ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռ Քաղաքացիական գործ թիվ 1948/2007թ. |
Քաղաքացիական գործ թիվ 3-153 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան | |
Դատավորներ՝ Լ. Գրիգորյան Լ. Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Սարգսյանի | |
|
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2007 թվականի մարտի 27-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Գրիգոր Խաչատրյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Գրիգոր Խաչատրյանի ընդդեմ Թամո Թամոյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Շիրակի փողոցի 2/3 հասցեում գտնվող 1300 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ:
Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Խաչատրյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ և 64-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ և 64-րդ հոդվածները՝ առանց հիմնավորելու դրանց կիրառելիության հարցը:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով վեճի առարկա հողամասի անվանումը, տեղանքը, չափերը նշված չլինելու մասին, չի հետազոտել և գնահատման առարկա չի դարձրել Հայաստանի Ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 15.03.2006 թվականի և 08.12.2006 թվականի տեղեկանքները, որոնց համաձայն՝ վիճելի հողատարածքը նախկինում պատկանել է Ն.Շենգավիթի Կալինինի անվան կոլտնտեսությանը և վերջինիս ընդհանուր ժողովի նիստի թիվ 3 արձանագրությամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1300 քմ հողատարածք:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել 1989 թվականից մինչ օրս Գրիգոր Խաչատրյանի կողմից վեճի առարկա հողամասը բարեխիղճ և որպես սեփական գույք տիրապետելու փաստը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) ՀԽՍՀ Ն.Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշմամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1300 քմ մակերեսով տնամերձ հողամաս:
2) 1989 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագրով` հաստատված հարևանների ստորագրություններով և վավերացված թաղային կոմիտեի նախագահի կնիքով, վեճի առարկա հողամասը Ալթուն Թամոյանը վաճառել է Գրիգոր Խաչատրյանին:
3) 1989 թվականից մինչ օրս Գրիգոր Խաչատրյանը տիրապետում է վերը նշված հողամասը, ոռոգման ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարման առանձին բաժանորդ է, վճարում է բոլոր կոմունալ ծախսերը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք պետության ու համայնքների հողերի այն հողամասերի նկատմամբ, որոնց տիրապետում են առանց իրավաբանական ձևակերպման և որոնցից օգտվում են անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի, ունեն օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունք, եթե հողամասերը համապատասխանում են սույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:
29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության (ամառանոցի) և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերը անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:
ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչեւ 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար:
Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը որ դեռևս ՀԽՍՀ Ն.Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշմամբ վեճի առարկա տնամերձ հողամասը հատկացվել էր Ալթուն Թամոյանին, որը 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի ուժով դադարել է պետական սեփականություն լինելուց, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի առաջին մասը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ վերաքննիչ դատարանի վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցը, ինչպես նաև այն օրենքները, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը, և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:
Վճռաբեկ դատարանը, իր նախորդ որոշումներում անդրադառնալով այս հարցին նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական և թե՜ իրավական հիմնավորումը:
Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը (տե՜ս օրինակ՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Քնար-88» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ 3-2504 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումը):
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ ՀԽՍՀ Ն.Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշման արձանագրությունում նշված չէ հողամասի անվանումը, տեղանքը, չափերը և այլ տվյալներ պատշաճ կերպով չի հետազոտել գործում եղած բոլոր ապացույցները, մասնավորապես Հայաստանի Ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի 15.03.2006 թվականի և 08.12.2006 թվականի տեղեկանքները, որոնց համաձայն ՀԽՍՀ Ն.Շենգավիթի Կալինինի կոլտնտեսության ընդհանուր ժողովի 29.04.1980 թվականի թիվ 3 որոշմամբ Ալթուն Թամոյանին հատկացվել է 1300 քմ տնամերձ հողամաս:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:
⚖ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`
1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,
2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,
3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,
4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյանների և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն՝ 1989 թվականի նոտարական կարգով չվավերացված առուվաճառքի պայմանագրով` վեճի առարկա հողամասը Ալթուն Թամոյանը վաճառել է Գրիգոր Խաչատրյանին, որը մինչև օրս բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գրիգոր Խաչատրյանը վեճի առարկա գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով ձեռք է բերել սեփականության իրավունք:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.09.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 02.02.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |
|
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |