Գլխավոր տեղեկություն
Номер
N 37-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.04.2012-25.11.2012)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2009.12.04/2(2) Հոդ.3
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
18.11.2009
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
18.11.2009
Дата вступления в силу
14.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

18 նոյեմբերի 2009 թ.

N 37-Ն 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻՐԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին, 52-րդ հոդվածի 4-րդ մասին և «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի Երևան քաղաքի քաղաքային նշանակության գովազդային գոտում (քաղաքային նշանակության փողոցներում և դրանց անմիջապես հարող տարածքներում, ինչպես նաև քաղաքային նշանակության հրապարակներում և այգիներում) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու լիազորությունը պատվիրակել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին:

(1-ին կետը փոփ. 26.11.10 N 158-Ն)

2. Հաստատել Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համայնքային կանոնները` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան

 

 

Հավելված

Երևանի ավագանու

2009 թ. նոյեմբերի 18-ի

N 37-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են Երևան քաղաքի վարչական սահմաններում արտաքին գովազդի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրվող (այսուհետ՝ Գովազդ), տեղաբաշխման (տեղադրման) կարգն ու պայմանները և այդ գործընթացի մասնակիցների փոխհարաբերությունները:

2. Գովազդի տեղաբաշխումն իրականացվում է «Գովազդի մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնների պահանջներին համապատասխան:

3. Երևան քաղաքի վարչական սահմաններում Գովազդը տեղաբաշխվում է վահանակների, լուսատախտակների, պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, էլեկտրոնային էկրանների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), այլ նյութական կրիչների և տեխնիկական միջոցների (այսուհետ՝ Գովազդի միջոցներ) ձևով:

4. Գովազդը կամ Գովազդի միջոցը կարող է տեղաբաշխվել (տեղադրվել) պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի, շենքերի, շինությունների (հիմնական կամ ոչ հիմնական), դրանց վրա տեղակայված այլ կառույցների, կոնստրուկցիաների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների (այսուհետ՝ նաև Գովազդի օբյեկտ) վրա:

5. Արգելվում է գովազդ տեղադրել թանգարանների, պատմական և ճարտարապետական հուշարձանների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում:

6. Գովազդի միջոց հանդիսացող հիմնական և ոչ հիմնական շինությունները պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն համարվող հողամասերում կարող են կառուցվել կամ տեղադրվել Հայաստանի Հանրապետության հողային հարաբերությունները և քաղաքաշինական գործունեությունը կարգավորող իրավական ակտերին համապատասխան:

7. Բազմաբնակարան և ստորաբաժանված շենքերի ընդհանուր բաժնային սեփականության վրա Գովազդ, Գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված համապատասխան համաձայնության առկայության դեպքում:

8. Պետական կամ համայնքային սեփականություն չհանդիսացող Գովազդի օբյեկտի վրա Գովազդ, Գովազդի միջոց տեղադրելու թույլտվությունը տրվում է միայն տվյալ Գովազդի օբյեկտի սեփականատիրոջ, օրինական օգտագործողի կամ տիրապետողի համաձայնության, իսկ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրի առկայության դեպքում:

9. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համար հողամասի հատկացման որոշումներում հաշվի են առնվում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, մասնավորապես`

1) Ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում բարեկարգման տարրերի, ինչպես նաև էլեկտրասյուների հետ առնչվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչությունների.

2) Վերգետնյա էլեկտրատրանսպորտի և տրանսպորտային այլ օբյեկտների հետ առնչվելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության.

3) Մայրուղիների և փողոցների երթևեկելի մասի կենտրոնական-բաժանարար գոտիներում՝ անկախ դրանց լայնությունից, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, տրանսպորտի վարչությունների։

 

II. ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

10. Երևան քաղաքում, այդ թվում` տրանսպորտային միջոցների վրա, գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

 11. Գովազդ, Գովազդային միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրը դիմում է ներկայացնում դրա տեղաբաշխման (տեղադրման) վայրի համապատասխան վարչական շրջանի ղեկավարին, իսկ տրանսպորտային միջոցի վրա Գովազդ տեղադրելու դեպքում՝ Երևան քաղաքի որևէ վարչական շրջանի ղեկավարին: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը), գովազդային միջոցի տեղադրման վայրը և ժամկետը, տեղադրվող Գովազդի միջոցը, Գովազդի տեսակը, հայցում` հողամասի տրամադրման (եթե Գովազդի միջոցը տեղադրվելու է հողամասի վրա) կամ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի (եթե Գովազդը, Գովազդի միջոցը տեղադրվելու է հենասյուների կամ այլ գույքի վրա) օգտագործման համաձայնություն տալու մասին, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նրա իրավասու պաշտոնատար անձի ստորագրությունը և կնիքը:

11.1. Մեկից ավելի վարչական շրջաններում գովազդային գործունեություն իրականացնող գովազդակիրներն ուրվանկարների և համապատասխան փորձաքննության մոնտաժային նախագծերի համաձայնեցման համար մինչև սույն կանոնների 11-րդ կետով սահմանված կարգով համապատասխան վարչական շրջան դիմում ներկայացնելը կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ներկայացնելով գովազդային ուրվանկարների փաթեթները կամ գովազդային միջոցների նախագծերը։ Ներկայացվող դիմումում պետք է նշվեն գովազդի տեղադիրը (հասցե) ըստ վարչական շրջանների, արտաքին չափերը, մակերեսը և տեղադրման ժամանակացույցը։

(11.1 կետը լրաց. 16.03.12 N 417-Ն)

12. Դիմումին կցվում են.

ա) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, իսկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ պետական գրանցման փաստաթղթերի պատճենները,

բ) Գովազդի միջոցի նախագիծը, այն կոնստրուկցիա, կառույց կամ տեխնիկական այլ միջոց լինելու դեպքում՝ համապատասխան փորձաքննության եզրակացությունը,

գ) Գովազդի գունավոր ուրվանկարը (էսքիզը) երկու օրինակից՝ գովազդի չափերի նշումով,

դ) (ենթակետն ուժը կորցրել է 15.03.11 N 199-Ն)

ե) եթե դիմումը ներկայացվում է դիմողի լիազորված անձի կողմից, ապա օրենքով սահմանված կարգով լիազորագիր և լիազորված անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր։

(12-րդ կետը փոփ. 07.05.10 N 99-Ն, 15.03.11 N 199-Ն)

13. Վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը (այսուհետ՝ Աշխատակազմ) գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուից, գովազդակրից դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում պարզում է դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին: Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա Աշխատակազմը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա Աշխատակազմը դիմողին առաջարկում է հնգօրյա ժամկետում համալրել այն:

14. Եթե դիմումում կամ կից փաստաթղթերում առկա են ոչ ձևական, էական սխալներ, կամ Կանոնների 13-րդ կետում սահմանված ժամկետում ձևական թերությունները չեն շտկվել, ապա վարչական շրջանի ղեկավարը հնգօրյա ժամկետում մերժում է դիմումը:

15. Եթե դիմումը և կից փաստաթղթերը համապատասխանում են Կանոնների պահանջներին, կամ դիմողի կողմից վերացվել են ձևական խախտումները, ապա Աշխատակազմը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրանք ներկայացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչություն՝ ուրվանկարների և համապատասխան փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության համապատասխան հողհատկացման, Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի օգտագործման (համաձայնության) թույլտվության հարցերի քննարկման և լուծման համար:

Գովազդի ընթացիկ տեղադիրի փոփոխման պարագայում կազմակերպությունը պարտավոր է դրա մասին նախապես՝ առնվազն 3 աշխատանքային օր առաջ գրավոր տեղեկացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը։

(15-րդ կետը լրաց. 16.03.12 N 417-Ն)

16. Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը հնգօրյա ժամկետում պարզում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Կանոնների պահանջներին: Այն դեպքում, եթե համաձայնության տրամադրման համար անհրաժեշտ է հաշվի առնել Երևանի քաղաքապետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կարծիքները, ապա ապահովելով այդ գործընթացը, տասնօրյա ժամկետում տալիս է համաձայնություն կամ մերժում դրա տրամադրումը:

17. Ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը սահմանված կարգով նախաձեռնում է նաև Երևանի քաղաքապետի կողմից համապատասխան հողհատկացման գործընթացը, ինչպես նաև համաձայնություն է տալիս հենասյուների կամ այլ գույքի վրա Գովազդի միջոցի տեղադրման համար: Եթե համապատասխան հողամասի տրամադրումը կամ հենասյուների կամ այլ գույքի վրա Գովազդի միջոցի տեղադրման համար համաձայնություն տալը հնարավոր չէ կամ Գովազդը, Գովազդի միջոցը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այդ թվում՝ Կանոնների) պահանջներին, կամ կարող է խախտել ճանապարհային երթևեկությունը կամ այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը, ապա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը մերժում է համաձայնության տրամադրումը:

18. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից համաձայնություն տրված ուրվանկարները, սահմանված չափի տեղական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, փորձաքննություն անցած մոնտաժային նախագծերը, ինչպես նաև սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթերը (հողհատկացման որոշում և այլն) ստանալուց հետո երեք օրվա ընթացքում վարչական շրջանի ղեկավարի որոշմամբ տրվում է գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն՝ համաձայն ձևի: Եթե համաձայնության տրամադրումը մերժվել է, ապա գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն տալը մերժում է նույն ժամկետում:

(18-րդ կետը լրաց. 15.03.11 N 199-Ն)

19. Արտաքին գովազդի տեղաբաշխման թույլտվություն տրամադրելուց հետո 3-օրյա ժամկետում Աշխատակազմը պետք է պարզի փաստացի տեղադրված գովազդի համապատասխանությունը ըստ չափերի և բովանդակության՝ հաստատված էսքիզի հետ։ Եթե գովազդի տեղաբաշխման թույլտվությունը տրվել է Գովազդի միջոցի տեղադրմամբ, ապա Աշխատակազմը մեկամսյա ժամկետում ստուգում է Գովազդի միջոցի տեղադրման (տեղակայման) համապատասխանությունը մոնտաժային նախագծերին և տեղադիրներին: Անհամապատասխանություն հայտնաբերելու դեպքում այդ մասին անհապաղ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը:

Առաջին անգամ անհամապատասխանություն հայտնաբերելիս գովազդատուն (գովազդակիրը) գրավոր զգուշացվում է ողջամիտ ժամկետում այն վերացնելու մասին: Սահմանված ժամկետում տեղ գտած թերությունները չշտկելու կամ 2-րդ անգամ անհամապատասխանություն թույլ տալու դեպքում` գովազդատուն (գովազդակիրը) պարտավորեցվում է իր միջոցներով ապամոնտաժել գովազդի միջոցը: Գովազդատուի (գովազդակրի) կողմից գովազդի միջոցը չապամոնտաժելու դեպքում՝ այն ապամոնտաժվում է համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը փոխհատուցում է գովազդատուն (գովազդակիրը):

(19-րդ կետը լրաց. 07.05.10 N 99-Ն)

20. Թույլտվությունը հանդիսանում է հատուկ հաշվառման փաստաթուղթ, որը գրանցվում է վարչական շրջանի թույլտվությունների հաշվառման մատյանում, իսկ թույլտվության պատճենը և հաշվառման մատյանը պահվում են վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումում։

21. Գովազդի միջոց, Գովազդ տեղադրելու դիմումը մերժելու վերաբերյալ որոշման մեջ պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու հիմքերը։

22. Գովազդը Գովազդի միջոցների վրա տեղադրելու ժամանակ, ինչպես նաև արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխման դեպքում, գովազդատուն, գովազդակիրը, մինչև գովազդի տեղադրումը կամ արդեն տեղադրված գովազդվող տեղեկատվության փոփոխումը, այդ մասին գրավոր տեղեկացնում է աշխատակազմին` կից ներկայացնելով համապատասխան պատկերով և գրառումներով գովազդի էսքիզը, որը գովազդի տեղաբաշխման թույլտվության համար սահմանված ժամկետներում և կարգով համաձայնեցվում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ։

23. Գովազդի միջոցի տեղադրման մոնտաժային աշխատանքները կատարվում են մասնագիտացված կազմակերպությունների կողմից մշակված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության հետ համաձայնեցված նախագծով։ Արտաքին գովազդի միջոց տեղադրելու համար գովազդատուն, գովազդակիրն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Գովազդի միջոցի մոնտաժման ապահովության և դրա անվթար շահագործման համար։

24. Այն դեպքում, երբ թույլտվության գործողության ընթացքում գովազդվող տեղեկատվությունը փոփոխվում է, որի համար օրենքով նախատեսված է տեղական տուրքի այլ դրույքաչափ, ապա գովազդատուն, գովազդակիրը կատարում են վճարում համապատասխան դրույքաչափով:

(24-րդ կետը փոփ. 07.05.10 N 99-Ն)

25. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվություն ստացած անձը կարող է այդ թույլտվությունը փոխանցել այլ անձի՝ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության համաձայնությամբ։ Փոխանցումը կարող է տեղի ունենալ գովազդի տեղաբաշխման (տեղադրման) իրավունքը ձեռք բերելուց հետո 4 ամսից ոչ շուտ:

(25-րդ կետը խմբ. 07.05.10 N 99-Ն)

26. Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետը լրանալու, այն վաղաժամ դադարելու դեպքում գովազդատուն, գովազդակիրը պարտավոր են 5-օրյա ժամկետում իրենց միջոցներով ապամոնտաժել Գովազդը, Գովազդի միջոցը, իսկ զբաղեցրած տարածքը, շենքերը, շինությունները կամ այլ գույքը, որի վրա տեղակայված, տեղադրված է եղել Գովազդի միջոցը, բերել նախկին վիճակին։

Գովազդատուն ունի իր գովազդի միջոցի տեղաբաշխման (տեղադրման) թույլտվության ժամկետի երկարաձգման նախապատվության իրավունք։ Այդ նպատակով գովազդատուն (գովազդակիրը) մեկ ամիս առաջ դիմում է համապատասխան վարչական շրջանի ղեկավարին:

(26-րդ կետը լրաց. 07.05.10 N 99-Ն)

27. Երևան քաղաքում Գովազդի տեղաբաշխման (տեղադրման) գործընթացի նկատմամբ հսկողությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը, իսկ վերահսկողությունը՝ Երևանի քաղաքապետը:

28. Գովազդատուն, գովազդ արտադրողը, գովազդակիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման համար պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

III. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ (ՏԵՂԱԴՐՄԱՆ) ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

29. Երևան քաղաքի վարչական սահմաններում Գովազդը կարող է տեղաբաշխվել վահանակային կայանքների (վահանակների), տանիքային կայանքների, մեծանկարների, էլեկտրոնային էկրանների, բարձակների, շենքերի մուտքերի և պատուհանների հովհարների (մարկիզներ), վիտրաժային գովազդների, շարժական գովազդների, հասարակական և այլ տրանսպորտի կանգառասրահների, հեռախոսախցիկների, նստարանների, տաղավարների, հասարակական զուգարանների, աղբամանների, սառնարանների, օդապարիկների, ճառագայթային գովազդի, տրանսպորտային և այլ միջոցներով։

30. Երևան քաղաքի տարածքում Գովազդի միջոցները չեն կարող տեղաբաշխվել (տեղադրվել) երթևեկելի մասի մակերևույթից 7 մ-ից ցածր բարձրությամբ, եթե գովազդի միջոցի որևէ մասը գտնվում է ճանապարհի երթևեկելի մասի վրա:

31. Ճանապարհի կողային մասում Գովազդի միջոց տեղակայելու, տեղադրելու դեպքում այն պետք է լինի եզրաքար ունեցող ճանապարհի եզրաքարից 0,6 մ ոչ պակաս հեռավորությամբ, իսկ եզրաքար չլինելու դեպքում՝ ճանապարհի եզրից ոչ պակաս, քան 2-3 մ, կախված տեղանքի առանձնահատկություններից, որը պարզվում է տեղազննությամբ:

32. Գովազդի միջոցները չպետք է.

1) խոչընդոտեն ճանապարհային երթևեկության ապահովմանն ու անվտանգությանը, փողոցների ու մայթերի անցմանը, խանգարեն փողոցների ու մայթերի մեքենայացված մաքրմանը,

2) սահմանափակեն տեսանելիությունը ավտոճանապարհների վրա,

3) առաջացնեն երթևեկության մասնակիցների կուրացում (լույսով, այդ թվում՝ նաև անդրադարձող),

4) հանդիսանան հետիոտնի շարժմանը արգելք,

5) լինեն ճանապարհների վտանգավոր հատվածներում և տեղադրվեն լուսամփոփների ու ճանապարհային կանգնակների վրա։

33. Գովազդ տեղադրել չի թույլատրվում՝

1) բնակելի շենքերի մոտ, եթե դրանք հանդիսանում են աղմուկի, տատանման, հզոր ճառագայթման և էլեկտրամագնիսական դաշտի, ուժեղ լույսի, այդ թվում՝ տատանվող աղբյուր.

2) թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների վրա, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի վրա և դրանց տարածքում.

3) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վրա և դրանց տարածքներում (պետական հաշվառման վերցրած պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող կառույցների, դրանց համակառույցների և համալիրների, իրենց գրված կամ պատմականորեն իրենց հետ կապված տարածքների վրա, ինչպես նաև պատմամշակութային արգելոցներում).

4) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող փողոցներում կրկնաձիգ գրաժապավենների (տրանսպարանտ) միջոցով, բացառությամբ համապետական համաքաղաքային նշանակության միջոցառումների ազդարարման նպատակով կարճաժամկետ տեղադրման դեպքերի.

5) ճանապարհային ցանցում, երբ այն անհամապատասխան է ճանապարհատրանսպորտային տվյալ իրավիճակի հետ և նմանություն ունի (արտաքին տեսքով, պատկերով և ձայնային էֆեկտով) ճանապարհային նշանների, ճանապարհային երթևեկության կազմակերպման և այլ տեխնիկական միջոցների հետ։

(33-րդ կետը խմբ. 16.03.12 N 417-Ն)

34. Վահանակային կայանքները (վահանակները) տեղեկատվության համար մակերես նախատեսող կոնստրուկցիաներ են՝ բաղկացած հիմքից, հիմնակմախքից (կարկաս) և տեղեկատու դաշտից: Տեղեկատու դաշտը կարող է լինել մեծ (առավելագույնը 4մ x 12մ), միջին (առավելագույնը 3մ x 6մ) կամ փոքր (առավելագույնը 1.2մ x 1.8մ) չափերի: Վահանակները կարող են լինել երկկողմանի կամ միակողմանի (գովազդի հակառակ կողմը պարտադիր դեկորատիվ ձևավորվում է) կատարմամբ: Երևան քաղաքի կենտրոնական հատվածում տեղադրվող տեղեկատու դաշտով գովազդային վահանակի կրող հիմնասյան դիրքը պետք է լինի միայն ուղղահայաց և վրան նշված լինի գովազդակրի անվանումը և հեռախոսահամարը:

35. Երևան քաղաքի Փոքր կենտրոնի սահմաններում տեղադրվող վահանակների չափը չպետք է գերազանցի 3մ x 4մ չափերը:

36. Մայրուղիներում և խճուղիներում մեկ ուղղությամբ երկու հարևան վահանակների միջև հեռավորությունը կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 15քմ և ավելի՝ 150մ

2) 10-15քմ՝ 100մ

3) 6-10քմ՝ 90մ

4) 4-6քմ՝ 50մ

5) 2-4քմ՝ 25մ

6) մինչև 2քմ՝ 15մ։

37. Պողոտաներում և փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ է, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 15քմ և ավելի` 120մ

2) 6-15քմ՝ 90մ

3) 2-6քմ՝ 30մ

4) մինչև 2քմ՝ 15մ։

38. Փողոցներում, որոնցում տրանսպորտային միջոցների թույլատրելի արագությունը 60կմ/ժամ-ից պակաս է, ինչպես նաև նեղ փողոցներում և նրբանցքներում, մեկ ուղղությամբ երկու վահանակների միջև հեռավորությունը, կախված դրանց չափերից, չի կարող պակաս լինել՝

1) 10-12քմ՝ 60մ

2) 6-10քմ՝ 50մ

3) 4-6քմ՝ 30մ

4) մինչև 4քմ՝ 20մ։

39. Շենքի տանիքին տեղադրվող տանիքային կայանքները պետք է ունենան հակահրդեհային և հոսանքի վթարային անջատման համակարգ։ Ամրակցման տարրերը, ինչպես և կոնստրուկցիայի կրող մասի հակառակ կողմը պետք է ծածկվեն դեկորատիվ պանելով։

40. Պատի մեծանկարների տեղեկատու դաշտի մակերեսը որոշվում է կոնստրուկցիայի, իսկ դրա բացակայության դեպքում՝ անմիջական չափերով։

41. Հենասյուների կամ շենքերի վրա ամրակցվող երկկողմանի հարթակային վահանակների՝ բարձակների առավելագույն չափը չի կարող ավելի լինել 1.25մ x 2.0մ: Շահագործման անվտանգության նպատակով բարձակները տեղադրվում են հողի մակերևույթից ոչ պակաս, քան 4.5մ բարձրության վրա: Մեկ հիմքի վրա չի կարող տեղադրվել մեկից ավելի բարձակ: Բարձակի տեղեկատու դաշտի մակերեսը հաշվարկվում է կողմերի ընդհանուր մակերեսով։

42. Էլեկտրոնային էկրաններ կարող են տեղադրվել շենքերի տանիքներին, շենքերի պատերի խուլ հատվածներին, վերգետնյա անցումների վրա, ճանապարհների կենտրոնական բաժանարար գոտիներում և խաչմերուկներում:

Էկրանային (վերարտադրող) սարքավորումների մակերեսը որոշվում է էկրանի վերարտադրվող պատկերի մակերեսով։

Էլեկտրոնային էկրանների տեղադրման համար սահմանվում են հետևյալ չափորոշիչները`

ա) «Էլեկտրոնային էկրանի որևէ հատված չի կարող գտնվել ճանապարհի երթևեկելի մասի վրա, բացառությամբ վերգետնյա անցումների վրա տեղադրված էլեկտրոնային էկրանների:

բ) Յուրաքանչյուր խաչմերուկում չի կարող տեղադրվել 1-ից ավելի էլեկտրոնային վահանակ:

գ) Ցանկացած չափի էլեկտրոնային էկրանների միջև հեռավորությունը չի կարող պակաս լինել 200 մետրից:

դ) Էլեկտրոնային Էկրանի յուրաքանչյուր տեղադիրի համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից սահմանվում են առանձին չափորոշիչներ` կապված բարձրության և տեղեկատու դաշտի մակերեսի հետ, որոնք հաշվի են առնում տվյալ տարածքի ճարտարապետական առանձնահատկությունները։

(42-րդ կետը խմբ. 16.03.12 N 417-Ն)

43. Դրոշակների, հովհարների (մարկիզ) գովազդային տեղեկատու մակերեսները որոշվում են բոլոր կողմերի մակերեսով:

44. Վիտրաժային արտաքին գովազդի միջոցների (դռների և լուսամուտափեղկերի վրա, լուսամուտափեղկից ներս տեղադրված, սակայն դրսից տեսանելի գովազդ) մակերեսները հաշվարկվում են փաստացի տեղադրված գովազդի չափով:

45. Շտենդերները՝ տնտեսվարող սուբյեկտների կողմից աշխատանքային ժամերի ընթացքում տեղադրվող արտաքին գովազդի շարժական և ժամանակավոր միջոցները, պետք է ունենան երկկողմանի կամ միակողմանի լուծում: Շտենդերները կարող են տեղադրվել մայթերին, որոնց նվազագույն լայնքը կազմում է 3.5մ, և չեն կարող մայթի վրա զբաղեցնել 1քմ մակերեսից ավելի տարածք:

45.1. Շենք-շինությունների ճակատային հատվածների վրա թույլատրելի գովազդի տեղադիրը, չափը, գունային լուծումը և գովազդի պատրաստման համար օգտագործվող նյութերը որոշվում են համաձայն` Երևանի քաղաքապետի կողմից հաստատված սխեմայի։

(45.1 կետը լրաց. 16.03.12 N 417-Ն)

46. Նշված կանոններին չհամապատասխանող գովազդի միջոցները ենթակա են համապատասխանեցման սույն կանոններին՝ մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նշված ժամկետում գովազդի միջոցները կանոններին չհամապատասխանեցնելու դեպքում դրանք ենթակա են ապամոնտաժման՝ սահմանված կարգով:

(46-րդ կետը լրաց. 07.05.10 N 99-Ն)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան