ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3798-Ա |
«03» հոկտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԱՐՈՒՅԹԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված հիմքով` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում 2024 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Գլինկայի փողոցի թիվ 23/1 և թիվ 23/2 հասցեներում ոչ հիմնական շինություններով (կրպակաշարեր, վարչական մասնաշենք) տոնավաճառի կազմակերպման (III կատեգորիա) շինարարական աշխատանքների կատարման համար տրված՝ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության իրավաչափությունը գնահատման ենթարկելու վարույթ՝ դրա տրման իրավաչափության, ինչպես նաև դրա՝ ոլորտում իրավահարաբերությունները կարգավորող իրավական նորմերի պահանջներին համապատասխանության հարցի ուսումնասիրման նպատակով:
Իրականացվող վարույթի շրջանակներում վարույթի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ ուսումնասիրությունն ապահովելու նպատակով` առաջացել է փոխօգնության կարգով տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն, որի նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 3-ին գրավոր հարցում է ուղղվել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեին:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել, եթե փոխօգնության կարգով միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ավելի երկար ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով սահմանված ժամկետի ավարտը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 30 օր ժամկետով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և նույն հոդվածի 2-րդ մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1․ Երևանի քաղաքապետի 2024 թվականի հունիսի 4-ի թիվ 01/18-02-975-24 շինարարության թույլտվության իրավաչափությունը գնահատման ենթարկելու վարույթի ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի նոյեմբերի 2-ը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Տ. Ավինյան |