Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-33
Տիպ
Օրենք
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.1995-15.11.1995)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳԽՏ 1992.06.15/11(1015) Հոդ.269
Принят
ՀՀ Գերագույն խորհուրդ
Дата принятия
20.05.1992
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
06.06.1992
Дата вступления в силу
01.07.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի

կողմից 20 մայիսի 1992 թ. Հ.Ն-0634-I

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ակցիզային հարկն ապրանքի գնի մեջ մտնող անուղղակի հարկ է:

 

Հոդված 2. Ակցիզային հարկ վճարում են Հայաստանի Հանրապետությունում գինի-օղու արտադրանք, գարեջուր, խաղողի գինիներ, գինենյութ, ծխախոտի արտադրանք, ոսկերչական իրեր, զարդեղեն (բիժուտերիա), մորթի, մորթեղեն և բնական կաշվից հագուստ, ավտոդողեր, բյուրեղապակյա և ճենապակյա իրեր, ձեռագործ գորգեր արտադրող-իրացնող, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ անդամ չհանդիսացող պետություններից այդպիսի ապրանքներ Հայաստանի Հանրապետություն ներմուծող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները և քաղաքացիները (այսուհետ` վճարողներ):

(2-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53, 30.11.94 ՀՕ-126)

 

ԳԼՈՒԽ 2


ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 3. Ակցիզային հարկ վճարվում է հարկման ենթակա ապրանքների իրացման հասույթից:

Հայաստանի Հանրապետությունում արտադրված և ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հարկման օբյեկտ է հանդիսանում դրանց իրացման շրջանառությունը` բացթողման գներով (առանց ավելացված արժեքի հարկի):

(3-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53)

 

Հոդված 4. Ակցիզային հարկով չեն հարկվում`

1) նախկին ԽՍՀՄ սահմաններից դուրս արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացումը.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող վճարողների կողմից այդպիսի ապրանքներ արտադրող և իրացնող իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վճարողներին արտադրական վերամշակման նպատակով որպես հումք (կիսաֆաբրիկատ) իրացվող ապրանքները:

(4-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)

 

ԳԼՈՒԽ 3


ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 5. Ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ, իսկ անհամաձայնության դեպքում` Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից:


ԳԼՈՒԽ 4


ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 6. Ակցիզային հարկի վճարվելիք գումարը հաշվարկվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար, ելնելով`

1) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացման շրջանառությունից և սահմանված դրույքաչափերից.

2) ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ներմուծման արժեքից և սահմանված դրույքաչափերից:

(6-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)

 

Հոդված 7. Գինի-օղու արտադրանք արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացմանը համամասնորեն` իրացմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն օրենքի 2 հոդվածում թվարկված մյուս արտադրատեսակներ արտադրող և իրացնող իրավաբանական անձինք ակցիզային հարկ վճարում են արտադրանքի իրացման ընթացիկ ամսվա առաջին և երկրորդ տասնօրյակներում ստացված հասույթից` դրանց հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, և երրորդ տասնօրյակում ստացված հասույթից` հաջորդ ամսվա առաջին երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող հիմնարկները, ձեռնարկությունները և կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները` տարվա ընթացքում ակցիզային հարկ վճարում են կանխավճարի ձևով եռամսյակը մեկ անգամ` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (չորրորդ եռամսյակի համար` մինչև նոյեմբերի 15-ը), տարեկան հարկի գումարի մեկ քառորդի չափով` ելնելով հայտարարագրերում նշված տարվա ենթադրյալ եկամուտների ընդհանուր գումարից, բացառությամբ գինի-օղու արտադրանք արտադրողների և իրացնողների, որոնց համար սահմանվում է ակցիզային հարկի ամսական վճարումների կարգ` տարեկան հարկի գումարի 1.12-րդ մասի չափով, որը վճարվում է մինչև տվյալ ամսվա 25-ը (վերջին մուծումը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար` մինչև նոյեմբերի 15-ը): Վերջնահաշվարկ կատարվում է տարեկան փաստացի եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամանակ` ելնելով փաստացի եկամուտների ընդհանուր գումարից:

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների դիմաց ակցիզային հարկի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմիններում` ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելիս:

(7-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)

 

Հոդված 8. Ակցիզային հարկի վճարման ամսական հաշվարկները հարկային պետական տեսչության մարմիններին վճարողների կողմից ներկայացվում են միայն ակցիզային հարկով հարկման ենթակա Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 25-ից ոչ ուշ:

(8-րդ հոդվածը խմբ. 18.04.93 ՀՕ-53)

 

Հոդված 9. Հարկի հաշվանցումը բյուջե կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳԼՈՒԽ 5.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 10. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությամբ կարող է սահմանել ակցիզային հարկի հաստատագրված վճարումների չափերը, դրանց հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև` արտոնություններ առանձին վճարողների կամ վճարողների խմբի համար:

(10-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53)

 

Հոդված 11. Սույն օրենքի կիրարկման հրահանգները մշակում և հրապարակում է Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությունը (Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար վճարվող ակցիզային հարկի վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ), համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունների հետ:

(11-րդ հոդվածը լրաց. 18.04.93 ՀՕ-53)

(ԳԼՈՒԽը լրաց. 18.04.93 ՀՕ-53)

 

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

06 հունիսի 1992 թ.

ՀՕ-33