ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0405/02/16 Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0405/02/16 Դատավորներ՝ Ա. Խառատյան Մ. Հարթենյան
Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ռ. Հակոբյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. Դրմեյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ս. Միքայելյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Է. Սեդրակյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի հոկտեմբերի 24-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Տարոնիկ Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 15.01.2018 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցիչ Անի Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել 745.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար, ինչպես նաև այդ գումարին հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները՝ սկսած հայցի մասին ծանուցման օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.10.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 11.12.2017 թվականի որոշմամբ (դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան, Ս. Թորոսյան) Դատարանի 23.10.2017 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռի բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, իսկ վերաքննիչ բողոքը` վերադարձվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.01.2018 թվականի որոշմամբ Դատարանի 23.10.2017 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, 15.01.2018 թվականի որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին կցված 08.01.2018 թվականի վճարման թիվ S6156 հանձնարարագրում այն կատարված լինելու մասին տեղեկություններ չեն պարունակվում, այն է` բացակայում է բանկի անունից կատարվելիք ստորագրությունը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ էլեկտրոնային եղանակով կատարվող վճարումների դեպքում բանկի իրավասու անձի ստորագրություն, ինչպես նաև կնիքով հաստատում չի իրականացվում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 15.01.2018 թվականի որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պետական տուրքի վճարումն էլեկտրոնային եղանակով իրականացնելու և դրա վերաբերյալ ապացույց ներկայացնելու կապակցությամբ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք էլեկտրոնային եղանակով կատարված պետական տուրքի վճարման վերաբերյալ փաստաթուղթը կարող է համարվել պետական տուրքի վճարման փաստը հավաստող պատշաճ ապացույց այն պարագայում, երբ բանկի կնիքն առկա չէ փաստաթղթի վրա:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-1127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 և այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52): Եվրոպական դատարանի տեսանկյունից՝ դատարանի իրավունքը, սակայն բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, և եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև՝ համաչափության առումով (տե՛ս, Khalfaoui v. France (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 36): Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Ի հավելումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեությունը, լիցենզավորումը, այդ գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման կարգն ու պայմանները, սահմանում է վճարահաշվարկային կազմակերպությունների և վճարահաշվարկային համակարգերի կողմից օրենքների և իրավական այլ ակտերի խախտումները, վճարահաշվարկային համակարգերի և կազմակերպությունների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները, ինչպես նաև հաշվարկների վերջնականության կանոնները:
«Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի «ա», «գ», «ե», «ժգ», «ժդ» կետերի համաձայն՝ նույն օրենքի իմաստով և նույն օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի իմաստով`
ա) վճարահաշվարկային համակարգը վճարային գործիքների, քլիրինգի իրականացման, միջոցների փոխանցման և վերջնահաշվարկի կատարման ընդհանուր կանոնների, ընթացակարգերի և վերջիններս ապահովող տեխնիկածրագրային միջոցների ամբողջությունն է (ընդհանրությունը), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին:
Վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնները հանդիսանում են վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոնակարգի բաղկացուցիչ մասը, որը հաստատում է վճարահաշվարկային համակարգի օպերատորի կառավարման իրավասու մարմինը.
գ) վճարահաշվարկային փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության օրենքներով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և դրանց համապատասխան` բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ.
ե) վճարային գործիքը թղթային, էլեկտրոնային, ձայնային (կամ այլ եղանակով ներկայացված) հաղորդագրություն է, փաստաթուղթ կամ համաձայնություն, որը, անկախ օգտագործման, կիրառման կամ իրականացման ձևից ու եղանակից, հնարավորություն է ընձեռում դրա տիրապետողին և (կամ) օգտագործողին կատարելու վճարումներ.
ժգ) միջոցների փոխանցումը վճարման կատարման հետ կապված կանխիկ դրամական միջոցների կամ անկանխիկ դրամական միջոցների նկատմամբ սեփականության իրավունքների շարժն է (փոխանցումը) վճարահաշվարկային համակարգի մի մասնակցից մյուսին.
ժդ) վճարումը դրամական պարտավորության կատարումն է միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրավական ռեժիմը և վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման գործարքի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը` պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճարման հանձնարարականը (բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով) բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար, եթե (…)
«Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Կենտրոնական բանկը, վճարահաշվարկային համակարգի գործունեության սահունությունն ապահովելու նպատակով, կարող է սահմանել վճարման հանձնարարականների, դրանք չեղյալ համարելու հանձնարարականների և տեղեկացումների վավերապայմանները:
««Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 20.05.2004 թվականի թիվ 131-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 04.11.2014 թվականի թիվ 300-Ն, 13.01.2015 թվականի թիվ 2-Ն, 01.02.2000 թվականի թիվ 18 և 25.04.2000 թվականի թիվ 97 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 14.10.2016 թվականի թիվ 168-Ն որոշման հավելված հանդիսացող «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնների» (այսուհետ՝ Հավելված) 1-ին կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպություններին ներկայացված` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, փոխանցելու կամ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող և (կամ) վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը հաստատող, մատուցված ծառայությունների և (կամ) կատարված գործարքների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող փաստաթղթերի (այսուհետ` վճարահաշվարկային փաստաթղթեր) վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմանները և դրանց լրացման կանոնները սահմանվում են նույն կարգով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով:
Հավելվածի 4-րդ կետի համաձայն՝ վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ նույն կարգով սահմանված պահանջները տարածվում և կիրառվում են ֆինանսական կազմակերպության կողմից վճարումների, փոխանցումների, կանխիկի մուտքագրման և կանխիկի ելքագրման գործառնությունների իրականացման ժամանակ ձևավորվող վճարահաշվարկային փաստաթղթերի նկատմամբ:
Հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն կարգը սահմանում է հետևյալ վճարահաշվարկային փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները`
1) վճարահաշվարկային փաստաթղթեր, որոնք պարունակում են կարգադրություն դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու, վճարելու, փոխանցելու, վճարումը (փոխանցումը) չեղյալ համարելու վերաբերյալ և (կամ) հաստատում (հավաստում) են ծառայությունների մատուցումը և (կամ) գործարքների կատարումը`
ա. Վճարման հանձնարարական, (…)
Հավելվածի 8-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը կարող են կիրառվել (ներկայացվել) թղթային և (կամ) էլեկտրոնային եղանակով, այդ թվում նաև` հեռահար սպասարկման համակարգերի միջոցով (բանկ-հաճախորդ համակարգի, ինտերնետ բանկինգի, մոբայլ բանկինգի, էլեկտրոնային փողով հաշվարկների իրականացման համակարգի և այլնի միջոցով), ինչպես նաև գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ:
Հավելվածի 9-րդ կետի համաձայն՝ ֆինանսական կազմակերպությունը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը գործարքն իրականացնող անձին տրամադրում է հետևյալ միջոցներից առնվազն մեկի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով այլ բան սահմանված չէ.
1) էլեկտրոնային եղանակով` հաճախորդի կողմից նախապես նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին կամ հեռախոսահամարին ուղարկելու միջոցով,
2) էլեկտրոնային եղանակով պահպանելով միայն տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում, որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,
3) հաճախորդին թղթային եղանակով տրամադրելու միջոցով:
Հավելվածի 14-րդ կետի համաձայն՝ նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերում վավերապայմանների լրացման համար գործում են հետևյալ կանոնները. Վճարահաշվարկային փաստաթղթերի վավերապայմաններում կիրառվող.
1) «համարը» վավերապայմանում լրացվում է տվյալ փաստաթղթի չկրկնվող (ունիկալ) համարը, ընդ որում` համարի ունիկալության պահանջը կարող է չպահպանվել, եթե հաճախորդը նույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթերը ներկայացնում է թղթային եղանակով,
2) «ամսաթիվ» վավերապայմանը լրացվում է որպես «օր, ամիս, տարի»,
3) «արժույթը (բառերով կամ կոդով)» դաշտում լրացվում է գործարքի գումարի արժույթը բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն է, կամ նշվում է տվյալ արժույթի համար սահմանված կոդը` ըստ ԻՍՈ (ISO) 4217 ստանդարտի, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը հայերեն չէ,
4) «գործարքի նպատակ» դաշտում նշվում է տնտեսական գործառնության բովանդակությունը: Այդ նպատակով, օրինակ, կարող է նշվել.
ա. բյուջե ուղղված վճար, եթե վճարումն ուղղված է բյուջետային պարտավորությունների կատարմանը, կամ
բ. սոցիալական բնույթ ունեցող վճար, եթե վճարվում է սոցիալական ապահովության պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում, կամ
գ. ապրանքի կամ ծառայության դիմաց վճար, կամ
դ. ֆինանսական կազմակերպության նկատմամբ մարվող պարտավորություն, կամ
ե. վարկի մարում, կամ
զ. կանխիկի մուտքագրում, կամ
է. կանխիկի ելքագրում, կամ
ը. փոխանցում և այլն:
5) «ստորագրություն» վավերապայմանը նույն կարգով սահմանված վճարահաշվարկային փաստաթղթում լրացվում է.
ա. թղթային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում պարտադիր դրվում է հաճախորդի ստորագրությունը, ընդ որում` իրավաբանական անձանց դեպքում դրվում է իրավաբանական անձի իրավասու անձի (անձանց) ստորագրությունը (ները), իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարող է դրվել նաև լիազոր անձի ստորագրությունը,
բ. էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագիր և (կամ) այլ միջոց: Ընդ որում` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ, առանց վճարային քարտի և էլեկտրոնային փողի օգտագործման, կանխիկ դրամական միջոցների տրամադրմամբ կանխիկի մուտքագրում, վճարում և փոխանցում իրականացնելու դեպքում «ստորագրություն» վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով,
(…),
8) «Անունը, ազգանունը կամ անվանումը» վավերապայմանում լրացվում է գործարքն իրականացնող անձի անունը և ազգանունը` ֆիզիկական անձ լինելու դեպքում կամ անվանումը` իրավաբանական անձ լինելու դեպքում,
9) «Միջնորդավճարը» դաշտում ֆինանսական կազմակերպության կողմից նշվում է գործարքի կատարման համար գանձվող միջնորդավճարը` գումարային արտահայտությամբ կամ վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ,
10) «Գումարը (թվերով և (կամ) բառերով)» դաշտում լրացվում է վճարվող, փոխանցվող, մուտքագրվող կամ ելքագրվող գումարը` թվերով և բառերով, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է թղթային եղանակով, հակառակ դեպքում, եթե վճարահաշվարկային փաստաթուղթը ներկայացվել կամ տրամադրվել է էլեկտրոնային եղանակով, նշվում է գումարը` թվերով և (կամ) բառերով:
Հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ «Վճարման հանձնարարական» փաստաթղթի համար սահմանվում են հետևյալ վավերապայմանները և դրանց լրացման կանոնները:
Ըստ հավելվածի նշված կետի նախատեսվել են «Վճարման հանձնարարական» փաստաթղթի նվազագույն վավերապայմանները, որտեղ ի թիվս այլնի, մասնավորապես 25-րդ կետում նշվել է, որ վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքը, ինչպես նաև ստորագրությունը պարտադիր է վճարման հանձնարարականը թղթային եղանակով ներկայացվելու դեպքում:
Վերոգրյալ հոդվածների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գործում է վճարահաշվարկային համակարգը, որն իրենից ներկայացնում է որոշակի տեխնիկածրագրային միջոցների ամբողջություն (վճարային գործիքներ, քլիրինգ և այլն), որի միջոցով ապահովվում է վճարման կատարումը շահառուին: Ընդ որում, վճարումը, որպես դրամական պարտավորության կատարում, իրականացվում է համապատասխան միջոցների փոխանցման կամ դրամական պարտավորություն կամ դրամական միջոցներ վճարելու վերաբերյալ կարգադրություն պարունակող վճարահաշվարկային փաստաթղթի տրամադրման միջոցով:
Միաժամանակ օրենսդիրը վերը նշված օրենքով սահմանել է վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը` մասնավորապես նշելով, որ այն ՀՀ օրենքով,Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և բանկային կանոններով սահմանված կարգով կազմված և հավաստված (վավերացված) ցանկացած թղթային կամ էլեկտրոնային փաստաթուղթն է, որը պարունակում է կարգադրություն վճարահաշվարկային համակարգի մասնակցին` դրամական միջոցները մուտքագրելու, ելքագրելու կամ փոխանցելու վերաբերյալ:
Այսինքն` վճարահաշվարկային համակարգի միջոցով անձն իրավասություն է ստանում կատարելու համապատասխան վճարումներ, ի հավաստում որի` տրամադրվում է համապատասխան վճարահաշվարկային փաստաթուղթ (օր.՝վճարման հանձնարարական, վճարման պահանջագիր և այլն): Ընդ որում, վճարահաշվարկային փաստաթուղթը կարող է լինել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային: Միաժամանակ օրենսդիրը «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենքով սահմանել է նաև վճարման հանձնարարականի, որպես վճարահաշվարկային փաստաթղթի հասկացությունը, ըստ որի այն բանավոր, գրավոր կամ էլեկտրոնային եղանակով բանկին տրված հանձնարարությունն է` վճարել կամ հանձնարարել այլ բանկի` վճարել շահառուին հաստատագրված կամ հաշվարկվող գումար:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ի ապահովումն վերը նշված օրենքների կիրառման Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կանոնակարգվել են վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները: Մասնավորապես, որպես ընդհանուր կանոն էլեկտրոնային եղանակով ստեղծված վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման համար նախատեսվել են մի շարք վավերապայմաններ, որոնցից է նաև ստորագրություն վավերապայմանը: Ըստ այդմ էլ էլեկտրոնային եղանակով վճարահաշվարկային փաստաթղթի ներկայացման դեպքում որպես ստորագրություն կիրառվում է ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված` գործարքն իրականացնող անձին նույնականացնող ծածկագրի և (կամ) այլ միջոցի տրամադրումը: Ընդ որում, ստորագրություն վավերապայմանի պահանջը համարվում է կատարված, եթե հաճախորդը տալիս է իր համաձայնությունը գործարքն իրականացնելու համար` գործարքի սպասարկումն ապահովող սարքի (միջոցի) կիրառմամբ համապատասխան հրահանգ տալու միջոցով: Ավելին` նույն կարգով, որպես հատուկ կանոն սահմանվել է նաև «վճարման հանձնարարականին» (վճարահաշվարկային փաստաթուղթ) վերաբերող վավերապայմանները, որի 25-րդ կետում, որպես վճարման հանձնարարականը ստացող ֆինանսական կազմակերպության՝ գործարքը ձևակերպող աշխատակցի անունը, ազգանունը և (կամ) գործարքը ձևակերպող աշխատակցին նույնականացնող դրոշմակնիքի, ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր է միայն, այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է թղթային եղանակով: Այսինքն` այն դեպքում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, դրա նկատմամբ կիրառելի չէ վերը նշված կանոնը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները (…):
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:
Սույն գործով Ընկերության ներկայացուցիչը 30.11.2017 թվականին Դատարանի 23.10.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 6-15): ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 11.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ վերաքննիչ բողոքին չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ բողոքը չի պարունակում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ որևէ միջնորդություն: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված՝ 19.06.2017 թվականի թիվ Տ2884 և 19.07.2016 թվականի թիվ Տ3173 հանձնարարագրերին, ապա առաջին` դրանք կատարված լինելու մասին տեղեկություն դրանցում չի պարունակվում (բացակայում է բանկի անունից կատարվելիք ստորագրությունը), երկրորդ` դրանք վերաբերելի չեն սույն գործին, ինչի մասին է վկայում այն իրողությունը, որ սույն գործով վճիռը հրապարակվել է 23.10.2017 թվականին, մինչդեռ այդ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների համաձայն` վճարումները կատարվել են դեռևս 19.07.2016 թվականին և 19.06.2017 թվականին՝ նախքան սույն գործով վճռի հրապարակումը» (հատոր 2-րդ, գ.թ. 34-35):
Ընկերության ներկայացուցիչը 08.01.2018 թվականին կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կցվել է 08.01.2018 թվականի թիվ S6156 վճարման հանձնարարագիրը (հատոր 2-րդ, գ.թ. 59)։
Վերաքննիչ դատարանը, 15.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ կրկին վերադարձնելով ներկայացված վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին դարձյալ չի կցվել պետական տուրքի վճարման փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց։ Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` 08.01.2018 թվականի վճարման թիվ S6156 հանձնարարագրին, ապա այն կատարված լինելու մասին տեղեկություն դրանում չի պարունակվում (բացակայում է բանկի անունից կատարվելիք ստորագրությունը)» (հատոր 2-րդ, գ.թ. 62-63)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հիմնավորումներին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Ընկերության ներկայացուցիչը, 08.01.2018 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է 08.01.2018 թվականի թիվ S6156 վճարահաշվարկային փաստաթուղթը, այն է՝ վճարման հանձնարարագիրը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 08.01.2018 թվականի թիվ S6156 վճարման հանձնարարագրի ուսումնասիրությունից հետևում է, որ ներկայացված վճարահաշվարկային փաստաթղթով պետական տուրքի վճարումը կատարվել է էլեկտրոնային եղանակով՝ «ՀԾ-ԿլիենտԲանկ» համակարգով: Միաժամանակ այն համապատասխանում է վճարահաշվարկային փաստաթուղթ ներկայացնելու համար սահմանված վավերապայմաններին: Մասնավորապես՝ նշված վճարման հանձնարարագրում առկա է փաստաթղթի համարը՝ S6156, վճարման օրը, ամիսը, տարին՝ 08.01.2018 թվական, վճարման գումարի չափը՝ 27.310 ՀՀ դրամ, վճարման նպատակը՝ «թիվ ԱՐԱԴ/0405/02/16 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ», վճարող ընկերության անվանումը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ, հաշիվը (դեբետ)՝ 15700-03731650100, ՀՎՀՀ-ն (հարկային կոդ)՝ 2302589581, կնիքը և հաճախորդի ստորագրությունը, վճարողի բանկի անվանումը՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ, բանկի կոդը՝ 15700, շահառուի բանկի հաշվեհամարը (կրեդիտ)՝ 90000-5016010:
Ինչ վերաբերում է 08.01.2018 թվականի թիվ S6156 վճարման հանձնարարագրում բանկի իրավասու անձի ստորագրության բացակայությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարման հանձնարարականում ստացող ֆինանսական կազմակերպության իրավասու անձի ստորագրության առկայության վավերապայմանը պարտադիր չէ այն դեպքերում, երբ վճարման հանձնարարականը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:
Մինչդեռ սույն գործով պետական տուրքի վճարումը հավաստող վճարման հանձնարարականը ներկայացվել է էլեկտրոնային եղանակով, որպիսի պայմաններում բանկի իրավասու անձի ստորագրությունը, որպես վճարահաշվարկային փաստաթղթի (վճարման հանձնարարագրի) վավերապայման, չի պահանջվում: Այսինքն՝ Ընկերության ներկայացուցիչը, կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով 08.01.2018 թվականի թիվ S6156 վճարման հանձնարարագիրը, պահպանել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը, այն է՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքը վճարելու փաստը հաստատող ապացույցը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, Ընկերության կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը՝ դրանով իսկ սահմանափակելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ Ընկերության դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 15.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.01.2018 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ռ. Հակոբյան Դատավորներ` Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Ս. Միքայելյան Տ. Պետրոսյան
Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան