Գլխավոր տեղեկություն
Համար
N 814-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.09.2014-21.05.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.27/46(1059) Հոդ.756
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 814-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 316-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ ու 18-րդ հոդվածների և 16-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքի նկատմամբ` համաձայն հավելվածի, ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքում իրականացվող քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`

ա. սույն որոշման հավելվածում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` հին և ոչ ֆունկցիոնալ շինություններով, տարերայնորեն տեղադրված մետաղյա և քարե ավտոտնակներով, որոնց փոխարեն պետք է կառուցվեն բազմաֆունկցիոնալ կառույց և ստորգետնյա ավտոկայանատեղի: Ամբողջ բակային տարածքը կառուցապատման քաղաքաշինական ծրագրերի շրջանակներում պետք է բարեկարգվի, համալրվի կանաչապատ տարածքներով և խաղահրապարակներով, ինչպես նաև հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները,

բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտևորման նախագծի և դրա հիման վրա մշակված բակային տարածքների վերականգնման հայեցակարգի` տվյալ տարածքի համար նախատեսված է բակային տարածքում գտնվող մանկապարտեզի և խարխուլ շենքերի, շինությունների իրացում` տեղում նոր կառույցի իրականացմամբ` ապահովելով ներդաշնակ կառուցապատում, ինչպես նաև Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցում` կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղի միջոցով.

2) նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`

ա. վերջիններիս անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մաս կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն իրականացվել է բակային տարածքի օտարման գործընթացը,

բ. անհնար է ապահովել տարածքների ջրամատակարարումը, ջրահեռացումը և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողը «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն է (այսուհետ` ձեռք բերող).

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող լիազոր մարմինը Երևանի քաղաքապետն է.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.

4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է Երևանի քաղաքապետը.

5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:

3. Ընդունել ի գիտություն, որ`

1) սույն որոշման հավելվածում նշված տարածքում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ կառույց` մինչև 7 վերգետնյա և նահանջած մանսարդային հարկերով.

2) լիազոր մարմինը կարող է սահմանված կարգով Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում ձեռք բերողին սեփականության իրավունքով պատկանող հողամասերը համարժեքորեն փոխանակել տարածքում ձեռք բերողի կողմից կառուցվող շենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասի սահմաններում ընդգրկված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ.

3) հողամասերի փոխանակությունից հետո տարածքում ձեռք բերողի սեփականությունը հանդիսացող հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու և մասնատվածությունը վերացնելու նպատակով այդ հողամասերը կարող են միավորվել և փոխանակվել տարածքում ձեռք բերողի կողմից կառուցվող շենքի և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասին կից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հետ.

4) քաղաքաշինական ծրագրի վերջնաժամկետ է սահմանվում 2017 թվականի հունվարի 1-ը:

4. Լիազորել Երևանի քաղաքապետին`

1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գույք օտարելու մասին» N 316-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում և 3-րդ կետի 2-րդ ենթակետում «1796.9» թիվը փոխարինել «1296» թվով.

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «պայմանագրի կնքումից հետո չորս տարվա ընթացքում» բառերը փոխարինել «պայմանագրի կնքումից հետո յոթ տարվա ընթացքում» բառերով.

3) որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո չորս տարվա ընթացքում» բառերը փոխարինել «նախնական առուվաճառքի մասին պայմանագիր կնքելուց հետո յոթ տարվա ընթացքում» բառերով.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, և «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2010 թվականի մայիսի 19-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի և նախնական առուվաճառքի մասին պայմանագրերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր:

7. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող համաձայնագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 19

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 814-Ն որոշման

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

NN
ը/կ

Գտնվելու վայրը և նկարագիրը

Նկարագրության արձանագրության կազմման ժամկետը

1.

Թումանյան փողոց, N 13/1 ավտոտնակ. Թումանյան փողոց, N 13/3 ավտոտնակ. Թումանյան փողոց, N 14 շենքի բակում գտնվող ավտոտնակ. Թումանյան փողոց, N 16/1 հասցեում գտնվող ավտոտնակ. Թումանյան 1-ին նրբանցք, N 13 շենքի բակում հողատարածք. Ավագ Պետրոսյան (նախկին Մետաղագործների) փողոց, N 21 հասցեում գտնվող բնակելի տներ, Սայաթ-Նովայի պողոտա, N 18/1 ավտոտնակ
(սխեման կցվում է)

4 ամիս

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

 

(ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, ԱՎԱԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՊՈՂՈՏԱՅՈՎ ՊԱՐՓԱԿՎԱԾ ՏԱՐԱԾՔ, S=9054 քառ. մ)

 

Ներմուծեք նկարագրությունը_3102

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.04.2016, N 452-Ն 21.05.2016, N 814-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան