ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 նոյեմբերի 2007 թվականի N 1284-Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ (ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ (ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհված և վիրավորված)` բժշկական կազմակերպությունների կողմից հաշվառվելու կարգը:
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած (զոհված և վիրավորված) և դրա արդյունքում բժշկական կազմակերպություն դիմած (տեղափոխված) յուրաքանչյուր անձ (այսուհետ` տուժած) ենթակա է պարտադիր հաշվառման:
3. Բժշկական կազմակերպության տնօրենի հրամանով տուժածի հաշվառումը`
1) առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններում իրականացնում է տնօրենի հրամանով այդ գործառույթն ստանձնած բժիշկը (վնասվածքաբան, վիրաբույժ, իսկ գյուղական բժշկական ամբուլատորիաներում և գյուղական առողջության կենտրոններում վնասվածքաբանի կամ վիրաբույժի բացակայության դեպքում թերապևտ կամ ընտանեկան բժիշկ).
2) մասնագիտացված բժշկական հաստատություններում` ընդունարանի բժիշկը:
4. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով տուժածի հաշվառումից հետո հաշվառումը կատարած բժիշկը դեպքի մասին հայտնում է բժշկական հաստատության գտնվելու վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
5. Ելնելով տուժածի վիճակից` տուժածը կարող է փոխադրվել մեկ այլ բժշկական կազմակերպություն: Այս դեպքում տուժածի հաշվառում կատարած բժշկական կազմակերպության տնօրենը, իսկ նրա բացակայության դեպքում այդ իրավասությունն ունեցող այլ անձը նախապես տեղեկացնում է տվյալ բժշկական կազմակերպության տնօրենին, իսկ նրա բացակայության դեպքում այդ իրավասությունն ունեցող անձին, ուր պետք է փոխադրվի տուժածը: Տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում, բժշկական կազմակերպությունում տուժածի հաշվառումից անմիջապես հետո, հաշվառում կատարած բժիշկը դեպքի մասին հայտնում է բժշկական կազմակերպության գտնվելու վայրի ոստիկանության տարածքային ստորաբաժանում:
6. Տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում տուժածի հաշվառում կատարած բժշկական կազմակերպությունը տվյալ բժշկական կազմակերպություն է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետում նշված մասնագետների եզրակացությունը վնասվածքի և այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու հիմնավորվածության մասին` հաստատված բժշկական կազմակերպության տնօրենի կամ այդ իրավասությունն ունեցող այլ անձի կողմից և դրա մասին կատարում համապատասխան գրառում` ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց հաշվառման գրանցամատյանում (այսուհետ` գրանցամատյան)` համաձայն ձևի:
7. Հաշվառման նպատակով յուրաքանչյուր բժշկական կազմակերպությունում պահվում է գրանցամատյան` համարակալված, կնքված և հաստատված բժշկական հաստատության տնօրենի կողմից:
8. Գրանցամատյանում նշվում են`
1) տուժածի անունը, ազգանունը, հայրանունը (եթե նման տեղեկություններ առկա են).
2) բժշկական կազմակերպություն տուժածի դիմելու (տեղափոխվելու) օրը և ժամը.
3) բժշկական կազմակերպություն դիմելու (տեղափոխվելու) պահին տուժածի մոտ առկա վնասվածքի մանրամասն նկարագրությունը և նախնական ախտորոշումը, իսկ տեղափոխելուց հետո տուժածի` բժշկական կազմակերպությունում մահանալու դեպքում՝ նաև մահվան պատճառը և դրա վրա հասնելու ժամանակը.
4) յուրաքանչյուր փուլում տուժածին ցուցաբերված բժշկական օգնության բնույթի և ծավալի նկարագրությունը.
5) տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում` տվյալ բժշկական կազմակերպության անվանումը, փոխադրելու հիմնավորվածությունը, օրը, ժամը, փոխադրման միջոցը.
6) տուժածին բժշկական կազմակերպությունում մատուցած բժշկական ծառայությունների գումարային հաշվարկը.
7) գրանցամատյանում սույն կետի 1, 2, 3, 4, 5 և 6-րդ ենթակետերում նշված տեղեկությունները լրացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը, լրացնելու ժամանակը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ
NN ը/կ |
Տուժածի անունը, ազգանունը, հայրանունը |
Բժշկական կազ-մակերպություն տուժածի դիմելու տեղափոխվելու) օրը և ժամը |
Բժշկական կազմա-կերպություն դիմելու (տեղափոխվելու) պահին տուժածի մոտ առկա վնասվածքի մանրամասն նկարագրությունը և նախնական ախտորոշումը, իսկ տեղափոխելուց հետո տուժածի` բժշկական կազմակերպությունում մահանալու դեպքում` նաև մահվան պատճառը և դրա վրա հասնելու ժամանակը |
Յուրաքանչյուր փուլում տուժածին ցուցաբերված բժշկական օգնության բնույթի, ծավալի նկարագրությունը |
Տուժածին այլ բժշկական կազմակերպություն փոխադրելու դեպքում` տվյալ կազմակերպության անվանումը, փոխադրման հիմնավորվածությունը, փոխադրման օրը, ժամը, փոխադրման միջոցը |
Բժշկական կազմա-կերպությունում տուժածին մատուցած բժշկական ծառայությունների գումարային հաշվարկը |
Տեղեկությունները լրացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը, լրացնելու ժամանակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|