտնել է, որ լրացել են ամբաստանյալ Հ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատավության ենթարկելու վաղեմության ժամկետները։  

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Նախաքննության մարմնի կողմից Հ.Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա, «(...) հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ 58831 զորամասի պայմանագրային զինծառայող, զբաղեցնելով 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 1-ին դասակի 3-րդ ջոկի հրամանատարի պաշտոնը, կոչումով` սերժանտ, ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների ժամանակին` 2016 թվականի մարտի 24-ին, ծառայության չի ներկայացել և 2016 թվականի մարտի 29-ին` ժամը 13։00-ին, ներկայացել է զորամաս` բացակայելով 3 օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տևողությամբ։ Բացի այդ, Հովսեփ Պապիկյանը ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով, առանց հարգելի պատճառների ժամանակին` 2016 թվականի ապրիլի 12-ից ծառայության չի ներկայացել» (տե՛ս քրեական գործ« հատոր 1-ին, թերթ 111)։

5.1. 2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հովսեփ Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրա հանձնումը մերժվել է (տե'ս քրեական գործ, հատոր 1, թերթ 220)։

5.2. 2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործն ըստ մեղադրանքի Հ.Պապիկյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան (տե'ս քրեական գործ, հատոր 2, թերթ 186)։

6. Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ` «(…) ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքները։

(…) Հովսեփ Արամայիսի Պապիկյանի արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով որակված են ճիշտ։

(…) [Ա]յդ արարքները Հովսեփ Արամայիսի Պապիկյանի կողմից կատարվել է մեղավորությամբ և կատարածի համար նա ենթակա է քրեական պատասխանատվության ու պատժի։

(…)

(…) Դատարանը, ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրում։

Որպես ամբաստանյալի անձը բնութագրող տվյալներ` Դատարանն արձանագրում է, որ նա երիտասարդ է, ստացել է միջնակարգ կրթություն, ամուսնացած չէ, նախկինում դատված կամ որևէ կերպ արատավորված չի եղել, զորամասի հրամանատարության կողմից բնութագրվում է բացասական, իսկ դպրոցի տնօրենի կողմից` դրական։

(…)

(…) Դատարանը հանգում է այն հետևության, որ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով (…)։

(…) Դատարանը հանգում է այն հետևության, որ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով (…)։

(…)

(…) Դատարանը հաշվի առնելով (…) անձը բնութագրող տվյալների, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության փաստը, ինչպես նաև հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցագործության կատարման եղանակը, հանցավորի անձը` գտնում է, որ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ նպատակահարմար չէ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, այն է` պատիժը պայմանականորեն չկիրառելը, հետևաբար` նշանակված 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատժի ռեալ (իրական) կիրառման միջոցով միայն հնարավոր կլինի ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված` պատժի նպատակների իրացվելիությունը։

(…)

Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված դատական ծախսի հարցին` Դատարանն արձանագրում է, որ այդ ծախսը տվյալ դեպքում բաղկացած է սույն դատավճռի 17-րդ կետում նշված հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից Հովսեփ Արամայիսի Պապիկյանին էքստրադիցիայի ենթարկելու համար ծախսված 1.207.612 ՀՀ դրամ ընդհանուր գումարից, որի հատուցման պարտավորությունը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, պետք է դնել ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի վրա (…)» (տե'ս քրեական գործ« հատոր 3-րդ, թերթեր 203-207)։

7. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(…) [Զ]որամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու և դասալքության հանցակազմերն իրենց մեջ պարունակում են նաև խրախուսական բնույթի նորմեր, որով օրենսդիրը հնարավորություն է տալիս արդեն ավարտված հանցագործություն կատարած անձին ազատվել քրեական պատասխանատվությունից։

Միաժամանակ, հարկ է նկատել, որ (...) նշված հոդվածներով նախատեսված արարքներն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դրանք կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով։ Ծանր հանգամանքներ ասելով` պետք է հասկանալ զինծառայողի կամ նրա մերձավորների այնպիսի հիվանդությունը, որն օբյեկտիվորեն զրկել էր նրան ներկայանալու հնարավորությունից, զինծառայողի մերձավորի մահը, զինծառայողի նկատմամբ այլ զինծառայողների կողմից սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի գործադրումը։

(...) [Ս]ույն քրեական գործի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերը նշված պարտադիր պայմանը, այն է` ծանր հանգամանքների զուգորդման հետևանքը, սույն քրեական գործով առկա չէ, որպիսի պայմաններում հնարավոր չէ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 8-րդ մասով և 362-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով Հովսեփ Պապիկյանին ազատել քրեական պատասխանատվությունից։

Վերաքննիչ դատարանը (...) [նշել է, որ] Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ պատիժ նշանակելիս` պատժի տեսակը և չափը որոշելիս, հաշվի է առել ոչ միայն կատարված հանցագործությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, այլև նրա անձը բնութագրող, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները։ Առաջին ատյանի դատարանը (...) եկել է ճիշտ եզրահանգման, որ ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու համար, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ, պատիժ պետք է նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով, որը նա պետք է կրի։

Վերաքննիչ դատարանը միաժամանակ հարկ է համարում նկատել, որ ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ պատժի տեսակը և չափը որոշելիս Առաջին ատյանի դատարանը ղեկավարվել է պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, բազմակողմանի գնահատման է ենթարկել ամբաստանյալի անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները, նրա կողմից կատարված հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը, որպիսի պայմաններում իրավացիորեն վերջինի նկատմամբ նշանակել է արդարացի պատիժ, ինչը բխում է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքից` համապատասխանում է կատարված հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար ու կարող է ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակները, այն է` վերականգնել սոցիալական արդարությունը և ուղղել պատժի ենթարկված անձին։

(...) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալը, (...) գտնում է, որ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ նրա կատարած արարքների համար չի կարող նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի և 362-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաներով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն` նրա նկատմամբ կիրառելի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը, ինչպես նաև ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանի ուղղվելը հնարավոր չէ առանց պատիժը կրելու, այսինքն` նրա նկատմամբ կիրառելի չէ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը։

(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ հիմնավոր են Առաջին ատյանի դատարանի հետևություններն այն մասին, որ ամբաստանյալ Հովսեփ Պապիկյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի պետք է բռնագանձել 1.207.612 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար վեց հարյուր տասներկու) ՀՀ դրամ` որպես հետախուզման համար քրեական հետապնդման մարմնի կողմից ծախսված գումար, քանի որ ՀՀ ՊՆ 2017 թվականի փետրվարի 27-ի թիվ 161 գործուղման հրամանի ամփոփագրի համաձայն` Հովսեփ Պապիկյանի էքստրադիցիայի համար վճարվել է 1.207.612 (մեկ միլիոն երկու հարյուր յոթ հազար վեց հարյուր տասներկու) ՀՀ դրամ (…)» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 29-34)։ 

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակը գտել է, որ ստորադաս դատարանների կողմից անտեսվել է, որ «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիայի համաձայն` ՌԴ գլխավոր դատախազությունը համաձայնություն է տվել Հ.Պապիկյանին հանձնելու ՀՀ իրավապահ մարմիններին` ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու համար հանձնումը մերժել է։ Մինչդեռ տվյալ դեպքում, Հ.Պապիկյանը, առանց ՌԴ համապատասխան մարմինների համաձայնության, ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի նաև մինչև հանձնելը կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության համար, այսինքն, ըստ բողոքաբերի, տեղի է ունեցել միջազգային պայմանագրի և ներպետական օրենսդրության նորմերի խախտում, որը դատական ակտերը բեկանելու և փոփոխելու հիմք է։ 

Բողոքաբերը գտել է, որ դատական ակտը հակասում է նաև հանձնված անձի քրեական հետապնդման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։

8.1. Ըստ բողոքի հեղինակի` Հ.Պապիկյանը հանցավոր արարքները կատարել է ընտանեկան ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով։ Իսկ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտում նշված ծանր հանգամանքների ցանկը չի կարող սպառիչ համարվել, ուստի, ըստ բողոքաբերի, ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 8-րդ մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանման և կիրառման առումով առկա է իրավունքի զարգացման խնդիր։

8.2. Բողոքի հեղինակը գտել է նաև, որ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայությունը և պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայությունը վկայում են, որ Հովսեփ Պապիկյանի նկատմամբ հնարավոր է կիրառել ՀՀ քրեական  օրենսգրքի 70-րդ կամ 64-րդ հոդվածների պահանջները։

8.3. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները, անուշադրության մատնելով Հովսեփ Պապիկյանի նյութական վիճակը` այն, որ նա անվճարունակ է, դատական ծախսի գանձումը կարող է էապես ազդել բազմանդամ ընտանիքի անդամների նյութական վիճակի վրա, դատական ծախսի գանձումը դրել են ամբաստանյալի վրա։ Ավելին` ըստ բողոքաբերի` այդ դատական ծախսերի չափը հիմնավորված և արդարացված չէ, դրանք հիմնավորող որևէ ապացույց դատարան չի ներկայացվել։

8.4. Բացի այդ, բողոքաբերը նշել է նաև, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի կողմից դատական ծախսերը կարող են դրվել դատապարտյալի վրա, իսկ Հովսեփ Պապիկյանը դատապարտյալի կարգավիճակ չունի, քանի որ նրա նկատմամբ առկա չէ  օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։

9. Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է բեկանել ու փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի որոշումը, Հովսեփ Պապիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և ազատել քրեական պատասխանատվությունից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության դեպքում` ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ սահմանափակվել կրած պատժաչափով կամ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան։

9.1. Բողոք բերած անձը խնդրել է նաև Հովսեփ Արամայիսի Պապիկյանին ազատել որպես պետական եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Հ.Պապիկյանին մինչև հանձնելը կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգացագործության համար, առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության, քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերը։

11. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները, այն է` առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն`

«Հայաստանի Հանրապետության տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ (...)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 480-րդ հոդվածի համաձայն`

«1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։

(...)

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով (...)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի համաձայն`

«1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` այդ անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել (...)»։

12. Սույն գործի նյութերից երևում է, որ նախաքննության մարմնի կողմից Հ.Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով և 362-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2016 թվականի նոյեմբերի 2-ին Հ.Պապիկյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Միներալնիե Վոդի քաղաքում։ 2016 թվականի դեկտեմբերի 27-ին Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը` Հ.Պապիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նրա հանձնումը մերժվել է։ Մինչդեռ 2017 թվականի ապրիլի 20-ին քրեական գործը, ըստ մեղադրանքի Հ.Պապիկյանի,  ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ  ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան։ Առաջին ատյանի դատարանը և Վերաքննիչ դատարանը Հ.Պապիկյանին մեղավոր են ճանաչել և դատապարտել են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով։

Արդյունքում Հ.Պապիկյանը քրեական պատասխանատվության և պատժի է ենթարկվել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել, այսինքն` տեղի է ունեցել միջազգային պայմանագրի և ներպետական օրենսդրության նորմերի խախտում։        13. Ամփոփելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հ.Պապիկյանին մինչև հանձնելը կատարած ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանգացագործության համար, առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության, քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու մասին ստորադաս դատարանների դատական ակտերն իրավաչափ չեն։

13. Հիմք ընդունելով վերը շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից խախտվել են Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 480-րդ և 499-րդ հոդվածների պահանջները։ Նշված հանգամանքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, հիմք է Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և փոփոխելու` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով Հ.Պապիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ 

14. Ինչ վերաբերում է բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում բարձրացված մյուս փաստարկներին (տե'ս սույն որոշման 8.1-րդ, 8.3-8.4-րդ կետերը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են և բխում են սույն գործի փաստական տվյալներից և գործող օրենսդրության պահանջներից։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հիմնավոր են նաև ամբաստանյալ Հ.Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ կամ 70-րդ հոդվածները կիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները։

14.1. Ինչ վերաբերում է պաշտպանի կողմից Վճռաբեկ դատարան ներկայացված դիմումի փաստարկներին (տե'ս սույն որոշման 4.1-րդ կետը), ապա հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Հ.Պապիկյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման` Վճռաբեկ դատարանն առարկայազուրկ է համարում դրան անդրադառնալը։ 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի վերաբերյալ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։

2. Հանցանքների համակցությամբ ամբաստանյալ Հովսեփ Արամայիսի Պապիկյանի նկատմամբ սահմանված 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկում պատժից հանել ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված և գումարված 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը` վերջնական թողնելով կրելու ազատազրկում` 3 (երեք) տարի  ժամկետով։

3. Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան