Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ
Մի կողմից` Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների,
մյուս կողմից` Հայաստանի Հանրապետության միջև գործընկերություն հաստատող, Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության, Կիպրոսի Հանրապետության, Հունգարիայի Հանրապետության, Լատվիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Մալթայի Հանրապետության, Լեհաստանի Հանրապետության, Սլովենիայի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության անդամակցությունը Եվրոպական միությանը հաշվի առնելու նպատակով:
Բելգիայի Թագավորությունը,
Չեխիայի Հանրապետությունը,
Դանիայի Թագավորությունը,
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը,
Էստոնիայի Հանրապետությունը,
Հունաստանի Հանրապետությունը,
Իսպանիայի Թագավորությունը,
Ֆրանսիայի Հանրապետությունը,
Իռլանդիան,
Իտալիայի Հանրապետությունը,
Կիպրոսի Հանրապետությունը,
Լատվիայի Հանրապետությունը,
Լիտվայի Հանրապետությունը,
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը,
Հունգարիայի Հանրապետությունը,
Մալթայի Հանրապետությունը,
Նիդերլանդների Թագավորությունը,
Ավստրիայի Հանրապետությունը,
Լեհաստանի Հանրապետությունը,
Պորտուգալիայի Հանրապետությունը,
Սլովակիայի Հանրապետությունը,
Սլովենիայի Հանրապետությունը,
Ֆինլանդիայի Հանրապետությունը,
Շվեդիայի Թագավորությունը,
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորութունը,
ներկայացված Եվրոպական միության խորհրդի կողմից, այսուհետ` անդամ պետություններ, և
Եվրոպական համայնքը և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը` ներկայացված Եվրոպական միության խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից, այսուհետ` համայնքներ, մի կողմից,
Հայաստանի Հանրապետությունը` մյուս կողմից,
հաշվի առնելով 2004թ. մայիսի 1-ին Չեխիայի Հանրապետության, Էստոնիայի, Կիպրոսի, Լատվիայի, Լիտվայի, Հունգարիայի, Մալթայի, Լեհաստանի, Սլովենիայի և Սլովակիայի միացումը Եվրոպական միությանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Սլովենիան և Սլովակիան դառնալու են, մի կողմից, Եվրոպական համայնքների և նրանց անդամ պետությունների, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետության միջև գործընկերություն հաստատող` 1996թ. ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Գործընկերության և Համագործակցության համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) Կողմեր և համապատասխանաբար ընդունելու և հաշվի են առնելու, նույն կերպ, ինչ համայնքի այլ անդամ պետությունները, Համաձայնագրի տեքստերը և նրանց կցվող փաստաթղթերը:
Հոդված 2
Հաշվի առնելով Եվրոպական միությունում տեղի ունեցած վերջին ինստիտուցիոնալ զարգացումները` Կողմերը համաձայնում են, որ Ածխի և պողպատի Եվրոպական համայնքի հիմնադրման պայմանագրի գործողության ժամկետի ավարտի հետևանքով Ածխի և պողպատի Եվրոպական համայնքը վկայակոչող` Համաձայնագրում առկա դրույթները համարվելու են Եվրոպական համայնքը վկայակոչող դրույթները, որը ստանձնել է Ածխի և պողպատի Եվրոպական համայնքի` պայմանագրերով սահմանված բոլոր իրավունքներն և պարտավորությունները:
Հոդված 3
Սույն Արձանագրությունը կկազմի Համաձայնագրի անբաժանելի մաս:
Հոդված 4
1. Սույն Արձանագրությունը կհաստատվի Համայնքների կողմից, անդամ պետությունների անունից` Եվրոպական միության խորհրդի կողմից և Հայաստանի Հանրապետության կողմից` նրանց ընթացակարգերին համապատասխան:
2. Կողմերը միմյանց կծանուցեն նախորդ կետում նշված համապատասխան ընթացակարգերի ավարտի մասին: Հաստատման վերաբերյալ փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Եվրոպական միության խորհրդի Գլխավոր քարտուղարություն:
Հոդված 5
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի այն օրը, որ օրը ուժի մեջ կմտնի 2003 թվականի` Միանալու վերաբերյալ պայմանագիրը, պայմանով, որ սույն Արձանագրության հաստատման վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ի պահ հանձնվեն մինչ այդ օրը:
2. Եթե սույն Արձանագրության հաստատման վերաբերյալ ոչ բոլոր փաստաթղթերն ի պահ են հանձնվել մինչև վերոհիշյալ ժամկետը, սույն Արձանագրությունն ուժի մեջ կմտնի հաստատման վերաբերյալ վերջին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Հոդված 6
Համաձայնագրի տեքստերը, Եզրափակիչ ակտը և դրան կցված բոլոր փաստաթղթերը կազմված են չեխերեն, էստոներեն, հունգարերեն, լատիներեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, սլովեներեն և սլովակերեն:
Այդ տեքստերը կցված են սույն Արձանագրությանը և հավասարազոր են մյուս լեզուներով կազմված` Համաձայնագրի, Եզրափակիչ ակտի և դրան կցված փաստաթղթերի տեքստերին:
Հոդված 7
Սույն Արձանագրությունը կազմված է երկու բնօրինակով` չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, էստոներեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, իտալերեն, լատիշերեն, լիտվերեն, մալթերեն, լեհերեն, պորտուգալերեն, սլովեներեն, սլովակերեն, իսպաներեն, շվեդերեն և հայերեն. այդ տեքստերը հավասարազոր են:
Կատարված է Բրյուսել քաղաքում 2004 թվականի մայիսի 19-ին:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 01.03.2005թ.
