ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 մարտի 2012 թ. |
2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՐՐՈՐԴ ԾՐԱԳՐԻ ԵՐՐՈՐԴ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` սահմանադրական դատարան 2012 թվականի մարտի 2-ին մուտքագրված դիմումը:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2012 թվականի փետրվարի 24-ին: Ըստ Համաձայնագրի` Ծրագրի ֆինանսավորմանն աջակցելու նպատակով Միջազգային զարգացման ընկերակցությունը (այսուհետ` Ընկերակցություն) Համաձայնագրում ամրագրված կամ նշված պայմաններով Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է յոթ միլիոն հարյուր հազար Փոխառության հատուկ իրավունքներին (ՓՀԻ 7100000) համարժեք վարկ (այսուհետ` «Վարկ» կամ «Ֆինանսավորում»): Վարկի մարումն սկսվում է 2017 թվականի ապրիլի 1-ից և ավարտվում 2036 թվականի հոկտեմբերի 1-ին: Վարկի փակման ժամկետը 2014 թվականի հունիսի 30-ն է, իսկ վճարման արժույթը` ԱՄՆ դոլարը:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երեք Ժամանակացույց` Ժամանակացույց 1. «Ծրագրի նկարագրությունը», Ժամանակացույց 2. «Ծրագրի կատարումը», Ժամանակացույց 3. «Մարման ժամանակացույցը», և Հավելված: Ժամանակացույց 1-ը ներառում է Ծրագրի նպատակների իրականացման համար նախատեսվող միջոցառումները: Ժամանակացույց 2-ը ներառում է Ծրագրի իրականացման ինստիտուցիոնալ և հակակոռուպցիոն միջոցառումները, Ծրագրի հաշվետվությունները, ֆինանսական կառավարումը, աուդիտը, գնումները, ապրանքների և աշխատանքների, խորհրդատուների ծառայությունների գնման առանձին մեթոդները, ֆինանսական միջոցների մասհանումը, մասհանման պայմաններն ու ժամանակահատվածը: Ժամանակացույց 3-ը նախատեսում է մարման ժամանակացույցը` ներառելով վճարման կոնկրետ ժամկետը:
3. Ծրագրի նպատակն է օժանդակել անապահովների և խոցելի խմբերի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված ՀՀ-ի քաղաքականությանը՝ աղքատ համայնքներում և առավել խոցելի խմբերի համար համայնքային ենթակառուցվածքի որակի և մատչելիության բարելավման և ծածկույթի ընդլայնման միջոցով` ի պատասխան աճող առանցքային կարիքների, համայնքային և քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողությունների ստեղծումը խթանելու միջոցով` նպատակ ունենալով բարելավել ծառայությունների մատուցման և համայնքային ներդրումների որակն ու կայունությունը, բարձրացնել հաշվետվողականությունը և տեղական մակարդակում ընդլայնել շահագրգիռ կողմերի հնարավորություններն ու համայնքային ենթակառուցվածքի և ծառայությունների ապահովմանն առնչվող զբաղվածության հնարավորությունների ստեղծման միջոցով:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- ֆինանսավորման չմասհանված մնացորդի դիմաց, կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել պարտավորավճար` տարեկան առավելագույնը 0.5 % (1%-ի 1/2) դրույքաչափով,
- վարկի մասհանված մնացորդի դիմաց յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման տարեկան վճար` մեկ տոկոսի երեք քառորդին (1%-ի 3/4-ը) հավասար դրույքաչափով,
- վարկի մասհանված մնացորդի դիմաց յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել տարեկան տոկոսավճար` մեկ և մեկ քառորդ (1.25%) տոկոսին հավասար դրույքաչափով,
- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ին և հոկտեմբերի 1-ին, սկսած 2017 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ, մարել վարկի մայր գումարը 1.65% մասնավճարով, իսկ 2027 թվականի ապրիլի 1-ից մինչև 2036 թվականի հոկտեմբերի 1-ը ներառյալ` 3.35% մասնավճարով,
- հայտնել Ծրագրի նպատակների հանդեպ Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին և այդ նպատակով իրականացնել Ծրագիրը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (այսուհետ՝ ՀՍՆՀ) միջոցով` Գործառնական ձեռնարկի, Ընդհանուր պայմանների IV հոդվածի, Լրացուցիչ համաձայնագրի՝ փոփոխություններով, և Ծրագրի համաձայնագրի համաձայն,
- չսահմանափակելով Համաձայնագրի 3.01 բաժնի դրույթները, և բացառությամբ Հայաստանի Հանրապետության և Ընկերակցության միջև այլ համաձայնություն ձեռք բերելու դեպքերի` ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի դրույթների համաձայն,
- պահպանել ՀՍՆՀ-ն Ընկերակցության պահանջները բավարարող կառուցվածքով, աշխատակազմով և այլ ռեսուրսներով,
- ապահովել, որպեսզի ՀՍՆՀ-ի գործառնություններն իրականացվեն Գործառնական ձեռնարկում ամրագրված կամ նշված ընթացակարգերի համաձայն,
- ապահովել, որպեսզի ՀՍՆՀ-ի կանոնադրության կամ կանոնակարգերի կամ Գործադիր տնօրենի և ՀՍՆՀ-ի վարչությունների պետերի նշանակման կամ աշխատանքի պայմաններում էական փոփոխությունները համաձայնեցվեն Ընկերակցության հետ,
- ապահովել, որպեսզի Ծրագրով իրականացվող գնումներն ազատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 765 որոշման պահանջների կիրառումից` մինչև առավելագույնը 150,000 ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագրերի հաստատման դեպքում,
- ՀՍՆՀ-ի միջոցով ապահովել Միկրոծրագրերի նույնականացումը, արժևորումը, հաստատումը, իրականացումն ու գնահատումը` Գործառնական ձեռնարկում ամրագրված կամ նշված ընթացակարգերի համաձայն, Միկրոծրագրերի գնահատման ընթացքում առաջարկվող ներդրումների բնապահպանական գնահատումը` Բնապահպանական ուղեցույցների պահանջների համաձայն, և, որ հողի ձեռքբերում և վերաբնակեցում պահանջող կամ Ընկերակցության համապատասխան քաղաքականության կամ կանոնների համաձայն «Ա» կատեգորիային դասվող Միկրոծրագրերը ենթակա չլինեն ֆինանսավորման,
- ապահովել, որպեսզի Ծրագրի իրականացման կոմիտեն Միկրոծրագիրն իրականացնի Շրջանակային համաձայնագրում ամրագրված պայմանների համաձայն,
- Ընկերակցության համար բավարար տեխնիկական առաջադրանքի շրջանակներում իրականացնել Միկրոծրագրերի իրականացման ուսումնասիրություն` ուշադրությունը կենտրոնացնելով Գործառնական ձեռնարկում ամրագրված ուղեցույցների և ընթացակարգերի պահպանման, աշխատանքների որակի, վերապատրաստման և տեխնիկական աջակցության ծրագրերի և համայնքներին առնչվող գնումների վրա, ինչպես նաև իրականացնել շահառուների վրա Ծրագրի իրականացման ազդեցության գնահատում,
- ՀՍՆՀ-ից պահանջել Ընկերակցության ուսումնասիրությանը և հաստատմանը ներկայացնելու տարեկան աշխատանքային ծրագրերը և բյուջեն, ինչպես նաև Ընկերակցությանը ներկայացնել վերջինիս պահանջները բավարարող Ծրագրի իրականացման վերաբերյալ եռամսյակային և տարեկան առաջընթացի վերաբերյալ հաշվետվություններ,
- չսահմանափակելով Համաձայնագրի 3.01 բաժնի դրույթները և բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետությունը և Ընկերակցությունը ձեռք են բերում այլ համաձայնություն, մինչև Ծրագրի ավարտը Ծրագրի հաշվին պահել մնացորդ, որի գումարը բավարար է Ծրագրի իրականացման հաջորդ երեք (3) ամիսների համար,
- Ծրագրի իրականացումը դյուրացնելու նպատակով ՀՍՆՀ-ին մատչելի դարձնել Ֆինանսավորման միջոցները` փոփոխություն կատարելով Հայաստանի Հանրապետության և ՀՍՆՀ-ի միջև Լրացուցիչ համաձայնագրում` Ընկերակցության կողմից հաստատված պայմաններով («Իրականացման համաձայնագիր»),
- ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացվի Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն,
- ապահովել, որպեսզի սահմանված ժամկետում ձեռնարկվեն Բնապահպանական ուղեցույցների իրականացման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները. բացառությամբ այն դեպքերի, երբ Ընկերակցության հետ ձեռք է բերվում այլ համաձայնություն` չզիջել, չփոփոխել, անվավեր չճանաչել կամ չհրաժարվել Բնապահպանական ուղեցույցներից կամ դրանց որևէ դրույթից,
- իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի հաշվետվություններ` Ընդհանուր պայմանների բաժին 4.08-ի դրույթներին համապատասխան և Ընկերակցության համար ընդունելի ցուցանիշների հիման վրա,
- վարել կամ ապահովել ֆինանսական կառավարման համակարգի վարումը` Ընդհանուր պայմանների բաժին 4.09-ի դրույթների համաձայն,
- չսահմանափակելով Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի II բաժնի «Ա» կետի դրույթները՝ ՀՍՆՀ-ի միջոցով պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ (45) օր հետո Ընկերակցությանը ներկայացնել տվյալ եռամսյակը ընդգրկող, աուդիտի չենթարկված միջանկյալ ֆինանսական հաշվետվություն` Ընկերակցության պահանջները բավարարող ձևով և բովանդակությամբ,
- Ծրագրի համար պահանջվող և Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքներն ու ոչ խորհրդատվական ծառայությունները ձեռք բերել Գնումների ուղեցույցների I բաժնում ամրագրված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի III բաժնի դրույթների համաձայն,
- Ծրագրի համար պահանջվող և Ֆինանսավորման միջոցներից ֆինանսավորվող խորհրդատուների ծառայությունները ձեռք բերել Խորհրդատուների ուղեցույցների I և IV բաժիններում ամրագրված կամ նշված պահանջների և Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի III բաժնի դրույթների համաձայն,
- բացառությամբ Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի III բաժնի «Բ» կետի 2-րդ ենթակետում նախատեսված դեպքերի` ապրանքների, աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնումները կատարել Միջազգային մրցակցային գնման ընթացակարգով կնքված պայմանագրերով,
- բացառությամբ Համաձայնագրի 2-րդ Ժամանակացույցի III բաժնի «Գ» կետի 2-րդ ենթակետում նախատեսված դեպքերի` խորհրդատուների ծառայությունների գնումն իրականացնել Որակի և գնի վրա հիմնված ընտրության մեթոդով:
5. Համաձայնագրի Հավելվածով փոփոխություններ են նախատեսվում Ընդհանուր պայմանների 3.02 բաժնում, Հավելվածի 28-րդ, 37-րդ, 50-րդ կետերում, ինչպես նաև Հավելվածը լրացվում է նոր 32-րդ կետով` համապատասխան վերահամարակալմամբ:
6. Համաձայնագրի V հոդվածում ամրագրված են նաև Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կամ դրա գործողությունը դադարեցնելու կարգն ու ժամկետները:
7. Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ Սոցիալական ներդրումների հիմնադրամի III ծրագրի համաձայնագիրը (վարկ թիվ 4238-AM) ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2006 թվականի նոյեմբերի 1-ին` Սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրի ֆինանսավորման նպատակով: Ծրագրի նպատակն է համայնքային ենթակառուցվածքների և ծառայությունների որակի բարելավման, համայնքային և քաղաքային մակարդակում լրացուցիչ ինստիտուցիոնալ կարողության խթանման միջոցով աջակցել աղքատ և խոցելի խմբերի կյանքի ստանդարտների բարձրացմանն ուղղված քաղաքականությանը: Նշված Համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 2006 թվականի նոյեմբերի 28-ի Ն-316-3 որոշմամբ:
8. Համաձայնագրի հիմքում դրված ծրագրային դրույթների, Համաձայնագրի իրացման կառուցակարգերի, ֆինանսական միջոցների հատկացման ու օգտագործման, ինչպես նաև վարկային ռեսուրսների մարման ընթացակարգերի ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը կարող է երաշխավորվել միայն հստակ ու գործուն վերահսկողական համակարգերի գործունակության ամրապնդման պայմաններում:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2012 թվականի փետրվարի 24-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորում» ֆինանսավորման համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|