ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/0566/05/14 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0566/05/14 |
|
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
20
15 թվականի հուլիսի 29-ինքննարկելով ըստ հայցի «Գրիգ Էլ Մեդ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)` Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի 12.12.2013 թվականին կայացրած որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Միքայել Ավագյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերության սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանը պահանջել է Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի 12.12.2013 թվականին կայացրած որոշումը ճանաչել անվավեր և կիրառել անվավերության հետևանքներ` վերացնել Ծառայության 12.12.2013 թվականի որոշման հիման վրա կայացած աճուրդի արդյունքում կնքված 24.12.2013 թվականի աճուրդային առուվաճառքի թիվ 3773 պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի 1-ին տարածքի անշարժ գույքի նկատմամբ Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Սոսյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2014 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի 18.04.2014 թվականի որոշմամբ բավարարվել է Ընկերության սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.06.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 18.04.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության 27-րդ, 54-րդ, 72-րդ և 96-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկության գործով մի կառավարիչը գործի նյութերի պատշաճ ուսումնասիրության արդյունքում նկատել է, որ վիճարկվող որոշումը կայացվել է 08.11.2013 թվականին, իսկ մյուսը, փաստաթղթերի պատճենները հարկադիր կատարողից ստանալուց հետո էջերը համադրելով, ենթադրել է, որ այն կայացվել է 12.12.2013 թվականին: Արդյունքում հայց ներկայացնելու դատավարական ժամկետների խախտման պայմաններում, դատարանները հարգելի են համարել սնանկության կառավարչի միջնորդությունը:
Վերաքննիչ դատարանը չի կատարել ապացույցների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտում, այլապես սնանկության կառավարչի կողմից վիճարկվող որոշման ժամկետներն էջերի համադրման արդյունքում շփոթելը և դրա հետևանքով վարչական ակտի բողոքարկման ժամկետը բաց թողնելը չէր համարի հարգելի և կկիրառեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածը, որի արդյունքում էլ կկարճեր գործի վարույթը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 13.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը։
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Հարկադիր կատարողը, առաջնորդվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով, որոշումները սահմանված կարգով ուղարկել է պահանջատիրոջը և պարտապանին, հետևաբար ստորադաս դատարանների դատական ակտերը հիմնավորված չեն և ենթակա են բեկանման:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը կարևոր նշանակություն կունենա նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը.
Արդյո՞ք վարչական ակտը վիճարկելիս, երբ առկա է հայցի հիմքի և առարկայի փոփոխման անհրաժեշտություն, վարչական ակտի վիճարկման ժամկետը հարգելի ճանաչելու միջնորդության քննարկումը կարող է նախորդել հայցի առարկայի փոփոխման միջնորդության քննարկմանը:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում` դատարանի սահմանած ժամկետներում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Այսինքն` վերը նշված հոդվածի իմաստով դատարանը պարտավոր է վարչական գործը հարուցել միմիայն համապատասխան հայցի հիման վրա և այն քննել միմիայն այդ գործով ներկայացված հայցապահանջների շրջանակում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը (ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել` վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե'ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռ, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):
Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակ անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե'ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55) :
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց վերը նշված հիմնարար իրավունքների լույսի ներքո:
Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետները վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար` ամրագրելով, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
Միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:
Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատավարությանը մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը)։
Վերը նշված իրավական նորմերի, ինչպես նաև ՄԻԵԴ-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն գտնում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, իսկ այդ ժամկետները բաց թողնելու դեպքում անձինք այլևս չեն կարող իրացնել իրենց այդ իրավունքը: Այսպիսով, որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:
Վերոնշյալ իրավական դիրքորոշման հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության սնանկության գործով նախկին կառավարիչ Սոֆյա Դավթյանը 12.02.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի 12.12.2013 թվականին կայացրած որոշումը և կիրառել անվավերության հետևանքներ` վերացնելով Ծառայության 12.12.2013 թվականի որոշման հիման վրա կայացած աճուրդի արդյունքում կնքված 24.12.2013 թվականի աճուրդային առուվաճառքի թիվ 3773 պայմանագիրը և այդ պայմանագրի հիման վրա Երևանի Հյուսիսային պողոտայի թիվ 10 շենքի 1-ին տարածքի անշարժ գույքի նկատմամբ Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գործը դատաքննության նախապատրաստելու փուլում Ընկերության սնանկության գործով նոր կառավարիչ Արսեն Չիտչյանը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն` հայտնելով, որ իր իրավանախորդ Սոֆյա Դավթյանը վարչական մարմնի և Ընկերության տնօրենի կողմից չի տեղեկացվել վիճարկվող որոշման մասին, այն դեպքում, երբ Ընկերության տնօրենը սույն գործում առկա 08.11.2013 թվականի որոշման վրա առկա գրառման համաձայն` ստացել է վիճարկվող որոշումը, և միայն 2014 թվականի հունվար ամսին վարչական մարմնից կատարողական վարույթի պատճենները ստանալիս է տեղեկացել վիճարկվող որոշման մասին: Միաժամանակ Ընկերության սնանկության գործով նոր կառավարիչ Արսեն Չիտչյանը հայտնել է, որ ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելիս որպես վիճարկվող որոշման ընդունման ամսաթիվ իր իրավանախորդ Սոֆյա Դավթյանը նշել է 12.12.2013 թվականը, այնինչ իր կողմից կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու արդյունքում պարզվել է, որ սնանկության նախկին կառավարիչը հարկադիր կատարողից փաստաթղթերի պատճենները ստացել է առանց էջերն առանձնացնելու և իր կողմից լիազորությունները ստանձնելիս նոր միայն նկատել է, որ վիճարկվող որոշումը կայացվել է 08.11.2013 թվականին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սոֆյա Դավթյանն իր կամքից անկախ հանգամանքներով հայցը ներկայացրել է սահմանված ժամկետից հետո, խնդրել է բավարարել միջնորդությունը:
Դատարանը, բավարարելով միջնորդությունը, պատճառաբանել է, որ «պատասխանող վարչական մարմինը, ինչպես նաև Ընկերության տնօրենը պարտավոր էին սույն գործով վիճարկվող վարչական ակտը հանձնել Ընկերության սնանկության կառավարչին, ինչի վերաբերյալ ապացույց առկա չէ, քանի որ այդ որոշումը ստանալու վերաբերյալ միակ ապացույցը վկայակոչված հայտարարությունն է, որը վերաբերում է առնվազն 12.12.2013 թվականին: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ առկա չէ որևէ ապացույց, որով կարող էր հերքվել Ընկերության սնանկության կառավարչի փաստարկն այն մասին, որ Ընկերության տնօրենը վիճարկվող որոշումը չի հանձնել Ընկերության սնանկության գործով կառավարչին, և այն ստացվել է ավելի ուշ»:
Վերաքննիչ դատարանը, համաձայնելով Դատարանի վերոգրյալ եզրահանգմանը, մերժել է վերաքննիչ բողոքը:
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ կատարողական վարույթի ընթացքում Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի կողմից որոշումներ են կայացվել ինչպես 08.11.2013 թվականին, այնպես էլ 12.12.2013 թվականին, որոնք ունեն առարկայական և բովանդակային տարբերություններ, հետևաբար դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները հարգելի համարելը չի կարող պայմանավորվել սնանկության կառավարչի կողմից անուշադրությամբ, քանի որ Ծառայությունից կատարողական վարույթի համապատասխան փաթեթը ձեռք բերելուց և սահմանված կարգով հայց հարուցելուց հետո է միայն սնանկության նոր կառավարիչը նկատել հայցի պահանջի փոփոխման անհրաժեշտությունը: Սակայն, առանց հայցի հիմքը և առարկան փոփոխելու միջնորդության, դիմելով դատավարական ժամկետը հարգելի համարելու խնդրանքով, դիմողը առարկայազուրկ է դարձնում տվյալ միջնորդությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ սույն գործով հայցի առարկան Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի 12.12.2013 թվականին կայացրած որոշումն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներն են, որը վերաբերում է «Բելառուս»-82.1 և «Բելառուս»-320.4 մակնիշների տրակտորների էլեկտրոնային աճուրդին, այնինչ ըստ գործով ներգրավված սնանկության գործով կառավարչի` իրականում պետք է վիճարկվեր Ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող Ա. Խանոյանի 08.11.2013 թվականի որոշումը, որը վերաբերվում է Երևանի Հյուսիսային պողոտայի 10-րդ շենքի թիվ 1 հասցեում գտնվող հասարակական նշանակության տարածքին, որպիսի հանգամանքը չի կարող դիտվել որպես վրիպակ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 13.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 18.04.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Վ. Ավանեսյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |