ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 21-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածից հանել «և իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով.
«Հոդված 13.1. |
Գովազդի տեղադրման համար վճարները |
Համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար վճարվում է տեղական տուրք՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ (գովազդային վահանակ) տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-275-Ն |