ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2010 թվականի N 1361-Ն
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) գանգատարկման խորհրդի կողմից վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների որոշումների քննարկման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գանգատարկման խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային և մաքսային մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց որոշումների, գործողությունների, անգործության կամ հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում կազմված ակտերի վերաբերյալ վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովների (այսուհետ` հանձնաժողովներ) ընդունած առանձին որոշումների` գանգատարկման խորհրդում (այսուհետ` խորհուրդ) քննարկման կարգը:
2. Խորհրդի հիմնական խնդիրը հարկային և մաքսային օրենսդրության կամ հարկային և մաքսային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների միատեսակ և ճիշտ կիրառմանը նպաստելն է:
3. Խորհրդի գործառույթներն են`
1) հանձնաժողովներ ներկայացված դիմում-գանգատների և դրանց վերաբերյալ հանձնաժողովների որոշումների քննարկումն ու եզրակացությունների ընդունումը.
2) հարկային և մաքսային օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրությունը կարգավորող այլ իրավական ակտերի դրույթների կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
4. Տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) հանձնաժողովներ ներկայացված դիմում-գանգատները քննության են առնվում կոմիտե մուտքագրվելու օրվանից 15-օրյա ժամկետում, և դիմում-գանգատները, բացառությամբ վարչական տուգանքի նշանակման հետ կապված դիմում-գանգատների, մասամբ բավարարելու կամ դրանք մերժելու դեպքերում հանձնաժողովներն իրենց որոշումների նախագծերը, դիմում-գանգատը և գանգատին առնչվող նյութերը (այսուհետ` գանգատի փաթեթ) մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են խորհրդին` նիստերի անցկացման վայրի հասցեով:
5. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով՝ ազատ քննարկման և հրապարակայնության պայմաններում: Խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վարչական շենքում:
6. Խորհրդի անդամները խորհրդի նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ գրավոր (էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով) ծանուցվում են խորհրդի հերթական նիստի անցկացման ժամկետների, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամներին ծանուցագրի հետ միասին էլեկտրոնային կարգով ուղարկվում են նաև օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճենները:
7. Խորհրդի աշխատանքը ղեկավարում է խորհրդի նախագահը: Խորհրդի նախագահը`
1) հրավիրում է խորհրդի նիստերը և վարում դրանք.
2) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.
3) ստորագրում է խորհրդի ընդունած եզրակացությունները.
4) խորհրդի անդամների միջնորդության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ խորհրդում կոմիտեի ներկայացուցիչներից պահանջում է գանգատին առնչվող լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր.
5) պատասխանատվություն է կրում խորհրդի խնդիրների ու գործառույթների իրականացման համար:
8. Խորհրդի նախագահի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:
9. Խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմն ապահովում է խորհրդի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ: Խորհրդի քարտուղարը`
1) նախապատրաստում է խորհրդի նիստի օրակարգը.
2) իրականացնում է խորհրդի ընթացիկ կազմակերպման տեխնիկական աշխատանքները.
3) քննարկման է ներկայացնում խորհրդի գործունեությանը վերաբերող ընթացիկ հարցերը.
4) արձանագրում է խորհրդի նիստերի ընթացքը, կազմում և խորհրդի անդամների համաձայնեցմանն է ներկայացնում խորհրդի եզրակացությունների նախագծերը.
5) կազմում է գանգատի գործը, վարում խորհրդի գործերի հաշվառման և ընդունված եզրակացությունների գրանցամատյանները.
6) կազմում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող եռամսյակային հաշվետվության նախագիծը:
10. Խորհրդի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի եզրակացությունն ըստ գանգատում բերված յուրաքանչյուր պահանջի ընդունվում է, եթե դրա օգտին քվեարկել է նիստին մասնակցած անդամների կեսից ավելին: Հավասար ձայների առկայության դեպքում խորհրդի նախագահի ձայնը որոշիչ չէ, և եզրակացությունը համարվում է ընդունված՝ գանգատ ներկայացրած անձի օգտին:
11. Խորհրդի կողմից յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացվում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
12. Խորհուրդն իր նիստերի ընթացքում քննարկում է հանձնաժողովի ներկայացրած յուրաքանչյուր գանգատի փաթեթը և խորհրդի նիստերի անցկացման վայրում դրա մուտքագրվելուն հաջորդող տասն օրվա ընթացքում իր եզրակացությունը ներկայացնում կոմիտե:
13. Կոմիտեի հանձնաժողովները, հաշվի առնելով խորհրդի ընդունած եզրակացությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
14. Խորհրդի ընդունած եզրակացության վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում կոմիտեի նախագահը սահմանված կարգով երկարաձգում է որոշումների ընդունման համար սահմանված ժամկետները՝ գանգատի փաթեթը խորհրդի եզրակացության, կոմիտեի առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:
15. Սույն կարգի 14-րդ կետում նշված դեպքերում գանգատի փաթեթը քննարկվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ, և հանձնաժողովները, քննարկման արդյունքներին համապատասխան, դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում են որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
16. Կոմիտեի հանձնաժողովների որոշումները դրանց ընդունմանը հաջորդող տասն օրվա ընթացքում հրապարակվում են կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքերում:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԱՆԳԱՏԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ս. Կարայան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Գ. Մուրադյան |
- ՀՀ արդարադատության նախարարի |
Վ. Միրումյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
Տ. Բարսեղյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
Կ. Մինասյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Լ. Հունանյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի |
Ա. Մնացականյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի |
Հ. Թորոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական |
(հավելվածը փոփ. 03.03.11 N 182-Ն, խմբ. 16.08.12 N 1044-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.03.2015, N 311-Ն | 09.04.2015, N 1361-Ն | |
22.08.2013, N 871-Ն | 29.08.2013, N 1361-Ն | |
25.04.2013, N 414-Ն | 09.05.2013, N 1361-Ն | |
16.08.2012, N 1044-Ն | 25.08.2012, N 1361-Ն | |
03.03.2011, N 182-Ն | 17.03.2011, N 1361-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|