Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-333-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (11.07.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2020.07.01-2020.07.12 Պաշտոնական հրապարակման օրը 01.07.20
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
18.06.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.06.2020
Дата вступления в силу
11.07.2020
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 18-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի ՀՕ-54-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Oրենսգիրք) 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ համայնքների ավագանիների կողմից ընտրվող համայնքների ղեկավարների, ընտրվում են անմիջականորեն` ընտրողների կողմից:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունում «Երևան քաղաքի (այսուհետ` Երևան), Գյումրի քաղաքի (այսուհետ` Գյումրի), Վանաձոր քաղաքի (այսուհետ` Վանաձոր)» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «Գյումրու, Վանաձորի ավագանու, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու)» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում, 19-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 34-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունում, 59-րդ հոդվածի 8-րդ մասում, 67-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում և 4-րդ մասում «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «Երևանի, Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուները» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ավագանու ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները)» բառերով, իսկ նույն նախադասությունը «սահմանված դեպքերում» բառերից հետո լրացնել «մեծամասնական ընտրակարգով ընտրվող» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասում, 33-րդ հոդվածի 2-րդ մասում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

Հոդված 7. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասում «Ազգային ժողովի» բառերից հետո հանել «, Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների» բառերը:

 

Հոդված 8. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի (բացառությամբ Երևանի)» բառերով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 52-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետի «Գյումրու, Վանաձորի ավագանիների ընտրությունների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «իր կողմից կազմակերպվող տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով.

2) 7-րդ կետից հանել «Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև» բառերը.

3) 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) գրանցում է տեղական ինքնակառավարման մարմինների (բացառությամբ Երևանի ավագանու) ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակները, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին: Կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուներին, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուներին տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.

11) գրանցում է համամասնական ընտրակարգով ընտրված համայնքների ավագանու (բացառությամբ Երևանի ավագանու) անդամներին և տալիս է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած նմուշի վկայական.»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ մասում «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

 

Հոդված 11. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում և 71-րդ հոդվածի 8-րդ մասի երրորդ պարբերությունում «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով:

 

Հոդված 12. Օրենսգրքի 74-րդ հոդվածում`

1) վերնագրի «Գյումրու, Վանաձորի ավագանիների, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով.

2) 1-ին մասի «Գյումրու, Վանաձորի ավագանիների, ինչպես նաև համայնքի ղեկավարի և ավագանու անդամի» բառերը փոխարինել «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով.

3) 2-րդ մասի, 3-րդ մասի 11-րդ կետի և 6-րդ մասի «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին բաժնով.

 

«ԲԱԺԻՆ 4.1

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 18.1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 104.1.   Ընտրական համակարգը

 

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են մեծամասնական կամ համամասնական ընտրակարգով:

2. Մեծամասնական ընտրակարգի դեպքում`

1) համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է միամանդատ մեծամասնական ընտրատարածք.

2) համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:

3. Համամասնական ընտրակարգի դեպքում`

1) համայնքի ավագանիների ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով.

2) համայնքի ավագանիների ընտրության ժամանակ համապատասխանաբար համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ ընտրատարածք:

4. Մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում (բացառությամբ բազմաբնակավայր համայնքների) համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններն անցկացվում են մեծամասնական ընտրակարգով:

5. 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, ինչպես նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով:

6. Համայնքի ավագանին բաղկացած է`

1) հինգ անդամից` մինչև 1 000 ընտրող ունեցող համայնքում.

2) յոթ անդամից` 1 001-ից 2 000 ընտրող ունեցող համայնքում.

3) ինն անդամից` 2 001-ից 4 000 ընտրող ունեցող համայնքում.

4) տասնհինգ անդամից` 4001-ից 10 000 ընտրող ունեցող համայնքում.

5) քսանմեկ անդամից` 10 001-ից 25 000 ընտրող ունեցող համայնքում.

6) քսանյոթ անդամից՝ 25 001-ից 70 000 ընտրող ունեցող համայնքում.

7) երեսուներեք անդամից` 70001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքում.

8) վաթսունհինգ անդամից` 300 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում:

7. Ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է` հիմք ընդունելով սույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան տրամադրված տեղեկանքում նշված ընտրողների թիվը:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 5-րդ բաժնի վերնագիրը «ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ» բառերից հետո լրացնել «ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ» բառերով:

 

Հոդված 15. Օրենսգրքի 105-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 16. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ընտրական գրավի գումարի վճարման անդորրագիրը:

Մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը` 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում` համայնքի ղեկավարի թեկնածուն` 100-ապատիկի, ավագանու անդամը` 15-ապատիկի չափով ընտրական գրավ:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 115. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամը

 

1. Մեծամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն բացում է նախընտրական հիմնադրամ, եթե զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար օգտագործելու է կամ արդեն օգտագործել է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկը գերազանցող գումար:

2. Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու նվազագույն աշխատավարձի մինչև 150-ապատիկի չափով, իսկ նրան առաջադրած կուսակցությունը` մինչև 200-ապատիկի չափով գումար:

3. Թեկնածուի նախընտրական հիմնադրամում յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է կատարել կամավոր մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 50-ապատիկի չափով:

4. Նախընտրական քարոզչության ընթացքում համայնքի ղեկավարի թեկնածուն զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչության իրականացման, դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի մինչև 3000-ապատիկի չափով գումար:»:

 

Հոդված 18. Օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերում «105-րդ հոդվածի 3-րդ մասում» բառերը փոխարինել «104.1-ին հոդվածի 6-րդ մասում» բառերով:

 

Հոդված 19. Օրենսգրքի 120-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «Քվեարկության օրը» բառերից առաջ լրացնել «Ավագանու անդամների ընտրությունների դեպքում» բառերով, իսկ նույն մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ մասերով.

«2.1. Համայնքի ղեկավարի ընտրությունների դեպքում քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը։

2.2. Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունները նշանակում է մարզպետը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ` իր որոշման մեջ նշելով ընտրակարգը (համամասնական կամ մեծամասնական), հիմք ընդունելով տվյալ համայնքում ընտրողների թվի վերաբերյալ պետական լիազոր մարմնից նախապես ստացված տեղեկատվությունը: Սույն մասում նշված որոշման գործողությունը չի կարող դադարեցվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 6-րդ բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բ Ա Ժ Ի Ն 6

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ»:

 

Հոդված 21. Օրենսգրքի 25-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ 25

 

ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»:

 

Հոդված 22. Օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենսգրքի 125-րդ հոդվածում, 126-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում, 26-րդ գլխի վերնագրում, 127-րդ հոդվածի վերնագրում, 2-րդ մասի երկրորդ պարբերությունում, 27-րդ գլխի վերնագրում, 129-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում, 28-րդ գլխի վերնագրում, 29-րդ գլխի վերնագրում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» կամ «Երևանի, Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

Հոդված 24. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում, 4-րդ մասում «Գյումրու, Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների (բացառությամբ Երևանի)» բառերով:

 

Հոդված 25. Օրենսգրքի 128-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 128. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակելը և անցկացնելը

 

1. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների արտահերթ ընտրություններ նշանակում է կառավարությունը` համապատասխան ավագանու արձակվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում:

2. Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը: Եթե Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրության քվեարկության օրը համընկնում է Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության օրվա հետ, ապա ավագանու ընտրության օրը հետաձգվում է չորս շաբաթով:

3. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների (բացառությամբ Երևան, Գյումրի, Վանաձոր համայնքների) արտահերթ ընտրություններն անցկացվում են սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն հոդվածով սահմանված ժամկետները:

4. Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման օրը նշանակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` արտահերթ ընտրություններ նշանակելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

5. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

6. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

7. Արտահերթ ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 130-րդ հոդվածում`

1) վերնագրի «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքի» բառերով.

2) 1-3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները:

Համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունները ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով` իրենց մշտական գործող ղեկավար մարմնի որոշման հիման վրա: Դիմումն ստորագրում է կուսակցության ղեկավարը: Համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրություններին մասնակցելու դիմումը կուսակցությունների դաշինքները ներկայացնում են տարածքային ընտրական հանձնաժողով` դաշինքի անդամ կուսակցությունների մշտական գործող ղեկավար մարմինների որոշումների հիման վրա, իսկ դիմումն ստորագրում են դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների ղեկավարները:

2. Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների դաշինք) իրավունք ունի առաջադրելու միայն մեկ ընտրական ցուցակ: Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունն իրավունք չունի իր անունից թեկնածուների առանձին ցուցակ առաջադրելու: Երևանի ավագանու ընտրության դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկվում է առնվազն 25 թեկնածու, իսկ մնացած համայնքների ավագանիների ընտրությունների դեպքում` առնվազն 15 թեկնածու: Ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների թիվը չի կարող գերազանցել համայնքների ավագանիների անդամների մանդատների թվի համար սույն օրենսգրքով սահմանված թվի եռապատիկը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) և դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով եռյակներում (1-3, 1-6, 1-9 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը:

Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը:

3. Համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության (կուսակցությունների դաշինքի) դիմումին կից ներկայացվում են`

1) կուսակցության կանոնադրության (դաշինքում ընդգրկված կուսակցությունների կանոնադրությունների) պատճենը (պատճենները), բոլոր էջերը` կնքված և ստորագրված լիազոր ներկայացուցչի կողմից.

2) կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի որոշումը (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)` համայնքների ավագանիների ընտրություններին ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ.

3) ընտրական ցուցակը, որում համարակալմամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, սեռը, կուսակցական պատկանելությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, հաշվառման վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

4) տեղեկանք` սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետով համայնքի բնակչության ռեգիստրում թեկնածուի հաշվառված լինելու մասին: Սույն կետում նշված տեղեկանքը լիազոր մարմինը տրամադրում է դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, բայց ոչ շուտ, քան մինչև ընտրությունների նշանակումը: Տեղեկանքի ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Լիազոր մարմինն իր որոշմամբ մերժում է դիմումատուին նշված ձևի տեղեկանք տրամադրելը, եթե նրա վերաբերյալ տվյալները չեն բավարարում սույն օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները.

5) թեկնածուի գրավոր հայտարարությունը` համապատասխան համայնքի ավագանու անդամի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին.

6) կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացրած առանձին ընտրական ցուցակը.

7) 300 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի, 70 001-ից մինչև 300 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 1500-ապատիկի, 25 001-ից մինչև 70 000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 1000-ապատիկի, 10001-ից մինչև 25000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 500-ապատիկի, մինչև 10000 ընտրող ունեցող համայնքի ավագանու դեպքում` 200-ապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.

8) թեկնածուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասում «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների» բառերով:

 

Հոդված 28. Օրենսգրքի 136-րդ հոդվածի վերնագրում և բովանդակության մեջ, 137-րդ հոդվածի վերնագրում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով ընտրվող համայնքի» բառերով:

 

Հոդված 29. Օրենսգրքի 139-րդ հոդվածում`

1) վերնագրի «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամում կարող է (են) կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկի չափով մուծում, 25000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկի չափով մուծում, մինչև 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` մինչև նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով մուծում:»:

3) 3-րդ մասի «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների» բառերով.

4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) զանգվածային լրատվության միջոցներով նախընտրական քարոզչություն իրականացնելու, նախընտրական ժողովներ և ընտրողների հետ հանդիպումներ կազմակերպելու նպատակով դահլիճների, տարածքների վարձակալման (բացառությամբ ընտրական շտաբների), քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի պատրաստման (տեղադրման), ձեռքբերման, ընտրողներին տրամադրվող քարոզչական բոլոր տեսակի նյութերի (ներառյալ` տպագիր նյութերի) պատրաստման ֆինանսավորման համար իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 100000-ապատիկը չգերազանցող գումար, 25000 և ավելի ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 30000-ապատիկը չգերազանցող գումար, մինչև 25000 ընտրող ունեցող համայնքների ավագանիների ընտրություններում` նվազագույն աշխատավարձի 20000-ապատիկը չգերազանցող գումար:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 141-րդ հոդվածում`

1) վերնագրի «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով.

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տարածքային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, ամփոփում է համայնքների (բացառությամբ Երևանի) ավագանիների ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխան համայնքների ավագանիներ ընտրվելու մասին.

2) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.

3) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և ավագանու ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.

4) համապատասխան համայնքների ավագանիների ընտրություններն անվավեր ճանաչելու և նոր ընտրություն նշանակելու մասին:

3. Ավագանու անդամների մանդատները բաշխվում են այն կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի` կուսակցության դեպքում` 4, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում` 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ:

Եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 (6) տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները), եթե ընտրությանը մասնակցել է 3 և ավելի կուսակցություն (կուսակցությունների դաշինք):».

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4) 6-րդ մասի «Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների» բառերով:

 

Հոդված 31. Օրենսգրքի 142-րդ հոդվածի վերնագրում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

Հոդված 32. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ բաժնով.

 

«Բ Ա Ժ Ի Ն 7

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Գ Լ ՈՒ Խ 30.1

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 Հոդված 142.1. Համայնքի ղեկավարի ընտրությունը

 

1. Սույն բաժնի իմաստով համայնքի ղեկավար է համարվում համամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու կողմից անուղղակի ընտրակարգով ընտրվող համայնքի ղեկավարը:

 

 Հոդված 142.2. Համայնքի ղեկավարի ընտրության անցկացումը

 

1. Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Առաջին նիստն անընդհատ է, բացառությամբ ընդմիջման ու հանգստի համար նախատեսված ժամանակի, մինչև համայնքի ղեկավարի ընտրությունը:

2. Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից (կուսակցությունների դաշինքից) մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:

4. Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու:

5. Քվեարկությունն անցկացվում է քվեաթերթիկների միջոցով, որոնցում ընդգրկվում են առաջադրված բոլոր թեկնածուները:

6. Ավագանու յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

7. Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե առաջադրված թեկնածուներից որևէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաև հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

8. Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից և ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:

 

 Հոդված 142.3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունը

 

1. Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով:

2. Արտահերթ ընտրության ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին:

3. Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունն անցկացվում է սույն օրենսգրքի 142.2-րդ հոդվածի 5-9-րդ մասերով սահմանված կարգով:

4. Համայնքի ղեկավարը, անկախ իր ընտրության ժամկետից, պաշտոնավարում է մինչև ավագանու լիազորությունների ժամկետի ավարտը:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ և 16-րդ մասերում «Երևանի, Գյումրու և Վանաձորի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների» բառերով:

 

 Հոդված 34. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Այն համայնքներում, որտեղ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվել են մեծամասնական ընտրակարգով, և որոնց համար սույն օրենքով սահմանվում են ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե`

1) լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են ավագանու լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար.

2) լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը, կամ վաղաժամկետ դադարում (դադարեցվում) են նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, ապա համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը:

3. Սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսվող օրենսգրքի 104.1-ին հոդվածի 5-րդ մասով սահմանված համայնքներում սույն օրենքի կարգավորումներով մեկ անգամ անցկացված ընտրություններին հաջորդող ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով` անկախ այդ համայնքների ընտրողների թվի փոփոխման հանգամանքից:

4. 2023 թվականի հունվարի 1-ից տեղական ինքնակառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իր պաշտոնական համացանցային կայքէջում վարում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ժամկետների վերաբերյալ շտեմարան:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 30

Երևան

ՀՕ-333-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հուլիսի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան