18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 դեկտեմբերի 2020 թվականի N 2067-Լ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
18.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2067-Լ որոշման |
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
1. Սույն միջոցառման նպատակն է աջակցություն տրամադրել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության գործազուրկ քաղաքացիների՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու համար։
2. Սույն միջոցառման շրջանակում շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշումներով շահառու հանդիսացող գործազուրկ անձը։
(2-րդ կետը փոփ. 21.01.21 N 52-Լ)
3. Սույն միջոցառման շրջանակներում գործատու է համարվում այն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր։
4. Գործազուրկ անձը մեկ անգամ կարող է ընդգրկվել միջոցառման մեջ` 3 ամիս տևողությամբ։
5. Սույն միջոցառման շրջանակներում վճարվում է՝
1) գործազուրկ անձին ամսական աշխատավարձ` 100 հազ․ դրամի չափով.
2) գործատուին գումար` գործազուրկ անձի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը փոխհատուցելու համար.
3) գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարվում է գումար` 34 հազ․ դրամի չափով:
6․ Միջոցառման շրջանակներում որպես աջակցություն տրամադրվող փոխհատուցման ենթակա միջոցները փոխանցվում են գործատուի բանկային հաշվին։
7․ Աջակցության տրամադրումը դադարեցվում է, եթե լուծվել է շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։
(հավելվածը փոփ. 21.01.21 N 52-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |