ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 6-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 1992 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Սույն օրենքը կարգավորում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկական տնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» 1992 թվականի դեկտեմբերի 15-ին ստորագրված համաձայնագրով (այսուհետ` համաձայնագիր) նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների հետ կապված հարաբերությունները:
Հոդված 2. Սույն օրենքով սահմանված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունները նշանակում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի (այսուհետ` ծրագրեր) շրջանակներում`
1) ծրագրեր իրականացնող Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կամ մասնավոր կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություններ) և ֆիզիկական անձանց կողմից`
ա) Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են մաքսատուրքից և մաքսավճարից,
գ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից,
դ) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքներն ազատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից գանձվող հաստատագրված վճարներից.
2) Հայաստանի Հանրապետությունում ներկա գտնվող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են եկամտային հարկից` ծրագրերի շրջանակներում ստացվող եկամուտների մասով.
3) ծրագրեր իրականացնող կազմակերպություններին և ֆիզիկական անձանց`
ա) Հայաստանի Հանրապետությունում ապրանքների մատակարարումը, ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից,
բ) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող արտադրող-իրացնողների կողմից մատակարարվող ապրանքներն ազատվում են ակցիզային հարկից.
4) ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են`
ա) շահութահարկից,
բ) ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ պահվող հարկը պահելու պարտավորությունից,
գ) ֆիզիկական անձանց եկամուտներ վճարելուց սոցիալական վճարը հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունից.
4.1) օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք ազատվում են իրենց վճարվող եկամուտներից վճարման ենթակա սոցիալական վճար կատարելուց.
5) ծրագրերի իրականացման հետ կապված վերգետնյա տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն ազատվում է ճանապարհային հարկից, իսկ օդային տրանսպորտի մուտքը` ընդունման և սպասարկման վճարներից:
(2-րդ հոդվածը փոփ., լրաց. 27.02.12 ՀՕ-26-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-278-Ն)
Հոդված 3. Ծրագրեր իրականացնող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց ապրանքներ մատակարարած և ծառայություններ մատուցած (հատկացրած), այդ կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից եկամուտներ ստացած ու այդ կազմակերպություններին և ֆիզիկական անձանց եկամուտներ վճարած անձինք ազատվում են սույն օրենքի 2 հոդվածով սահմանված գործարքների, գործառնությունների և եկամուտների համար հաշվարկված և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ չվճարված ցանկացած հարկից, մաքսատուրքից և սոցիալական վճարից, պարտադիր այլ վճարներից, ինչպես նաև դրանց հաշվարկումը և վճարումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և մյուս իրավական ակտերը խախտելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից:
Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ վճարված գումարները չեն վերադարձվում:
(3-րդ հոդվածը փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն, 21.12.17 ՀՕ-278-Ն)
Հոդված 4. Սույն օրենքը գործում է մինչև միջազգային իրավունքի նորմերին համապատասխան համաձայնագրի գործողության դադարեցման օրը:
Հոդված 5. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
(5-րդ հոդվածը փոփ. 27.02.12 ՀՕ-26-Ն)
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ռ. Քոչարյան |
|
|