ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ԳԴ/0017/04/15 2020 թ.
Սնանկության գործ թիվ ԳԴ/0017/04/15
Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան
Դատավորներ՝ |
Կ. Հակոբյան |
Ա. Մկրտչյա ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
նախագահող |
Ռ. հակոբյան | |
|
զեկուցող |
Մ. Դրմեյան |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. հակոբյան | ||
|
|
Ս. միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2020 թվականի հուլիսի 08-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Սևանի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) դիմումի ընդդեմ «Ստալ Ստիլ» ՍՊԸ-ի՝ «Ստալ Ստիլ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է «Ստալ Ստիլ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ճանաչել սնանկ:
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Թամրազյան) (այսուհետ՝ Դատարան) 21.08.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Դատարանի 12.06.2017 թվականի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը:
Դատարանի 24.07.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի 14.07.2017 թվականի միջնորդությունը՝ պահանջների ներկայացման վերջնական ցուցակում դատական ծախսերի առանձնացման վերաբերյալ, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.12.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.07.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել և կիրառել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, 82-րդ հոդվածի 1-ին մասը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, իրավաչափ համարելով Դատարանի հետևությունները, եզրահանգել է, որ սնանկության դիմում ներկայացնելու համար վճարման ենթակա 500.000 ՀՀ դրամ պետական տուրքը նախապես վճարվել է Կոմիտեի կողմից, հետևաբար՝ նշված գումարի չափով պահանջը պատկանում է պարտատեր Կոմիտեին, այլ ոչ ՀՀ պետական բյուջեին, որպիսի պայմաններում նախապես վճարված պետական տուրքը` 500.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է ընդգրկման «է» հերթում` որպես պարտադիր վճար: Մինչդեռ թե Դատարանը, և թե Վերաքննիչ դատարանն անտեսել են, որ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գումարը, որպես դատական ծախս, պետք է ընդգրկել «դ» հերթում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.12.2017 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Կոմիտեի ներկայացրած 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը հաստատել իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված հերթում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Դատարանի 21.08.2015 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (գործի հավելված 1-ին, գ.թ. 6-7):
2) Դատարանի 12.06.2017 թվականի «Սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը և Կոմիտեն՝ 43.190.020 ՀՀ դրամ (այդ թվում՝ Կոմիտեի կողմից ներկայացված 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես սույն սնանկության գործի հարուցման համար նախապես վճարված պետական տուրքի գումար) պահանջի չափով, ընդգրկվել է չապահովված «է» հերթում (գործի հավելված 1-ին, գ.թ. 11-12):
3) Կոմիտեի կողմից 14.07.2017 թվականին միջնորդություն է ներկայացվել պարտատերերի պահանջների վերջնական ցուցակում դատական ծախսերի մասով պահանջի առանձնացման վերաբերյալ, որով վերջինս խնդրել է 43.190.020 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամը, որը Կոմիտեի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարն է, առանձնացնել և ընդգրկել պահանջների ցուցակի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով սահմանված հերթում: Դատարանի 24.07.2017 թվականի որոշմամբ միջնորդությունը մերժվել է (գործի հավելված 2-րդ, գ.թ. 1-ին):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սնանկության դիմումի համար նախատեսված պետական տուրքի մասով պահանջի բավարարման հերթի և գրանցված պահանջի փոփոխության հնարավորության առանձնահատկությունների վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
- պահանջների վերջնական ցուցակի ո՞ր հերթում է ենթակա գրանցման հարկադիր սնանկության դիմում դատարան ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքի գումարը,
- կարո՞ղ է արդյոք փոփոխվել պահանջների վերջնական ցուցակում գրանցված պարտատիրոջ պահանջի հերթը, և եթե այո, ո՞ր դեպքում ու ի՞նչ ընթացակարգով:
1. Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են (…) սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
(…)
դ) դատական ծախսերը.
(…)
է) չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների.
(…):
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախuերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար՝ բազային տուրքի 500-ապատիկի չափով, քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար՝ բազային տուրքի 100-ապատիկի չափով:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության գործերի վարումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ՀՀ դատական օրենսգրքով և Օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով Օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի դրույթները սնանկության վարույթում կիրառվում են Օրենքով չկարգավորված դատավարական հարցերի նկատմամբ:
Օրենքի 82-րդ հոդվածում սահմանելով չապահովված պահանջների բավարարման հերթականությունը՝ օրենսդիրը որպես «դ» հերթում բավարարման ենթակա պահանջ՝ նախատեսել է «դատական ծախսերը»՝ որևէ կերպ չբացահայտելով դրանց կազմը և բովանդակությունը: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն բողոքի հիմքում բարձրացված հարցադրումը, նախ և առաջ հարկ է համարում բացահայտել նշված եզրույթի բովանդակությունը: Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի՝ սնանկության վարույթում գործողության վերաբերյալ վերոգրյալ եզրահանգումները, գտնում է, որ նշված խնդրի իրականացումը հնարավոր է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծության արդյունքում: Այսպես՝ օրենսդիրն ինչպես նախկինում, այնպես էլ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերով դատական ծախսերի կազմում ներառել է պետական տուրքը, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափը, տուրք վճարողների շրջանակը և այլ վերաբերելի հարցեր կարգավորված են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Օրենսդիրը պետական տուրքը, սահմանելով որպես պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` նույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար, միաժամանակ նախատեսում է դատարան ներկայացվող սնանկության դիմումների համար պետական տուրք վճարելու պարտականություն և այդ տուրքի դրույքաչափը՝ տարբերակված մոտեցում դրսևորելով իրավաբանական անձանց և քաղաքացիներին սնանկ ճանաչելու պահանջի փաստով:
Վերոգրյալից հետևում է, որ հարկադիր սնանկության դիմում դատարան ներկայացնելու համար շահագրգիռ անձը պետք է պետական տուրք վճարի, որն ընդգրկվում է կոնկրետ դիմումի կապակցությամբ հարուցված գործով դատական ծախսերի կազմում և ենթակա է բաշխման քաղաքացիադատավարական նորմերով սահմանված կարգով: Միաժամանակ սնանկության վարույթի առանձնահատկություններով պայմանավորված՝ դատարանի վճռով բռնագանձման ենթակա պետական տուրքի կամ դրա հատուցման գումարը, որպես չապահովված պահանջ, ընդգրկվում է պարտատերերի պահանջների ցուցակում և կարող է բավարարվել միայն համապատասխան հերթը վրա հասնելու դեպքում: Ընդ որում, համապատասխան հերթում գրանցելու համար օրենսդիրը որևէ կերպ չի կարևորել այն հարցը, թե պետական տուրքի գումարը դիմում ներկայացնելիս նախապես վճարվել է և ենթակա է հատուցման դիմող-պահանջատիրոջը, թե կիրառվել է պետական տուրքի գծով որևէ արտոնություն և այդ հարցը լուծվել է պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին վճռով, որպիսի պայմաններում պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է: Այլ կերպ ասած՝ պետական տուրքի պահանջատիրոջ կապակցությամբ օրենսդիրը որևէ տարբերակված մոտեցում չի սահմանել, այսինքն՝ անկախ պահանջատիրոջ հանգամանքից այն իր էությամբ շարունակում է դիտվել որպես դատական ծախս և ըստ այդմ՝ ենթակա է գրանցման և բավարարման Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս այն իրավիճակը, երբ դիմող-պահանջատերը պետական մարմինն է կամ պետական տուրքի գումարը գանձվել է հօգուտ Հայաստանի Հանրապետության: Մասնավորապես, Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ է) հերթում բավարարվում են չապահովված պարտատերերի պահանջները, ներառյալ` պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած` հարկերի և (կամ) վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները, բացառությամբ ստորադաս չապահովված պարտատերերի պահանջների: Նշված իրավադրույթում առկա՝ «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի … նկատմամբ առաջացած վճարներ» արտահայտությունը վերաբերում է այլ իրավական հիմքերից ծագող վճարներին և որևէ կերպ չի կարող ներառել դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի պարտավորությունը, քանի որ վերջինիս մասով դատավարական օրենսդրությունն ունի հատուկ կարգավորում՝ այն դիտարկելով որպես դատական ծախս:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում ամրագրված «դատական ծախսերը», համարժեք լինելով քաղաքացիադատավարական նորմերով նախատեսված համանուն եզրույթին, ներառում է պետական տուրքը: Պետական տուրքի գծով ծագած պահանջը, անկախ այն հանգամանքից՝ գանձվում է որպես հատուցման ենթակա գումար, թե պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորություն, այսինքն՝ այն գանձվում է հօգուտ դիմող-պարտատիրոջ, թե Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, ենթակա է գրանցման և բավարարման Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթով:
2. Օրենքի 46-րդ հոդվածի համաձայն՝
1. պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
2. Պարտատիրոջ պահանջում պետք է նշվեն`
ա) պահանջը ներկայացնող պարտատիրոջ`
- իրավաբանական անձի համար` անվանումը և գտնվելու վայրը,
- ֆիզիկական անձի համար` անունը և բնակության վայրը.
բ) պարտավորությունը, որից բխում է պահանջը, ինչպես նաև կատարման ժամկետը.
գ) պահանջի չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
դ) պահանջը հիմնավորող հանգամանքները:
Պահանջին կից ներկայացվում են այն հիմնավորող փաստաթղթերը:
Պահանջը և նրանց կից փաստաթղթերը ներկայացվում են 3 օրինակից:
3. Պահանջի ներկայացումը սահմանված կարգով գրանցվում է դատարանում:
4. Պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի և նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին` դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:
5. Նույն հոդվածի առաջին մասով նախատեսված ժամկետում ներկայացրած բոլոր պահանջները կառավարիչն ընդգրկում է պարտատերերի պահանջների նախնական ցուցակում` նույն օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան:
6. Պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
7. Եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
8. Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
9. Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան ներկայացրած նոր պահանջները և պահանջների փոփոխությունները դատարանը հանձնում է կառավարչին: Կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դրա պատճենն ուղարկում է պարտապանին, պարտատերերին կամ այդ մասին ամփոփ տեղեկատվություն է հրապարակում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում:
Եթե պահանջի փոփոխության պատճենն ստանալուց կամ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում տեղեկատվություն հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը, պարտատերերը պահանջի, պահանջի փոփոխության դեմ գրավոր առարկություն չեն ներկայացնում դատարան, ապա կառավարիչը պահանջը կամ պահանջի փոփոխությունը գրանցում է պահանջների գրանցամատյանում` նույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան:
10. Եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար: Նիստի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին դատարանը ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:
Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` սնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով (...):
Վկայակոչված դրույթների փոխկապակցված վերլուծության և մեկնաբանության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, նախատեսելով սնանկության վարույթում պարտատերերի կողմից իրենց պահանջների ներկայացման որոշակի ընթացակարգ, միաժամանակ սահմանել է այդ պահանջների ցուցակը հաստատելու հստակ կառուցակարգ՝ այն եզրափակելով դատարանի կողմից պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ լիազորության իրացմամբ: Ընդ որում, պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն բողոքարկվել վերաքննության կարգով:
Օրենսդիրը նաև սահմանել է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումից հետո դատարան նոր պահանջներ և պահանջների փոփոխություններ ներկայացնելու իրավական հնարավորություն՝ նախատեսելով, որ եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը նույն հոդվածի յոթերորդ մասով նախատեսված կարգով հրավիրում է դատական նիստ` պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը որոշելու համար:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «պահանջի փոփոխություն» եզրույթի բացահայտմանը: Արդի հայերենում «փոփոխել» բառի իմաստային բացատրությունը տրվում է որպես «այլափոխել, կերպարանափոխել, որևէ կարգի փոփոխություն կատարել բնագրի մեջ»: Հետևաբար Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ «պահանջի փոփոխություն» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ արդեն իսկ հաստատված պահանջի բովանդակային տարրի որևէ փոփոխություն, որի արդյունքում կարող է փոփոխվել այդ պահանջի էությունը, չափը, առաջնահերթությունը կամ ապահովվածությունը: Վճռաբեկ դատարանի նման հետևությունը բխում է նաև Օրենքի 46-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումից, որը պարտավորեցնում է դատարանին նոր պահանջի կամ պահանջի փոփոխության դեպքում այդ կապակցությամբ ներկայացված առարկության պարագայում ստուգել պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը և ապահովվածությունը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք պահանջի փոփոխությունը ենթադրում է նաև դրա բավարարման հերթի փոփոխություն, հարկ է համարում նշել հետևյալը. Օրենքի վերաբերելի կարգավորումներից հետևում է, որ պարտատերերի կողմից ներկայացված պահանջների բավարարման հերթականությունն անմիջականորեն պայմանավորված է կոնկրետ պահանջի բնույթով և առանձնահատկություններով: Մասնավորապես, ապահովված պահանջները բավարարման առաջնահերթություն ունեն չապահովված պահանջների նկատմամբ, ժամկետում ներկայացված չապահովված պահանջներն առավելություն ունեն ժամկետի խախտմամբ ներկայացված պահանջների նկատմամբ, որոնք ենթակա են բավարարման որպես ստորադաս չապահովված պահանջներ: Սնանկության վարույթի կանոնավոր ընթացքն ապահովելու նկատառումով օրենսդիրը սահմանված ժամկետում իրենց պահանջները ներկայացրած չապահովված պարտատերերին օժտել է որոշակի առավելությամբ՝ ամրագրելով, որ նրանց պահանջները ենթակա են բավարարման Օրենքի 82-րդ հոդվածով սահմանված պահանջների բավարարման հերթականությանը համապատասխան: Չապահովված պահանջների կազմի մեջ մտնող պահանջները ևս, ելնելով իրենց բնույթից, նախապատվություն ունեն միմյանց նկատմամբ՝ համաձայն օրենսդրի կողմից սահմանած հերթականության:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդիրը, պարտատիրոջը հնարավորություն վերապահելով հանդես գալ պահանջի փոփոխությամբ, նման կառուցակարգի ներքո նկատի է ունեցել պահանջի բնույթի կամ բովանդակության փոփոխությունը, որն իր հերթին կարող է հանգեցնել պահանջի բավարարման հերթի փոփոխության՝ Օրենքի 85-րդ հոդվածի վերապահումով: Մասնավորապես, պահանջի փոփոխությունը համարվում է որպես Օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում դատարան չներկայացված չապահովված պահանջ և ենթակա է բավարարման որպես ստորադաս չապահովված պահանջ, բացառությամբ Օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ըստ որի՝ պահանջները սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով չներկայացրած պարտատերերի պահանջները կարող են ընդգրկվել տվյալ պահանջին համապատասխանող հերթում: Փաստորեն, բավարարման հերթի փոփոխությունը կարող է լինել միայն պահանջի փոփոխության հետևանք, այն էլ՝ օրենսդրի կողմից կանխորոշված հերթով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ պահանջատերը ներկայացնում է պահանջի փոփոխություն, որը գրանցվում է պահանջների գրանցամատյանում` նույն օրենքի 85-րդ հոդվածին համապատասխան, պարտատերերի պահանջների ցուցակում գրանցված պահանջը, որը ներկայացվել էր ի սկզբանե, այլևս ենթակա չէ բավարարման: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ այս դեպքում ենթակա է բավարարման միայն Օրենքի 85-րդ հոդվածի հիմքով գրանցված պահանջի փոփոխությունը՝ որպես ստորադաս չապահովված պահանջ։ Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հակառակ դեպքում ի հայտ կգա մի իրավիճակ, որ պարտատիրոջ նույն պահանջը կբավարարվի երկու անգամ, առաջին հերթին՝ որպես պահանջների վերջնական ցուցակում գրանցված պահանջ, այնուհետև՝ որպես պահանջների գրանցամատյանում գրանցված ստորադաս չապահովված պահանջ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած այն իրավիճակին, երբ դատարանը պարտատիրոջ պահանջը հաստատում է բավարարման մի հերթում, սակայն պարտատիրոջ գնահատմամբ իր պահանջը ենթակա էր բավարարման մեկ այլ հերթում: Նման իրավիճակում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ որպես անձի իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոց հանդես է գալիս վերադասության կարգով բողոքարկման ինստիտուտը, քանի որ այդ պարագայում շահագրգիռ անձը ոչ թե փոփոխում է ի սկզբանե ներկայացված պահանջի որևէ բովանդակային տարր, այլ ուղղակի համաձայն չէ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում պահանջի բնույթի վերաբերյալ դատարանի եզրահանգումների հետ, որոնց արդյունքում իր պահանջը ենթակա է բավարարման՝ իր համար ոչ բարենպաստ հերթում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործով Կոմիտեի դիմումի հիման վրա Ընկերությունը ճանաչվել է սնանկ: Կոմիտեն պահանջ է ներկայացրել Դատարան և նշել, որ Ընկերության հարկային պարտավորությունը կազմում է 42.690.020 ՀՀ դրամ, դրանից բացի առկա է նաև 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի հատուցման պարտավորություն:
Դատարանի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, և Կոմիտեն՝ 43.190.020 ՀՀ դրամ (այդ թվում՝ Կոմիտեի կողմից ներկայացված 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես սույն սնանկության գործի հարուցման համար նախապես վճարված պետական տուրքի գումար) պահանջի չափով, ընդգրկվել է չապահովված «է» հերթում:
Կոմիտեն, 14.07.2017 թվականին միջնորդություն ներկայացնելով Դատարան, խնդրել է Դատարանի 12.06.2017 թվականի «Սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել փոփոխություն և իր կողմից վճարված 500.000 ՀՀ դրամը, որպես դատական ծախս, առանձնացնել և գրանցել «դ» հերթում:
Դատարանը 24.07.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի միջնորդությունը մերժել է՝ արձանագրելով, որ Օրենքի որևէ դրույթով սահմանված չէ ընթացակարգ՝ դատարանի որոշմամբ հաստատված պահանջների վերջնական ցուցակում ընդգրկված պահանջն առանձնացնելու և այն այլ հերթում ընդգրկելու վերաբերյալ, և միաժամանակ նշել է, որ 500.000 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքի մասով Կոմիտեի պահանջը ենթակա էր գրանցման Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում՝ որպես պարտադիր վճար:
Կոմիտեի կողմից Դատարանի 24.07.2017 թվականի որոշման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարանի 13.12.2017 թվականի որոշմամբ մերժվել է: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Կոմիտեի միջնորդությանը մերժելու վերաբերյալ Դատարանի հետևությունների իրավաչափության հարցին և բողոքաբերի փաստարկներին, որոշմամբ նշել է, որ դատական ծախսը` պետական տուրքի գումարը, որպես պարտատերերի չապահովված պահանջ, գրանցվում է Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, երբ այն ենթակա է բռնագանձման հօգուտ Հայաստանի Հանրապետության, այսինքն՝ այդ մասով որպես պարտատեր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը, իսկ պարտադիր սոցիալական վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և համայնքների բյուջեների նկատմամբ առաջացած հարկային, պարտադիր այլ վճարների, վարչարարությունից ծագած տուգանքների գծով պարտավորությունները գրանցվում են պահանջների ցուցակի «է» հերթում: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հիմնավոր և իրավաչափ է համարել Դատարանի կողմից Կոմիտեի պահանջը` 43.190.020 (42.690.020+500.000) ՀՀ դրամի չափով, Ընկերության պահանջների վերջնական ցուցակում, որպես չապահովված «է» հերթի պահանջ, գրանցելու վերաբերյալ եզրահանգումը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների այն եզրահանգումները, որ Կոմիտեի կողմից սույն սնանկության գործի հարուցման համար նախապես վճարված պետական տուրքի գումարի պահանջը ենթակա էր գրանցման Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետի հիմքով՝ որպես պարտադիր վճար, անհիմն են, քանի որ դատական ծախսերն իրենց մեջ ներառում են նաև պետական տուրքի գումարը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման 4-րդ բաժնի 1-ին կետում արտահայտած իրավական դիրքորոշումների հաշվառմամբ՝ Կոմիտեի պահանջը՝ 500.000 դրամի չափով, որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցման պահանջ, պետք է գրանցվեր Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով «դատական ծախսերը» հերթում:
Այդուհանդերձ,Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 4-րդ բաժնի 2-րդ կետում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ Օրենքի որևէ դրույթով սահմանված չէ ընթացակարգ դատարանի որոշմամբ հաստատված պահանջների վերջնական ցուցակում ընդգրկված պահանջն առանձնացնելու և այն այլ հերթում ընդգրկելու վերաբերյալ: Դատարանի՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշմամբ հաստատված պահանջի հերթը փոփոխելու համար Կոմիտեի կողմից կարող էր բողոքարկվել նշված որոշումը կամ ներկայացվել պահանջի փոփոխություն:
Ինչ վերաբերում է Կոմիտեի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանով չի ներկայացվել պահանջի փոփոխություն՝ հաշվի առնելով, որ 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի հատուցման պահանջը՝ որպես դատական ծախս հաստատելու վերաբերյալ, ի սկզբանե ներկայացված է եղել դատարան և միջնորդությամբ որևէ բովանդակային փոփոխության չի ենթարկվել: Այլ կերպ ասած՝ ներկայացված միջնորդությամբ պահանջատերը ոչ թե փոփոխության է ենթարկել ի սկզբանե ներկայացված և հաստատված պահանջը, այլ ըստ էության ներկայացրել է հաստատված պահանջի հերթի կապակցությամբ Դատարանի եզրահանգումների իրավաչափության վերաբերյալ իր անհամաձայնությունը, որը սույն որոշմամբ շարադրված իրավական դիրքորոշումների համաձայն՝ կարող էր իրացվել միայն բողոքարկման ընթացակարգի միջոցով:
Ավելին, հաշվի առնելով, որ Կոմիտեի կողմից միջնորդությունը ներկայացնելու պահին Դատարանի 12.06.2017 թվականի «Սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը այլևս դարձել էր անբողոքարկելի դատական ակտ, իսկ պահանջի հերթը փոփոխելու մասին միջնորդությամբ Կոմիտեն խնդրել է 500.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցել Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով «դատական ծախսերը» հերթում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստորեն Կոմիտեն փորձել է քողարկված կերպով բողոքարկել Դատարանի 12.06.2017 թվականի «Սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» օրինական ուժի մեջ մտած որոշումը, ինչն անթույլատրելի է և հակասում է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքին:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չնայած Վերաքննիչ դատարանի հետևությունները իրավաչափ չեն՝ Կոմիտեի կողմից ներկայացված պետական տուրքի մասով պահանջի գրանցման հերթի կապակցությամբ, այնուամենայնիվ, պահանջատիրոջ կողմից իր իրավունքների պաշտպանության համար ընտրված կառուցակարգը տվյալ պարագայում բացառում է արդեն իսկ հաստատված պահանջի հերթի փոփոխությունը, անգամ եթե այն հաստատվել է ոչ իրավաչափ հերթում: Հետևաբար Դատարանը, մերժելով ներկայացված միջնորդությունը, իսկ Վերաքննիչ դատարանն այն թողնելով օրինական ուժի մեջ, կայացրել են ըստ էության ճիշտ դատական ակտեր: Նման պայմաններում վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վերոնշյալ հիմնավորմամբ և միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի որոշումը սխալ է պատճառաբանված՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.12.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող ռ. Հակոբյան Զեկուցող Մ. Դրմեյան Վ. Ավանեսյան Ե. Խունդկարյան Գ. Հակոբյան Է. Սեդրակյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Ս. Միքայելյան
Տ. Պետրոսյան